14 04 2022

Եթե Փաշինյանն ու նրա «կամանդը» անհապաղ չհեռացվեն, կստացվի, որ իսկապես բոլո՛րս ենք հանձնող

Եթե Փաշինյանն ու նրա «կամանդը» անհապաղ չհեռացվեն, կստացվի, որ իսկապես բոլո՛րս ենք հանձնող

Մեր բազմահազարամյա պատմության ընթացքում եղած տարբեր հայրենադավ կերպարների ուրվականները երեկ ՀՀ ԱԺ ամբիոնի մատույցներում պպզած հետևում էին ելույթ ունեցողին և հիացմունքի ու հավանության նշաններ էին ցույց տալիս: Երևի նաև ծափահարում էին, եթե ուրվականները կարող են ծափահարել: Թերևս միայն Մերուժան Արծրունու գլխի շիկացած թագն էր թագատիրոջը նեղում...

Ելույթ էր ունենում ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Ելո՞ւյթ էր ունենում: Ո՛չ: Ավելի շուտ ինքնախոստովանական ցուցմունք էր տալիս, հուսանք, վերջիններից մեկը՝ նշված կարգավիճակում:

Ըստ էության, ի՛նչ էր ասում կամ ի՛նչ ասաց Նիկոլ Վովայի Փաշինյանը: Իսկ նա, ըստ էության, բացեց իր բոլոր խաղաքարտերը և, գործնականում ուղիղ տեքստով խոստովանեց, որ նպատակադրված է մինչև վերջ հանձնել Արցախը թշնամուն, իսկ 27.09-09.11.2020-ի միջակայքում և կապիտուլյացիոն ստորագրությամբ ցեղասպան թուրքերին Արցախի 75-80 տոկոսը հանձնելուց հետո, մնացյալ 20-25 տոկոսանոց Արցախի բեկորների վրա ապաստանած հայությանը մատնել բնաջնջման ու նորօրյա կոտորածի:

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ նախադասություն չարտասանեց՝ «Արցախը Ադրբեջան է, և՝ վե՛րջ»: Բայց այդ եղերական արտահայտությունը կաթկթում էր նրա ամեն մի հայտարարությունից ու անթրաշ դեմքից:

Բնական է, որ հայության բոլոր թշնամիները մեծապես հավանել են Փաշինյանի ելույթը: Բայց բուն հարցն արդեն դա չէ:  

Բոլոր խաղաքարտերը բացված են: Այնպես որ, եթե մինչև նրա երեկվա ելույթը դեռ կային մարդիկ, այդ թվում՝ քաղաքական կամ հասարակական գործիչ համարվողներ, որոնք թեական կամ ենթադրություններով էին արտահայտվում առ այն, որ փաշինյանական իշխանությունը Արցախը հանձնել է թշնամուն ու պատրաստվում է նույնը անել հենց ՀՀ-ի հետ, ապա Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթից հետո այդ «քաղաքականությունը» դարձավ ակնհայտից էլ ակնհայտ: Այնքան ակնհայտ, որ դա չնկատելը կամ չհասկանալը կնշանակի կա՛մ լինել Փաշինյանի ու նրա խմբոնի գործակիցը, կա՛մ պարզապես խոտակեր ապուշ:

Հետևաբար, ո՞րն է բուն հարցը: Իսկ բուն հարցն այն է, թե ինչ ենք անում մենք, բոլորս, որպես հայեր, որպես ազգ, որպես հասարակություն, որպես Հայաստանի քաղաքացի: Հասարակության, քաղաքացիների անելիքը, որպես կանոն, ուղղորդվում ու կազմակերպված տեսք է ստանում քաղաքական ուժերի, միավորումների միջոցով:

Հայաստանում, իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնք ոչ թե պարզապես ընդդիմադիր են Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքականությանը, այլ ուղղակիորեն մեղադրում են նրան Արցախն աղետի մատնելու, Հայաստանի մնացյալ մասն էլ կործանելու և թրքացնելու ընթացք որդեգրելու մեջ: Հականիկոլական, իսկ ավելի ճիշտ հանուն Հայաստանի ու Արցախի փրկության տարվող պայքարի առաջին շարքում խորհրդարանական ընդդիմությունն է՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները:

Ստեղծված իրավիճակը հուշում, եթե ոչ՝ ճչում է այն մասին, որ ընդդիմությունը, որ բարձրացրել է պայքարի դրոշը, պետք է արագորեն փոխի մարտավարությունն ու բազմապատկի ջանքերն ու ակտիվությունը: Ցանկալի տարբերակը համատարած փողոցային պայքարն է, փաշինյանական իշխանության ու դրա սպասարկուների համընդհանուր բոյկոտը, մերժումը և, հանրագումարում, հեռացումը: Ստեղծված իրավիճակում այլևս սահմանադրականության տեղ էլ չի մնացել, կարծես:

Օրվա հրամայականը Նիկոլ Փաշինյանին ու նրա «կամանդը» հնարավորինս արագ ու կտրուկ իշխանությունից հեռացնելն է: Այդ պահանջն, ի դեպ, նաև ամենևին չքաղաքականացված և նիկոլական իշխանության բերած ծանր սոցիալական խնդիրների տակ կքած ավելի ու ավելի շատ հայրենակիցներ են արդեն համարձակվում բարձրաձայնել:
Հեռացնե՛լ Արցախն ու Հայաստանն աղետած, հայերին թրքահպատակ դարձնելու նպատակ դրած Նիկոլ Փաշինյանին ու նիկոլականներին:

Այլ տարբերակ չի՛ք, Նիկոլին պետք է ասել՝ ...:

Առաջնահերթ իրենց խոսքը պետք է պարզ ու հստակ ասեն նաև արցախցիները, Արցախի իշխանությունը, որը դեռ համարվում է այդպիսին:

Խոսքը ամբողջ հայ ժողովրդինն է, Հայաստանի քաղաքացիներինը՝ անկախ ազգությունից, անկախ այն բանից, թե որտեղ են գտնվում հիմա: Պետք է ոտքի կանգնել ու կանգնել Նիկոլին հեռացնելու համար պայքարի դրոշը բարձրացնողների կողքին:

Հակառակ դեպքում, եթե Փաշինյանն ու նրա «կամանդը» անհապաղ չհեռացվեն իշխանությունից, եթե բոլորս միահամուռ ոտքի չելնենք, ապա կստացվի, որ այդ ոչ թե նրանք են կործանում Արցախի բեկորներն ու Հայաստանը, ոչ թե նրանք են թուրքի դեմը կզել, այլ բոլո՛րս ենք հանձնող։

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ