19 04 2019

«Տնտեսական հեղափոխությունը» հասավ «Արարատցեմենտ»

«Տնտեսական հեղափոխությունը» հասավ «Արարատցեմենտ»

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են ցնցումները։ «Սիրո և հանդրուժողականության հեղափոխության» անխուսափելի հետևանքները մի քանի օր առաջ հասան Արարատ։ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկի «Արարատցեմենտի» 1200 հոգիանոց աշխատակիցները գործադուլ էին անում, քանի որ ծանուցագրեր էին ստացել գործարանի փակման և իրենց աշխատանքի ազատման վերաբերյալ։ Ո՞րն է խնդիրը, որի շուրջ այս օրերին բախվում են տեսակետները։

Խնդիրը ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա դրված տուրքին է առնչվում։ «Թավշյա» իշխանությունը որոշել է հանել այդ տուրքը ներմուծվող կլինկերի համար, փոխարենը ներմուծվող ցեմենտի վրա 22 հազար դրամ տուրք դնել։ Այս դեպքում «Արարատցեմենտում» ստացվող ցեմենտի հումքը՝ կլինկերը անմրցունակ է դառնում ներմուծվող պարսկական կլինկերի նկատմամբ։ Վերջինիս գինը նվազել է, պայմանավորված հարևան Իրանում տնտեսական խնդիրների և արժեզրկման պատճառով։ Եթե հայկական կլինկերն այլևս չարտադրվի «Արարատցեմենտում», դա կբերի ձեռնարկության հիմնական մասին աշխատանքի դադարեցմանը, որի պատճառով էլ վերոնշյալ 1200 աշխատակիցները կամ դրանց ճնշող մեծամասնությունը կհամալրեն վերջին ամսիներին առանց աշխատանքի մնացած մարդկանց ցանկը։ Այս դեպքում, ցեմենտի վրա տուրքի կիրառումը առանձնապես բան չի փոխի, քանի որ ցեմենտի արտադրության հիմնական մասը հենց այդ հումքի արտադրությունն է, որը թանձրացված ցեմենտն է, որը «բացելով», ստանում են ցեմենտ։

Ի՞նչ է ասում «թավշյա» հեղափոխականների իշխանությունը։ «Արարատցեմենտը» Գագիկ Ծառուկյանի մենաշնորհն է, և հանուն ինչի՞ այդ մենաշնորհը պետք է պետությունը պաշտպանի տուրք կիրառելով ներմուծվող հումքի վրա։ Ելքը տեսնում են ներմուծվող կլինկերի համար ազատ ճանապարհ բացելու և իրենց պատկերացմամբ՝ մրցակցային միջավայր ստեղծելու մեջ։ Ազատական տնտեսության մասին ինչ-որ բաներ լսած և ըստ այդմ պատկերացումներ ձևավորած ՔՊ-ականները երևի տեղյակ չեն, որ աշխարհի բոլոր պետությունները ատամներով են պաշտպանում իրենց արտադրողներին և տեղական արտադրությունը։ «Առևտրային պատերազմները» հենց դրա հետևանք են և որոնցից մեկը՝ ԱՄՆ և Չինաստանի միջև այժմ ընթացի մեջ է։ Աշխարհի ամենախոշոր տնտեսոությունն ունեցող երկու երկրները փորձում են ելքեր գտնել սեփական շահերը հնարավորինս պաշտպանելու, այլ ոչ թե հանուն ինչ-որ անիմաստ «լիբերալ» սկզբունքների։

Ի դեպ, հենց Գագիկ Ծառուկյանի հավաստմամբ, նախկին իշխանությունները պահպանել էին կլինկերի վրա դրված տուրքը, ինչը հնարավորություն էր տվել ապահովելու «Արարատցեմենտի» գործունեությունը։ Պարզվում է, որ անգամ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի մի քանի տարի առաջ եղած բախումից հետո նախկին իշխանությունը, այդուհանդերձ, մտահոգվել է ձեռնարկության աշխատակիցների սոցիալական կացությամբ և չի արել քայլեր, որոնք առանց աշխատանքի կթողնեին հազարից ավելի մարդու և սոցիալական նոր խնդիր կստեղծեին։ Սակայն նման «մանրուքները» «հպարտների» կառավարությանը չեն հուզում։

Հարկ է նշել իհարկե, որ «Արարատցեմենտը» պետք է պարտավորվի քայլեր ձեռնարկել իր արդյունավետությունը բարձրացնելու և պետական տուրքի հետևում չթաքնվելու ուղղությամբ, որպեսզի ոչ միայն իր արտադրած ցեմենտը, այլև կլիմկերը ավելի էժան լինի և այն կարողանան ավելի էժան գնով ձեռք բերեն նաև շինանյութեր արտադրող այլ ընկերություններ՝ ներմուծելու փոխարեն։ Սակայն, որ ցանկացած պետության համար թիվ 1 խնդիրը պետք է լինի սեփական արտադրողնի պաշտպանելը, միանշանակ է։ Անկախ նրանից դա մենաշնորհային է, Գագիկ Ծառուկյանին է պատկանում, թե մեկ ուրիշի։ Ի վերջո, խնդիրը ոչ միայն տվյալ ձեռնարկությունում աշխատող մարդիկ և նրանց սոցիալական կացությունը, այլ ընդհանրապես սեփական տնտեսությունը չաքայքայելը։ Մինչդեռ, տպավորություն է ստեղծվում, որ ներկայիս կլառավարությունը գնում էհենց այդ ճանապաչհով՝ մեկը մյուս հետևից փակելով կամ նպաստելով արդյունաբերական ձեռնարկությունների փակմանը։

Ի դեպ, ևս մեկ շեշտադրում։ Թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ «Արարատցեմենտի» աշխատակիցները կամ նրանց մեծ մասը հնձում են այն, ինչ ցանել են «սիրո և հանդուրժողականության հեղափոխությանը» իրենց մասնակցության համար։ Նրանց, ինչպես և հեղափոխության հազարավոր այլ տուժածներին, թերևս նման սառը ցնցուղը չի խանգարի սթափվել և հասականալ, թե ի՞նչ է տեղի ունեցել անցյալ տարվա ապրիլ-մայիսին, ի՞նչ պատասխանատվությոն ունեն իրենք դրանում։ Ոմանց մոտ այդ գիտակցությունը սկսում էառաջանալ։ Սակայն, «դուխով» գլխարկով բողոքի ցույց անող և ստեղծված վիճակի համար Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության մասին խոսելուց վախեցող «Արարատցեմենտի» կամ «Սպայկայի» աշխատակիցները կամ ղեկավարներն արժանի են որպեսզի իրենց հետ «սիրելի վարչապետն» ու նրա կառավարությունը վարվեն այնպես, ինչպես վարվում են։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ