Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման՝ 2018-ի հուլիսից սկսած գործընթացի տրամաբնական ակորդը, ըստ իշխանության, պետք է լիներ մարտի 1-ի հանրահավաքը։ 8 ամիս այդ ուղղությամբ աշխատած կառավարությունը և նրա ղեկավարը, որը բազմիցս անդրադարձել էր թեմային, պետք է մարտի 1-ին աներ հանրահավաք ու խոսեր շատ կոնկրետ արդյունքից։ Փոխարենը մարտի 1-ին եղավ երթ, այն էլ, մարդ-մուրդ բերելով հանդերձ, շատ անգամ ավելի քիչ, քան նախպատեսել էր Փաշինյանը։ Քիչ մարդու առկայությունը չէր պատճառը, որ Փաշինյանը խոսելու փոխարեն ծաղիկ դրեց ու շտապեց սրճարան։ Պատճառն ասելիքն էր, որը չկար, ինչը ևս ասելիք է։
Փաշինյանը ասելիք չուներ։ «Մարտի մեկը բացահայտված է ամբողջ ծավալով» հայտարարությունը հնչեցրած վարչապետն ամիսներ անց անգամ ոչինչ չունի ասելու այդ թեմայով։ Ասելիք չունի նաև այժմ իշխանության եկած լևոնականների թիմը։ Բայց անելիք ունի, շատ կարևոր․ հայտնաբերել և հանրության մեջ շրջանառել նոր թեզեր, որոնք, խոստովանենք, տարօրինակ են, աբսուրդի ժանրից։
Մարտի 1-ի գործն այժմ ունի երեք կողմ՝ գործադիր և դատական իշխանություն, որը մեղադրող կողմն է և հանդես է գալիս միասնաբար, նախկին իշխանություն, որը պատասխանող կողմն է, ժողովուրդ, որոնց թվում՝ զոհերի հարազատները, որոնք ուշադիր հետևում են, թե ինչ է տեղի ունենում։
Կարճ անդրադառնանք այն վիճակին, որում հայտնվել են երեք կողմերը։
Մեղադրող։ Իշխանությունը կամ մեղադրող կողմը ներկայացնում են հիմնականում հանցագործության համար նախկինում դատապարտվածները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Իշխանությունը խոստումներ է տվել բացահայտման, և հիմա ստիպված է արդարանալ։ Մարտի 1-ի երթից հետո իրավիճակ է փոխվել․ պարզվեց որ հանրային պահանջ և աջակցություն չկա, նոր բաներ պետք է հրամցնեն, և դա է արվում։
Փաստացի, մարտի 1-ը բացահայտված է հենց այնքան, ինչքան որ բացահայտված էր մինչև Նիկոլ Փաշինյանին բանտից դուրս թողնելը։ Ընդ որում, հիշենք, որ նա չի արդարացվել, այսինքն՝ գործ ունենք նախկին հանցագործի հետ, եթե, իհարկե, հանցագործի նախկինը լինում է։ Բացահայտել մարտի 1-ը, նշանակում է ասել, թե ում կրակոցից են զոհվել 10 անձինք, և այդ կրակողների ցուցմունքներից էլ պարզել, թե ովքեր են եղել իրենց հրաման տվողները, եթե, իհարկե, եղել են, կամ իմանալ՝ հրաման է եղել կրակելո՞ւ, թե՝ ինքնապաշտպանվելու, հասարակական ու սահմանադրական կարգ պահպանելու և այլն։ Բայց հիմա, քանի որ խոստացել են բացահայտել ու չեն կարողանում, «սարսափելի» միտք է շրջանառվում՝ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները սահմանադրական կարգը տապալել են, որը հանգեցրել է 10 զոհի։ Այս թեզը շրջանառում են իշխանությունում և նրան մոտ հայտնված «լևոնական» թևի ներկայացուցիչները, որոնք, իրենց կարծիքով, լուծում են գտել Փաշինյանի՝ օգոստոսին արված հայտարարության տակից դուրս գալու համար։ Երթին հաջորդած մի քանի օրերի ընթացքում դրանից «պատահաբար» սկսեցին խոսել ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը և դատական համակարգից հեռացված նախկին դատավոր Պարգև Օհանյանը։ «Գործը բացահայտված է, իսկ զոհերի համար կոնկրետ պատասխանատուներ՝ կատարողներ փնտրել պետք չէ»,- ասում են նրանք։ Պատկերացնու՞մ եք։ Կատարողները, ենթադրյալ հրահանգողները և այլն, կարևոր չեն, նրանց պետք չէ փնտրել՝ մենք կասենք ով է մեղավոր, մենք գիտենք և վերջ։
Երբ դա ասում է Անդրանիկ Քոչարյանը, ինչ-որ չափով հասկանում ենք, քաղաքական մարդ է, նախկին փաստահավաք, ներկայում մեղադրող կողմի «գլխավոր խորհրդատու», Տեր-Պետրոսյանի կողմնակից դեռ շուտվանից։ Պետք է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների շահերն առաջ բրդի ու բրդում է։ Կամ նույն Գագիկ Ջհանգիրյանը, որը 2008-ին, ըստ ամենայնի, սխալ կողմնորոշվելու պատճառով /Ջհանգիրյանը 2008-ին հեռացվեց գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, քանի որ լինելով գործող դատախազ, միացել և քաղաքական հայտարարություններ էր անում Տեր-Պետրոսյանի հանրահավաքներին/ հեռացվեց աշխատանքից և հիմա, հնարավոր է աշխատանքի ակնկալիքով, փորձում է ծառայություն մատուցել վարչապետին և մեղավոր նշանակողներին՝ անպատասխանատու հայտարարությունները լղոզելով։
Նույնը կարելի է ասել նախկին դատավորի մասով, որին կարգապահական վարույթի արդյունքում հեռացրել էին դատական համակարգից և որի դեպքում առաջ է գալիս հետևյալ հարցը․Նա այդ սկզբունքո՞վ է շարժվել դատավոր եղած ժամանակ, սպանություն կատարողին չի՞ փնտրել, չի՞ դատել։ Գուցե Ջհանգիրյանն է՞լ է այդպես աշխատել դատախազ եղած ժամանակ։ Գուցե պետք է նորի՞ց քննել մինչ այս նրանց կայացրած որոշումները։
Իսկ ինչի՞ց են վախենում լևոնական գործիչները, ինչո՞ւ զոհերի մեղավորներին չեն փնտրում, գուցե վախենում են այն տեղից, որտեղ կարող է հասցնե՞լ այդ փնտրտուքը և այդ առիթը օգտագործելով՝ նախկիններին նշանակում են մեղավոր․․․
Երբ դու ի սկզբանե սխալ տեղից ես սկսում, սխալ եզրահանգման ես գալիս։ Իսկ որ սխալ տեղից էին սկսել, դա պարզ էր դեռ հուլիսից։ Դրա մասին խոսում էին բոլորը՝ պահանջելով բացահայտել 10 զոհերի մահվան մեղավորներին և հետո միայն հասկանալ, թե դրանց պատվեր տվող եղե՞լ է թե՝ ոչ։ Իսկ եթե վաղը Եվրադատարանը կրկնեց շատ ավելի որակյալ մասնագետների գնահատականն առ այն, որ սահմանադրական կարգի տապալումը աբսուրդ մեղադրանք է, այս դեպքում, ի՞նչ են ասելու։ Նորի՞ց մի բան կհորինեն՝ վարչապետին և հանրությանը հավաստիացելով, թե ամեն բան պարզ է և հիմնավորված։
Եվ ուրեմն ո՞վ է սպանել 10 անձանց։ Իսկ ինչո՞ւ չի շրջանառվում տեսակետ, որ մարդիկ, որոնք հրապարակները 4-5 ամիս նախընտրական շրջանում սերմանում էին ատելությամբ, նրանց գործողությունները հանգեցրին 10 զոհերի։ Չէ՞ որ հենց այս տեսակետն ավելի ընդունելի ու ճշմարիտ է։ Դեռ 2007-ի նախագահական ընտրությանը նախորդած շրջանում, շատերն էին ահազանգում, որ չի կարելի հասարակությանը գրգռել, թշնամացնել, «ով մեր հետ չի, մեր դեմ ա» թեզով մերոնք-ձերոնքի բաժանել, վտանգավոր ելքի է տանելու այդ ամենը, ուղղակի չի՛ կարող անցնել-գնալ։
Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է սպանել։ Չէ՜, դժվար, նա տանը քնած էր։ Նիկոլ Փաշինյա՞նը։ Դժվա՜ր, նա զանգվածային անկարգություններ կազմակերպելու, խուլիգանության համար է նստած եղել։ Բա ո՞վ։ Դե փնտրեք։
Պատասխանող կողմ։ Ի՞նչ է անում երկրորդ կողմը՝ նախկին իշխանությունը։ Մինչ այս թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանի գործը հեշտ է․ պաշտպանական թիմում ընդգրկել է բարձրորակ փաստաբանների, և արագորեն ապացուցելու են, որ մեղադրանքն անհիմն է ու բաց թողնեն՝ չմոռանալով ներողություն խնդրել։ Իրականում, սակայն, պարզվում է, որ գործը շատ բարդ է, որովհետև գործ ունի անկախ Հայաստանի և շատ հնարավոր է՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված որևէ պետության ամենադժվար հասկացող ու կողմնապահ իրավական համակարգի հետ։ Մարդկանց հետ, որոնք կարող էին ծառայել մեր պետության մեջ որպես տախտակ կամ պոլի փետ, եթե իշխանությունը չփոխվեր ու չպարզվեր, որ պոլի փետն արդեն քաղաքական կատեգորիա է։
Ռոբերտ Քոչարյանի գործն այս առումով շատ բարդ է․ փաստաբանները խնդիր ունեն հասկացնելու, թե սահմանադրական կարգն ինչ է, ինչպես է այն տապալվում, կարելի՞ է դատել հոդվածով, որը ենթադրյալ արարքի ժամանակ չի գործել և այլն։ Պետք է այդքանը բացատրեն, հետո գան-հասնեն այնտեղ, որ իրականում Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանն էին ձգտում այդ կարգը տապալել, և մեծագույն ջանքերի գնով միայն նրանց երկրորդ անգամ /առաջինը 1996-ի նախագահական ընտրություններին էր/ դա չհաջողվեց․․․ Այդ անգամ։
Այսինքն, եթե փաստաբանները մինչ այս միայն զբաղված էին դատարաններում արդարություն փնտրելով, հիմա արդեն դատարաններից խնդիրը հասել է հեռուստաեթեր, որտեղ, արդեն, բանավեճի տաղավարներն են, որոնց մասնակցում են պոպուլիզմի մեծ վարպետ լևոնական ԲՏՌ-ները։
Ժողովուրդ։ Երրորդ կողմը ժողովուրդն է և նրանց թվում՝ մարտի 1-ի զոհերի՝ 2 ոստիկանի և 8 քաղաքացիականների հարազատները, որոնք հայտնվել են անհասկանալի վիճակում։
Խոսենք անկեղծ, մեր ժողովուրդը սիրում է լսել այն խոսքը, որը համեմված է հայհոյանքով, պոպուլիզմով, դեմագոգիայով՝ փաստերի մասին լսել չի ուզում, հատկապես այն դեպքում, երբ 10 տարի լսել է միմիայն էմոցիոնալ տեքստեր և մեղադրանքներ՝ ուղղված այլոց հասցեյին։
Իշխանությունը, իրականում, այդ բեռի տակ արդեն կքել է։ Իսկ ինչո՞ւ է ընդհանրապես իր իշխանությունը սկսել մարտի 1-ի թեմայով, կհարցնեք։ Որպեսզի մարդիկ հենց մյուս խնդիրներից խոսեն, հակադարձեն՝ սպասեք, ոճիր ենք բացահայտում։
Մարդիկ հավատացել են, զոհերի ծնողները հավատացել են, որ իրենց զավակների սպանությունը բացահայտվում է։ Ու հանկարծ քրգործ է մտնում դատարան՝ 76 հատոր, յուրաքանչյուրը՝ 200-250 էջ, որոնց մեջ տող անգամ չկա սպանությունների բացահայտման մասին։ Պատկերացնո՞ւմ եք 19․000 էջ գրել են մարտի 1-ի բացահայտման մասին, բայց որևէ տող չի վերաբերում ամենակարևորին՝ զոհերին սպանողներին։ Ու այժմ էլ, բնականաբար, պետք է լևոնականները վազեն Հ1՝ նոր մեղադրանքի թեզիսներ հնչեցնելու, իսկ իրականում տակից դուրս գալու համար։
Պետք է լիներ ու կա հիասթափություն։ Մարտի 1-ի երթի պետական մասշտաբով կազմակերպելը, դրա սակավամարդ լինելը, ասելիք չունենալը դրա վառ ապացույցն է։ Ժողովրդին իրականում մարտի 1-ի թեման չի էլ հետաքրքրել, դա միշտ եղել է կեղծ օրակարգ, երբ պետք է եղել դրանից խոսել են, երբ ո՛չ, չեն խոսել։
Հիմա պետք է, բայց ասելիքը ջուր է, ինչպես ի սկզբանե էր։
Ահարոն Համբարձոսւմյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը