Ուղիղ 4 ամիս է անցել պատերազմի ավարտից և կապիտուլյացիայի խայտառակ համաձայնագրի ստորագրումից։ 4 ամիս է անցել, ու մենք չունենք որևէ պարզված, լուծված հարց։ Սահմանների հարցը, զինվորների՝ գոնե մարդավարի պայմաններում քնելու հարցը, զորամասերը չկան, անհետ կորածների հարց, գերիների հարց, անգամ զոհերի թիվ, երկրի ներսում քաղաքական անկայուն և տնտեսապես փլուզված վիճակ է, երկիրը դավաճանած մարդիկ շարունակում են մնալ իրենց պաշտոններին, որևէ քննություն չկա՝ պարզվի, իմանանք՝ սա վերջը առևտո՞ւր էր, դավաճանությո՞ւն, տգիտությո՞ւն, անփութությո՞ւն, թէ՞ էլ եսիմ ինչ էր։ Չկա, որևէ հարցի լուծում, չկա կարևորագույն հարցերի պատասխանները։ Իսկ սպասելը անօգուտ է։ Եվ իրոք, սպասենք որ ի՞նչ լինի։ Հանցագործները հո իրենց արածը չեն բացահայտելու։
Տարբեր հաշվարկներով, գերիների թիվը 250-ին մոտ է։ Ալիևը չի վերադարձնում, ասում է՝ դիվերսանտ են։ Նիկոլ Փաշինյանն էլ խոստովանում է, որ չի կարողանում աշխատել իր գործընկերոջ հետ, ասում է՝ Ադրբեջանը սակարկության առարկա է դարձնում գերիները։
Միաժամանակ, քանի որ չեն կարողանում հարցը լուծել, բայց մարդիկ կան, որոնք դեռ բավարար չափով հիմարացած չեն և պետք է հիմարացնել, գցում է ընդդիմության վրա, մեր՝ լրատվամիջոցների գրպանը, թե՝ ձեր պատճառով է։ Վարչապետի ատամնատեխնիկ օգնականն ասում է, թե լրատվամիջոցները շատ են խանգարում որոնողական ու գերիների հետ բերելու աշխատանքներին։ Լուրջ չեմ ընդունում, իհարկե, բայց կան մարդիկ, որ լուրջ են ընդունում։ Օրինակ՝ հենց երեկ դադարեցվել են որոնողական աշխատանքները․ լրատվամիջոցներն ի՞նչ մեղք ունեն։
Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ ասում է, թե նախորդ շաբաթ գերիների մեծ խումբ պետք է գար, սակայն Հայաստանում ներքաղաքական զարգացումները, ընդդիմության միտինգները խոչընդոտեցին։ Ինչ անհեթեթություն եք դուրս տալիս։ Կամ, հերիք չի՞ էս ժողովրդին հիմարի տեղ պահեք։ Ուզում եք ասել՝ հենց Ալիևը իմացավ, որ Նիկոլը միտինգ է անում, գերիներին որոշեց բաց թողնել, հենց իմացավ, որ նույն օրը ընդդիմությունն էլ է միտինգ անում, որոշեց բաց չթողնե՞լ։
Լավ, էդքան սրբապիղծ ե՞ք դուք, դուք ուզում եք ձեր չաշխատելու, անկարողության, քաղաքական իմպոտենտության մեղքը բարդել ընդդիմության վրա, այն էլ շահարկելով գերության մեջ հարազատների հույզերը։ Է՞լ ինչի եք պատրաստ հանուն ձեր իշխանությունը մի քանի օր էլ երկարացնելու։
Գերիների չբերելու միակ շահառուն կարող է լինել Նիկոլի իշխանությունը, ես հավատում եմ, որ նա կարող է խնդրել Ալիևին առաջին պլան չբերել այս հարցը, քանի որ միայն գերիների թեման շահարկելով է, որ նա դեռ երկարաձգում է իր չեղած իշխանությունը։ Իշխանությունը խանգարում է գերիներին բերելու՝ ռուսական կողմի ջանքերին։ Մե՛կ թիվը չի տալիս նրանց, մեկ՝ հակառուսական հայտարարություն է անում։ Խնդրեմ, մենք գիտենք, որ գերիներով զբաղվում են Պուտինը, Լավրովը, Շոյգուն, Մուրադովը։ Նիկոլը ելույթ է ունենում ու հեղինակազրկում ռուսական գերժամանակակից զենքը։ Հիմա կարող է, չէ՞, որ Իսկանդերի մասին Նիկոլի հայտարարությունից հետո Պուտինը ստոպ տվեց բանակցությունները, թե՝ ես ձեզ համար, բա դո՞ւք ում համար։
Իմքայլական պատգամավորին ուզում եմ հարցնել՝ իսկ Ազգային ժողովը ի՞նչ է անում գերիների վերադարձի համար․ ասեմ ինչ եք անում՝ քաղաքականապես ճնշում եք ԲԴԽ նախագահին, դատավորի թեկնածության հարց եք երկու օր քննարկում, հետո տապալում։ Դա է ձեր աշխատանքը։ Դրանով եք դուք զբաղվում, գնում տուն, փող ստանում։
Ժողովուրդ, գերիների մասին մոռացեք, քանի դեռ սրանք են իշխանության։ Չի կարող որևէ արդարացում լինել նրան, թե իշխանության թերացման պատճառը ընդդիմության ցույցերն են։ Սա հիմարագույն աբսուրդ է։ Հայաստանի բոլոր ժամանակների ամենախանգարիչ ընդդիմությունը եղել է Նիկոլ Փաշինյանը, բոլոր ժամանակների, բայց որևէ անգամ իշխանությունը չի ասել՝ սա չկարողացա անել, որովհետև Նիկոլը սուտ ու փուչ ելույթներ էր ունենում։ Դա աբսուրդ է, չէ՞։ Հայաստանից ներդրումները փախչում են, որովհետև ընդդիմությունը միտի՞նգ է անում, պետական հիմնարկներում աշխատավարձ տալ չկարողանալու պատճառով օպտիմալացումների պատճառն է՞լ է ընդդիմության ցույցը։ Դե եթե ընդդիմությունը էսքան հզոր է, որ ազդում է բոլորի, էդ թվում՝ Ալիևի վրա, դու էլ պետության ու գերիների մասին մտածող ես, հենա հրաժարական տուր, թող ընդդիմությունը գա գերիների հարցը լուծի։ Սրանք ասում են՝ գոհ եղեք, որ 5 հոգու բերել ենք։ Սա՛ է սրանց թափը։
Էսօր, պատերազմից 4 ամիս անց, փաստորեն, տեղի է ունենում երկրում բանակի գրավում իշխանության կողմից։ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այս պահին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը զուգահեռաբար իրականացնում է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները։ Պաշտպանության նախարարությունն այլ կառույց է, գլխավոր շտաբը՝ այլ կառույց, և չի կարող պաշտպանության նախարարը միջամտել ԳՇ գործունեությանը։ Սա նշանակում է, որ Անդրանիկ Քոչարյանն ու Վաղարշակ Հարությունյանը յուրացնում են ԳՇ պետի լիազորությունները։ Դատախազությունն ո՞ւր է։ Սրանցից ամեն ինչ սպասելու է, ասում եմ։
Նույն Անդրանիկ Քոչարյանն ու Վաղարշակ Հարությունյանը 99թ․ հոկետեմբերի 27-ին յուրացնում էին պաշտպանության և այլ նախարարությունները՝ պահանջելով նախագահ Քոչարյանին իրենց նշանակել նախարար-վարչապետ և այլն։ Բայց նախագահը դուրս էր վռնդել սենյակից։ Մարդիկ իրենց սրտի ցանկությունը հիմա են իրականացնում՝ տարիներ անց։ Էսպես շարունակվելու է, քանի դեռ անտարբերություն կա հանցագործությունների նկատմամբ։
Նիկոլը մենակ է արդեն, նա չունի որևէ լուրջ մեկի աջակցություն, հանրության աջակցություն, ուժայինների աջակցությունը։ Ու նրան օգնության է գալիս ո՞վ, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բանակը քաղաքականությանը խառնել-չխառնելու մասին խոսում ա մարդ, որը 2008թ․ փետրվարին Ազատության հրապարակի բեմից ՊՆ փոխնախարարների անունն էր վանկարկում՝ Մանվել ու Գագիկ, բանակը խառնել էր քաղաքականությանը, զինդատախազին կանգնեցրել էր հարթակում ու հեղաշրջում էր ուզում անել։ Ու էսօր Լևոն Տեր-Պետրոսյանը երես ունի խոսելու ռազմական հեղաշրջման, բանակը քաղաքականությանը խառնելու մաս՞ին։ 2008-ին ձեր ռազմական հեղաշրջումը չստացվեց միայն նրա համար, որ ձեռքներդ բռնող եղավ, բեմին էնպիսի պաշտոնյաներ էին, որոնք շան պես վախենում էին պետության նախագահից։ Շատ չծավալվեմ, ակնհայտ, հին ու հոգնած թեմա է, մնում է՝ ինքը հասկանա։
Կարճ ասած՝ մենք տեսնում ենք, որ Նիկոլի օրերը հաշված են, ու նա բռնվում է էն բոլոր փտած պարաններից, որոնք իրեն պարզում են։ Ժողովուրդը, բնականաբար, պետք է ոտքի կանգնի ու այլևս մերժի էս տգետներին։ Հայաստանում անհամատեղելի է պետականությունն ու նիկոլականությունը։ Պետք է թույլ չտանք, որ սրանք 5 հազար զոհի վրայով քայլեն ու փորձեն իրենց համար ապագա կերտել։ Սա իրականում արյունոտ իշխանություն է, սա արյուն թափած իշխանություն է, զինվորի արյուն թափած, հայրենիք ու ընտանիքներ որբացրած իշխանություն։
Սրանց հետ մեր ապրելն անհնար է, անհամատեղելի է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը