30 09 2020

«Կարճ ասած»․ Ո՞ւմ է պետք արձագանքը, որն ունի զրո ազդեցություն



Արցախում պատերազմական այս իրավիճակում ամենատեսանելի բաներից մեկը միջազգային արձագանքն է։ Մեր բարեկամ երկրները, արտասահմանյան տարբեր կազմակերպություններ, քաղաքական և այլ գործիչներ, պատգամավոր-նախարարներ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ են անում, Սփյուռքը, այնտեղի գրասենյակներն աջակիցների են համախմբում և հանդես գալիս հայտարարություններով։ Դատապարտում են Ադրբեջանին, Թուրքիային՝ պատերազմ հրահրելու և մասնակցելու համար, պահանջում են հետ քաշվել, աշխարհից էլ դատապարտում են պահանջում։ Բայց դա անում են անհատները։ Ի՞նչ են անում պետությունները, միջազգային կառույցները, արդյո՞ք բավարար են նրանց քայլերը։ Եկեք անդրադառնանք դրանց։

Բազմաթիվ պետություններ հանդես եկան հայտարարություներով ու հիմնականում չեզոք դիրք են բռնում, կոչ են անում դադարեցնել կրակը։ ԱՄՆ-ն կոչ է անում, Մեծ Բիտանիան կոչ է անում, Գերմանիան կոչ է անում, բոլորը կոչ են անում։ Հետո՞։ Ո՞ւմ են այսօր պետք այդ կոչերը։ Ընդ որում, կոչ են անում կողմերին՝ լավ իմանալով, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ Արցախի տարածքում։ Մենք արձագանք ենք ակնկալում ոչ թե կոչերով, այլ՝ գործողություններով, լծակներով, ագրեսոր Ադրբեջանի դեմ մանր ու մեծ պատժամիջոցներով։

Թե բա՝ կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ․․․ ու երկար լոլոներ։ Իսկ չգիտե՞ք՝ ով է սկսել։ Իսկ գուցե ձեր՝ տարիներ շարունակ երկկողմ անիմաստ կոչե՞րն են հասցրել այդ լկտիությանը։ Ոչ մի անգամ չեք դատապարտել հասցեական, ամեն անգամ, երբ Ադրբեջանի կրակոցից զինվոր է զոհվել, վիրավորվել, ուղղաթիռ են խփել, կողմերին եք կոչ արել հանդարտվելու։ Ո՞վ չգիտի, որ 1991 թվականից մինչ էսօր եթե եղել են լայնամասշտաբ կամ փոքրամասշըտաբ բախումներ, դա կազմակերպել է միայն Ադրբեջանը։ Միա՛յն։ Եվ բացատրեմ, թե ինչու։ Որովհետև Արցախն ու Հայաստանը որևէ պատճառ չունեն սադրելու, առավելևս՝ պատերազմ սկսելու։ Իմաստ չկա․ ինչ պետք է ազատագրեինք, ազատագրել ենք և հիմա ուզում ենք հանգիստ ապրել։ Այս անգամ՝ Թուրքիան է միջամտում, հրահրում, սադրում, գուցե հենց ինքն էլ պահանջել է Ադրբեջանից հարձակվել։ Բա ձայն հանեք, այ միջազգային հանրություն։ Թուրքիան այսօր աչքի փուշն է աշխարհի։ Նրան տրված միջազգային պատասխանը համարժե՞ք է։ Կարծում եմ՝ ոչ։

Աշխարհը շատ հաշվենկատ է, էգոիստ, կարևորը սեփական երկրի շահերն են ու փողը։ Ոչ մի մարդկային հարաբերություն։ Ոչ մի ժողովրդավարական արժեքների մասին չկա էլ խոսք։ Միայն իրենց շահերը՝ նավթային շահեր, գազային շահեր, քաղաքական խաղիկներ, տարածաշրջանում սրան գցել, նրան բարձրացնել, ջհանդամը, թե էդ շահերի խաթեր մարդիկ չեն զոհվի, նոր ցեղասպանություն չի լինի։

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն Արևմուտքը ողջունեց, առ այսօր իրենց զեկույցներում Հայաստանի մասին առաջընթացներ են գրում ու ցույց տալիս, Ադրբեջանին՝ ընդհակառակը՝ անկում մարդու իրավունքների հարցերում, ազատությունների հարցերում ու զանազան այլ հարցերում։ Լավ, բա երկրին, որին այդքան ողջունում էիք, էսօր էդ ձև եք սատարո՞ւմ։ Ժողովրդավարությո՜ւն, ի՞նչ ժողովրդավարություն, հիմա կասեն նրանք։ Ստացվում է, որ այսուհետ այդ բոլորի ոչ մի գնահատական կոպեկի արժեք չունի, եթե լուրջ դեպքերում այստեսակ երկակի և լղոզված են դրանք։

Միջազգային կառույցներն են արձագանքել՝ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլն, նիստեր են արել, բանաձևեր են ընդունել ու ի՞նչ՝ կոչ են անում։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց է կիրառել ու ի՞նչ՝ կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք հանգեցնում են քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի խախտմանը: Մի հատ էլ ասում են, որ կարճ ժամանակում զեկուցեք արդյունքների մասին։ Էդ որոշումից ժամեր անց մարտակերտում Ադրբեջանի հրետակոծությունից քաղաքացիական երեք անձ է զոհվել։ Հիմա ուզում եք ասել Ադրբեջանը թքած չունի՞ ՄԻԵԴ որոշման վրա։ Վարդենիսի վրա ո՞վ էր կրակում։ Ինչո՞ւ եք Հայաստանին ու Ադրբեջանին դիմում, եթե տեսնում եք, որ Արցախում ընդամենը պայքարում են գոյության համար, իրենց հողերը թշնամուն չտալու համար, մարդիկ առաջ չեն գնում, ուղղակի չեն նահանջում։

Եվ ուրեմն եկեք էդ անիմաստ բաները թարկենք, թե՝ հեսա միջազգային կամ եվրոպական կառույցները մի բան կանեն․ սուտ բաներ են։ Իհարկե՝ միամիտ կլիներ մտածել, թե աշխարհը միաբերան քննադատելու է Ադրբեջանին ու մատ թափ տա, բայց եթե անգամ քննադատում է, ի՞նչ օգուտ։ Երկու ամսում երկրորդ պատերազմն է՝ մեծ ու փոքր․ հուլիսին ի՞նչ արեցին։

Աշխարհը խառն է կորոնավիրուսով, Բելառուսով, Սիրիայով, տո էլ Նավալնիով՝ Տիխանովսկայայի հետ․ ու վերջ, ժամանակ չունի։

Հայաստանում կան շատ երկրների դեսպանություններ, միջազգային կառույցների գրասենյակներ և հուսամ՝ նրանց կհասնեն բազմաթիվ խոսքերի հետ միասին՝ նաև իմ այս խոսքերը։ Անատամ հայտարարություններով դուք պատերազմ չեք կարող կասեցնել։ Ու մեզ մոտ հարց է ռաջանում․ իսկ կասեցնելու նպատակ ունե՞ք, ընդանհրապես։

Մի ուրիշ ծայրահեղություն էլ կա։ Հաղորդագրություններ են ուղարկում՝ ԱԺ պատգամավոր այսինչյանը հանդիպել է Մադագասկարի, Բահրեյնի, Լյուքսեմբուրգի, սրա-նրա հետ ու քննարկել․․․ Դրա իմաստը ո՞րն է։ Քանա՞կ եք լրացնում, հա 100 երկրի զանգել խոսել եք։ Բայց արդյունքը հո դրանից չի կախված։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանին օգնում են Թուրքիան, Իսրայելը, Պակիստանն ու Աֆղանստանն էլ իր հերթին են գրոհայիններ ուղարկում։ Մենք հարցը քննարկում ենք ինչ-որ երրորդ կարգի երկրների հե՞տ։

Կարճ ասած՝ պետք է հասկանալ՝ ում դիմել, ումից օգնություն ակնկալել, ով է մեր իրական դաշնակիցը։ Մեզ քաջալերում ենք, որ ԱՄՆ-ն արձագանքեց, Գերմանիան արձագանքեց, ՄԱԿ-ն ու Եվրադատարանն արձագանքեցին, բայց դա ունի զրոյական նշանակություն։ Այս հարցը լուծողը պարզ է, տեղն էլ գիտենք՝ ո՞վ է, բայց մեկ է, ընկել՝ թիթեռ ենք նկարում, ինչպես խաղաղ ժամանակ էր։ Այն ժամանակ երևի թե կարող քինք մեզ թույլ տալ սխալվել, բայց հիմա, կարծում եմ, էլ չենք կարող։ Իհարկե՝ մեր ուժն ու հույսը աշխարհասփյուռ հայ ժողովուրդն է, մեր քաջ տղերքն են, մեր բանակը և մեր ռազմական ղեկավարությունն է, առաջին հերթին։ Շատ լուրջ ու կարևոր գործ են անում տեղեկատվական պատերազմում կռիվ տվողները, լրագրողները, վերլուծաբանները, մեր հայ հաքերները, սոցցանցային առաջամարտիկները։ Բայց այս օրով քաղաքական ղեկավարներն ու դիվանագետները նույնպես պարտավոր են ժամացույցի պես աշխատել ու արդյունք բերել։ Այդ բոլորը միասին որ արվի, ու արվի ճիշտ ու լավ, վստահաբար կարող ենք ասել, որ մենք ենք հաղթելու։ Իսկ որ հաղթելու ենք, անկասած․ մնում է այսպես կպած առաջ գնանք, միասին, միասնական։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ