15 09 2021

«Կարճ ասած»․ 6 օր անց կատարվելիքը չէին կանխատեսել, բայց 2050-ի ռազմավարություն են գրել



 

Մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանը պատրաստվում էր անկախության օրը տոնելուն։ Ոգևորված էին, ելույթներ էին ունենում, խոստումներ էին տալիս՝ սովորության համաձայն, տոնակատարություններ էին պատրաստել ու իրականացրեցին։ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի վերափոխման ռազմավարության մասին՝ մինչև 2050 թվականը։ Հետո շեշտեց՝ ոչ մեկ չի արել, մենակ ես եմ անում, աննախադեպ է։ Խոստացավ թռիչքաձև զարգացում։ Հա՜, խոսեց հայկական պետականության հավիտենականության մասին, մեգանպատակներ հռչակեց՝ պաշտպանվա՜ծ Հայաստան, գրավի՜չ, հարգվա՜ծ Հայաստան։ Մեր ժամանակների հերոս մրցանակ հանձնեց, հանդիպեց Արցախի նոր ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին, խոստացան, թե տարածաշրջանում շարունակելու են լինել կայունության երաշխավոր։

Հետո էլ Նիկոլը գնաց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու․ այն Եռաբլուրը, որի տարածքը պետք է եռապատկեր հենց այդ այցից մի քանի օր անց։ Այս ամենը պատերազմից ընդամենը 6 օր առաջ էր։ Մինչև 2050 թվականը ռազմավարություն կազմող այս կառավարությունը գաղափար անգամ չուներ, թե ինչ է իրեն սպասում 6 օր անց։ 30 տարվա պլան կազմողները, կանխատեսում անողները չէին կարողանում կանխատեսել, թե իրենց գլխին ինչ է գալու մեկ շաբաթից։ Բայց ռազմավարություն էին կազմել։ Ահա այսպես։ Բացե՛ք, բացե՛ք և կարդացեք, թե ինչեր էին ասում այս նույն իշխանությունները, ուղիղ մեկ տարի առաջ և կպարզեք թե ում հետ գործ ունենք։

Իսկ, գիտե՞ք ինչի, այդպես եղավ․ որովհետև ԱԱԾ-ն սատանա էր բռնում, տանիքների շիֆերների տակ կոռուպցիա էր ման գալիս, ոստիկանությունը զբաղված էր տուգանելով, դատախազությունը գործեր էր սարքում, բանակը զբաղված էր կլուբնիկով ու տռուսիկի ֆետիշացումով։ Ասֆալտ էին գցում ու 4 կամերայով նկարում-եթեր էին տալիս։ Զգոնությունները բթացել էր, ուշքներն ու մտքերն էլ ուրիշ տեղ էին։ Խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարը ասում էր՝ պատերազմ չի լինի․ եթե լինի էլ, Թուրքիան չի միջամտի։ Բացառում էր։ Պատերազմի սկսելուց, ընդամենը օրեր առաջ։ Դա էին վերլուծել, կանխատեսել, մարդը դա էր ասում։ Այնինչ տեսանք, որ Թուրքիան հավասարապես մասնակցեց։ Բայց քաղաքական հոտառությունից հեռու այդ էակն էլ գնաց ԱՄՆ-ում դեսպան՝ թուրքական գայլերով լցված այդ երկրում իբր հայկական շահերը լոբինգ անելու։ Դրա համար էլ էս օրին ենք։

Ինչո՞ւ եմ այս ամենը շեշտում․ այն ժամանակ լիքը փորձագետներ, վերլուծաբաններ, հասկացող մարդիկ ասում էին ուշքի եկեք, պատերազմ է մոտենում։ Բանի տեղ դնող չկար։ Որտեղի՞ց գիտեին։ Բազմիցս հայտարարվել էր, որ այս իշխանությունը եկել է Արցախը հանձնելու նպատակով, թուլացրել է բանակը, քրգործերի տակ է պահում գեներալներին, նրանց հռչակել է ցորեն գողացող, վարկաբեկել է, Ադրբեջանի հետ վերելակներում ու այլ վայրերում թաքուն բաներ է պայմանավորվում, ուղիղ կապի մեջ է, զենքերի գնման պլաններ է փոխում։ Եվ ամենակարևորը՝ սրանք՝ Արցախը ի սկզբանե բեռ են համարում, ու սա անպայման բերելու է պատերազմի։ Ռազմական փորձագետները, հաշվում էին, թե հայ-ադրբեջանական սահմանին որքան սպառազինություն է տեղափոխվում, ինչ զորավարժություններ են անում, սրանք ընկած Շուշիում Արայիկի ինաուգուրացիային տռճիկ էին տալիս։

Այդպես էլ եղավ։ Բայց հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Իմ թեման այս անկազմակերպվածությունն է, իշխանությունը, որը աշխարհի ու տարածաշրջանի զարգացման տրամաբանությունից դուրս է, որը իր քթի տակ կատարվողը չի տեսնում, չի հասկանում, քնած է ուղտի ականջում կամ ջայլամի պես գլուխը թաղել է ավազների մեջ։ Ո՞նց կարող է քո իշխանությունը որևէ ձեռքբերում ունենալ, եթե ունենալով ամենամարտունակ բանակը այս տարածաշրջանում, ունենալով ուժեղ ռազվեդկա, տեսնելով, որ թշնամին զորքեր է կուտակում սահմանին, չհասկանա, որ պատերազմ է սկսվում։ Հակառակը, Նիկոլը ելույթ էր ունենում բեմից ու ծաղրում էր, ասում էր՝ ասում են Փաշինյանը պատերազմ է բերելու, Ղարաբաղ է հանձնելու։ Սա ուղիղ մեջբերում է։ Տեսա՞ք, հենց էդպես էլ եղավ։

Այս փնթիությունը ամեն հարցում է։ Ասում էր՝ մամուլը երբեք այսքան ազատ չի եղել, երկու օր անց մտնում էին խմբագրություն ու խուզարկում, ձվահարում էին խմբագրությունը, բերման էին ենթարկում լրագրողների ու խմբագիրների, քրգործեր էին հարուցում, հիմա էլ դրանց ավելացել են ԱԺ սահմանափակումները։ Ասում էին՝ դրական ազդակներ ենք բերել, հեսա ներդրումներ են գալու, դրա փոխարեն ներդրումները փախչում էին, ասում էր ներգաղթ է լինելու, շատանում էին արտագաղթողները։ Անգամ Սևանի ջուրը չափել չէին կարողանում, ասում էին աննախադեպ բարձրացրել ենք, պարզվեց հակառակը՝ աննախադեպ իջնում է։ Սրանք ոչ մի բանի հաշվարկ, պատկերացում չունեն։ Կարևորը այդ պահին մի բան խոսեն՝ կցելով աննախադեպ բառը։

Ցանկացած իրեն հարգող պետություն, սա մի անգամ չէ, որ ասել եմ, ունենում է կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրեր ու դրանք իրականացնում է ամեն գնով․ եթե երկարաժամկետ ծրագիրը կախված է զանազան այլ հանգամանքների հետ ու կարող է փոփոխության ենթարկվել, ապա քո կարճաժամկետ ծրագրերը պետք է իրականանան ճշգրտությամբ, պետք է կանխատեսելի լինեն, պետք է լինեն խելքին մոտ։ Այդպիսին կլինի, եթե դու ունենաս ուղեղ, թիմ, կադրեր, վերլուծություն։

Սրանք անգամ 2 օրվա ծրագիրն են տապալում ու մեղադրում կորոնավիրուսին, պատերազմին, նախկիններին, ներդրողներին։ Կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը բունկերից եթեր մտավ ու 6 ամսվա ինչ որ ծրագիր ներկայացրեց։ Ընդամենը 6 ամսվա ծրագրի 15 կետից ոչ մեկը չի կատարել։ Տառացիորեն․ բացեք կարդացեք։ Ոչ մեկը։

Ու հիմա, այսքանից հետո, Կառավարության 2021-26 թվականի ծրագիրն են հաստատել, ուրախ-գոհ ու ասում են՝ կատարելու ենք, տարածաշրջանում խաղաղություն ենք բերելու։ Հիմա ես ինձ ո՞նց համոզեմ, որ հավատամ ձեզ։ Ինչպե՞ս հավատամ։ Տո, այ ընկերներ, տո դուք իսկի ձեր տներում չեք կարող խաղաղություն հաստատեք, տարածաշրջանի մասին եք խոսում։ Քանի՞սդ է, որ կարող է  տարածաշրջանի երկրների անունները վարժ թվարկել։ Կոռուպցիայից էիք խոսում, որը վերացնելու համար եկել էիք․ մարդիկ հավատում էին, դուք էլ դրոշակ սարքած՝ եկել էիք։ Տնտեսապես քայքայված երկրի, պատերազմի արդյունքում քայքայված ու բառիս բուն իմաստով՝ ողբացող երկրի ազնիվ պաշտոնյաները երեք տարում արդեն չեն կարողանում հաշվել իրենց տները, ու դեռ դաշտերում դիակները փռված՝ տժժում են հունաստաններում։ Պատերազմ է եղել, Եռաբլուր եք եռապատկել, ծովափերում զագար եք ընդունում ու մեզ ասում եք՝ հավատացեք մեզ։ Ո՞նց հավատանք, ինչո՞վ մտածենք, որ հավատանք։

Կարճ ասած՝ այս իշխանությունը միայն մեկ ծրագիր է փայլուն իրականացրել՝ Ղարաբաղը հանձնելու, Հայաստանը պառակտելու ծրագիրը։ Այս իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ չունի քթածակ, չունի մեր վիճակի գիտակցում։ Սրանց համար ամեն ինչ այնպես է, ինչպես 2018 թվականին էր։ Իշխանությունը, որը անգամ երկու օր անց կատարվող իրադարձություններին պատրաստ չէ, չի կարող երկիր կառավարել։ Երկիրը, որը ունի այս կարգի իշխանություն, չի կարող ապագա ունենալ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ