13 04 2022

Արցախը հանձնած, ՀՀ-ն կտոր-կտոր հանձնող Փաշինյա՞նն է խաղաղապահների պատասխանատվությունից խոսում

Արցախը հանձնած, ՀՀ-ն կտոր-կտոր հանձնող Փաշինյա՞նն է խաղաղապահների պատասխանատվությունից խոսում

Այսօր, Նիկոլ Փաշինյանն իրեն անմեղ գառի տեղ դրած, ԱԺ ամբիոնից ասում է, թե տարակուսանքի տեղիք է տալիս, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Լո՞ւրջ: Տարակասա՞ծ է Նիկոլ Փաշինյանը: Իսկ հնարավո՞ր է, որ դա ինքն է իր սիրելի գործընկեր Ալիևի հետ այդպես պայմանավորվել: Միանգամայն հնարավոր է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ արդեն տարիուկես է, ինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ամեն կերպ խուսափում են Արցախ մեկնելուց, դեռ իրեն՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» ծղրտացող Փաշինյանին չհաշված: Իսկ ի՞նչ է, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների «սև ցուցակը» Ալի՞ևն է խաղաղապահներին փոխանցել:

Իսկ հիմա էլ, Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից դերասանական անտաղանդ տարակուսանքով, իր ԱԳՆ-ն էլ այն կողմից տարածած հայտարարությամբ, ուզում են պատրանք ստեղծել, թե իրենք կապ չունեն այդ խայտառակության հետ: Իբր, «մամուլից տեղեկացան», հրաժարական տված այն մի հոգավորի տարբերակով: Մարդ քիչ է մնում մանկամտորեն հարցնի. «դե ասա՝ էրեխեքիս արև, ես կապ չունեմ դրա հետ»: Կամ թեկուզ ասի՝ ո՞վ կհավատա անդադար ստախոսողին: 

Վերադառնանք պատասխանատվության գոտիներին: Պարզվում է` Նիկոլ Փաշինյանի մոտ հարցեր են առաջացել խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: Խոսքը, հասկանալի է, Փառուխ գյուղին ու Քարագլխի բարձունքին վերաբերող միջադեպի, ադրբեջանական ագրեսիայի մասին է:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, բոլոր հարցերն ու սլաքներն ուղղում է ռուսական խաղաղապահ ուժերի կողմը: Բայց մեկ րոպե, էլի: Այս դեպքում շատ կարևոր է, թե ո՞վ է այդ սլաքներ ուղղողը, ինչացո՞ւ է: Իսկ նա, ի պաշտոնե, ՀՀ ղեկավարն է, երբեմնի «գլխավոր գերագույն հրամանատարը»: Այդ Նիկոլ Փաշինյա՞նն է օտար երկրի զինվորներից ակնկալում, որ Քարագլխի բարձունքը հետ վերցնեն իր սիրելի ադրբեջանական կողմից: Դա այն նո՞ւյն Նիկոլ Փաշինյանն է, ով Արցախի 75-80 տոկոսն արագորեն հանձնեց Ադրբեջանին, թե՞ այսօր ԱԺ ամբիոնի մոտ ուրիշ Նիկոլ Փաշինյան էր ելույթ ունենում:

Դա այն նույն Նիկոլ Փաշինյա՞նը չէ, ով ուղղակիորեն պատասխանատվություն է կրում ՀՀ տարածքային ամբողջականության ու անվտանգության ապահովման համար և ում վարած պարտվողական քաղաքականության հետևանքով առ այսօր, արդեն գրեթե 1 տարի շարունակ, թշնամին օկուպացրած է պահում ՀՀ սուվերեն տարածքից մոտ 40 քառակուսի կիլոմետր: Իսկ դու, Նիկոլ Փաշինյան, ի՛նչ ես արել քո անմիջական պատասխանատվության գոտում գտնվող այդ հարցը լուծելու, թշնամական օկուպացիային վերջ տալու համար, որ մի հատ էլ այլոց ինչ-ինչ հարցեր տաս:

Միակ բանը, ինչ կարողացել ու կարողանում է անել Նիկոլ Փաշինյանը, այն է, որ թշնամու կողմից օկուպացված տարածքների վերաբերյալ հայտարարում է, թե «դրանք ադրբեջանական տարածքներ են եղել… գուգլի քարտեզը վկա»:

Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանին հնարավորինս արագ պետք է հեռացնել իշխանությունից, քանի դեռ «Բոշի մայլեն», Յոնջալաղն ու Սիլաչին էլ «ադրբեջանական տարածքներ» չի հռչակել ու հանձնել իր գործընկերոջը:

 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ