06 04 2021

«Կարճ ասած»․ Կա՞ արդյոք այլընտրանք Քոչարյանի իշխանությանը



Բնական է ու հասկանալի, որ մեր երկրում այսօր գլխավոր քննարկաման թեման պատերազմն է, հետևանքները, տնտեսության և ընդհանրապես` պետության ու պետականության քայքայումը, և գլխավոր անելիքը այս ամենը ստեղծողի հեռացումն է, դրանից հետո՝ երկրի քայքայումը կանգնեցնելը, վերականգնելը։ Որովհետև Նիկոլին հեռացնելը հարցի մի կողմն է, Նիկոլից հետո նորմալ Հայաստան ունենալը՝ մեկ այլ հարց։ Նիկոլին հեռացնելը դեռ չի նշանակում, որ ով էլ գա, լավ կլինի։ Նախ, անհրաժեշտ է ճիշտ ու սթափ ընտրություն։ Ես այդ տեսանկյունից եմ առաջին հերթին դիտարկում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը ռուսական Առաջին ալիքին։

Երկրորդ նախագահի հարցազրույցը պատերազմի ու ոչ միայն պատերազմի մասին էր։ Ու, ըստ էության, չկա մի դիրքորոշում, մի տեսակետ, որի շուրջ կարելի է բանավիճել։ Կարևոր հարցին, թե ինչու պարտվեցինք, նախագահն ասում է՝ վերջին երեք տարվա ընթացքում հետևողականորեն քայքայվել է Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը, բա ի՞նչ էինք ուզում։ Հարավային կովկասում ամենամարտունակ բանակն այժմ իրենից քիչ բան է ներկայացնում, քայքայվել է․ չեմ ուզում նորից հիշեցնել, թե ինչեր արվեցին գեներալիտետի հետ, բանակի հետ։ Ու պատճառն այն է, որ իշխանության էր եկել բանակին խորթ, ուժը ատող, պատերազմում հաղթողներից վախեցող խմբակ։ Դժվար է չհամաձայնվելը, այդպե՞ս չէ՞։

Ի հակադրություն այս իշխանության, որը հողերը հանձնելուց հետո ասում է՝ Շուշին մերը չէր, Շուռնուխը մերը չէր, Քարվաճառը մերը չէր, երկրորդ նախագահն ասում է, որ ամեն ինչ կորած չէ գոնե ԼՂԻՄ-ի կազմում ընդգրկված տարածքների մասով, կարող ենք բանակցելով վերադարձնել: Հեշտ չի լինելու, բայց հնարավոր է։ Բայց ո՞վ կարող է դա անել, բանակցել։ Արդյո՞ք Նիկոլը։ Բնականաբար՝ ոչ։ Ակնհայտ է դա․ եթե կարողանային, չէին հանձնի, Արցախը սրանց համար բեռ էր։ Մենք ունենք առնվազն մի քանի օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականերորեն տապալել է բանակցությունները։ Էս մարդը ոչինչ չարեց, որ պատերզմ չլինի, ընդհակառակը, այն ինչ անում ու ասում էր, ամեն ինչ դրան էր տանում։ Նա, ով համարում է որ Շուշին մերը չէր, Շուշիի համար ո՛չ կռիվ կտա, ո՛չ էլ կբանակցի։ Իսկ ի՞նչ ճանապարհով հետ բերել․ Նախագահ Քոչարյանը, լինելով պրագմատիկ մարդ, նշում է, որ որևէ մեկը այժմ իմանալով, թե ուր են հասցրել մեր բանակը, չի կարող մտածել մոտ ապագայում պատերազմ սկսելու մասին, ու պատերազմով մեր հայրենիքը վերադարձնելու մասին։ Այ իսկ դիվանագիտության ու բանակցություններով կարծես ճանապարհները տեսնում էր, բավականին վստահ արտահայտվեց։ Եվ այսպես, այն բոլոր հիմար խոսակցությունները, թե հեսա Քոչարյանը կգա, ու էլի պատերազմ կլինի, նախագահն ի սկբանե հերքեց ու հիմնավորեց, թե ինչու այդպես չէ։

Հայաստանում իմքայլականները, Ադրբեջանում՝ Ալիևը վախեցնում են, թե Հայաստանում կան ուժեր, որոնք ձգտում են ռևանշի, ուզում են պատերազմ սկսել հողերի համար։ Նախագահն ասում է՝ խոսքը չի վերաբերում ռեվանշին, սակայն սա խաղաղություն է անարդարության վրա, որը պետք է բանակցությունների արդյունքում լուծել, եթե ուզում ենք խաղաղությունը տևի երկար։ Քոչարյանի խոսքին չհավատալու հիմք չունեմ, որովհետև նրանք, ովքեր կարողացել են բանակցություններով հեռու պահել պատերազմից, կարող են նաև բանակցություններով վերադարձնել կորցրածը և իրական խաղաղություն հաստատել, ոչ թե սրանց նման։

Նախագահ Քոչարյանի հարցազրույցի կարևոր շեշտերից մեկը համարում եմ Թուրքիայի մասին դիրքորոշումը։ Ընդամենը 5 ամիս է անցել պատերազմից, որի ժամանակ թուրքերն ու ադրբեջանցիները ձեռք ձեռքի տված՝ կոտորեցին ավելի քան 5 հազար մեր տղերքի, բայց հիմա կարծես մեր ժողովրդի անվտանգության զգացումը մեռած լինի։ Պետության վերին մակարդակով գնում է թրքասիրության քարոզ։ Երկրորդ նախագահը շեշտում է՝ ժողովուրդ, Թուրքիան սպառնալիք է մեզ համար, նրանք էլ մեզ են դիտում սպառնալիք և ամեն ինչ անելու են, որ մեզ չեզոքացնեն ու սահմանի բացման պարագայում Հայաստանը կկլանեն, կսարքեն Աջարիայի պես։ Կա՞ որևէ սթափ մարդ, ով այսքանը չի հասկանում, պարզվում է կան։ Դա առաջին հերթին Թուրքիային սատարող Սորոսի լակոտլուկուտներն են, որոնք այսօր խոսում են իմ ու ձեր պետության անունից, կան փոքրաթիվ ու դեռևս մոլորված ժողովրդի հատված, բայց մեծամասնությունը, վստահ եմ, ոչ միայն 5 ամիս առաջվա դրանց արածները չի մոռացել, այլ 105 տարի առաջվա Ցեղասպանությունը չի մոռացել ու չի մոռանա։ Այնպես որ, նիկոլասորասական այդ թրքասիրությունն էլ չի աշխատելու։

Ի վերջո, երկրորդ նախագահը դարձյալ անդրադառնում է ամենաչարչրկված հարցին՝ մարտի 1-ի թեմային։ Տեսեք, 3 տարի շարունակ այս թեման չարչրկվեց, ու Սահմանադրական դատարանը ընդամենը օրերս վճռեց, որ սարքված այդ գործը հակասահմանադրական է և ուրեմն՝ նախագահ Քոչարյանն արդարացված է, նրան հանիրավի մեղադրել են, զրպարտել են ու բանտարկել՝ ներկայացնելով հանցագործ։ Ու հիմա եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը։ Պարզվեց՝ երկրորդ նախագահի նկատմամբ գործ հարուցելը հանցագործություն էր։ Այսօր էլ դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Շեշտում եմ՝ դատարանն արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին։

Երկու օր է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը հեռավար շփում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մինչև Պոզների հետ հարցազրույցը, հայտնում են, որ շուրջ մեկ ժամ քննարկել են Հայաստանում քաղաքական ճգնաժամը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իրավիճակն Արցախում և անվտանգային հարցեր: Սա, ընդ որում, երկրորդ անգամն է, դեկտեմբերին էլ ավելի քան երկուժամանոց հեռախոսազրույց էր եղել։ Կրեմլից հայտնում են, որ այդ շփումները պարբերաբար են։ Ուշագրավ է, որ նախագահն ինքը չի անդրադառնում թեմային, հրաժարվում է անգամ հաստելուց։ Իսկ ինչպես կաներ այս մեկը, կներեք համեմատության համար, էլ սելֆի կաներ հեռախոսի հետ, էլ ինչ ասես։ Այդ թեմայով, Քոչարյանը Պոզներին ասում է՝ «Եկեք թողնենք այդ թեման»: Ինձ, որպես քաղաքական մեկնաբանի, և վստահ եմ՝ շատերին, հետաքրքրում է՝ ինչո՞ւ պետք է այս կարևորագույն ու օրհասական հարցերը ՌԴ նախագահը քննարկեր ոչ թե Հայաստանի գործող ղեկավարի հետ, այլ՝ պաշտոնաթող, այն էլ՝ ընդիմադիր։ Բայց նաև ունեմ դրա պատասխանը․ որովհետև Պուտինը հասկանում է որ Նիկոլը անիմաստ մարդ է, ո՛չ տեղեկացված է, ո՛չ կոմպետենտ, ո՛չ խոսքի տեր է, ոչինչ է․ ցավոք, իհարկե։ Գործըկեր պետության ղեկավարն ուզում է խոսելու էն մարդու հետ, ում խոսքն արժեք ունի, իմաստ ունի, գործից բան է հասկանում, այլ ոչ թե կմկմում ծույլիկ աշակերտի պես, մեկ մի բան է ասում, մեկ՝ ուրիշ, անընդհատ խաբում է բոլոր-բոլորին, հիստերիկ է, ուրիշ էլ ում ասես՝ ազդեցության տակ է, թքած ունի իր հայրենիքի վրա, չգիտի ռազմավարական շահն ինչ է, գործընկերությունն ինչ է, ու ամենից կարևորը՝ չի հասկանում այն գործից, ինչով զբաղվում է։

Իրականում Նիկոլը որպես գործընկեր ու դաշնակից, գլխացավանք է։ Ընդ որում, հիշում ենք նաև, թե ինչպես Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո իրենից բաներ է հորինում հաղորդագրության մեջ, իբր թե՝ Նիկոլ ջան քեզ եմ աջակցում։ Մարդ կգժվի, մեր փորձագետներն այդքան ասացին, որ ՍՈւ 30-ները Հայաստանի համար անօգուտ են։ Հետո՞ ինչ, որ Ռուսաստանն է արտադրում, հո մենք պարտավոր չե՞նք ինչ արտադրում է՝ գնենք։ Փաշինյանը «Ինտերֆաքսին» հարցազրույց է տալիս Պուտինի հետ հանդիպումից առաջ և Քոչարյանի հարցազրույցից հետո և խոստանում է էլի ՍՈւ 30 գնել։ Հիմա ձեզ, մեզ, պե՞տք է ղեկավար, որը հանուն Պուտինի հետ հանդիպում կորզելու, իր երիկրի ռազմական շահերից չբխող թանկարժեք գնումներ անի։ Ռուսաստանին պե՞տք է ղեկավար, որը ամեն ինչի պատրաստ է հանուն նրա, որ գրկախառնվի Պուտինին։ Սաղ երկրով խայտառակ ենք լինում այս անպատասխանատու սուտասանի երեսից։

Մեզ օդ ու ջրի պես պետք է մարդ, որը կկարողանա բանակցել, կկարողանա գլուխը բարձր շփվել գործընկերների հետ, որը կկարողանա վերականգնել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, բարեկամական հարաբերությունները՝ տարբեր երկրների հետ․ սխալվում են բոլոր էն մարդիկ, որոնց թվում է, թե ՌԴ հետ շփումներում Հայաստանը պետք է ու կարող է լինել միայն ուզողի, խնդրողի կարգավիճակում․ պետք է քեզանից ուժ ներկայացնես, որ քո բարեկամ երկիրն էլ քեզ հենարան դիտարկի։ Ու չպետք է հանուն քո անձնական հարաբերություն ունենալու համար զիջումների գնաս, դա անթույլատրելի է։

Ի դեպ, շատերը շեշտում են հանգամանքը, թե Ռոբերտ Քոչարյանը ռուսական ամենահեղինակավոր հաղորդմանն է մասնակցել, Պոզներին է հարցազրույց տվել, դա Կրեմլի թույլտվությամբ է լինում, ուրեմն ռուսական աջակցություն նա ունի և այլն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմկունքին, ապա նրանց ընկերական հարաբերությունների մասին նոր չէ, որ իմանում ենք, մենք տեսել ենք այդ ընկերությունը նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ողջ շրջանում և ի միջի այլոց, հենց այդ հարաբերությունների շնորհիվ են նաև Հայաստանի համար մի շարք հարցեր լուծվել։ Եվ կարծում եմ, որ ապագայում էլ այդ հարաբերությունները ի շահ մեր երկրի կլինեն։ Բայց Ռոբերտ Քոչարյանի պարագայում ավելորդ է շեշտելը, թե որ հաղորդմանն է մասնակցել։ Հայաստանի երկրորդ նախագահը հարցազրույց տա Պոզների հաղորդմանը, թե Հ1-ին, ունենալու է նույն արդյունքը։ Նա ամեն անգամ ասում է կարևոր բաներ, մեսիջներ, քաղաքական թեմաներ է տալիս, հույս է արթնացնում, որ երկիրը անտեր չի մնալու․ միաժամանակ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում այլևս, թե ում հետ և որտեղ է զրուցելու Նիկոլ Փաշինյանը, որովհետև մեկ է՝ նրա հարցազրույցներն իմաստազուրկ են և արժեք չունեն։ Անգամ արժեք չունի, թե ինչ է խոսելու Նիկոլը Պուտինի հետ ապրիլի 7-ին։

Կարճ ասած՝ ես Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից դարձյալ տեսա հեռանկար, Հայաստանի ոտքի կանգնելու հնարավորություն, շանս։ Շատերն են, հենց նրա մեջ տեսնում այս քայքայումը կանգնեցնելը, երկիրը վերականգնելը։ Փրկիչ չէ, իհարկե, փրկիչներից գոհ ենք մինչ կոկորդներս։ Մեզ գործից հասկացող, բռունցքը սեղանին խփող ու իր խոսքի տեր մարդ ենք փնտրում, այլ ոչ թե փրկիչ։ Ուղղակի կարծես թե նրա ճակատագիրն էլ է այդպես եղել, երկու անգամ էլ մենք իրեն ենք հանձնում քայքայված երկիր ու երկու անգամ էլ մենք նրանից պահանջում ենք վերականգնել։ Այլ տարբերակ, ցավոք, չկա։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ