Այսօր տեղի էր ունենում դատավորների ընդհանուր ժողովը։ Շատ եմ ափսոսում, որ ժողովը փակ էր, ու չէինք կարող դրա ընթացքում էլ նկարել դատավորներին։ Ինձ, օրինակ, շատ էր հետաքրքրում տեսնել, թե ինչպես են նույն վայրում հայտնվում և ինչպես են իրենց դրսևորում, արդարադատությունից խոսում, Փաշինյանի լեզվով ասած՝ վնգստացող դատավորները, դատական նիստից առաջ իշխանությանն աղոթող դատավորները, ամեն անգամ խորհրդակցական սենյակ մտնելուց զանգի սպասող դատավորները և ասենք՝ անաչառ, իրոք անկախ դատավորները։
Օրինակ դատավորների ընդհանուր ժողովում երբ երիտասարդ դատավոր Դավիթ Բալայանին հանդիպեց մեկ այլ երիտասարդ դատավոր՝ Արմինե Մելիքսեթյանը, ի՞նչ է զգացում ունեցավ։ Դավիթ Բալայանը ամենաբարձր վարկանիշ ունեցող 5 դատավորներից մեկը, որի դատական ակտերը այնքան հիմնավորված են, որ պարտվող կողմի համար անգամ համոզիչ է, իսկ Արմինե Մելիքսեթյանը մարդու է կալանավորում ֆեյքի գրառման հիմքով, հետո ասում է՝ մենք պետք է գտնենք այդ ֆեյքին։
Կամ ամենաբարձր վարկանիշ ունեցող Վազգեն Ռշտունուն երբ հանդիպեց ամենացածր՝ -28 վարկանիշ ունեցող Արմեն Դանիելյանը, ինչ զգացում ունեցավ։ Կամ ընդհանրապես այդքան դատավորի մի սենյակում տեսնելով արդյո՞ք Արմեն Դանիելյանը չափսոսաց, որ այդ բոլորին որպես խափանման միջոց, ինքը կալանք չի տվել։
Կամ ասենք ի՞նչ ապրումներ ունեցավ ջահել դատավոր Գնել Գասպարյանը, երբ նայեց վաստակ ունեցող դատավոր Ալեքսանդր Ազարյանին։ Մի հատ խորհուրդ չհարցրե՞ց, թե պարոն Ազարյան, էդ ո՞նց եք արել, որ այսքան տարվա ընթացքում մնացել եք այդպես անաչառ, ես մի հատ Առուշի գործ եմ քննում ու արդեն հաջողացրի կոչվել նիկոլական դատավոր։ Կամ արդյո՞ք չհարցրեց՝ պարոն Ազարյան, ճի՞շտ եմ արել, որ հենց էսօր մարդուն թողել եմ կալանքի տակ, դատական նիստը հետաձգել եմ ու եկել եմ ժողովի։ Գուցե լավ խորհուրդ ստանար։
Բիշարյան Կարենը, որ վատ դատախազ էր, հակասահմանադրական գործ էր պաշտպանում, ու հետո դարձավ ավելի վատ դատավոր, հենց էսօր էլ կալանքի տակ թողեց ՀՀ քաղաքացուն՝ Հայաստանի դրոշը ծածանելու համար, ամոթ չապրե՞ց էդ ժողովում, երանի չտվե՞ց անկախ դատավորներին։
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ստանալ իրենից կախված դատական համակարգ․ դա արեց ոչ թե օրենքներով, այլ՝ սպառնալիքներով, բռնությամբ, գործեր հարուցելով։ Ում վրա էլ չկարողացան ազդել, դիմեցին ծիծաղելի քայլի՝ գողության։ Լավ ասացին, դեմ չենք, թող մեր երկրում լինեն մի քանի անկախ, անաչառ դատավոր, ուղղակի նրանք այսուհետ կքննեն այլ գործեր, ձու և ձի գողացողների գործերը, իսկ քաղաքական ենթատեքստով գործերը, ուզած-չուզած կալանք տալու գործերը կքննեն այն դատավորները, որոնց վրա մատը կդնի ոչ թե համակարգիչը, այլ՝ Նիկոլի մարդը։
Ովքեր չգիտեն, բացատրեմ․ գոյություն ունի մի հատ քիչ թե շատ անաչառ համակարգիչ, որը ինքն է ընտրում, թե որ գործը որ դատավորը քննի․ երբ այդ համակարգիչը կար, գործը մակագրվում էր, դրանից հետո միայն իշխանությունը սկսում էր ծանոթ ման գալ կամ զանգել։ Ամիսներ առաջ ԱԱԾ-ն առևանգեց կամ գողացավ, իրենց ասելով՝ առգրավեց այդ համակարգիչը։ Ու հիմա դատարանի նախագահը ձեռքով է մակագրում։ Դատարանի նախագահը, օրինակ, այն մարդն է, որ ուզած-չուզած կալանք տվեց Ռոբերտ Քոչարյանին։ Դե հիմա պատկերացրեք, թե նա որ գործը ում կմակագրի։ Կապիտուլյացիայից հետո, երբ ժողովուրդը ոտքի էր կանգնել, դատավորները հերթով մերժում էին քաղաքական նպատակով այդ ապօրինի ձերբակալումները կալանքով հաստատել։ Հիմա, երբ համակարգիչը չկա, էլ իշխանությունը ջանք չի թափում ծանոթ ման գալու, միանգամից գործը մակագրվում է այն դատավորներին, որոնք գործը քննելուց առաջ արդեն գիտեն, թե ինչ պիտի անեն։
Դուք նախկինում քա՞նի անգամ եք լսել, որ դատարանը կալանքի տակ պահի մարդկանց, քաղաքական դեմքերի, հետո պարզվի, որ թե՛ գործն է հակասահմանադրական եղել, թե՛ կալանքը։ Այս իշխանության օրոք այս տեսակի գործերը բազմաթիվ են․ երեք տարի սարքեցին ու քննեցին այսպես կոչված՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը, կալանքի տակ պահեցին իմ երկրի երկրորդ նախագահին, գեներալների խափանման միջոց տվեցին, ու դատավորները քննում էին էդ գործը․ մի դատավոր ընդամենը ասաց սահմանադրականության խնդիր եմ տեսնում՝ Դավիթ Գրիգորյանը, էլ դատարանների դռներ փակել տվեցին, էլ գործ հարուցեցին վրան։ Նույն այդ վաստակաշատ, կարելի է ասել մեր դատական համակարգի պարծանքներից Ալեքսանդր Ազարյանն ազատ արձակեց նախագահ Քոչարյանին, իր հետևից էլ ընկան։ Դե, գիտեք, հետո պարզվեց՝ գործը հակասահմանադրական էր։
Ամիսներ շարունակ կալանքի տակ մնացին պատգամավորներ, հետո պարզվեց, որ կալանքը հակասահմանադրական է։ Որևէ մեկը պատասխան չտվեց մարդկանց իրավունքները կոպիտ խախտելու՝ անազատության մեջ պահելու, բանտում առողջությունը քայքայելու համար։ Իրավաբան դատավորներ էին, հիմա ի՞նչ մտածեմ, էդքան բանը չէի՞ն հասկանում։ Այ հիմա կարծում եմ, որ պետք է մի հատ էլ հետաքննություն անենք՝ հասկանալու համար Աննա Դանիբեկյանի, Արմեն Դանիելյանի, Ֆարխոյանի, Մելիքսեթյանի, Բիշարյանի ու լիքը-լիքը այլ դատավորների դիպլոմները կեղծ են, թե չէ։ Որովհետև սահմանադրության վերաբերյալ այն, ինչը հասկանում էին մաթեմատիկներն ու բանասերները, պարզվում է, չէին հասկանում դատավորները։
Դատավորը չի թողնում ԱԺ պատգամավորը երկրից դուրս գա ու գնա Հայաստանը ներկայացնի ԵԽԽՎ-ում։ Նա անգամ պետականամետության մասնիկ չունի իր մեջ, ի՞նչ ասեմ։
Ես, օրինակ, կուզենայի դատավորների ընդհանուր ժողովին մասնակից դատավորը պարզաբաներ, էլի, թե Առուշանյանը ինչի է դեռ կալանավորված, եթե նրա դեմ միակ ցուցմունք տվողը խոստովանել է, որ կեղծ ցուցմունք է տվել՝ ճնշումների պատճառով։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես եղավ, որ Աշոտ Մինասյանի վրայից մեղադրանքները հանեցին, բայց կալանքը չհանեցին։ Ինձ հետաքրքիր է, թե ոնց կարելի է որ մարդ լինի անձեռնմխելիության մեջ, բայց կալանավորվի՝ առանց ԱԺ թույլտվության։
Թերությունները այնքան շատ են, որ անգամ դժվար է ներկայացնելը։ Հայտարարվել է՝ դատարանները 80 տոկոսով բավարարում են կալանքի միջնորդությունները։ Գործը հասավ դատավորին, նա անմիջապես մարդուն նշանակում է պատիժ։ Դեպքեր են լինում, որ չեն կալանավորում, բայց էնքան գրավ են սահմանում, որ մարդ չի կարողանում տակից դուրս գալ ու մնում է կալանավորված։ Երբ մարդուն երկու տարի կալանքի տակ են պահում ու նա չի իմանում ինչի համար էր, մեղադրանքը ինչի մասին է, էլ ի՞նչ ենք խոսում։
Իշխանությունը բաղկացած է օրենսդիր, գործադիր ու դատական ճյուղերից, որոնք պետք է իրարից անկախ լինեն։ Բայց կառավարության անդամը՝ արդարադատության նախարարը, մյուս անկախ ճյուղի՝ դատավորների կարգապահական վարույթ է հարուցում, դիմում ԲԴԽ։ Սա արդյո՞ք կախյալության մասին չի խոսում։ Դատավորին տանում են ԲԴԽ, գործունեությունը սառեցնում են ու ամիսներ շարունակ վարույթ հարուցում, հետո պարզում են, որ ոչ մի բան էլ չկար։ Քա՞նի անգամ եք լսել, որ ԲԴԽ նախագահ ներկայացող Գագիկ Ջհանգիրյանը գնում է դատավորների հետ փակ հանդիպման՝ կոնկրետ գործերի մասով։ Կամ էդ ո՞նց է լինում, որ Նիկոլը հավաքում է դատախազների ու գործեր է քննարկում, էլ չեմ ասում, որ դատական գործերի մասին մանրամասն գիտի՝ դեռ գործը դատարան չմտած, մեջբերումներ է անում։
Դատավորների վարկանշավորման համակարգն ենք նայում, ամենացածր ռեյտինգ ունեցող դատավորները բարձր քաղաքական հնչեցություն ունեցող գործեր են վարում, որոնց ելքը արդեն հասկանալի է։ Ձեռքով մակագրելով, համակարգը հիմնահատակ քանդելուց հետո հիմա էլ Ջհանգիրյանի ԲԴԽ-ն ասում է՝ պետք է դատավորների վարկանշավորումը դադարեցվի։ Որովհետև այդպես չեք կարող տեսնել, թե որոնք են Նիկոլի ասած վնգստացող դատավորները, որոնք՝ անկախ դատավորները։ Իրենց սրտի դատավորները զրոյական ու մինուս վարկանիշ ունեցողներն են, այ դրա համար։
Կարճ ասած՝ այսօր ունենք գրեթե ամբողջական կախյալ դատական համակարգ, ինչպես Նիկոլը կասեր՝ տիրոջ ծառա դատական համակարգ։ Մարդկանց ճակատագրի վրա ազդող դատավորները որոշումները կայացնում են ոչ թե օրենքից ելնելով և խղճի մտոք, այլ՝ այնպես ինչպես կաներ Նիկոլը։ Այո՛, պետք է դատական համակարգը ինքնամաքրվի, ինքն իրեն մաքրի։ Դատավորները հենց իրենք կարող են իրենց շարքերից դուրս շպրտել դատավորի անունը գցող այդ մարդկանց, իշխանության այլ ճյուղերին դա անել թույլ տալն անթուլատրելի է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը