Համացանցում է հայտնվել ոմն Նարինե Դավթյանի և Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի նամակագրությունը։ Այս մասին ВКонтакте սոցցանցի իր էջում հրապարակել է օգտատեր Վլադ Տուլեևը՝ տեղադրելով այդ նամակագրության պատճեները։
Նամակագրության ընդհանուր խայտառակ բովանդակությունը մի կողմ թողնելով, կանգ առնենք ընդհամենը մի հետաքրքրական դրվագի վրա: Այսպես, երբ Յուրի Նավոյանը առավել ակտիվ աջակցություն է խնդրում ՀՀ իշխանություններից, ցանկություն է հայտնում հանդիպել վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, ով նաև «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների նախագահն է, Նավոյանի զրուցակիցը, մասնավորապես, ասում է. «Քանի՞ անգամ եմ խնդրել՝ օգնել գումար հայթայթել Աննայի ֆոնդի համար։ Դա շատ կօգներ, նա դա կգնահատեր և PR կլիներ քո համար: Դու որևէ մի հովանավոր գտի, գոնե 100-200 հազարի, այդ ժամանակ մենք իրար հետ կգնանք նրա մոտ»։
Սա, կարծես, արդեն ավանդույթ է դառնում՝ եթե ուզում ես տեսնել ՀՀ վարչապետի տիկնոջը, սկզբում վճարիր: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ այցից առաջ նրան տեսնելու համար տոմսեր էին վաճառվում՝ 150$ արժողությամբ: Այդ տոմսերում Աննա Հակոբյանը ներկայացվում էր որպես ՀՀ առաջին տիկին: Ի դեպ, նա ԱՄՆ էր գնացել գումար հավաքելու, բայց քննադատում էր նախկիններին, որոնք նույնպես բարեգործության համար գումար էին հանգանակում:
Վերը նշված հիմնադրամները մշտապես եղել են ուշադրության կենտրոնում, Աննա Հակոբյանը, երևում է՝ այնքան է տարվել բարեգործություն անելու մտքով, որ չի կարևորում, թե որտեղից և ինչպես են գալիս այդ գումարները: Մամուլը տարբեր հրապարակումներ է արել այն մասին, որ գործարարներին ստիպում են փոխանցումներ անել սույն հիմնադրամներին՝ ՊԵԿ գլխացավանքներից խուսափելու համար: Այնուհետև գրեցին, որ պաշտոնյաները ևս իրենց պարգևավճարներից հատկացումներ են անում: Դրանից հետո առաջարկվեց ամեն ծխախոտի վաճառքից մեկ դրամ փոխանցել առողջապահական ծրագրերին, ինչին անմիջապես դեմ արտահայտվեց Առողջապահության նախարարը։ Հետո սուպերմարկետներում, օդանավակայանում և տարբեր տեղերում հայտնվեցին դրամահավաքի համար նախատեսված փոքր արկղեր՝ վրան գրված City of smile:
Այս ամենն էլ քիչ էր, Հակոբյանը պետբյուջեից գողացված գումարները լեգիտիմացնելու տարբերակ գտավ: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ եթե կան պետբյուջեից գողացված միջոցներ, ավելի լավ, որ փոխանցում են իր ղեկավարած հիմնադրամներին:
Ունենք վիճակ, երբ վարչապետի կինը, որը ներկայանում էր որպես շատ սովորական հայ կին, հասարակ, մեզանից մեկը, հիմա արդեն պետք է առնվազն 200 հազար դոլար վճարենք՝ որ դառնա մեզանից մեկը։ Իսկ որ քաղաքական աջակցություն ստանալու համար է այդ ամենն արվելու, հիշու՞մ եք ինչպես էր կոչվում․․․կոռուպցիա՞։ Էն, որ Փաշինյանն ու իր ընկերները կոկորդները պատռելով հավատացնում էին որ ԽԾԲ(Խնամի, Ծանոթ, Բարեկամ) ֆակտորը Նոր Հայաստանում չի աշխատելու․ հիմա ոչ միայն աշխատում և արագորեն զարգանում է, այլև նոր ֆակտոր է եկել ասպարեզ, առավել հզոր՝ տիկին Աննայի հիմնադրամներին հովանավորելը։ Հովանավորում ես և կարող ես հանդիպել և ստանալ ՀՀ իշխանության աջակցությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը