26 10 2018

Հիմա մարտի 1-ը ամբողջ ծավալով բացահայտվե՞լ է, թե՞ բացահայտվելու է

Հիմա մարտի 1-ը ամբողջ ծավալով բացահայտվե՞լ է, թե՞ բացահայտվելու է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ նույն հարցի վերաբերյալ իրար բոլորովին հակասող կարծիք է հայտնել։ Բայց հաճախ այդ հակասական փաստարկների բերումները խառնում են իրավիճակը և նոր հարցեր առաջացնում հասարակությունում։

Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործի բացահայտման մասին երկու ամսում հակասական երկու հայտարարություն արեց․

Օգոստոսի 17-ին, հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, վարչապետը հայտարարեց․ «Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, և էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում, չկա տարբերակ, որ ոճրագործներից, ոճրագործների պարագլուխներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից, չկա այդպիսի տարբերակ»:  

Երկու ամիս անց՝ հոկտեմբերի 24-ին, խորհրդարանում՝ վարչապետ չընտրվելու համար պատրաստած ելույթում, ասաց․ «Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է, և ես բոլորիս ուղղակի կոչ եմ անում ուղղակի հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչ ես, համոզված եմ, առաջիկայում կիմանաք: Եվ ոչ միայն այս գործով»:

Հարց է առաջանում՝ Մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտվե՞լ է, թե՞ բացահայտվելու է։ Ինչո՞վ է բացացատրվում վարչապետի տրամագծորեն հակառակ տեղեկություններ հայտարարելը։ Արդյո՞ք ՀՀ թիվ մեկ պաշտոնյան չի զբաղվում իրականությունը խճճելու գործով։

Նշենք, որ նույն տրամաբանությամբ, ՀՀ Հատուկ քննչական ծառայության ղեկավարն է հայտարարում, թե գործով ապացուցվել է այսինչ տեղեկությունը, իսկ հետո պարզվում է, որ դա սուտ է, ինչպես, օրինակ, զորքերի՝ 15 օր շարունակ դիրքերից բացակայելը, որը, իբրև, բերել էր թշնամու կողմից դիվերսիայի կամ, ասենք, մինչ արտակարգ դրության ռեժիմի մտցնելը՝ զոհի առկայությունը։

Դե ինչ, հպարտ քաղաքացիներս էլ, փորձենք ինքնուրույն գլուխ հանել ու գոնե այսուհետ կասկածով վերաբերվենք պետության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ