Օրեր առաջ փուչիկի պես պայթեց ՀՀ անկախ դատական համակարգի մասին վերջին միֆը: Հրապարակվեց ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրությունը: Խոսակցության 15 րոպեների ընթացքում Ջհանգիրյանը գործարք էր առաջարկում Վարդազարյանին, հետո սպառնում քրգործերի հարուցմամբ, խոսում էր վերևներից եկող հանձնարարականների մասին:
Մի կողմ թողնելով այդ խոսակցության քաղաքական կոնտեքստն ու հաջորդած իրադարձությունները՝ կենտրոնոնանք մեկ դրվագի վրա: Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանն ասում է.
«Տես, ես սաղ փակել եմ, էս պահին որևէ բան չի գնում, սկսած Վահագի գործից, վերջացրած մյուսներով ու չի գնալու, որովհետև ես ասել եմ»:
Ասուլիսում Ռուբեն Վարդազարյանը նշում է, որ ձայնագրության խոսակցությունը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 20-ին։ Հասկանանք, թե ինչ «Վահագի գործի» մասին է խոսում Ջհանգիրյանը: Խոսքը, Ռուբեն Վարդազարյանի դեմ հետագայում հարուցված քրգործի մասին է, որով նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Մասնավորապես, նշվում է, որ նա լինելով ԲԴԽ նախագահ, 2020 թվականի հոկտեմբերին դիմել է դատավոր Անդրանիկ Սիմոնյանին, որպեսզի վերջինս կալանքից ազատի «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին:
Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ:
Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը ենթադրյալ դեպքից շուրջ հինգ ամիս անց է միայն հաղորդում ներկայացրել, ինչից մի քանի օր առաջ նշանակվել էր ԱԱԾ պետի տեղակալ:
Իսկ այս դեպքով քրեական գործը հարուցվել է՝ ուշադրություն՝ 2021 թվականի ապրիլին: Ստացվում է, որ քրգործը հարուցելուց դեռ ամիսներ առաջ ԲԴԽ նորանշանակ անդամ Գագիկ Ջհանգիրյանը տեղյակ է եղել, դեռ մի բան էլ ձայնագրության մեջի, իր խոսքով, կասեցրել է քրգործի հարուցումը:
Եթե դատարանները գործում են անկախ, քննիչներն ու դատախազները քաղաքական պատվեր չեն կատարում, ապա ինչպե՞ս է հնարավոր նման բան, որ թեկուզ ԲԴԽ դատավոր եղած մարդը տեղյակ է թե ինչ նյութեր են պատրաստվում, ինչ քննություն է իրականացվում ու որ քրեական գործ է բացվելու, այն էլ՝ այնպիսի գործով, որի մասին պաշտոնապես առաջին անգամ իրավապահները իմացել են ապրիլ ամսին: Այս քայլը իրավական երկրում պետք է գտներ իրավական լուրջ հետևանքներ, բայց Հայաստանում տեղի է ունենում հետևյալը․
Ձայնագրությունից օրեր հետո Ջհանգիրյանը շտապում է Հանրային հեռուստաընկերություն և ի թիվս այլ խնդրահարույց կետերի, անդրադառնում նաև այս՝ ըստ էության հանցագործության տարրեր պարունակող դրվագին: Մասնավորապես, քրեական գործեր հարուցել կամ կարճելու վերաբերյալ հարցին նա պատասխանում է. «Հոգեբանական հնարքներ կան, ժողովրդի լեզվով ասած՝ կուտ եմ տվել, ես ինչ գիտեմ մի գործ կա, երեք կա, կամ ո՞նց եմ ես կարճում կամ հարուցել տալիս այդ գործերը, ես կատակ եմ անում, կտեր եմ տալիս, որ իր նկատմամբ հետագա քրեական գործեր չեն լինի»:
Գագիկ Ջհանգիրյանը, կարծես, այս մասով իրեն նախապես ապահովագրում է՝ ասելով, որ կտեր է տվել և կատակներ արել, բայց, փաստորեն, այնքան է վարպետացել կտեր տալու մեջ, որ «հացի սեղանի շուրջ» խոսում է ապագայում հարուցվելիք քրեական գործի մասին:
Թե ինչ կլինի «ճիտին պարտք» շալակած, կատակասեր ԲԴԽ նախագահի հետ, կտեսնենք առաջիկայում, բայց իրավական որևէ գործընթացի չհարուցումը ևս մեկ ազդակ կլինի ՀՀ դատական համակարգի «անկախության» մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը