29 12 2020

«Կարճ ասած»․ Սրանցո՞վ էիք ուզում պահել Սյունիքն ու Արցախը



Մի քաղաքական վերլուծաբան կա, աշխատում է երեք կայքերում, երկուսում՝ կեղծանունով։ Մի տեղում արած վերլուծությունը, մյուս երկու տեղում հերքում է տարբեր տեսանկյուններից․ ստացվում է՝ ամեն օր նույն անձի կողմից տրամագծորեն հակառակ մի քանի վերլուծություն։ Փեշակ է։ Չէ, Նիկոլին նկատի չունեմ, սակայն նման փեշակի տիրապետում է նաև ինքը։ Նա կարողանում է ֆեյսբուքյան գրառումով հերքել նախորդ օրը եթերում ասածը, եթերում հերքել ուղերձում ասածը։ Ու այսպես հերքումներով օր անցկացնել։ Նիկոլ Փաշինյանի՝ առավոտ բարլիլույսախառը գրած ստատուսը լրիվ հերքումների շարք էր, ինքն իրեն սխալ հանեց, ինքն իրեն համարեց դավաճան և այդպես։

Բազմիցս ասել ենք, որ այո՛, հնարավոր էր խուսափել պատերազմից․ հիմա Նիկոլն ասում է՝ այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել ապրիլյան պատերազմից։ Ըստ իրեն, համարժեք, լավ հարց է։ Իսկ ինչպե՞ս ավարտվեց ապրիլյան պատերազմը։ Հիշեցնեմ՝ տևեց ընդամենը 4 օր, Ադրբեջանը բլից կրիգը տանուլ տալով, խնդրեց զինադադար, որպեսզի չվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Հայաստանը, այո ունեցավ կորուստ, բայց ընդամենը 400 հեկտար։ Ո՛չ բնակավայր, ո՛չ շրջան, ո՛չ անգամ գյուղ։ Դու այդ 4 հարյուր հեկտարը շահարկեցիր մինչև սեպտեմբերի 27-ի պատերազմի օրը, անգամ ապրիլյան հանձնաժողով էիր ստեղծել խորհրդարանում։ Հա ի՞նչ եղավ, Քոչարյան Անդո, զեկույցը, որ հարմարավետ պատրաստում էիր։ Կորցրինք 400 հեկտար, Սերժ Սարգսյանն ասաց՝ այդ 400 հեկտարը վերադարձնելու համար ես պատրաստ չեմ զոհել ևս 100-ավոր զինվորների կյանք, ինձ համար այդ զինվորների կյանքն ավելի կարևոր է, քան ռազմավարական առումով նշանակություն չունեցող այդ հեկտարները։ Բնականաբար թքած ուներ նաև հետագա շահարկելու առիթը։ Դո՞ւ ինչ արեցիր այս պատերազմի ժամանակ․ զոհեցիր 5 հազար հոգու, որ քեզ չասեն հող տվող։ Դու էսօր դեռ երես ունես ապրիլյան պատերազմից խոսելո՞ւ։

Մի թեզ էլ էիք շրջանառում, թե ապրիլյան պատերազմում բահերով էին կռվում․ հիմա ինձ բացատրեք, թե ինչպե՞ս է լիում, որ բահերով կռվում ու հաղթում ես, բայց հիմա կռվում ես Իսկանդերով ու կապիտուլյացիա ես ստորագրում։

Հոկտեմբերի 23-ին Արծրուն Հովհանիսյանն անունով երդվում էր, որ մեր զոհերի թիվը չի անցնում 2 հազարը։ Դու այդ ժամանակ պատերազմը չավարտեցիր, բայց ավարտեղցիր 15 օր անց, երբ արդեն զոհերը 5 հազար էին։ Ու եթե էդ ժամանակ, ասենք, 5 շրջան տալուն համաձայնեիր, կխնայվեին 3000 մեր եղբայրներ։ Բայց ոչ, շարունակեցիր, իմանալով շարունակեցիր ու ավելի շատ տվեցիր, տվեցիր ամեն ինչ, ինչ հնարավոր էր։ Ասում ես, թե պատերազմը կանգնեցրի, որպեսզի 20 հազար զինվորի կյանք փրկեմ, հետո ելույթից ելույթ 5 հազարով աճեցրեցիր զինվորների թիվը, ու դարձրիր 35 հազար փրկված զինվոր։ Բա ինչո՞ւ էդ 5 հազարին էլ չփրկեցիր, չէ՞ որ գիտեիր, որ պարտվելու ես։ Սերժը զիջեց 400 հեկտար, բայց չթողեց, որ անգամ մեկ զինվոր ավել զոհվի։ Դու և՛ սպանեցիր 5 հազարի և՛ զիջեցիր ոչ միայն պատերազմի ընթացքում զիջած հողը, դրանից ավելն էլ ստորագրությամբդ տվեցիր։

Քեզ հարց են տալիս՝ ինչո՞ւ սպասված օգնությունը չես ուղարկել, պատասխան չունես։ Ինչի՞ չես դիմել ՀԱՊԿ․ ինչի՞ վայենկոմատները պահեստայիններին ասել են գնացեք ու սպասեք մեր զանգին, բայց չեն զանգել այդպես էլ։ Պատասխան չես տալիս, թողել ես գլխավոր հարցերը ու դարձյալ մեղավորներ ես փնտրում ուրիշ տե՞ղ։ Պատերազմի օրերին հաճախ էի լսում հեռուստատեսությամբ ռուս և արտասահմանից հայտնի ռազմական փորձագետների ելույթները Ադրբեջանի անխուսափելի ջախջախման ու պարտության մասին, բերում էին փաստեր, վերլուծություններ, պատերազմի կանոններ ու օրինաչափություններ, ու բոլորի համար հանկարծ տարօրինակ դարձավ կատարվածը։ Այդտեղից էլ առաջ է գալիս կասկածներ որ դավադրություն կա, դավաճանություն կա։  

Հիմա դու էլի պիտի բոչկա գլորես նախկինների, ինչ-որ դիրք զիջածի, իբր զենք չտվածի վրա ու մարդիկ իրենք իրենց դնեն էշի տեղ ու հավատան քե՞զ։ Նույն փչացած կասետը ինչքա՞ն կարող ես դնել, չե՞ս տեսնում որ այլևս չեն լսում, չեն հավատում, հայհոյում են։

Նախկինների վրա մունաթ ես գալիս, թե 5+2 շրջան էին տալիս․ նախ նրանք չէին տալիս։ Բանակցո՞ւմ էին։ Հնարավոր է։ Իսկ դու տվել ես, տվել ես նաև Շուշին, Հադրութը, Ասկերանը, Գորիս-Կապան ճանապարհահատվածը, պետական ռազմավարական ճանապարհ ես տվել, դու տվել ես ոչ միայն այն հողերը, որտեղ պատերազմ էր, նաև այն հողերը, որտեղ կրակոց անգամ չի հնչել։ Նաև կարևոր շեշտ՝ տվել ես ու տեղը ոչինչ ձեռք չես բերել։ Արցախի միջազգային ճանաչումը․․․ Դա էլ էս տվել, հանձնել։ Ինձ չի հետաքրքրում նախկինների հող տալու մասին քո հայտարարությունները։ Ինձ հետաքրքրում է, որ նախկինների օրոք այդ տարածքները մերն էին, հիմա մերը չեն։ Ասում ես հունվարից շրջանառության մեջ են դրել 5+2-ը, բայց ապրիլին պատերազմ է եղել, ու չեն տվել, Ադրբեջանը հետ է քաշվել։

Նիկոլն ասում է՝ նախկինները երկար տարիներ պատերազմից խուսափելու և ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել։ Նախկինները իրականում պատրաստվել են պատերազմի, բայց արել են հնարավորը, որ պատերազմ չլինի, արել են, անկապ չեն խոսել, բանակցություն չեն տապալել, կարողացել են միջազգային կարծիքը հօգուտ Հայաստանի ու Արցախի ձևավորել, բայց զուգահեռ զինվել են։ Եթե այդպես չէր, ինչո՞ւ էր Հայաստանը ամենառազմականացված երկրներից մեկը համարվում աշխարհում։ Լավ, եթե Հայաստանը չէր պատրաստվում պատերազմի, պատրաստվում էր միայն Ադրբեջանը, ինչո՞ւ ավելի շուտ չէր հարձակվում պատերազմով։ Էն ժամանակ՝ երկու հազարականներին, երբ նավթի գինը ամենից բարձր դիրքի վրա էր, Ադրբեջանը միլիարդներ էր ստանում, Հայաստանում էլ, ինչպես դու ես ասում, թալան էր, բա ինչո՞ւ չէր հարձակվում, ու հիմա, երբ նավթը նվազագույն շեմին է, Հայաստանում էլ քո պես հզոր ղեկավար է, ինչու՞ հարձակվեց։ Մարդիկ երկիր են ղեկավարել, բանակ են հզորացրել, Ալիևը տեսել է, որ չի կարող հարձակվել, չի հարձակվել, 2016-ին հարձակվեց, տեսավ չի կարող շարունակել, դադարեց։ Բանակ են սարքել, բանակ են տվել քեզ, զարգացող երկիր են տվել քեզ ու դու էդ տարածաշրջանում ամենամարտունակ բանակը թողեցիր անտառներում, դարձրիր վրանների մեջ քնող խմբեր, ավերակ ու թշնամու մոտ անցած զորամասեր։ Ռազմական բալանսը դու ես խախտել, այնպես ես տապալել, որ էլ ասելու չի։

Ամենալկտի ստերով ամեն անգամ փորձում է թոզ փչել ձեր աչքին, ժողովուրդ, թե թալանել են, դրա համար պարտվել ենք։ Ստում է, թե երկուսուկես տարվա ընթացքում չի հասցրել բավարար չափով թալանված գումարներ հետ բերել և պատշաճ պատրաստվել պատերազմին։ Այս նախադասության մեջ ստում է ոչ մեկ անգամ։ Նախ՝ վերադարձնեիր թալանը, միշտ ասել ես, որ բացեիբաց լափում են, հետո եկար ասացիր՝ էնպես ծածուկ են լափել, որ չեմ կարողանում բռնել։ Մի մտքում ասում ես, որ 2013 թվականից դիվանագիտական ճանապարհով լուծում չկար, այսինքն՝ պատերազմ էր լինելու, բայց զուգահեռաբար բյուջեի փողերը շռայլ ծախսում ես թռիչքների, ռեմոնտների, ինքնաթիռ ներկելու, պարգևավճարների վրա։ Բա դա թալան չէ՞։ Ասում է, թե չենք կարողացել բավարար չափով զինել բանակը և պատրաստվել պատերազմի։ Այնինչ նույն Փաշինյանը 2019թ․ դեկտեմբերի 31-ի ուղերձում, 2020թ․ հունվարի 28-ին ասում է, որ մենք փակել ենք 80-ականների զենքերի էջը, մենք այնքան ու այնպիսի զենք ենք բերել, որ ուղղակի կկործանի թշնամուն։ Հուլիսյան ռազմական գործողություններից հետո թշնամուն հաթաթա էիր տալիս, թե՝ էլ չշշկռվեք, մեր օդը պաշտպանված է և այլն․ այս պատերազմից ուղիղ երկու օր առաջ ասում էիր, որ մենք ամեն կարգի զինվել ենք ու ջախջախելու ենք։ Ու հիմա ասում ես չկարողացանք պատշաճ պատրաստվե՞լ։ Հիմա պատրա՞ստ էինք, թե՞ ոչ, մարդ սրանից բան չի հասկանում։ Cу-30СМ-ները գնելու ժամանակ մենք վերլուծություն հրապարակեցինք, որ մեր բանակի համար դա անօգուտ է։ Հովհաննիսյան Արծրունը լավաշ հոդվածով արձագանքել էր, թե Yerevan.Today-ում սխալ վերլուծություն է արվել։ Արծրուն, ասա տեսնեմ, թե էդ անտեր սամալյոտով ինչի՞ն ես խփել։ Ասում էիք՝ Ադրբեջանը օգտագործել է իր զինանոցի բոլոր զինատեսակները։ Հա բա այդ «անխելք» ու «ոչխար» թշնամին էնպիսի զենքեր էր առել, որոնք պետք էին գալու, ոչ թե ձեզ պես, սելֆիի ու օժիտի զենքեր ու կլումնիկ։

Ու հիմա էսքանից հետո ձեզ լռեցնելու համար մարդը նոր բան է հորինում՝ մի խոսեք, որ գերիներին կարողանանք վերադարձնել։ Նիկոլ Փաշինյան, դու մեր հողը տվել ես թուրքերին՝ մարդկանց հետ միասին, մարդիկ տանը նստած գերի են ընկնում։ Քո պահած ԱԱԾ-ն ժողովրդին ասում է քո երկրի էսինչ հատվածում արագ քշի, որ գերի չընկնես։ Դու հասկանո՞ւմ ես ուր ես տարել, ինչ ես սարքել աշխարհի նախկինում ամենաանվտանգ երկիրը։ Դու որևէ գերի չես բերել, բերել է Ռուսաստանը։ Դու կապ չունես, չես էլ կարող, ի՞նչ մի գործարք ես առաջարկում, բոլորը վրադ խնդում են։

Դու մեզ ամեն անգամ վախեցնում ես պատերազմով, այ եթե Սյունիքը չտամ, պատերազմ կլինի, եթե սա չտամ պատերազմ կլինի, Սոթքը չտամ պատերազմ կլինի։ Ու մի՛ փնտրիր այլ մեղավոր, մեղավորը դու ես, քո քայլարածների ծաղկեփնջի հետ, որը սարքեցիր ծաղկեպսակ։

Կարճ ասած՝ անկեղծորեն ափսոսում եմ ու զզվել եմ, որ ամեն անգամ ստիպված եմ անդրադառնալու էս կերպարին, երկրում թողած լիքը բան ու գործ, քայքայցված երկիր, քեզ անդրադառնամ։ Բայց քանի դու էդ պաշտոնին ես, մեր բան ու գործը դու ես, առանց քո հեռանալու, ոչ մի հարց հնարավոր չի լինելու լուծել։ Վատ չե՞ս զգում, որ ամեն անգամ բան ես խոսում-գրում, 10 հատ հակափաստ են բերում, հերթական անգամ խայտառակ ես լինում։ Անգամ թիմիդ անդամներն են քո ամեն խոսքից ու գրառումից վախենում, մոմ են վառում, որ էլ չխոսես, միայն իրենց հանգիստ թողնես ու հեռանաս, նրանք ել պրծնեն քեզանից։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ