28 10 2022

Մեկը կար, որ ասում էր՝ ժողովրդի թիկունքում բան չի պայմանավորվի

Մեկը կար, որ ասում էր՝ ժողովրդի թիկունքում բան չի պայմանավորվի

Այդպիսի մի «քաղալքական գործիչ» կա, ավելի ճիշտ՝ կար, Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարում էր, թե՝ ժողովրդի թիկունքում ոչ մի բան չի պայմանավորվի, ինչ էլ պայմանավորվի, կգա Հանրապետության հրապարակում կհրապարակի, «ժողովուրդն» էլ կորոշի... Հիշո՞ւմ եք: Տվյալ դեպքում խոսքը ոչ նիկոլականներին է ուղղված, քանի որ նիկոլականներն ընտրողաբար «ոչ մի բան չեն հիշում»: Կռտած է նրանց հիշողությունը: Անգամ՝ օպերատիվ հիշողությունը: Բայց դա թողնենք:

Բանն այն է, որ գոնե մինչև երեկ, հայտնի էր, թե կա Նիկոլ-Ալիև «վաշինգտոնյան տարբերակի» պայմանավորվածություն: Այդ պայմանավորվածությունը ենթադրում է Արցախի բացարձակ ուրացում Հայաստանի կողմից, Արցախի վերացում կամ  հանձնում ադրբեջանական հոշոտմանը, ինչը նույն բանն է: Այլ տերբերակի մասին ոչ մի խոսք չկար: Եվ, հո՛պ, երեկ, ոչ այլ կերպ, քան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային հայտարարությամբ, պարզվում է, որ գոյություն ունի նաև կարգավորման այսպես ասած՝ «ռուսական տարբերակ»: Այս երկրորդի տարբերությունը «վաշինգտոնյանից» այն է, որ քիչ թե շատ նախատեսում է հաշվի առնել Արցախի հայության իրավունքները: Իհարկե՝ ակնարկներ եղել էին ռուսական տարբերակով մինչ այս, սակայն՝ դարձյալ մամուլում, ոչ մի պաշտոնական խոսք։

Ամե՛ն պարագայում: Պարզվում է, կա նաև այլ տարբերակ, «վաշինգտոնյանի» բացի: Այսինքն, ոչ թե սոսկ պարզվում է, այլ Պուտինի հայտարարությունից որոշ ժամանակ անց դա հաստատում է անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ թվիթերյան գրառմամբ:

Փաշինյանը հաստատում է, որ դեռ սեպտեմբերի սկզբին Հայաստանը համաձայնել է աշխատել ռուսական տարբերակով: Հետաքրքիր է, չէ՞: Համաձայնել են ու վազել Վաշինգտոն՝ Ալիևի ներկայացուցիչների հետ «աշխատելու»:

Լավ, բա ենթադրենք, Պուտինն էր ու ոչինչ չէր ասում: Հայաստանի քաղաքացիները ումի՞ց ու ե՞րբ էին իմանալու, որ «վաշինգտոնյան» կապիտուլյացիոն ոչնչացումագրից բացի, կա նաև այլ տարբերակ՝ «ռուսականը»: Ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ, օրինակ, 2018-ի օգոստոսի 17-ի Նիկոլը, որ ժողովրդի թիկունքում բան չէր պայմանավորվելու, ինչ էլ լիներ, գալու էր, իբր ասեր: Կա-չկա, «ֆակտորտիվիական» տարբերակով այն Նիկոլին այլմոլորակայիններն առևանգել են ու ՀՀ վարչապետի աթոռին նստեցրել ինչ-որ զրահապատված կլոնի:

Իսկ եթե, այնուամենայնիվ, լուրջ, ապա Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, համաձայնել է «վաշինգտոնյան» տարբերակին, այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանը վերցնի ու ոչնչացնի Արցախը: Ամբողջությամբ: Այստեղ հարց է ծագում. եթե Նիկոլ Փաշինյանը թուրքական շահերի սպասարկու չէ, ապա ինչո՞ւ է համաձայնում «վաշինգտոնյան տարբերակին»՝ իմանալով, որ մի հատ էլ ռուսական տարբերակը կա, որը այն մյուսից գոնե ինչ-որ չափով ավելի ընդունելի է:

Ավելին, միայն այն բանից հետո, երբ Պուտինը բացահայտում է երկրորդ տարբերակի գոյության պահը, Նիկոլ Փաշինյանը «Թվիթերում» ինչ-որ ծլվլոցներ է արձակում, թե՝ սեպտեմբերի սկզբներին Հայաստանը համաձայնել է ռուսական տարբերակով աշխատել: Մի բան էլ, իր գեղջկական խորամանկության «ֆռիկներից» է անում, թե հուսով է, Ռուսաստանը հետամուտ կլինի իր առաջարկություններին:

Այսի՞նքն: Հայաստանը չպիտի հետամուտ լինի, Ռուսաստա՞նը պիտի անհանգստանա հայերի համար ու փոխարեն:

Ավելին, եթե կա այլ տարբերակ, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարում ակնհայտորեն հակահայկական «վաշինգտոնյան տարբերակից» ու կենտրոնանում ռուսականի վրա: Այդ դեպքում, նկատենք, հնարավոր է, Ալիևն էլ ստիպված լինի հրաժարվել իրեն այդքան ձեռնտու «վաշինգտոնյան» համաձայնության տարբերակից ու դիտարկել համեմատաբար ավելի քիչ ձեռնտու ռուսականի պայմանները:

Այդ ինչո՞ւ-ն, Փաշինյանի դեպքում, կարծում ենք, զուտ հռետորական հարց է, քանզի թե՜ Նիկոլ Փաշինյանը, թե՜ նրա գլխավորած քպ-ն իրենց իշխանավարման 4,5 տարվա ընթացքում հենց միայն նրանով են զբաղվել, որ տրորտակ են տվել Հայաստանի ու հայության կենսական շահերը... հօգուտ Հայաստանի ու հայության թշնամիների: Եվ դրա ամենից ցայտուն ապացույցը ներկայիս մղձավանջային վիճակն է, որի մեջ հայտնվել ենք:

 

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ