19 11 2022

Բանակում համազգեստի լվացքի տենդերը հավակնում է ելակից հետո հաջորդ սկանդալայինը լինել

Բանակում համազգեստի լվացքի տենդերը հավակնում է ելակից հետո հաջորդ սկանդալայինը լինել

Բանակին ելակ մատակարարելու հայտնի սկանդալից հետո կառավարական վերնախավը մի նոր տենդեր է մոգոնել՝ լվացքատան տենդեր։ Երկու և ավելի տարի է՝ բանակի ղեկավարությունը որոշել է կազմակերպել զիծառայողի համազգեստի ու սպիտակեղենի լվացման գործընթացը՝ այդ տենդերները կենտրոնացնելով ոմանց ձեռքում։ Ընդ որում, քառապատիկ թանկ գնով են լվացքատան գնումների շեմը սահմանել․ նախկինում 1 զինվորի հաշվով 800 դրամի փոխարեն հիմա լվացքատան տենդերը բյուջեից տանում է մինչև 3200 դրամ։

Ներսում պնդումներ կան, որ համազգեստի կոնտրենացված լվացքատան տենդերներն ավելի շատ փող շրջանառելու աղբյուր են դարձել ոմանց ձեռքում, քան բարեփոխում, ինչպես մատուցվում է կառավարության օղակից։

«Զինվորները գրեթե մասսայաբար  խուսափում են իրենց ներքնաշորն ու համազգեստը հանձնել լվացքատուն, միշտ է այդպես եղել։ Դիրքերից իջած զինծառայողները փոշոտված-կեխտոտված համազգեստը որպես կանոն հրաժարվում են լվացքատուն ուղարկել։

Այսօր էլ,  նախկինում էլ,  բանակում մի չգրված օրենք կա՝ համազգեստը չի սպասում մաշվելուն, մինչև որ 8 ամիս անց՝ նոր հատկացվող համազգեստով կփոխարինեն։

Ընտանիքներն առաջվա պես բանակին օգնում են ինչով կարող են․ ամեն մեկն իր զինվորին համազգեստ, շապիկ-փոխան է  ուղարկում․ դեռ ոչ մի զինվոր տարեկան հատկացվող 6 մայկա-տրուսիկի հույսին հաստատ չի մնացել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում պարզաբանում է աղբյուրը։

Խիստ ուշագրավ է, որ ՊՆ-ից Yerevan.Today-ի գրավոր պատասխանում  պաշտոնապես հաստատում են, որ մեծամասամբ զինծառայողները հրաժարվում են համազգեստը հանձնել լվացքատուն։ Ստացվում է՝ ՊՆ-ն ընդունում է անարդյունավետ  տենդերների փաստը․ այս մեխանիզմը ներդրվել է բանակի ներսում իբրև հանուն զինվորի, բայց արդյունքում տուժում է հարկատուն, պետությունը, քանի որ անարդյունավետ ծրագրով փողերի փոշիացում է տեղի ունենում։ Փոխարենը հաստատապես շահում են տենդերներում փող դրած և անուղղակիորեն ներգրավված  անհատներ։

Ի դեպ, շոշափվում են պաշտոնատար անձանց հնչեղ անուններ, որոնք իբրև թե թաթախված են լվացքատան տենդերներում․․․ Բայց իրական շահառուների կամ ՔՊ-ական պաշտոնյաների հետ նրանց փոխկապակցված լինելու հանգամանքը դեռ ստուգել է պետք։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը փակ գաղտնի է պահում տենդերը շահած ընկերությունների տվյալները։

Մեր հանգամանալից հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից խուսափել են հրապարակել բանակի լվացքատան տենդերում ներգրավված անձանց անունները,  այդ թվում՝ գնումների ծավալը։ Այս ամբողջ ինֆորմացիան պետական գաղտնիք ձևակերպման տակ փաթեթաված քողարկում է կառավարությունը և ծախսերը թաքցնում են հանրությունից։

Թեև լղոզված ձևակերպումներով հայտնում են, իբր փողերի փոշիացում չկա, քանի որ լվացքատան ծառայությունից հրաժարվողների թվի վերահաշվարկ է արվում։

Իսկ ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում և պարբերականությամբ,  ի՞նչ մեխանիզմով, չէ՞ որ գրավոր հիմքերով չեն փաստարկվում և՛ զինծառայողների հրաժարումները, և՛ ծնողների ծանրոցների մատակարարումները՝ բանակին։ Այս հարցերի պատասխանները, բնականաբար, չկան։    Մոլորեցնող ձևակերպումներով հայտնել են նաև 120-190 դրամ լվացքի կգ-ն սահմանելու մասին՝  չնշելով ամսական կտրվածքով ներքնաշորի, անկողնային սպիտակեղենի ու զինվորական համազգեստի լվացքի չափն ու դրա լվացքի սահմանված վերջնական գինը։

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ