14 05 2019

Ճակատագրական դատավարության մեկնարկը

Ճակատագրական դատավարության մեկնարկը

Երկուշաբթի` մայիսի 13-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ կայացավ ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, Արցախի հերոս, Արցախի և ՀՀ նախկին վարչապետ, Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արցախի հերոս, ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դատավարության առաջին նիստը։

Նիստին ամբաստանյալներից ներկա էր միայն Ռոբերտ Քոչարյանը, քանի որ քառյակից նա միակ կալանվածն է։ Նախնական այս նիստին պետք է քննվի միայն նրա խափանման միջոցի հարցը։ Դատավարությանը դատախազական թիմի կազմում մասնակցում էր նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա դահլիճ մտավ մեղադրյալների ու դատավորի համար նախատեսված մուտքից` հարուցելով ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի արդարացի կասկածը։ Ակնհայտ դատավարական նորմի խախտումն արդարացնելու համար գլխավոր դատախազը նշեց, թե գլխավոր մուտքում իր տեղաշարժը խոչընդոտվել է և «տեխնիկական» այս պատճառով է ստիպված եղել` դահլիճ մտնելուց առաջ, հավանաբար, մեկ-երկու «խորհուրդ» տալ դատավորին։

Տեխնիկական պատճառը` թավշյա ռեժիմի սադրիչների հավաքականն էր, որ ակնհայտորեն դեսանտ էր իջեցվել` Ռոբերտ Քոչարյանի աջակիցների խմբերի հետ «մարտիմեկյան ոճով» բախումներ հրահրելու և շահարկումների առիթ ստեղծելու նկրտումով։ Չնայած «իրավունք չունե՞նք մեր վարչապետին պաշտպանենք, իրան սիրում ու պաշտում ենք», «քաչարյանական սադրիչ լրագրողներին ներս մի թողեք», «նիստը սխալ ա գնում» ու համանման աղմկոտ ճիչերին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրենց խոհեմ պահվածքով ձախողեցին նրանց սադրիչ պլանները։

Հատկապես «ակտիվ» էին հհշական բետեեռ հիշեցնող մի տիկին, որ անկապ անընդհատ գոռում էր, և մի Ջիվան` Էջմիածինից, որ «քաղաքացիական» անհայտ պարտքը կատարելու համար անպայման ուզում էր դահլիճ մտնել ու բղավում էր` «արա այ հոգնած, ես իհարկե Քոչարյանի աջակից չեմ, ուրեմն մենք մեր կոչը կանենք ու մեր աջակիցներին կկանչենք»։ Ոստիկանները ակնհայտորեն սրանց ոչ միայն անուններով էին ճանաչում և ամենայն ուշադրությամբ պաշտպանում էին։ Փաստացի երևաց, որ թավշյա վարչապետն այլևս մնացել է սադրիչների ջոկատի պաշտպանության հույսին։

Տարօրինակ է, բայց փաստ, որ դատախազների խմբի կազմում էր նաև ԼՏՊ շահերի պաշտպան, մարտի 1-ի զոհերից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչ, թավշյա ռեժիմի ՍԴ թափուր տեղի թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանը։ Դատավոր Գրիգորյանի թողտվությամբ նա նույնիսկ ցուցադրական ելույթ ունեցավ, նիստից հետո բոլոր լրագրողներին մեկ առ մեկ հարցազրույց տվեց, հեռանալուց առաջ էլ խոստացավ այլևս չվերադառնալ` չմասնակցել դատավարության հաջորդ նիստերին, քանի որ դրա իրավունքը չունի։

Պաշտպանների խումբը դատավոր Գրիգորյանին բազմաբնույթ հարցադրումներ ուղղելուց և հերթապահ, քրիստոմատիական, նախօրոք հայտնի պատասխաններ լսեց։ Ինչն էլ պաշտպան Ռուբեն Սահակյանի հանրագումարային եզրահանգման հիմքը դարձավ. «Մեզ մոտ տպավորություն է, թե Դուք ծանոթացել եք գործի նյութերի այն մասին, որը հնարավորություն կտա` խափանման միջոցն անփոփոխ թողնել»։ Ապա պաշտպանների խումբը՝ խորհրդակցելուց հետո դատավոր Գրիգորյանին ինքնաբացարկի գրավոր միջնորդություն ներկայացրեց։ Դատավոր Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցված «դատավորի վարքագծի կանոնները խախտելու» ձևակերպմամբ։ Իր կարիերան բարեհաջող շարունակելու հնարավորությունից չզրկվելու համար նա, փաստացի, ստիպված էր խոստովանել իր «մեղքը»` ՀՀ երկրորդ նախագահի կալանքը երկարաձգելու թելադրված որոշումը կայացնելուց ողջամտորեն խուսափելու համար։ Թավշյա ռեժիմը նրան թույլ չտվեց ողջամիտ կարիերա ունենալ, այլ առաջադրեց` նախագահել Ռոբերտ Քոչարյանի դեմ իրագործվող քաղաքական հաշվեհարդարի վերածված դատավարությունը։ Չէր ուզում «մրոտվել», բայց ոտքով-գլխով «մրջուրն ընկավ»։

Հիմա դատավոր Գրիգորյանին ստիպել են` ապացուցել իր «նվիրվածությունը» թավշյա ռեժիմին ու անձամբ Փաշինյանի օրինազանց կամքին։ Փաստացի, թավշյա վարչապետը Քոչարյանի դատավարությունը «վստահել» է այն դատավորին, որի գլխին դեռ փետրվարի 11-ից կախված է ԲԴԽ պատժիչ սուրը։ Այսօր բացահայտվեց, որ որոշակի հանգամանքներում այդ սուրը վերածվում է բուտաֆորիայի։ Արդեն դատավարության ընթացքում հայտնի դարձավ (ինչպես ճշգրիտ կանխատեսել էր փաստաբանական խումբը), որ դատավոր Գրիգորյանին ԲԴԽ-ն նախազգուշացում է հայտարարել` ընդամենը։ Եվ սա այն դեպքում, որ նույն` ՀՀ երկրորդ նախագահի կալանքին առնչվող գործի վարույթը չստանձնելու համար 3 դատավորներ շատ ավելի խիստ պատիժներ են ստացել։

Ի դեպ. ԲԴԽ-ն նաև բավարարել է դատավոր Գրիգորյանի դիմումը և նրա տվյալները 6 ամսով հանել է էլեկտրոնային եղանակով դատական գործեր բաշխելու ցանկից։ Այս հանգամանքը բոլորովին էլ չի բացառում, որ երեքշաբթի 12:30-ին դատավոր Գրիգորյանը հայտարարի, որ ընդունում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի հայտնած ինքնաբացարկի պահանջը։ Այս կերպ նա, գուցե, մի կես տարով դժվարեցնի իր դատավորական գործունեության ընթացքը, բայց փոխարենը կփրկի պատիվն ու արժանապատվությունը, իսկ ռեժիմի հեռանալուց մաքուր խղճով ու հարգարժանորեն կշարունակի իր կարիերան։

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ