06 03 2019

Իշխանությունը հեղաշրջումը կանխելու, այն թույլ չտալու խնդիր ուներ

Իշխանությունը հեղաշրջումը կանխելու, այն թույլ չտալու խնդիր ուներ

Տասնմեկ տարի առաջ մարտի 1-ին կատարված իրադարձությունները շատ քննարկվեցին ու դեռ էլի կքննարկվեն: Տրվող գնահատականները հաճախ միակողմանի են լինում` կախված այն բանից, թե ով է գնահատողը, հայտարարություն անողը:

Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սովորաբար ասում են, որ խաղաղ ցուցարարներն իրենց դժգոհությունն էին արտահայտում նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու հետ կապված, իսկ իշխանությունը նրանց դեմ անհամաչափ ու ապօրինի ուժ կիրառեց: Այդպես վերհիշեց 11 տարի առաջվա դեպքերը նաև Նիկոլ Փաշինյանը՝ պետության ղեկավարի անունից մարտի 1-ին հղած ուղերձում:

Դա հիմնովին խեղաթյուրված բնորոշում է:

Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը և իր կողմնակիցներն այդ ժամանակ ընտրությունների հարցն էին բարձրացնում: Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը, որ այդ ընտրությունների հրապարակված արդյունքներով ստացել էր ձայների 21 տոկոսը, հայտարարեց, որ ինքն է հաղթել, այսինքն՝ ինքը պիտի նորից ստանձնի նախագահի պաշտոնը: Դեռևս 11 տարի առաջ հրապարակված հեռախոսազրույցների ձայնագրությունները, նաև բացահայտ արձանագրված փաստերը շատ պարզ ցույց են տալիս, որ Տեր-Պետրոսյանի նպատակը իշխանությունը զավթելն էր, այդ թվում՝ զինված ուժերի ներգրավմամբ, բանակային ղեկավարության մաս կազմող Մանվել Գրիգորյանին և մյուսներին իր քաղաքական արյունոտ խաղի մեջ ներգրավելով:

Դասական իմաստով, դա հեղաշրջման նախապատրաստություն էր: Նման պայմաններում ցանկացած իշխանություն դիմում է հակաքայլերի, փորձում է կանխել այդ հեղաշրջումը: Եվ Տեր-Պետրոսյանի՝ հաղթած թեկնածու ինքնահռչակվելու և ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներին իր կողմը գրավելու քայլերին իշխանության պատասխաններից մեկը այդքան արծարծվող պաշտպանության նախարարի 0038 հրամանն էր, որը նպատակաուղղված էր բանակը քաղաքական կամ հետընտրական զարգացումների մեջ ներգրավվելուց հետ պահելուն:

Իշխանության հաջորդ քայլը պետք է լիներ Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շուրջօրյա հավաքը ցրելը: Բայց այդ հարցում իշխանությունը թերացավ և շատ ուշացավ՝ թույլ տալով, որ Տեր-Պետրոսյնաի կողմից ներքին ատելության ու թշնամանքի քարոզն օրերով շարունակվի, իսկ հավաքված հազարավոր մասնակիցներն էլ ավելի արմատական տրամադրվեն:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց Ազատության հրապարակում 10 օր շարունակվող այդ հավաքը, որը «վրանային ավանի» էր վերածվել արդեն: Շարունակությունը եղավ այն, որ Տեր-Պետրոսյնաի կողմնակիցները ժամեր անց հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ: Այդտեղ ծավալված դեպքերը արդեն հնարավոր չէ բնորոշել խաղաղ ցույց, իսկ մասնակիցներին՝ խաղաղ ցուցարարներ: Կամ էլ պետք է ասել, որ հասարակական փոխադրամիջոցներ շրջելն ու դրանցով բարիկադներ սարքելը, ոստիկանների վրա հարձակվելը, պատգամավորի դանակահարելը, մետաղյա ձողերով, քարով, փայտով, «մոլոտով կոկտեյլներով» զինվելը խաղաղ ցույց են:

Հրապարակված ու վաղուց հայտնի փաստերը պարզ ցույց են տալիս, որ հավաքված բազմությունը ուղղորդվել է, որ Տեր-Պետրոսյանի ու նրա շտաբի անդամների կողմից կոնկրետ քայլեր են կատարվել՝ մարդկանց հենց այդտեղ պահելու, նրանց տրամադրությունները բորբոքելու, հետագա բռնի գործողությունների մղելու, այդ թվում՝ խանութներ ջարդել ու թալանելու, մեքենաներ հրկիզելու համար:

Իշխանության կողմից «ապօրինի ուժ» կիրառելու մասին խոսացողները միտումնավոր մոռացության են տալիս այն փաստը, որ մարտի 1-ի երեկոյան սկսված բախումների առաջին տուժածների, վիրավորների, շարքում ոստիկանության ծառայողներն էին: Եվ 10 զոհերից երկուսը Ներքին զորքերի զինծառայողներ են, սա էլ չի կարելի մոռանալ:

Քննարկելի չէ հարցը, որ կոնկրետ սպանությունների համար կոնկրետ անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, և շատ վատ է, որ այդպես էլ չբացահայտվեցին ու պատասխանատվություն չկրեցին այդ անձինք: Քննարկելի չէ մարդկանց զոհվելու անթույլատրելիությունն ու տեղի ունեցածի ողբերգականությունը:

Բայց, երբ ընդդիմության կամ որևէ քաղաքական ուժի կամ պարզապես մարդկանց մի որևէ խմբի կողմից որևէ պետության որևէ քաղաքում, առավել ևս՝ մայրաքաղաքի կենտրոնում մեքենաներ են հրկիզբում, խանութներ են թալանվում, տեղի է ունենում այն ամենը, որ սահմանվում է որպես զանգվածային անկարգություններ», ցանկացած իշխանություն դիմում է հակաքայլերի, գործի է դնում իր ոստիկանական և ռեպրեսիվ հնարավորությունները՝ իրավիճակը կայունացնելու և դեպքերի հետագա արյունալի տարածում թույլ չտալու նպատակով:

11 տարի առաջ, նախագահական ընտրություններում ձայների 21 տոկոսը հավաքած թեկնածուն, համաձայն չլինելով հրապարակված արդյունքների հետ, վիճարկում էր դրանք դատական կարգով, բայց չսպասելով Սահմանադրական դատարանում այդ հարցով քննությանն ու որոշմանը, ինքն իրեն հռչակել էր ընտրած ու փաստացի փորձում էր սահմանված ընթացակարգերի շրջանցմամբ, միտինգային ճնշմամբ վերցնել իշխանությունը: Ու մարտի 1-ին էլ Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների հիմնական պահանջը ընտրությունների չեղարկումն ու արդյունքների վերանայումը չէր, երկրորդ փուլ անցկացնելը չէր, վերաքվեարկություն կազմակերպելը չէր: Պահանջը և ցանկությունը մեկն էր՝ նորից Բաղրամյան 26-ում հայտնվելը: Միջոցը՝ զանգվածային անկարգությունների, բախումների հրահրումն էր, ինչը կասկածելի էր և ավարտվեց կանխատեսելի ողբերգությամբ: Անցած տասնամյակում նաև վարկած է եղել, որ Տեր-Պետրոսյանի իրական նվազագույն նպատակը հենց նման խայտառակ վիճակի կամ ողբերգության առիթ տալն էր ու դրան հասնելը, ինչով վերժ էր լուծում դրանից 10 տարի առաջ իրեն իշխանությունից հեռանալ ստիպելու համար:

Նա իր վրեժը երևի լուծված է համարում, հակառակ դեպքում, երբ արդեն ողբերգությունը կատարված էր, իր նախընտրական շտաբի ղեկավար Ալիկ Արզումանյանին չէր ասի՝ ամեն ինչ լավ է:

Գալուստ Գրիգորյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ