18 01 2021

«Կարճ ասած»․ Թուրքիայի «տրոյական ձին»



Հաղորդումներիցս մեկում ասել եմ, որ Հայաստանի նոր վարչապետը պետք է ԴՆԹ անալիզների միջոցով պարզի, թե Հայաստանի այսօրվա պաշտոնյաներից քանի հոգու մեջ թուրքի արյուն կա։ Մեկ այլ հաղրդման մեջ, դատելով մեր երկրւմ կատարվողից, նշել եմ, որ մեզանում վխտում են թուրքական ագենտները։ Ընդամենը երկու տարի առաջ մենք անհանգստանում էինք, որ Հայաստանի ազգային ժողով են անցել մարդիկ, որոնք թուրքերի հետ ընկերություն են արել, դասագրքեր են կազմել, մեթոդական ուղեցույցներ։ Մենք չգիտեինք, որ դա ամենանվազ դավաճանությունն էր։ Վայ, ասում էինք, մի քանի դասագրքերի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը, ԱԺ իշխանական պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը թուրքերի հետ կազմած ուղեցույցներում Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել են Անատոլիա և Կովկաս, մեղադրում էին մեզ, որ ադրբեջանցիներին մեզ թշնամի ենք համարում։ Մենք դժգոհում էինք, որ խորհրդարանում իր քիփլիկ խմբակցությունը ունի Սորոսը, կառավարությունում էլ։

Հայաստանը ամբողջությամբ գրավել են թրքասերները։ Միքայել Մինասյանը հայտնելով որպես թուրքական գործակալ Արարան Միրզոյանի անունը, փաստացի խոսեց ընդամենը մեկ պաշտոնյայի մասին․ ԱԺ նախագահը ընդամենը ավելացավ թրքասերների ցանկին, ոչ թե նրանցից առաջինն է կամ միակը։ Իսկ նրանից որքանո՞վ է տարբերվում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Մենք չենք կարողանում հաշտվել այս իրականության հետ, պնդում ենք, որ պետք է հզորանալ ու հետ բերել, իսկ նա հետադիմական ու վնասակար է համարում մեր կորցրածը վերականգնելու անգամ մտքերը։ Նա ասում է, որ դա այլևս մերը չէ, համակերպվեք։ Ու իբր հուզականություն է հաղորդում՝ «Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»։

Հարց Լենային․ երբ քո սիրելի Փաշինյանը բոլորին ասում էր գնացեք կենաց ու մահու կռվի, ու մատով բոլորին ցույց տվեց, ի՞նչ ասացիք նրան։ Նայեք զոհերի ցանկը ու տեսեք, թե քանի 18, 19 տարեկան կա։ Փաշինյանը ու հատկապես դուք քաջ գիտեիք, որ պարտության եք տանում, բայց տարաք 18 տարեկաններին բայրաքթարների բերան։ Դուք էիք ասում չմեկնողներն անթասիբ են։ Ու այդ ամենից հետո Փաշինյան Նիկոլը ճաշի է նստում Ալիևի հետ։ Մեր եղբայրներին մահվան բերան տանելով, գնում ու ճաշի է նստում ֆոսֆորային ռումբեր օգտագործած Ալիևի հետ։ Կենաց է ասում։

Ստացվում է՝ հողը հանձնելու համար արժե և պետք էր գնալ-մեռնել, բայց հողը հետ բերելու համար ո՞չ, դա հետադիմական է։ Տիկին փխխոսնակը խոսում է հողերը քաղաքական գործընթացների միջոցով բերելու մասին։ Քաղաքական գրծընթացների արդյունքում ձեր սիրելի Նիկոլը սկզբում հրահրեց, հետ թույլ տվեց, որ պատերազմ սկսի, քաղաքական գործընթացների արդյունքում որոշեց, որ չնայած տանում է պարտության, մեկ է՝ պետք է կամավորներ գնան ու պայթեն ավտոբուսներում։ Քաղաքական գործընթացներում ստորագրեց և առանց մեկ փամփուշտ կրակելու տվեց Արցախի երկու երրորդը, նույն այդտեսակ գործընթացներում մեկ գերի դեռ չի կարողացել հետ բերել, առաջին իսկ բանակցության ժամանակ թուրքերին թույլ տվեց Հայաստանով կապվել իրար։ Քաղաքական ճանապարհով 10 հազար քառակուսի կիլմետրից զիջածները խսում են քաղաքական գործընթացներով հետ բերելու մասին։

Իրականում նա ասում է՝ քանի Նիկոլը կա, էդ հողերը չենք բերելու։ Քաղաքական գործընթացներում, իհարկե, հնարավոր էր ո՛չ այդ պատերազմը տեսնել, ո՛չ էլ հողեր ու զոհեր տալ։ Բայց դա իրենց մասին չէ, իրենք կարող են միայն հրահրել, զիջել, նվաստանալ վերջում էլ հետները հաց կիսել, որովհետև այդ քաղաքական գործընթացները նայած ում շահերից ես տանում՝ քո՞, թե՞ թշնամու։   

Այո, թուրքերի շահերի համար աշխատողները քիչ չեն Միրզոյան Արարատի ու Նազարյան Լենայի խմբակցությունում։ Հայաստանի պատմության մեջ մեկ անգամ է բողոքի ցույց եղել Արցախի դեսպանատան դիմաց։ Ու գիտե՞ք ով է արել, իմքայլական պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ Դուք հիմա մտածում եք, թե էս մարդիկ միամի՞տ են հավաքվել խորհրդարանում։ Պաշտոնի բերումով տիրապետում են հույժ գաղտնի ինֆորմացիաների։

Ես միշտ անհանգստացել եմ, թե ինչու է ձևավորվում խորհրդարանական քննիչ հանձնաժողովը՝ Ապրիլյան քառօրյայի մասով։ Էդ հանձնաժողովում ընդգրկված մարդկանց մի մասը բանակի հետ բացարձակ կապ չունի, բայց կապ ունի ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու պահանջների հետ։ Օրինակ՝ Արեն Մկրտչյանը։ Հանձնաժողովի անդամ է Սասուն Միքայելյանը, որը նախ ասում էր, թե հեղափոխությունը պատերազմի հաղթանակից կարևոր է, իսկ պատերազմից հետո մինչև հիմա ծպտուն չի հանել հայրենիքը ծախելու վերաբերյալ։

Ուզում եմ հատուկ շեշտել՝ հանձնաժողովի նախագահը Քոչարյան Անդոն է, նույն Քոչարյան Անդոն, որը պատերազմի ժամանակ ոչ թե մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին էր նամակ գրում, այլ՝ ՆԱՏՕ-ին։ Նույն այդ ինքն էր, որ ասում էր, թե Հոկտեմբերին 27-ը Պուտինն ու ռուսներն են կազմակերպել։ Այդ հանձնաժողովում մարդիկ կան, որոնք փնովել են հաղթած պատերազմը, մեր հաղթանակը պարտություն ներկայացրել։ Այս հանձնաժողովը ստեղծվել էր 6 ամսով, այդքան էլ երկարացրեց գործունեությունը, ու մինչև հիմա զեկույցը չկա, որ իմանանք՝ այդ ի՞նչ էր քննում։

Մեկ տարում քննիչ հանձնաժողովը հարցաքննել է և գաղտնի տեղեկություններ է ստացել այդ օրերի պաշտոնյաներից՝ Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան, Բակո Սահակյան, Կարեն Կարապետկան։ Միայն Յուրի Խաչատուրովը չի գնացել, և Քոչարյան Անդոն մատ էր թափ տալիս նրա վրա, իհարկե՝ հեռվից հեռու, դեմ-դիմաց չէր կարողանա։ Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարությունը գաղտնի ու մեծ զեկույց էր կազմել ու էդ զեկույցը հանձնել էր այս հանձնաժողովին։ Էդ զեկույցում եղել են տեղեկություններ զինված ուժերի ուժեղ ու թույլ կողմերի մասին, պաշտպանության համակարգի մասին, մարտական պատրաստության մասին, սպառազինության մասին, հետախուզության մասին, թշնամուց տվյալներ ձեռք բերելու միջոցների մասին։

 Պատգամավորներն իրենք էին ահազանգում, որ քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքերում։ Արման Բաբաջանյանի օգնականը դրանից տեղեկություններ էր իր ֆեյսբուքում դնում․ կա՞ն երաշխիքներ, որ այդ համատարած անտերության մեջ գաղտնիքները չեն թռել դուրս։ Հիմա հարց․ եթե խորհրդարանում կան թուրքերի հետ ընկերություն անող մարդիկ, թուրքական գործակալներ ու թրքասերներ, էդ գաղտնի զեկույցը ի՞նչ հեշտությամբ, ու մինչև ո՞ւր կարող էր հասնել, կասե՞ք։

Մեզանից շատերն ասում էին, որ լավ է, հանձնաժողովը կպարզի, որ սուտ են հանրության մեջ տարածված խոսակցությունները, թե՝ զինվորները խոտ են կերել, որովհետև հաց չի եղել, ջուր է եղել տանկերի մեջ, բահով են կռվել։ Մի մասն էլ ատամները սրած սպասում էին դրա հաստատվելուն, չնայած արդեն 4 տարի անցել է։ Ամենայն հավանականությամբ, եզրակացությունը այն կլինի, որ դա սուտ էր։ Այստեղ մի հարց էլ տամ՝ այս հանձնաժողովի նպատակը պատերազմը քննե՞լն էր, թե՞ հենց ՊՆ գաղտնի զեկույցին, պաշտոնյաների հայտնած գաղտնիքներին տիրապետելը ու վաճառելը։ Բա ինչո՞ւ էին նրանում ներգրավվում մարդիկ, որոնք կապ չունեն պաշտպանության հետ, բայց հանձնաժողովում են։

Ասում ենք, որ Հայաստանը պարտվեց 44-օրյա պատերազմում սխալ որոշումների արդյունքում, անփորձներին կարևորագույն պաշտոններ վստահելու արդյունքում․ իսկ գուցե այդ սխալները դիտմա՞մբ էին, ոչ թե տգիտության արդյունք։ Արարատ Միրզոյանի մասին ասում են՝ թուրքական գործակալ է, նա կիսատ-պռատ ու ոչ հիմնավոր հերքում է, ԱԱԾ-ն, բնական է, հերքում է․ այդտեսակ բանը չեն հաստատում։ Բայց մենք հիշում ենք, որ այս կասկածելի անձնավորությունը, որը բանակում չի ծառայել, պաշտպանության հետ կապ չունի, անհասկանալիորեն պատերազմի ողջ ընթացքում Արցախում բունկերում էր կամ շտաբում, քարտեզներ էր նայում։ Ինչո՞ւ, ո՞վ էր թույլ տվել, նպատակը ո՞րն էր, ի՞նչ էր նա հասկանում պատերազմից, որ քարտեզներ էր ուսումնասիրում։

Տարիներ շարունակ մեր երկրում Եվրոմիության ու այլ ծրագրերով գործել են հայ-թուրքական հաշտեցման խմբեր, հայ-ադրբեջանական երկխոսություն և այլն քարոզողներ։ Ինչպե՞ս են աշխատել, ի՞նչ են արել, չգիտեմ։ Այս ամենին միշտ լուռ է եղել ու շարունակում է կողքից դիտորդ աշխատել իրավապահ համակարգը։ Ինչո՞ւ, իսկ միգուցե այնտեղ է՞լ կան գործակալներ։

Մեր ողբերգությունը կայանում է նրանում, որ երբ մեր երկիրը ձեր այդքան շատ ասած նախկինները փորձում էին շենացնել, այդ ժամանակ, թուրքերը գործակալական ցանցով Հայաստանում դիրքեր էին ամրացնում։ Հայաստանում երկար տարիներ աշխատել է գործակալական ցանց, և այն չի բավարարվել միայն տեղեկություններ հավաքագրելով․ նա փորձել է զավթել նաև իշխանությունը ու ոչ մեկ անգամ։ 2008 թվականին ձախողվեց, մյուս անգամ ճիշտ թիրախներ ընտրեցին, ճիշտ մարդկանց ընտրեցին, հասկացան, որ արյան ճանապարհով ձախողվելու են, սիրո ու քնքշանքի անվան տակ վերցրին իշխանությունը։ «Ամեն ինչ վատ ա, թալանում են» լոզունգի տակ, նրանք նաև ձեզ՝ ժողովուրդ, դարձրին իրենց հանցակից։

Հունական առասպելի համաձայն, Տրոյայի համար մղվող պատերազմի 10-րդ տարում հույները փայտե հսկա ձի են պատրաստում, որի մեջ տեղակայում են ռազմաջոկատներ։ Այն թողնում են Տրոյայի պարիսպների մոտ և հեռանում՝ տպավորություն թողնելով, թե պաշարումն ավարտել են։ Տրոյացիները չեն լսում նախազգուացումները և բերում են այն ներս՝ որպես աստվածների պարգև։ Գիշերը ձիու միջից ռազմիկները դուրս են գալիս, բացում դարպասները, գրավում, ապա՝ կործանում Տրոյան։ 10 տարի շքեզ քաղաքը չէր ընկնում, բայց պարտվեց։

Այս նորօրյա հեղափոխականները թուրքերի տրոյական ձին էին Հայաստանում։ Մեր զգոնությունը հաջողվեց բթացնել, թուրքերը կարողացան գտնվել այդքան խելացի, համբերատար աշխատել ու ունենալ այս արդյունքը։ Մենք խաբվեցինք, մենք թույլ տվեցինք մեզ էշի տեղ դնեն, մեր թշնամիները գան իշխանության, Հայաստանի դարավոր պատմության վրա խաչ քաշեն ու կործանեն մեր երկիրը։ Սկզբում ոչնչացրեցին ներքին անվտանգությունը, հետո՝ արտաքին անվտանգությունը, հետո՝ հայրենիքն ամբողջությամբ։

Կարճ ասած՝ ժողովուրդ, հիմա գոնե, էսքան ուշ, էսքան ուշացումով հասկացա՞ք, թե ինչու էր պետք գեներալներին նվաստացնել, բանակը հեղինակազրկել, Քոչարյանին բանտարկել, Սահմանադրական դատարանը հեղինակազրկել, ռուսական ռազմաբազան հանելու համար ցույցեր անել, քննադատել նրանց, ովքեր թուրքերին համարում էին թշնամի։ Հիմա ընդդիմությունը պայքարում է միաժամանակ իշխանության դեմ, թուրքերի դեմ, իշխանության մեջ եղած թրքահպատակների դեմ, թրքասերների ու թուրքական գործակալների դեմ։ Հիմա պետք է հասկանանք՝ մեր երկրում թուրքերի արմատնե՞րն են ավելի խորը․ թե հայերիս, եթե մերն են, ուրեմն պետք է ոտքի կանգնենք ու քշենք։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ