05 03 2021

«Կարճ ասած»․ Բանակը հայտարարություն է տարածում, որ Նիկոլը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Ո՞ւ․․․



 

Այս պահին Արցախը զավթված է ադրբեջանցիների, Հայաստանը՝ թուրքական գործակալների, թրքասերների, իրենց գործից գլուխ չհանող ապիկարների, Հայաստանը դիտմամբ վարի տվող խաժամուժի կողմից, որոնք մտածում են միմիայն իրենց պաշտոնները պահելու մասին։ Կոնկրետ ձևակերպումներով՝ դա ամբողջ գործադիր իշխանության բարձրաստիճան մասն է, խորհրդարանի իմքայլական ֆրակցիան, դատականի մի մասը, չորրորդ իշխանության մի մասը՝ հեռուստատեսություն, ինտեռնետային մամուլ և մեկ-երկու թերթ։

Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի՝ էդ պաշտոնին մնալը կոչվում է իշխանության լիազորությունների չարաշահում, բռնազավթում և յուրացում, եթե կուզեք․ ոնց ուզում եք՝ հասկացեք։ Սրա դեմ ըմբոստացողներ կան, բայց թիվը լայն հասարակության համար գոհացնող չէ։

Տեսեք, մենք ունենք Սահմանադրություն, Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդ, ռազմավարություն։ Մենք գիտենք, թե ովքեր են մեր երկրի թշնամիները։ Պետության ղեկավարը պետք է մեր երկիրի անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանի։ Հիմա ով որ պետք է պաշտպանի, թուրքին թույլ է տալիս արդեն մտնել Հայաստան, մեր հողերի վրա, ու ձեռքը բռնող չկա։ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը էս պահին զուգարանի թուղթ է, ճմրթած։

Ի՞նչ է անում ժողովուրդը, մի մասը փողոցում պայքարում է, մյուս մասը հայհոյում է Նիկոլին տանից, բայց փողոց դուրս չի գալիս։ Նախագահը Սահմանադրության պահպանման երաշխավորն է, բայց նախագահը կարծես ինչ-որ բանից վախենում է, անգամ մի քոսոտ դեպուտատի փըշտից։ Թերուս դեպուտատը սահմանադրություն է գրում-ջնջում, ու նախագահը չես հասկանում ինչով է զբաղված։

Բանակի պահվածքը ևս խիստ անհասկանալի է։ Նիկոլը բանակին է ուղղում պարտության սլաքները։ Բանակը լուռ է ու չի հակադարձում։ Ի վերջո, ստիպված, մեր հրապարակումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գենշտաբի պետի տեղակալին հանեց գործից ապօրինի կերպով, բանակը ոտքի կանգնեց՝ հայտարարության մակարդակով։ Բայց բանակի կեցվածքը դեռ ինձ համար հասկանալի չէ։ Ինչո՞ւ։ Բանակը մեր անվտանգության, սահմանների անձեռնմխելիության երաշխավորն է․ բանակը հայտարարություն է տարածում, որ Նիկոլը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Ո՞ւ․․․ Դու պետք է անվտանգությունը պահե՞ս, թե ոչ, չէ՞ որ դու հենց հայտարարում ես, թե ով է սպառնում անվտանգությանը։ Բա հետո՞։ Ի՞նչ է հաջորդում դրան։ Ես սրանից ավելի հասկանալի ո՞նց բացատրեմ։ Ես ասելով, նկատի ունեմ այն, ինչ խոսում են այս ամբողջ շրջանում։

Գեներալների պահվածքը շատ զուսպ է, ասում է երկրրդ նախագահը ու անհնար է չհամաձայնել իր հետ։ Նիկոլը անվտանգության մասին հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ, բանակը իր հայտարարությունը վերահաստատեց։ Ինչո՞ւ էն ամենաանհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է սպառնալիքի չեզոքացմանը հասնեին, չկան, հարցնում են մեր քաղաքացիները։ Ես զինված հեղաշրջման կոչ չեմ անում, բայց ես հարցնում եմ՝ բանակը պետք է բավարարվեր այնքանով, ինչ արե՞ց։ Թե՞ էլի բան կար, որ պետք է ասեր կամ աներ, բայց չարեց։

Նիկոլ Փաշինյանը մի բան ասաց Իսկանդերի մասին, հետո ներողություն խնդրեց, ասաց, թե սխալ են զեկուցել։ Պետության ղեկավարը, որը հոխորտում էր, թե գերագույն գլխավորն է, ասում է, թե ինձ սխալ են զեկուցում։ Ուրեմն չեն հարգում։ Իսկ ո՞վ է սխալ զեկուցել, սխալ զեկուցողներն ի՞նչ պատիժ են ստացել։ Լավ, եթե ընդունում ես, որ սխալվել ես, ու Իսկանդերը լավագույն զենքն է, էդ դեպքում հանդիպիր գեներալներին, ներողություն խնդրի ու փորձի հարթել թյուրիմացությունը։ Չի լինի էդպես։ Ինչո՞ւ։ Որովհետև դու կարող ես դիրքորոշումդ փոխել, ինչպես անում ես անընդհատ, բայց բանակը չի կարող, եթե բանակը քեզ համարել է անվտանգության սպառնալիք, նա չի կարող հայտարարել, թե շշկռվել եմ։ Բայց բանակը նաև պետք է ձեռքերը ծալած չնստի։

Ու ստացվել է այնպես, որ այդ բոլորը միասին, բողոքելով հանդերձ, թույլ են տալիս, որ դավաճանները կամ առնվազն սպառնալիքները մնան, հավաքեն ողջ ռեսուրսը, որը կազմում է ընդամենը 12 հազար մարդ ու էդ 12 հազար մարդու «դաբռոյով» կառավարեն մեր երկիրը՝ 2,5 միլիոն բնակչությամբ։ 12 հազար նիկոլական ենթականեր և 2,5 միլիոն մարդ, որոնք գերի են նրանց ձեռքին։

Մինչ էն մարդիկ, որ պետք է խոսեին լուռ են, նրանք, որոնց ծպտունը պետք է դուրս չգար, լկտիաբար են իրենց պահում։ Ղարաբաղը տվել են թուրքերին, հիմա երկրապահ կոչված կառույցի ղեկավարը կանգնում ա Նիկոլի բեմին, մի հատ էլ հարցազրույց ա տալիս ու ասում, թե չի կարծում, որ պարտվել ենք և այլն և այլն։ Ներքևում միտինգի մասնակիցները ասում են՝ «Ղարաբաղը մերը չի եղել, Սպարապետն ա գրավել», առանց ամաչելու բեմին կանգնում է երկրապահների նախագահը՝ ի աջակցություն դրանց։ Էդ հսկա կառույցի հերն անիծեցիք, հասկացանք, բայց ինչո՞ւ երկրապահ, հիմա ձեր անունը փոխեք, դրեք երկրատու։ Ո՞րն է ավելի շատ սազում Սասուն Միքայելյանին՝ Երկրապահի? նախագահ, թե՞ Երկրատուի։ Նույն մարդը երկու օր հետո գնում է Եռաբլուր, Վազգեն Սարգսյանի գերեզմանին, ով ազատագրել էր հողերը։

Վազգեն Սարգսյանի ծնունդն է, նա ինձ համար հակասական կերպար է, հիմա չեմ ուզում անդրադառնալ։ Վազգենը սաղ լիներ, մի հալ լավ չափալախ կտար իր ախպեր կոչված Արամին, Սասունին, Վաղարշակ Հարությունյանին։ Վազգենի հիշատակը գնացել էին հարգելու մարդիկ, որոնք իր սպանության օրը պաշտոններ էին իրար բաժանում, մարդիկ, որոնք թույլ տվեցին իր արձանը պղծեն ադրբեջանցիները։ Երկիրը ազատագրել է, նրա ազատագրածը հանձնել եք ու եկել եք շիրիմին կանգնել ի՞նչ եք խոսում․ ախար ձեր էնտեղ լինելը պղծում է էդ շիրիմը։

Եռաբլուրում պաշտպանության նախարարին հարց ես տալիս պաշտպանության մասին, ասում ա՝ էսօր օրը չէ։ Բա որ էսօր գերիներից խոսելու օրը չէ, Սյունիքի անվտանգությունից խոսելու օրը չէ, գենշտաբից խոսելու օրը չէ։ Բա ե՞րբ է օրը, հատուկ օր կա՞ սահմանված, թե որ օրը ինչից խոսենք։ Կամ ձեզ ե՞րբ ենք բռնացնում, որ հարց տանք։ Մարտի 8-ին գանք ռեստորան ՊՆ քեֆի ժամանակ հարցը տա՞նք։

Նիկոլը որքան իր իշխանությունը երկարացնում է, այնքան շատանում է իրենից ու էս թիմ կոչվածից ատողների, զզվացողների թիվը։ Ոչ թե ընդդիմադիրների, այլ՝ զզվացողների։ Ամեն օր փակում են փողոցներ, որ ինքը տեղաշարժվի, ատում են վարորդները, էդ ճամփան փակող ոստիկանները։ Ընդդիմադիրները միտինգ ու երթ են անում, թեկուզ դրանից հոգնած քաղաքացիներն են ատում Նիկոլին։ Ամեն օր փշալարը շալակած ու ավտոբուսներով Երևանի կենտրոն շտապող ոստիկաններն են ատում։ Թիմն էլ է, ախար, ատում Նիկոլին․ աներձագը, որի տան դիմաց ծաղկեպսակ են դնում, դրանք դնողի՞ն է ատում, թե՞ Նիկոլին, որը իրեն սարքեց դավաճան։ Նիկոլը դառնում է համընդհանուր ատելության խորհրդանիշ։

Եվ ուրեմն, ի՞նչ անել․ բոլորն ասում են իրենց խոսքը, բայց խոսելը քիչ է, պետք է հանգուցալուծում ստանա։ Պետք է շարունակել ամեն օր սրանց կյանքը դժոխք դարձնել։ Պետք է Նիկոլը վախենա իր տանն անգամ մնալուց։ Նիկոլը վախենում է ուժեղ մարդկանցից, ուրեմն պետք է ուժ ցույց տալ։

Կարճ ասած՝ բանակը ժողովրդի կողքին է, Նիկոլին դեմ է, այնպես, ինչպես ժողովուրդը։ Նիկոլը չի կարող բանակ հանել ժողովրդի վրա, չնայած, վստահ եմ, չէր վարանի, եթե կարողանար։ Ազգի ողջ էլիտան, գրագետ հատվածը, պետականամետ հատվածը ժողովրդի կողքին է, այսինքն՝ դեմ է Նիկոլին, Նիկոլը չի կարող ճնշում բանեցնել։ Եթե թվարկենք այն մասնագիտական, հասարակական, պետական շրջանակները, որոնք դեմ են Նիկոլին, կստացվի, որ չկա մարդ, ում անունից ներկայանում է Նիկոլը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ