05 08 2020

«Կարճ ասած»․ Ամուլսարի հարց․ մոտենո՞ւմ է իշխանության վերջը



 

Հայաստանում հերթական պայթյունավտանգ իրավիճակն է ստեղծվել, այս անգամ՝ Ամուլսարում։ Խնդիրը բոլորովին նոր չէ, այն պարբերաբար թեժանում է, հետո մարում, հետո էլի թեժանում։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, ամբողջ տարվա ընթացքում չկար դեպք, երբ ոստիկանությունն ու քաղաքացիները լուրջ բախվեին, մանր բաներ էին լինում սովորաբար։ Ոստիկանները մեր քույր-եղբայրներն էին։ Հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մի քիչ խորացավ գործի մեջ, հետո մի քիչ ավելի շատ խորացավ վայելքների մեջ, ու դա իրեն շատ դուր եկավ, հասկացավ, որ ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ պաշտոն, կեր-խմի-քեֆ արա, Հասան ջան։ Ու քանի որ իր գործունեության ու նաև անգործության արդյունքում խնդիրները մեր երկրում շատանում էին, մարդիկ էլ դուրս էին գալիս փողոց, որոշեց, որ ոստիկանը որքան էլ մեր եղբայրն է, բայց կողքից կախած մահակն ի զուր չէ, երբեմն պետք է դնգստել չհնազանդվող՝ ինչ-որ շատ հպարտացած քաղաքացուն։ Մենք տեսանք դա Իջևանում, ՀՅԴ երիտասարդների դեմ արշավում, Կապանում, հիմա էլ՝ Ամուլսարում։

Ամուլսարի շուրջ ուղիղ երկու տարի պահպանվող լարված իրավիճակը պայթեց։ Եղան բախումներ ոստիկանների հետ, մարդիկ բերման ենթարկվեցին։ Ինչպես նախկինում, այս անգամ էլ հատկապես ակտիվ էին քաղաքացիական հագուստով ոստիկանները։

Ո՞վ է, ի վերջո, Ամուլարի խնդրի պատասխանատուն։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, մարդը հստակ հայտարարություն արեց, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է հասցնել նվազագույն մակարդակի։ Այդ ժամանակ Ամուլսարի շուրջ ցույցեր սկսեցին, մարդիկ փակեցին մուտքն ու թույլ չտվեցին աշխատել։ Հենց Վայոց Ձորում ասուլիս եղավ, Նիկոլ Փաշինյանը գնաց-մասնակցեց, մտածեց-մտածեց ու որոշեց, որ պետք է պետբյուջեից 400 հազար դոլար գումար հատկացվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կրկին գնահատելու համար։ Արվեց, լուրջ բան չգտնվեց, բայց հանքը չաշխատեց։

Սա հերթական խնդիրն է, որը կապ ունի բացառապես այսօրվա իշխանության գործունեության հետ։ Նախկին իշխանությունը, օրինակ, ասում էր՝ պետք է հանքը աշխատի, ու մարդիկ հաշտվել էին այդ մտքին։ Իսկ Փաշինյանը որդեգրեց երկու կողմերին էլ ցրելու գործելաոճ։ Մի դեպքում ասաց, թե չշահագործելու հիմք չկա, բայց նաև ասաց՝ եթե հանկարծ պարզվի․․․ սա մի կողմին հույս էր տվել մտածելու, որ հանքը շահագործվելու է, մյուս կողմին՝ հակառակը։ Ու երկու տարի քթներից բռնած տանում-բերում է խնդիրը։ Իսկ օգոստոսի 4-ին, երբ հանքի շուրջ իրար ծեծում էին, ո՛չ վարչապետ կար, ո՛չ շրջակա միջավայրի նախարար։ Վարչապետի թասիբը տեղի ոստիկանապետն էր պահում, թե՝ էդ ո՞վ ա Նիկոլին ասում մուտիլովչիկ։ Կներեք, իսկ այս ամենից հետո էդ տեսակ մարդուն ուրիշ ո՞նց են ասում։

Ինչո՞ւ երկու տարի շարունակ Փաշինյանը չկարողացավ այս հարցը լուծել։ Եթե այդպես «ժողովրդական» վարչապետ է, թող որոշում կայացնի, չթողնի շահագործել, «Լիդիան» ընկերությանն էլ ուղարկի միջազգային արբիտրաժներում վիճարկելու․ դա էլ ինչ կլինի՝ կլինի․ կարևորը՝ ժողովուրդը չի ուզում։ Բայց ո՛չ․ այսօրվա Հայաստանի տնտեսության հիմնական եկամուտը հենց հանքարդյունաբերությունից է։ Փաշինյանը իշխանափոխության սկզբում հայտարարեց, որ Հայաստան են գալու ճամպրուկներով գումարներ, լիքը ներդրումներ, Հայաստանը ծաղկելու է, հանքերն էլ կմնան սերունդներին։ Հա, բա չէ․ խաբեց դարձյալ։ Երևի մտածում էին «Լիդիանի» վրա էլ էդ դեպքում մի կեղտ կբռնեն ու գործունեությունը կդադարեցնեն։ Ու սկսեց սպասել այդ երջանիկ ապագային։ Բայց մոռանում էր, որ ներդրումն ու հեղափոխությունը, ներդրումն ու պատին ծեփելը, բինզնեսը խուզարկել-փակելը, դատարաններ քարշ տալը հակադիր բևեռներում են։ Արդյունքում, ինչպես որ սպասելի էր, բիզնեսի արտագաղթ տեղի ունեցավ, ներդրումները խիստ պակասեցին, տնտեսությունը կանգ է առնում, եկամուտները թերակատարվում են, գյուղատնտեսությունը, արտաքին առևտուրը, ծառայությունները, շինարարությունը անկում են ապրում, ու իշխանությունն էլ մնացել է վարկերի ու հանքերի հույսին։ Միայն հանքարդյունաբեությունն է, որ անշեղորեն աճում է։ Պղնձի, ցինկի, մոլիբդենի խտանյութի կորզումը աճել է 130-200 տոկոսով։ Ու հիմա ևս մեկ հանքի շահագործումը իշխանության համար փրկություն է։ Ամբողջ հարցը սա է։ Այսպիսի քանակի հանքերի շահագործում և ոչ մի իշխանություն չի արել, խնայել են, չնայած որ միշտ կոչվել են «Հայաստանի ընդերքը ահավոր օգտագործողներ»։

Նիկոլ Փաշինյանը չէր ուզում որևէ կողմին կորցնել, նրանք իր համար քվե էին, վարկանիշ ապահովող, ուզում էր բոլորին դուր գալ, բայց չկարողացավ։ Հիմա այն, ինչ ապրում են բոլոր կողմերը, հիասթափությունն է։ Նիկոլ Փաշինյանի միակ ելքն էլ թեմայի շուրջ, դարձյալ չքանալն է, մինչև առաջիկայում նոր թեմա կբացվի ու էլի ժամանակավոր կմոռանան Ամուլսարի թեման։

Հարց են տալիս՝ բա  ուր են ակտիվիստները, նախկին հասարակական գործիչները, պատգամավորները, ինչո՞ւ ժողովրդի կողքը չեն։ Նրանք չկան, չեն էլ լինի։ Նրանք հիմա ստանում են բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, ինչո՞ւ գան փոշոտ ճամփեքի վրա շոր կեղտոտեն։ Սա հերթական հարցն է, որտեղ քաղաքացին խաբվել է, ընդ որում՝ խաբվել է թե՛ ներդրողը՝ «Լիդիանը», թե՛ ակտիվիստները, թե՛ համայնքների բնակիչները, թե՛ աշխատողները։ Ամեն մեկը մի շահ ուներ, մեկի մոտ ընտանիքը պահելու շահն էր, մյուսի մոտ բնությունն ու քաղաքը պահելու շահն էր, երրորդի մոտ՝ բիզնես անել-հարստանալու։ Միայն օգտվեց Փաշինյանը, որը քվե ստացավ, որովհետև բոլորին իրենց ուզածը խոսք էր տվել՝ աչքերի մեջ նայելով, ու իր նույն տեքստերով։ Նիկոլ Փաշինյանը երկու տարի հա՛մ նալին է խփել, հա՛մ՝ մեխին, իսկ երեկ խփեց ինքն իր ոտքին։ Հիմա արդեն կամ պետք է ի վերջո կառավարությունը հստակ որոշում կայացնի, և ամեն մեկն իր անելիքը իմանա կամ էլ պետք է ոստիկանններին հանի փողոց, էլի տուրուդմփոց, էլի հարայ-հրոց, մինչև էլի մի քանի ամիս կառավարի։ Ամեն դեպքում, դեռ չի գտել մարդկանց, որոնց վրա կարող է պատասխատատվությունը գցել։ Ո՞վ գիտի, կարող է էս անգամ էլ ստացվի պլստալը։

Կարճ ասած՝ Ամուլսարի հարցը այս իշխանության բազմաթիվ հետաձգած հարցերից հերթականն է, իսկ ֆինանսական առումով՝ ամենամեծը։

Այս հարցը կարող է լինել իշխանության վերջը, որից հետո նոր միայն խնդիրը լուծում կստանա։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ