Մարտ ամսվա վերջին տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ պարտադիր կուտակային համակարգի կառավարիչ հիմնադրամները բացասական եկամտաբերություն են ունեցել։ Այսինքն, մարդիկ, որոնք ընդգրկված են համակարգում, իրենց հաշիվներին առկա գումարներից ոչ թե եկամուտ են ստացել, այլ կորուստ ունեցել։ Դրան նախորդող ամիսներին էլ պետության կողմից համաֆինանսավորվող գումարները համակարգում ընդգրկվածները սկսել էին չստանալ։ Կառավարության ներկայացուցիչները որեւէ պարզաբանում չէին ներկայացնում ուշացումների պատճառների մասին։ Փորձագիտական շրջանակները ուշացման գլխավոր պատճառ համարում էին բյուջեում եկամուտների անբավարարությունը։ Վերոնշյալ երեույթների պատճառների մասին այդ ժամանակ պաշտոնական պարզաբանումներ ստանալու նպատակով հարցումներ ուղղեցինք Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ եւ ֆինանսների նախարարություն։
Ինչպես եւ կարելի էր ենթադրել, պատասխանները ստացվեցին օրենքով սահմանված ժամկետից ավելի ուշ։ Սա թերեւս մեր իրականության անբաժանելի մասն է դարձել՝ պետական հաստատությունները սովորություն են դարձրել ուշացումով պատասխանել իրենց ոչ հաճո հարցերին, մինչեւ բարձրացված թեմայի հրատապությունն անցնի եւ կառավարության հերթական ձախողման մասին տեղեկատվություն անցյալ դառնա։ Սրան զուգահեռ էլ հարցերի պատասխանները ամբողջական չեն լինում եւ մի մասի պատասխաններն ընդհանրապես չեն լինում։
Նախ՝ Կենտրոնական բանկի պատասխանի մասին։ Մեր հարցերը հետեւյալն էին՝ ինչո՞վ է պայմանավորված կառավարիչ ընկերությունների բացասական եկամտաբերությունը, ի՞նչ ռիսկեր են առաջանում ապագա կենսաթոշակների համար եւ ՀՀ իշխանությունները չե՞ն պատրաստվում բացասական եկամտաբերություն ունենալու դեպքում փոխել ֆոնդերի կառավարիչ ընկերություններին։
Ի պատասխան Կենտրոնական բանկից հայտնել էին հետեւյալը․ «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների գնահատումն իրականացվում է դրանց շուկայական գներով՝ յուրաքանչյուր օր, որի արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի փայերի գների փոփոխությունները բնական են։ Կենսաթոշակային ֆոնդերը համարվում են երկարաժամկետ խնայողությունների գործիքներ, հետևաբար դրանց կատարողականը գնահատելու համար պետք է նայել ոչ թե օրական, այլ երկարաժամկետ կտրվածքով։ Ըստ այդմ, ՀՀ-ում ստեղծման պահից (2014թ) բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի միջին եկամտաբերությունը կուտակային 53,8 տոկոս է, որը կազմում է տարեկան 9 տոկոս»։
Ինչպես երեւում է պատասխանից, պարզաբանվել է, որ տարեկան եկամտաբերությունը բացասական չէ։ Սա որոշակիորեն ցրում է կասկածներն առ այն, որ այդ ֆոնդերի կառավարիչները ֆինանսական շուկայում խնդիրներ են ունեցել։ Այդուհանդերձ, թեկուզ ժամանակային բացասական եկամտաբերությունը չի կարող մտահոգություն չառաջացնել եւ որեւէ կերպ չի պարզաբանվում, թե ո՞րն է եղել նման կացության առաջացման պատճառը, ինչի մասին հարցրել էինք ԿԲ-ին։
Ֆինանսների նախարարությունից մեր հարցման մեջ ցանկացել էինք տեղեկանալ, թե որքա՞ն գումար է նախատեսվել պետական բյուջեից անցյալ եւ այս տարի, որքա՞նն է փոխանցվել եւ որ ամենակարեւորն է՝ ինչո՞վ են պայմանավորված եղել ուշացումները։
Ըստ ֆինանսների նախարարության՝ 2018 թ․-ին նախատեսվել է 46,3 մլրդ դրամ եւ ամբողջովին այն հատկացվել է, 2019 թ․-ին նախատեսված է 56,7 մլրդ դրամ եւ առաջին երեք ամիսներին ծախսվել է 16,2 մլրդ դրամը։
Ինչպես եւ սպասելի էր, բացակայում էր ուշացման վերաբերյալ պարզաբանումը, եթե հաշվի չառնենք անորոշ նախադասությունն այն մասին, որ «2018 և 2019 թվականների պետական բյուջեի մասին օրենքի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 10 բաժնի 02 խմբի 01 դասի «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծախսային ծրագրով բյուջետային գլխավոր կարգադրիչը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է»:
Այն, որ այս ցուցանիշները հայտնելը չէր կարող շաբաթներ տեւել, ակնհայտ է։ Նպատակի մասին արդեն նշվեց՝ հրատապությունը ժամանակի ընթացքում կորցնելը։ Համաֆինանսավորվող գումարների ուշացման պատճառները չասելը եւ ՊԵԿ-ին «փոխանցում կատարելը» եւս պայմանավորված է սրանով։ Ենթադրելի է, որ ՊԵԿ-ն էլ իր հերթին մի քանի շաբաթվա ընթացքում վերոնշյալ ուշացումը կբացատրի «տեխնիկական պատճառներ»-ով՝ անիմաստ դարձնելով թեմային անդրադարձը։ Սակայն գլխավորը, որ կարելի է եզրակացնել նման պատասխանից, այն է, որ կուտակային համակարգի հաշիվներին պետական բյուջեի համաֆինանսավորման ուշացման պատճառը բյուջեում անհրաժեշտ գումարների բացակայությունն է եղել։ Եվս մեկ վկայություն այն բանի, որ հակառակ խառնաշփոթի վերածած տարբեր մեթոդաբանական հաշվակներով ստացված բյուջեի եկամուտների իբր կատարման եւ ծրագրվող գերակատարման, որոնց մասին հայատարարում եւ չգիտես ինչու հպարտանում է Նիկոլ Փաշինյանը, իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Եկամուտների կատարման հարցում առնվազն որեւէ առաջընթաց չունենք, եթե չասենք՝ ունենք լուրջ խնդիրներ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը