16 07 2018

Փաշինյանի և Ալիևի հանդիպման պայմանավորվածություն չի եղել. ԱԳՆ խոսնակ



 

 

 

 

Հուլիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց արտաքին քաղաքական անցուդարձը:

Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև ներկայացնում ենք հատվածներ խոսնակի պատասխաններից:

Բրյուսելում կայացած արտգործնախարարների հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել:

Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ճանաչողական հանդիպում էր: Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են։ Ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված տեսակետ կա, որ միգուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում, և ինչ-որ «պաուզա» պետք է վերցնել և դրանից հետո նոր շարունակել։ Մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի վրա։ Ե՛վ վարչապետ Փաշինյանը, և՛ արտգործնախարար Մնացականյանն են ընդգծել, որ կարևորագույն հարցն Արցախի անվտանգության հարցն է, որի ապահովման սկզբունքով ենք մենք առաջնորդվում:

Հայկական կողմը, բացի հայտարարություններից՝ ակնկալում է նաև առարկայական աջակցություն ՀՀ զարգացմանը: Խոսքը գնում է ժողովրդարացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդման հետ զուգահեռ՝ հավելյալ աջակցություն ցույց տալու մասին։

Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու-Յորք է մեկնել ՀՀ պատվիրակությունը: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը: ՀՀ արտգործնախարարը ներկայացնելու է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և Հայաստանի փորձը։ Նախարար Մնացականյանը Նյու-Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի է մեջ է վիդեոբլոգեր Վլադիսլավ Մովսեսովի հետ, ով տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Ադրբեջան կատարած այցից հետո իր կյանքին վտանգ է սպառնում։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում գնահատելու այդ վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հնարավոր աջակցություն ցուցաբերելու: Հաշվի առնելով, որ Վլադիսլավ Մովսեսովը Բելառուսի քաղաքացի է, Բելառուսի իշխանություններն իրենց քաղաքացուն պաշտպանելու և նրա անվտանգության համար պետք է որոշակի գործողություններ ձեռնարկեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ