11 02 2022

«Կարճ ասած»․ Հիտլերը քննում է Հոլոքոստը, Թալիաթը՝ Ցեղասպանությունը, Նիկոլը՝ 44-օրյա պատերազմը



 

ԱԺ ՔՊ-ական պատգամավորների պահանջով, ստեղծվել է 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նոր քննիչ հանձնաժողովը պետք է քննի ռազմական գործողությունների նախադրյալները, պատճառները, պայմանները, կորուստները, անհաջողությունների քաղաքական և ռազմական պաճառները, դրանց նպաստող պայմանները, պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, մինչև պատերազմը նախապատրաստումը, ընդունած որոշումների նպատակահարմարությունը, օպերատիվությունը, համարժեքությունը ստեղծված իրավիճակին, զորքերի համալրումը, պատերազմից հետո հարուցված քրեական գործերը, բանակցային գործընթացը և այլն։ Վաղուց ենք պնդել, որ այս ամենի քննումը շատ կարևոր է, այս հարցերը մտահոգում են բոլորիս։ Բայց հարց՝ մենք ստանալո՞ւ ենք այս բոլոր հարցերի արդար քննությունը ու պատասխանները։ Մինչև պատասխանելը, շեշտեմ՝ հանձնաժողովը ստեղծել է «Քաղաքացիական պայմանագիրը» իսկ հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը։

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, Անդրանիկ Քոչարյանը արդյո՞ք կարող են քննել օբյեկտիվորեն այն իրադարձությունները, որի գլխին իրենք էլ կանգնած են եղել։ Այս մարդիկ, այդ «քննիչները», բազմիցս հարցերի պատասխանը տվել են՝ տարածքը, որը հանձնվել է Ադրբեջանին, մերը չէր, Սյունիքից մի միլիմետր չենք զիջել, որը տվել ենք, եղել է Ադրբեջանինը, նախկինները գրավել էին Ադրբեջանի հողերը, Շուշին մեզ պետք չէր, Ղարաբաղը ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականորեն ոչ մի շանս չուներ Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու, պատերազմը պարտադիր լինելու էր, մենք էլ դե պարտվելու էինք։ Նրանք բազմիցս նշել են, որ պատերազմը անխուսափելի էր, Նիկոլի բոլոր որոշումները ճիշտ է եղել, թե՛ բանակցությունների ժամանակ, թե՛ պատերազմի ժամանակ, որ որոշումը սխալ է եղել, այդտեղ Նիկոլը կապ չունի, մոդերատոր է եղել, մեղավորը ռազմական ղեկավարությունն է։ Պատերազմի անգամ պատճառն են արդեն բացահայտել՝ Ադրբեջանը տեսավ, որ Նիկոլը Հայաստանը հզորացրել է, ասաց հարձակվեմ, քանի որ նախկինների ժամանակ Հայաստանը, ըստ իրենց, թույլ էր և մեղքը գալիս էր հարձակվեր։ Նրանք անգամ զոհերի ու գերիների մասին բոլոր հարցերի պատասխանը բազմիցս տվել են՝ զոհերի անունները հրապարակելը պետական գաղտնիք է, գերիների թվերը չենք հրապարակում, որ Ադրբեջանը չիմանա։ «Կարճ ասած»․ Հիտլերը քննում է Հոլոքոստը, Թալիաթը՝ Ցեղասպանությունը, Նիկոլը՝ 44-օրյա պատերազմը

Ակնհայտ է, այդ նույն բաները ասելու է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը։ Այս հանձնաժողովը 6 ամիս է, ինչ փոխնախագահ չի ընտրում ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչին, որպեսզի այս պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար դառնա միանձնյա իշխանության թեկնածուն։ Ընդհանրապես, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովները հիմնականում տխրահռչակ պատմություն են ունենում։ Սրանք ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով էին ստեղծել՝ ապացուցելու համար, թե Հայաստանը պարտվել է։ Դա չկարողացան ապացուցել, ու զեկույցը փակ պահեցին, տապալեցին աշխատանքը։ Միակ արդյունքը եղավ այն, որ այդ հանձնաժողովը հրավիրել էր բազմաթիվ պաշտոնյաների, պետական, ռազմական գաղտնիքներ էր ուսումնասիրել, ու այդ գաղտնիքները հետո սրա-նրա ձեռքն ընկան, այդ պետական գաղտնիքները ընկան այն մարդկանց ձեռքին նաև, որոնք սորոսականի, թուրքական գործակալների համբավ ունեին։ Հիմա այս հանձնաժողովը, որ 2018-ին ստեղծվել էր ցույց տալու համար, թե Հայաստանը պարտվել է ապրիլյան պատերազմում, հիմա ստեղծվել է, որ ապացուցի, որ 44-օրյա պատերազմում ՔՊ-ն հպարտ է մեր պարտությա՞մբ։

Մենք ամեն օր բարձրացնում ենք հարցեր՝ ինչո՞ւ սկսեց պատերազմ, ինչո՞ւ մինչև 2020 թվականը չէր սկսում, ինչպես եղավ պարտութնունը, ի՞նչ էին պայմանավորվել Նիկոլն ու Ալիևը, ինչո՞ւ պատերազմի ժամանակ բանակը չհամալրվեց, ինչո՞ւ որակյալ զենքի փոխարեն տռուսիկ ու կլուբնիկ առաքվեց բանակ, ինչո՞ւ էին մինչ պատերազմի սկսելը Ադրբեջանից խնդրել չկրակել, որի ժամանակ նա դիրքերն ամրացրեց, պատերազմի ժամանակ հրամանատարական կետում Նիկոլի ընտանիքի անդամներն ու կառավարության չծառայած պաշտոնյաները ի՞նչ գործ ունեին, ինչո՞ւ ոչ մի գեներալ գնդապետ չներգրավվեց պատերազմում, ինչո՞ւ բանավոր պայմանավորվածությամբ հողեր զիջվեցին, ինչո՞ւ պատերազմը դադարեցնելու առաջարկները մերժվեցին, ինչո՞ւ պատերազմի դեռ կեսից Նիկոլը սյունեցիներին ասաց Սյունիքը պաշտպանեք խորհրդային քարտեզներով ու լիքը այլ ինչուներ։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է՝ 2021թ․ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայող Արթուր Մարտիրոսյանը զոհվել է Ադրբեջանի բանտում, նրա նկատմամբ անմարդկային նվաստացուցիչ վերաբերմունք է եղել, պատճառել են տառապանքներ, թողել են առանց բուժօգնության։ Զոհվել է։ Նա պետք է մի երկու ամիս էլ սպասեր Ադրբեջանի բանտում էդ տանջանքների մեջ ու ներեր Նիկոլին։ Բայց չհասցրեց։ Նոյեմբերի 16-ին ինչո՞ւ է մեր սահման մտել թշնամին, հարցի պատասխանը պետք է Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողո՞վը տա։ Պետք է նրանք մեղադրեն Վաղարշակ Հարությունյանին, որ 2020 թվականի դեկտեմբերին Նիկոլի հրամանով զորքերը հետ քաշեց Սյունիքից, ու թշնամին 45 կիլոմետր խորացա՞վ։

Դատապարտում ենք, որ Շուշիի հռչակագիր են ընդունել Թուրքիան ու Ադրբեջանը։ Էդ Թուրքիան ու Ադրբեջանը ո՞նց հասան Շուշի, որ մի հատ էլ հռչակագիր ընդունեցին, էդ ճանապարհը նրանց համար ո՞վ բացեց։ Այսօր 3+2 ձևաչափով քննարկում են Ղարաբաղի հարցը, որտեղ կա նաև Թուրքիան, Թուրքիան ո՞նց մտավ բանակցային գործընթաց։ Հենց այսօր Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Արցախի Կարմիր Շուկա և Թաղավար համայնքների բնակելի տների ուղղությամբ։ Ադրբեջանը ի՞նչ գործ ուներ Կարմիր Շուկայում։ Հայաստանի անվտանգությունը խիստ նվազել է, տեղեկություններ կան, որ Հայաստանում ադրբեջանցիներ ու թուրքեր են վխտում, ադրբեջանական խոսակցություններ են լսվում ամենուր, Հայաստանում թշնամիները հողեր են գնում թանկ գնով․ դա սկսվեց հենց իրենց ստորագրած կապիտուլյացիայից հետո։ Սրանք բոլորը Նիկոլի իշխանության հետևանքներն են։

Գորիսի համայնքապետի տեղակալը հայտնում է, որ արոտավայրերի 30 տոկոսն անցել է թշնամուն, մնացած մասում էլ չեն կարողանում հողագործական աշխատանք անել․ ինչո՞ւ է թշնամին հասել Գորիս։ Ադրբեջանցիները մտել են Գեղարքունիք, մի շարք գյուղերի ջրավազանը վերցրել են իրենց վերահսկողության տակ, մարդիկ չունեն ջուր։ Ի՞նչ գործ ուներ թշնամին Գեղարքունիքում։ Սրանք տեղի են ունեցել պատերազմից հետո։ Այսինքն, պատերազմի վատ հետևանքները դեռ բազմաթիվ անկյուններից մեզ զգացնել են տալու։

Այսօր արդեն մամուլը գրում է, որ Կապանից նոր դիրքեր են զիջում սահմանագծում-սահմանազատում անվան տակ։

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարում է, թե զոհերի թիվը 4 հազար է պլյուս մինուսով, ինչո՞ւ եք, ասում է, 7 հազար թիվն ասում։ Բայց հարցին այդպես էլ չեն պատասխանում՝ ինչո՞ւ չեք հրապարակում զոհերի իրական թիվը՝ անուն-ազգանունով։

Էս հարցերի պատասխանն ինձ ո՞վ է տալու, Անդրանիկ Քոչարյա՞նը, ՔՊ-՞ն։ Նիկոլի ուսապարկերը մեզ ապացուցելու են, թե իրականում ինչու է Նիկոլ Փաշինյանը վիրավորվում Լուկաշենկոյի մի հայտարարությունից, բայց կուլ է տալիս Ալիևի ստորացումնե՞րը, ասելու են, թե տակը ինչ կա՞, կոմպրոմատներն է բացահայտելո՞ւ։ ՔՊ-ն բացահայտելու է՝ Արցախի համար 5 մլրդ դոլարը ճիշտ է, թե սո՞ւտ։

Չեն կարող մարդիկ, որոնք համարվում են դավաճան, կապիտուլյանտ, հողատու, մեր գլխին պատերազմ բերող, տղերքին հողի տակ դնող, իրենք քննեն՝ այդ ամենը ճի՞շտ է, թե՞ ոչ։ Հիտլերը չի կարող, չէ՞, քննել, հոլոքոստը, Թալեաթը չի կարող չէ՞ քննել Հայոց ցեղասպանությունը, այդ պատճառով իսկ, Նիկոլը չի կարող քննել 44-օրյա աղետալի պատերազմը։

Էս մարդիկ էդ հարցերի պատասխանները արդեն տվել են, որ ինչ արել են՝ լավ են արել, մի բան էլ՝ ասել են, թե ժողովուրդն իրենց շնորհակալություն է հայտնել։ Էս քննիչ հանձնաժողովի՝ ՔՊ կազմով քննության արդյունքում պարզվելու է, որ մեղավորը եղել է ընդդիմությունը, ընդդիմության ելույթները, միտինգները, մեղավորը եղել է մամուլը, մեղավորը եղել են զոհերը, որ զոհվել են, գերիները, որ գերի են ընկել, արցախցիները, որ իրենց տնից տեղահանվել են, հողերը, որ հանձնվել են։ Իսկ Նիկոլը՝ մալադեց, թե չէ, տակը բան չէր մնալու, սաղ սրբելու էին տանեին։

Կարճ ասած՝ հարգելի քաղաքացիներ, պարտության տարված պատերազմի զոհերի հարազատներ, գերիների հարազատներ, հայրենիք ու տուն կորցրած մարդիկ, ստիպված եք համակերպվել այն մտքի հետ, որ այս քննիչ հանձնաժողովը ինչ էլ բացահայտի, լինելու է կասկածելի, կեղծ և ի արդարացում Նիկոլի։ Դուք ստիպված եք լինելու համբերել այնքան, մինչև Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն և մանրակրկիտ բացահայտվի ամեն մի դրվագ։ Այս պատմությունը սկսվում է 2018 թվականից, գուցե ավելի վաղ, ու պետք է քննությունը սկսի այդտեղից, մանրակրկիտ։ Պատասխան տվողներ պետք է լինեն։ Այսօր նրանք բոլորը հերիք չէ ազատության մեջ են, իշխանության են և բնական է, որ կուզենան պատմությունը կեղծել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ