Հայաստանի ներկայիս կառավարիչ-վարչապետ Փաշինյանն ու նրա շուքի ներքո իշխանության եկած կառավարչիկները շատ են սիրում համեմատվել եվրոպական ու արևմտյան զարգացած երկրների հետ: Շատ էլ լավ են անում:
Կարելի է օգնել Նիկոլ Փաշինյանին այդ հարցում: Համեմատվել՝ համեմատվել է:
Սկսենք «դմփ-դմփ-հու»-ի բնօրինակ երկրից՝ Իսլանդիայից: Ի՞նչ կկատարվեր եվրոպական այս կղզի-պետությունում, եթե Իսլանդիայի վարչապետը վերանորոգում սկսեր առանց այդ էլ նորմալ վիճակում գտնվող իր կեցավայրում: Կետորսների ժառանգները նրան այնպես «դմփ-դմփ-հու» կանեին, որ նրանց կրկնօրինակող «դուխով»-ները չեն էլ պատկերացնի:
Ի՞նչ կկատարվեր ժամանակակից Իտալիայում, եթե Իտալիո վարչապետի տիկինը ոչ միայն երկու հիմնադրամ նախաձեռներ, այլև իտալացի գործարարները ներգրավվեին այդ հիմնադրամների դրամահավաքման գործընթացում: Իտալիայի թերթերն ու ոչ իշխանական կուսակցությունները այնպիսի փոթորիկ կբարձրացնեին, որ Բեռլուսկոնիին ուղղված մեղադրանքները շաքարաքլոր կթվային:
Իսկ ի՞նչ կկատարվեր, օրինակ, Գերմանիայում, եթե կանցլերը որոշեր, որ մի նոր, թանկարժեք օդանավ պետք է ունենա, որովհետև հինքը «չերեզով» է թռչում: Բունդեսթագն առնվազն այնքան կքննարկեր այդ հարցը, մինչև հնարավոր գնվելիք օդանավի վերջին պտուտակը, որ կանցլերը հետ կկանգներ իր մտադրությունից:
Բելգիան էլ է եվրոպական երկիր: Բրյուսելն էլ, ասում են, ոչ միայն Բելգիայի, այլև ԵՄ մայրաքաղաքն է: Պանտկերացնենք, թե ինչ կկատարվեր Բելգիայի քաղաքական դաշտում ու հասարակության մեջ, եթե բելգիական վարչապետը պետական ուղղաթիռն իր այս կամ այն ուղևորության համար օրումեջ թռցնել տար, հետո էլ ասեր, թե այդ ուղղաթիռը եթե չթռչի, կժանգոտվի:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից ոնց որ դուրս է գալիս, բայց դրանից չի դադարում եվրոպական լինել: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ պրեմիեր մինիստրը կոչ է անում, որ մյուս օրը բրիտանացիները շրջափակեն բոլոր դատարանների շենքերը, դատավորներին թույլ չտան մտնել աշխատավայր, իսկ նրա կուսակից լորդերն ու լորդուհիները՝ պառլամենտի անդամները միանային այդ ձեռնարկին: Այդ «ակցիայի» մասնակիցները, հնարավոր է, հենց պրեմիեր մինիստրի գլխավորությամբ, հայտնվեին Նյու Սքոթլընդ Յարդում, կարճ ասած՝ ոստիկանությունում: Դա՝ սկզբի համար: Իսկ հետո, անխտիր բոլորը էլի կհայտնվեին դատարանների շենքերի մոտ ու շենքերում, բայց՝ դատվելու համար:
Ֆրանսիայի մասին չմոռանանք: Մի պահ պատկերացնենք, որ Մակրոնը մի քանի ամիս է, ինչ կրկնապատկել է իր նախարարների աշխատավարձերը: Թաքուն, այսպես ասած՝ գաղտնի: Պարգևավճարներն էլ չհաշված: Ֆրանսիացիները Մակրոնին ուղղակի սուլելով ճամփու կդնեին իրենց տուն՝ իր թանկագին հյուրի հետ միասին:
Էլի երկրներ կան եվրոպաներում, բայց այսքանն էլ հերիք է հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինյանը համեմատվելու տեղ չունի: Դեռ ինչքան իջևանյան խոսզի խորոված, քյալլա, բադրիջանի մուրաբա ու սխտորի ջեմ պիտի ուտի, իր թիմի հետ, որ գոնե մի քիչ մոտենա համեմատվելու տեղ ունենալուն: Բայց երևի դա էլ չի օգնի:
Պրոբլեմն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդ ամենն անում է, իսկ Հայաստանի հասարակության մի մասը նրան դեռ թույլ է տալիս այդ ամեն անել, խրախուսում է՝ լպստելու աստիճան ու ոգևորում (չնայած խրախուսող գրառումների կեսը իր իսկ ֆեյքերն են): Բայց մի օր այդ «վառելիքն» էլ է սպառվելու, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ:
Չկարծեք, թե այդ օրը շատ հեռու է: Ու այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանին նախանձողներ չեն գտնվի:
Գալուստ Գրիգորյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը