Փաշինյանը հայտարարել է. «Ես դե յուրե եմ հրաժարական տալիս, սակայն դե ֆակտո հրաժարական չեմ տալիս։ Որևէ գործողություն ես չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար։ Մենք պետք է արտահերթ ընտրություններ անենք։ Խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»։ Փաշինյանը փաստացի հայտնել է, թե ԱԺ-ն վախճանվել է։ Մնում է սպասել. խորհրդարանը կհաստատի՞ իր մահվան մասին վարչապետի օդում կախած լուրը, թե՞ կենդանության նշաններ ցույց կտա։
Պարզվում է՝ Փաշինյաը համոզելու բացառիկ ու խիստ խորհրդավոր շնորհ ունի։ Խորհրդավորությունն, իհարկե, Պոլիշինելի գաղտնիքի հարթությունում է։ Ում նա իր թշնամի է հայտարարում, նախ ընդվզում ու վեհերոտ հակահարված են տալիս, հետո օդում իրենց ցանկություններն են հայտնում, անորոշ բացատրություններ են տարածում, սկսում են արդարանալ ու արդարացումներ որոնել, իսկ վերջում հավաստիացնում են, թե իրենք սիփ-սպիտակ են ու համաձայնում են այն ամենին, ինչին երդվել էին երբեք չհամաձայնել։ Նման մի իրավիճակում է Ցիցերոնը բացականչել` օ ժամանականեր, օ բարքեր:
Հիմա արդեն բացահայտ է, որ թեև իրենց ապագայի մասին սակարկությունները դեռ չեն ավարտել, բայց դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ հուշագիր-ղազագիրը կստորագրեն բոլորը։ ԲՀԿ-Ծառուկյանը առաջինը ու իր մեծ քարը դրեց գործող ԱԺ-ի սարքվող դամբանին, ՀՅԴ-ն ևս կունենա իր համեստ ներդրումը, իսկ Հանրապետակաը նույնիսկ պատրաստ է` ինքն առաջադրել Փաշինյանի միակ ու անբեկանելի թեկնածությունը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդեն հիմա՛ կարելի է հրապարակել։ Ընտրությունների ոչ սահմանադրականությունը և անօրինականությունը ևս միանգամայն որոշակի է։ Հենց այն, որ Փաշինյանի պնդմանբ` մայրաքաղաքային ընտրություները և՛ խորհրդարանականի նախաբանն էր, և՛ հանրաքվե, ինքնին հաստատումն է, որ իր կազմած ցանկը ու քաղաքապետի իր թեկնածուն ոչինչ են, քվեարկության նպատակի ու արդյունքի հետ աղերս իսկ չունեն։ Մինչդեռ այս նույն բանաձևը կիրառվելու է նաև ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ։
Իսկ դա նշանակում է, որ քվեարկողները Փաշինյանի ցանկից ոչ մեկին չեն ճանաչելու, անգիտակից ընտություն են կատարելու, ոչ թե պատգամավոր են ընտրելու, այլ կոճակ սեղմողների ինստիտուտի ստեղծումն են արձանագրելու։ Այսինքն. գործող ու հավերժող վարչապետի հրամանն են կատարելու։ Մինչդեռ հեղաշրջումը ո՛չ սահմանադրությունը ո՛չ էլ օրենքները չի չեղարկել, ոչ մի փաստաթղթով դրանք չի փոխարինել ոչ մի տեղ չարձանագրված «քաղաքացիական պայմանագրով»։ Ուրեմն. մեկ անձի կամային որոշումներով թելադրվող օրենքները օրենքից դուրս են։ Առանց այլընտրանքի հնարավորության, վաղօրոք կորզված երաշխիքով ու հարկադրանքով անցկացվող ցանկացած ընտրություն անօրինական է ի սկզբանե։
Գոռ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը