«Երբ սուտը հաճախ է կրկնվում, ընդունվում է ճշմարտության տեղ»․ սա ֆաշիստական Գերմանիայի քարոզչական մեքենայի ոսկե կանոներից է։ Գեբելսյան այս «ճշմարտությունը» «ամենօրյա ռեժիմով» կիրառում է ներկայում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդը։ «Վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ»՝ ԵԽԽՎ լիարգումար նիստում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հաճախ կրկնվող ստերի շարքից է։ Այն պարագայում, երբ վերջին 10 ամիսներին մասնավոր ու պետական հատվածներում հազարավոր աշխատատեղեր են փակվում եւ կրճատվում, Նիկոլ Փաշինյանը խոսում է հակառակի մասին։ Սա ծաղր է առաջին հերթին աշխատանքը կորցրած մարդկանց, ապա նաեւ ամբողջ ժողովրդի հանդեպ։ Հիշեցնենք, որ վարչապետության վեց ամսից հետո նույն մարդը խոսում էր 37 հազար աշխատատեղ ստեղծելու մասին։
Վերոնշյալ աշխատատեղերի մասին խոսելիս ուշագրավ են «ստեղծվել» եւ «ստվերից դուրս բերվել» արտահայտությունները, որոնք տարբեր նշանակություն ունեն, բայց Նիկոլ Փաշինյանն այդ բառերը ներկայացում է որպես հոմանիշներ։ Այսինքն, վերոնշյալ 50 հազարը, որը նույն պահին դարձավ 51 հազար (հավանաբար փաշինյանական «կախարդական փայտիկի» զորությամբ), ըստ դրա մասին խոսացողի, ե՛ւ ստեղծված, ե՛ւ ստվերից բերված աշխատատեղերն են։ Ո՞ր մասն է ստեղծված, ո՞ր մասը՝ ստվերից դուրս բերված՝ չի պարզաբանվում։ Չի նշվում, որտե՞ղ են ստեղծվել այդքան աշխատատեղեր՝ ըստ ոլորտների եւ ձեռնարկությունների։ Պատասխանը ակնհայտ է՝ գործ ունենք հերթական վարչապետական ստի հետ, որի վրա է կառուցված այդ պաշտոնը զբաղեցնող մարդու ողջ գործունեությունը՝ հիմա եւ տարիներ շարունակ սրանից առաջ։ Անդրադառնանք վիճակագրության կոմիտեի հրապարակած աշխատաշուկայի ցուցանիշներին։
Այսպես, 2018 թ․-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը կազմել է 83,5 հազար մարդ, որից գործազուրկի կարգավիճակ են ունեցել 68,4 հազարը։ «Հեղափոխությունից հետո», 11 ամիս անց, աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82,4 հազար մարդ, որից գործազուրկ է 65,1 հազարը։ Այսինքն՝ զբաղվածության պետական գործակալության միջոցով աշխատանք փնտրողների թիվը 11 ամիսների ընթացքում նվազել է ընդամենը 1100-ով, իսկ գործազուրկի կարգավիճակ ստացողներինը՝ 3300-ով։ Համեմատենք այս թվերը 51 հազարի հետ եւ փորձենք գտնել, թե որտե՞ղ են այդքան մարդիկ գտնվում այս ցուցանիշների մեջ։ Իսկապես որ «դժվար է սեւ կատու գտնել մութ սենյակում, հատկապես, երբ այդ կատուն այնտեղ չկա»։
Արձանագրենք, որ նոր ստեղծված աշխատատեղեր գոյություն չունեն՝ ոչ 51 հազար, ոչ էլ անգամ 5 հազար։ Նիկոլ Փաշինյանի 51 հազարը բացառապես ստվերից դուրս եկած աշխատատեղերի մասին է։ Եթե հիմք ընդունենք պաշտոնական վիճակագրության տվյալն այն մասին, որ մասնավոր հատվածում միջին աշխատավարձը՝ ներառյալ եկամտային հարկը, 192 հազար դրամ է, ապա 51 հազար աշխատող այստեղ ստվերից դուրս բերելու դեպքում միջին ամսական 2-2,5 մլրդ դրամ եկամտային հարկ հավելյալ պետք է ստացվի։ Վերջին ամիսներին այս հարկատեսակից իսկապես միջին ամսական 2 մլրդ դրամ հավելյալ հարկ է հավաքվում։ Սակայն, այստեղ եւս առկա են տարօրինակություններ։
Մասնավորապես, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պետբյուջե է մուտք գործել 65 մլրդ դրամ եկամտային հարկ։ Ընդ որում, փետրվար ամսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 26 մլրդ դրամ։ Սա եւս տարօրինակ է։ Ինչպե՞ս է պատահել, որ հունվարին 39 մլրդ դրամ եկամտային հարկ է հավաքվում, փետրվարին՝ ․․․ 26 մլրդ դրամ։ Այսինքն, հունվարին աշխատատեղերը ստվերից դուրս են հանում, իսկ փետրվարին վերադարձնում ստվեր։ Կամ՝ ինչպե՞ս է պատահել, որ նախորդ տարվա՝ «ոչ հեղափոխական» փետրվարին, երբ ոչ ոք չէր ինքնափառաբանվում, գանձվել էր 38 մլրդ դրամ՝ 12 մլրդ դրամով ավելի եկամտային հարկ՝ քան այս տարվա փետրվարին։ Դժվար է սրան բացատրություններ տալ։ Հարկ է ընդամենը արձանագրել, որ բյուջետային եկամուտների հետ վերջին ամիսներին տեղի են ունենում անհասկանալի տեղաշարժեր, որոնց նպատակն է ամեն կերպ ապահովել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների իրավացիությունը։ Սակայն, դա այնքան էլ չի ստացվում։ Ապացույց՝ վերեւում նշված ցուցանիշները։ Մի խոսքով, արդեն շատերի համար է հասկանալի, որ անհասկանալի վիճակը պետական եկամուտների կոմիտեում բնական է դարձել։
Եվ վերջում, մեկ անգամ եւս հիշեցնենք, թե քանի հազար աշխատատեղեր է փակվել Նիկոլ Փաշինյանի վարչապետության ամիսներին եւ նրա գործողությունների պատճառով՝ ըստ ոլորտների եւ ձեռնարկությունների։ Դրան անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը