24 12 2021

«Կարճ ասած»․ Նիկոլական կադրեր, որոնք «երաշխավորում են» հայի ապագան



 

Ցանկացած կուսակցություն ձգտում է իշխանության՝ իր ծրագրերն իրականացնելու համար։ Եվ կուսակցությունը ղեկավար կազմ ու նախագահ է ընտրում մարդու, որը խելացի է, գաղափարապես հագեցած, ունի հնարավորություն որպես մենեջեր կառավարելու թիմին, իսկ իշխանության գալուց հետո՝ երկիրը։

Եվ եթե գալիս ես իշխանության ու տեսնում ես, որ քո խելքի բանը չէ երկիր կառավարելը, որովհետև եթե դու լավ խոզ քերթող ես, չի նշանակում դեռ, թե դու նաև լավ վարչապետ կլինես, այդ ժամանակ բերում են մարդկանց, որոնք իրենց անցած ուղով, իրենց որակներով կարող են կառավարել ու ասում են էս դու, էս մեր ծրագիրը, վերցրու կատարիր։ Ու քանի որ սրանք քաղաքական իմաստով, դասական քաղաքական գործիչներ չեն, զավթեցին իշխանությունը ու ասացին՝ մենք ենք զավթել, ուրեմն մենք էլ կիշխենք։ Մեջներից ամենից բարձր գոռացողն ասաց՝ դե ես էլ կլինեմ վարչապետ ու սկսեց ոչ թե լավ կադրեր ընտրել, ինչը լինում է գործունյա ու խոհեմ լիդերների դեպքում, այլ ընտրեց իրենից դեռ մի քանի աստիճան էլ ցածր որակներ ունեցողների, որ ինքը մեջները լավ երևա։

Ես այսօր խոսելու եմ, թե որ ղեկավար պաշտոններում են նշանակված ոչ պրոֆեսիոնալներ, ուրիշ մասնագիտություն ունեցող կամ ընդհանրապես մասնագիտություն չունեցող մարդիկ, որ պատկերացնեք ու հասկանաք որ մերկապարանոց հայտարարություն չեմ անում։

Երկու օր առաջ հրաժեշտ տվեցինք մեր մայրաքաղաքի, իմ գնահատմամբ՝ ամենավատ կառավարիչներից մեկին՝ Հայկ Մարությանին։ Անկեղծ խոսենք՝ որևէ պետության մայրաքաղաքի կառավարումը վստահել մեկին, որը բացի կոմիկ դերասան լինելուց, շոուբիզնեսի այլ գործեր անելուց զատ այլ բան չի արել, պետության կառավարմանը որևէ օղակում չի մասնակցել, անմտություն էր։ Բայց եկեք հարցին մոտենանք արդարության տեսանկյունից․ իսկ ո՞վ է փոխարինում Հայկ Մարությանին։ Հրաչյա Սարգսյանը դերասան չէ, բայց պետական համակարգից նույնքան հեռու է, որքան Մարությանը, առաջին իսկ ճեպազրույցում նա հովիկաղազրյանություն արեց։ Մարդը եղել է տեխնիկ, բանկի աշխատող ու՝ քաղաքապետ։ Նրանց երկուսին էլ Նիկոլն է բերել։

Եկեք էլի պահենք արդար դատելու սկզբունքը ու նայենք՝ արդյո՞ք Նիկոլի բերած այս երկու կադրերն են միայն անհաջող պետական կառավարման տեսանկյունից։

Նիկոլ Փաշինյանի էկոնոմիկայի նախարարը Վահան Քերոբյանն է, մարդ, որը էնքան վատ մենեջեր է եղել, որ իր ղեկավարած հիմնարկը, արդյունավետ լինելուց հետո սննկացել է։ Սննկացած բիզնեսի ղեկավարին բերել ու վստահել են պատերազմից ու վիրուսից քայքայված տնտեսության վերականգնումը։

Սուրեն Պապիկյանն էլ դերասան չէ, բայց լա՞վ նախարար է։ Որևէ մեկդ զգո՞ւմ է կամ տեսնո՞ւմ է, որ պաշտպանության նախարար ունենք․ Պապիկյանի մասին 4 անգամ ենք լսել նախարար դառնալուց ի վեր՝ նշանակվելուց մեկ օր անց Հայաստանի սահմանից ներս խուժեցին թշնամին, 45 կիլոմետր, ունեցանք 6 զոհ, 32 գերի։ Մյուս լուրն այն էր, որ 100 թիկնապահով գնաց ԵՊՀ նիստի՝ սորոսականին ընտրելու ռեկտոր։ Գործը թողեց գնաց ՔՊ գրասենյակ՝ Հայկ Մարությանի հրաժեշտի ճառը կարդալու։ Հայաստան զենքով մտած ադրբեջանցի զինվորներին անմիջապես վերադարձրեց՝ անգամ գերիների վերադարձ չպահանջելով։ Էս մարդը նախարար է ու պաշտպանության հետ այնքանով կապ ունի, որ զինծառայության ժամանակ իր հրամանատարին դանակով խփել է, ասում են։ Մարդը եղել է պատմության ուսուցիչ, ու հեղափոխության ուժով մի նախարարությունից մյուսն են տանում։

Պապիկյանի տեղը չէր պաշտպանության նախարարությունը, բայց նաև իրեն նախորդած Վաղարշակի ու Արշակի տեղն էլ չէր։ Արշակ Կարապետյանը բանակից հեռացվել էր ապրիլյան պատերազմում թերացումների համար, իսկ Վաղարշակի պագոնները դեռ 2002 թվականին էին պոկել ու 20 տարի բանակի հետ կապ չէր ունեցել։ Նիկոլի խորհրդական էր եղել ու նրա խորհուրդներով պատերազմում պարտվել էինք, բայց մի հատ էլ նշանակեցին նախարար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իրավաբան է ու պետական ապարատին մոտիկից ծանոթացել է միայն 2018-ից հետո։ Ասում ենք՝ առողջապահության նախարարը առողջապահության մասնագետ չէ՝ իրավաբան է։ Բայց Սահմանադրական դատարանն էլ երեկ ապացուցեց, որ անգամ նորմալ իրավաբան չէ՝ հակասահմանադրական որոշումներ է կայացնում։

Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը պատմաբան է, դասախոս է եղել ու պետական ապարատին ծանոթացել է էլի 2018-ից հետո։ Է դասախոս էր, ուզում էիք պաշտոն տալ, գոնե կրթության նախարարությունում տանեիք․ բայց չէ, ջոկել են, թե ով որ ոլորտից ամենաքիչ պատկերացումն ունի ու հենց էնտեղ են տարել։ Դասական նիկոլիզմ։

Արարատ Միրզոյանի տե՞ղն էր արտաքին գործերի նախարարությունը․ էս մարդն էլ եղել է պատմաբան ու աճել է հեղափոխությունից հետո։ Նիկոլի թիմում պատմաբանները քիչ չեն ու զավեշտ է, որ հա՛մ պատմաբան են, հա՛մ էլ ասում են, թե մեր հողերն Ադրբեջանինն են։ Ուզում եմ հարցնել՝ այդ ո՞ր երկրում եք պատմաբան աշխատել, տղերք։ Արարատ Միրզոյանի մասին նաև ասում են՝ ԱԱԾ գործակալ է, ասում են՝ նաև թուրքական։ Մարդը շարունակում է աշխատել։ Այն էլ՝ արտաքին գործոց նախարար է։ Բայց Արարատ Միրզոյանի այս կարիերայի աճի վրա չենք զարմանում, որովհետև Նիկոլի նշանակած ԱՄՆ դեպսանն էլ ընդամենը անգլերեն գիտի ու վերջ։ Իսկ Գնել Սանոսյանը քանի որ աշխարհագրության ուսուցիչ է եղել, նշանակվել է տարածքային կառավարման նախարար։ Սա էլ պետական կառավարման համակարգում հայտնվել է 2018-ից հետո միայն ու միանգամից մարզպետ, նախարար։ Ախար պետություն ղեկավարելը էդպես խաղ ու պար չէ, որ փողոցից բերես ու նշանակես։

Ասում ենք՝ կոմիկ դերասանին բերել-սարքել էր քաղաքապետ, բայց ինչի՞ չէր կարող, եթե սուպերմարկետի պահեստում աշխատած Ռոմանոս Պետրոսյանը նախարար է դառնում կամ վերահսկողական ծառայության պետ։ Ռոմանոսին նախորդածնե՞րը ինչ մասնագետ էին․ Դավիթ Սանասարյանը իրավաբան էր, ու հեղափոխությունից հետո էր հայտնվել պետական համակարգում, Տիգրան Ուլիխանյանն էլ։ Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային հարց է եղել, որ ոլորտից ու պետությունից լրիվ անտեղյակներին պաշտոն տա։ Սա էլ քանդելու տրամաբանության շրջանակներում էր։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզական լրագրող է, ավելին ասեմ, գնացել է խոպան, հետո եկել է դարձել մարզպետ։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մինչ հեղափոխությունը եղել է ռազմագիտության ուսուցիչ։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը եղել է լրագրող, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը թեև փորձ չունի, բայց Նիկոլի քավորն է, Վայոց Ձորի մարզպետն էլ որևէ փորձ չունի։ Էս բոլորը հա՛մ իրենց ոլորտներից գլուխ չեն հանում, համ էլ հեղափոխությունից հետո են բերվել առաջին պլան։ Ավելին ասեմ, կան նաև մարդիկ, որոնք մարզպետ են, բայց անգամ կրթություն չունեն։ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է հանցագործության արդյունքում, օրենքով պետք է դիպլոմ ունեցողը նշանակվեր, սա ոչինչ չունի։ Նա պաշտոնավարում է ապօրինի, նրա հրամանները ապօրինի են, նա թալանում է պետական բյուջեն։ Դիմել ենք դատախազություն ու արձագանք չկա, ստուգում են մի ամիս է։ Մենք երկու օրում բացահայտել ենք, իրավապահները նույն բանը ուսումնասիրում են մի ամիս։ Ի՞նչ եք կարծում, միայն Ռազմիկ Պետրոսյա՞նը դիպլոմ չունի, բայց ունի բարձր պաշտոն։ Խնդրել ենք մեզ տալ Սյունիքի մարզպետի դիպլոմը, որովհետև մեզ թվում է, որ Նիկոլի մոտ խասյաթ է դառնում կրթություն չունեցողներին պաշտոն տալը։

Ժամանակս չի հերիքում հերթով բոլորին անդրադառնալ, բաց թողեցի օր ու մեջ պաշտոն փոխող Քյարամյանին, փոխվարչապետ Համբարձումին, երակները փրթելու արդյունքում բանակից թռնողին, 30 տարեկանում արդեն 5 կուսակցություն փոխողին, բեմի վրա պարողին ու շատ ու շատ կադրերի։ Բայց էականը արդեն դա չէ։ Հարցը գիտե՞ք որն է․ Նիկոլն այսպես է վարվում, քանի որ ինքն էլ ո՛չ կրթություն ունի, ո՛չ դիպլոմ ու երբեք չի եղել պետական կառավարման ոլորտում ու ինչպես տեսնում ենք՝ պետությունն էլ չի արժևորում։ Ավելին, 2008 թվականի մարտի 1-ի-ից հետո եղել է հետախուզման մեջ, մեկ տարի 4 ամիս փախել է արդարադատությունից, այնուհետև կալանավորվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ 2011թ․ համաներվել է։ Հիմա օդից վարչապետի պաշտոն է կպել, մարդը իշխում, փող է աշխատում։

Կարճ ասած՝ Նիկոլի թիմում կադրային սով է։ Մեծամասնությունն իր մասնագիտությամբ չի աշխատում, դրա համար էլ ում որտեղ ուզում-նշանակում է, մեկ է՝ գլուխ չի հանելու, ի՞նչ տարբերություն՝ դեպուտատ է, թե նախարար։ Առողջապահության փոխնախարարին տանում է ՊԵԿ փոխնախագահ, արդարադատության նախարարին՝ ՊԵԿ նախագահ, ոստիկանապետին՝ ՊՆ փոխնախարար, ԱԽ քարտուղարին՝ մեկ օրով ԱԳ նախարարի տեղակալ։ Այ էս ա։

Մենք ինչո՞ւ եկանք պատերազմի, ինչո՞ւ պարտվեցինք, ինչո՞ւ տնտեսության հերն անիծվեց, սրա՛ համար։ Նիկոլենք իջեցրել են պաշտոնի, պաշտոնյայի մակարդակը, որովհետև իրենց մեկ է թե տակը ինչ կմնա իրենցից հետո։ Ու իմացի՛ր, քո տանը հանգիստ նստած ժողովուրդ, Նիկոլն ու այս որակի կադրերն են որոշում ամեն ինչ, Նիկոլի կադրերը սրանք են, դու դրանցով ապագա ունե՞ս։ Նիկոլն ասում է՝ հա՛։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ