Հեմոդիալիզի սարքերի ձեռք բերման գործին ՊՎԾ պետի տեղակալի միջամտության վերաբերյալ քննվող քրեական գործը մի նոր աղմկոտ զարգացում ունեցավ: Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց: Եթե նկատի ունենանք, որ Դավիթ Սանասարյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «հեղափոխության» կենդանի սիմվոլներից մեկը, անկախ այն բանից, թե հետո դատարանն ինչ վճիռ կկայացնի, եթե բանը դատավարության հասնի, կատարվածը խայտառակություն է: Արդար-անկաշառների դրոշ պարզած հեղափոխական իշխանության առաջին խոշոր տապալում են սա որակում շատերը: Բայց անգամ դա չէ խնդիրը։
Այս ամենի մեջ աչք ծակող մի դրվագ էլ կա: Դավիթ Սանասարյանն անվանապես մնում է իր պաշտոնում, չնայած պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցված է: Դրանից բացի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու մասին ստորագրությունը: Կարճ ասած՝ նրան կալանավորելու միջնորդություն քննություն վարող մարմինը չի ներկայացրել: Զարմանալիորեն, հաշվի չի առել որ նա գործող՝ վերահսկիչ մարմնի ղեկավարն է, այնտեղ դեռ աշխատում է իր բերած հավատարիմ թիմը, որոնք ամեն օր վերահսկողական գործառույթներ են իրականացնում պետության բոլոր մարմիններում, ունեն ինֆորմացիա, լծակներ և այլ։
Դավիթ Սանասարյանը գործող իշխանության կառուցվածքում և իշխանության եկած ուժի կամ ուժերի համակիրների շրջանում կորած մարդ չէ ու լուրջ ազդեցություն ունի: Դրա մասին են վկայում ֆեյսբուքյան ակտիվ գրառումներն ու դրսևորումները՝ ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի, նրա իսկ գրառումների տակ արվող մեկնաբանությունները, «սորոսական գվարդիայի» այլ ներկայացուցիչների ակտիվ հակազդեցությունը մեղադրանք առաջադրելուն և բուն մեղադրանքը կասկածի տակ դնելու մասին նրանց հայտարարությունները, ԱԱԾ ղեկավարին պաշտոնանկ անելու մասին պահանջներ ու խոսակցություններ շրջանառելը:
Այդ ամենը ի՞նչ է, եթե ոչ՝ քրեական գործով իրականացվող քննության վրա ազդելու, հնարավոր վկաների վրա ճնշում գործադրելու (հոգեբանական ճնշումն էլ է ճնշում), փորձ: Ըստ դատախազության տրամաբանության, այս դեպքում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ դրանք կարող են վերաճել իրականացվող քննությունը ռեալ խոչընդոտելու փորձերի:
Բայց Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդություն չի ներկայացվել: Եթե նա կալանավորվեր, բոլոր թվարկված դրսևորումները, բնականաբար, էլի լինելու էին: Բայց Դավիթ Սանասարյանին չկալանավորելու դեպքում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ նա ինքը զրկված կլիներ ինտերնետից օգտվելու հնարավորությունից, նշանակում է նաև՝ ինտերնետի միջոցով, թեկուզ՝ «Ֆեյսբուքում» արվող գրառումներով նշված դրսևորումները խրախուսելու, դրանց ինչ-ինչ ուղղվածություն հաղորդելու օպերատիվ հնարավորությունից:
Համեմատությունն իր ոտքով է գալիս:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից կալանքի տակ է: ՀՔԾ-ի ու դատախազության միակ հիմնավորումը այն ենթադրությունն ու իրենց ասածով՝ հավանականությունն է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինի, կարող է խոչընդոտել «Մարտի 1-ի» նոր գործով քննությանը, ազդել վկաների վրա կամ դրա նման մի բան:
Իրականության մեջ երկրորդ նախագահը, առաջին կալանքից հետո մի քանի ամիս եղել է ազատության մեջ, բայց ոչ մի փաստ կամ վկայություն չկա, որ նա այդ ընթացքում փորձել է խոչընդոտել քննությանը կամ այդ գործում ներգրավված որևէ մեկի վրա ազդել: Դրանից բացի, այդ մակարդակի գործիչը, որ 10 տարի եղել է պետության ղեկավարը, եթե խոչընդոտելու ցանկություն կամ մտադրություն ունենար, անազատության պայմաններում էլ կարող էր ինչ-ինչ քայլեր անել: Բայց չի արել։
Ստացվում է, որ Դավիթ Սանասարյանին ներկայացված չափազանց լուրջ մեղադրանքի պարագայում նրա նկատմամբ շատ ավելի մեղմ խափանման միջոց է կիրառվում: Ինչո՞ւ: Հիմնական տրամաբանական ենթադրությունը այն է, որ նա՝ Դավիթ Սանասարյանը, Նիկոլ Փաշինյանի ընկերն է, հեղափոխության ակտիվ մասնակից, իշխանության սորոսական թևից է, կարճ ասած՝ յուրային է:
Խնդիրը նա չէ, թե ինչու՞ Սանասարյանը կալանքի տակ չէ, խնդիրը նրանում է, որ եթե կարելի էր չկալանավորել, նշանակում է՝ կարելի էր չկալանավորել նաև Ռոբերտ Քոչարյանին։ Ավելին՝ Քոչարյանը անկախության, պատերազմի ժամանակ և առհասարակ երկրի նկատմամբ մեծ ավանդ ունեցող գործիչ է, իսկ Սանասարյանն ընդամենը Փաշինյանի թիմակից՝ առանց վաստակի։ Հետևաբար, գոնե հաշվի առնելով այդ ամենը, կարելի էր և պետք էր խափանման միջոց ընտրելուց երկրի անվան հետ այդտեսակ խաղ չխաղալ, ինչպես Սանասարյանի պարագայում՝ «հեղափոխության» անվան հետ։ Իսկ իրականում հետհեղափոխական իրավական ուղով գնալու և առհասարակ արդարության մասին փուչիկը, ինչպես և ժամանակին բարձրաձայնվում էր, այսօր արդեն հետևողական փաստերով է պայթում։
Հարություն Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը