Թեև հանրության մեծ մասը, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընդգծված բացասկան կարծիք ունի, սակայն դա էլ է տարբերակված․ մարդիկ կան, որ մտածում են, թե իրոք խեղճ հարիֆ է, մարդիկ կան, որ մտածում են՝ անկարող էր ու ամեն ինչ պրավալ տվեց․ մարդիկ էլ կան, որ մտածում են՝ ո՛չ հարիֆ էր, ոչ էլ պրավալ է տվել, ինչի համար եկել է (բերել են)՝ անում է։ Այս 6 տարիներին շատ բաներ կատարվեցին, որոնք հիմնականում այս թեզերի կողմնակիցների համար հիմնավորումներ են։
Բայց։ Դեռ վաղուցվանից, Նիկոլ Փաշինյանի գրչին են պատկանում նյութեր, որոնք ապացույցն են, որ պատերազմը, պարտությունը, Արցախի հանձնումը, Հայաստանի այսօրվա վիճակը, ոչ թե իրերի պատահական դասավորություն էր, այլ՝ հստակ ծրագիր։
Եկեք հիշենք` իշխանությունը ի՞նչ է ասում. ստիպված ենք հանձնել, որովհետև պարտվել ենք, պարտվել ենք, որովհետև, չնայած որ 2 տարվա իշխանություն էինք, հենց այդ ժամանակ պարզվեց` բանակ չկար, Ադրբեջանն ուժեղ էր, Թուրքիան հետն էր, Ռուսաստանը մեզ «գցեց», ստիպված Արցախը հանձնեցինք․ դա ձևակերպում են՝ չպաշտպանեցինք, որ Հայաստանը պահենք, գյուղ ու անկլավ ենք տալիս, որ պատերազմ չլինի և այլ բացատրություններ․․․
Այդ բոլորը անիմաստ են դառնում, երբ ընթերցում ես Փաշինյանի՝ ժամանակին գրած նյութերից հատկապես մեկը, որն էլ հենց ուզում եմ այսօր ձեզ ներկայացնել։ Շատ կուզենամ՝ այդ նյութը կարդան նաև այն քպականները, որոնք Փաշինյանի արդարացումները խելոք-խելոք կրկնում են՝ առանց խորանալու, որ իրենց ևս խաբել և խաբում է՝ օգտագործելով իր վաղուցվա նպատակների, գուցե հանձնարարականների իրականացման համար։
Գործընկերներիցս են արխիվում գտել Նիկոլ Փաշինյանի այդ հոդվածը՝ հրապարակած իր ընտանեկան թերթում՝ 2001 թվականի մայիսի 23-ին։ Թիվը հիշեք՝ 2001 թվական։
Հոդվածը վերնագրված է «Մենք ու մեր շահերը»։ Երկու բառով ձևակերպեմ ասելիքը, որպես նախերգանք․ Նախ կարդում ենք ու հարց է առաջանում, թե այդ «մերը» ովքեր են, քանի որ նրանում հայկական շահը չենք գտնում։ Օրինակ, նա համարում է, որ հայի չուզողություն է այն, որ Հայաստանի այդ օրվա ղեկավարությունը Հայաստանի տարածքի մի մասը չի ծառայեցնում Թուրքիայի, Ադրբեջանի, ու ԱՄՆ-ի շահերին և հնարավորություն չի տալիս Թուրքիային ու իր դաշնակից ԱՄՆ-ին օգտվել Հայաստանի տարածքների մի մասից և դուրս գալ Կենտրոնական Ասիա։
Ի՞նչ է գրում․ «Մեղրիի հարցի մուտքը օրակարգ, եթե արտահայտվելու լինենք կենցաղային լեզվով, հայի չուզողության հետեւանք է: Ավելի ճիշտ, չուզողությունը պետության քաղաքականության հիմքում դնելու հետեւանք: Թուրքերը գիտեն ինչ են ուզում. նրանք ուզում են դուրս գալ Կենտրոնական Ասիա, ու եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում հավակնություններ ունեցող որեւէ այլ դաշնակից չունի, ստացվում է, որ ի դեմս Թուրքիայի, Կենտրոնական Ասիա է ուզում դուրս գալ ԱՄՆ-ը»։
Այստեղ, կարծում եմ, ամեն բան հստակ է նշված, երկրորդ կարծիք էլ չի կարող լինել․ մենք՝ հայերս, չուզողություն ենք անում, որ մեր տարածքով Թուրքիային, իսկ իրականում՝ ԱՄՆ-ին Կենտրոնական Ասիա դուրս գալ չենք թողնում։ Ո՞րն էր մեր շահը․ այստեղ չկա․ տեսնենք հետո ինչ է գրում, գուցե հետագայում է բացահայտում․․․
«Հայաստանը չգիտի, թե ինչ է ուզում: Հայաստանը գիտի միայն, որ ամեն ինչ պետք է անի՝ Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա խոչընդոտելու համար, որովհետեւ այդպես ձեռնտու է Ռուսաստանին ու նորերս մեր բարեկամը դարձած Չինաստանին: Ու ԱՄՆ-ը մտածում է, եթե ՀՀ-ն անտեսելով սեփական շահը իր ողջ տարածքը ծառայեցնում է Ռուսաստանին, ի՞նչն է խանգարում, որ մի փոքր, չափազանց փոքր տարածք ծառայի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերին: Այդ փոքր տարածքը Մեղրին է, ու եթե այդ միջանցքի գաղափարն իրականանա, Հայաստանն այլեւս չի կարող խանգարել Թուրքիային եւ ԱՄՆ-ին, քանի որ կդադարի աշխարհքաղաքական գործոն լինել: Հիմա Հայաստանը աշխարհքաղաքական գործոն է, ու լուրջ գործոն․․․»։
Սա գրում է երիտասարդ Փաշինյանը, սակայն հատկապես այս հատվածից շատ ավելի են խորանում կասկածները՝ այս երիտասարդ գործիչը իրո՞ք Հայաստանի շահերի մասին է մտահոգ, թե հենց ԱՄՆ-Թուրքիայի։ Չէ՞ որ ուղիղ ասում է՝ Հայաստանը հիմա, այսինքն 2001 թվականին, գործոն է և կդադարի այդպիսին լինել ԱՄՆ-Թուրքիա՝ Կենտրոնական Ասիա մուտք գործելու բաղձալի գաղափարը իրականանալուն պես․․․ այստեղ ցանկացած հայ կմտածի՝ բա էլ ինչու՞ ենք չուզող․ չուզող ենք, որովհետև իրենց պլանը չի իրականանու՞մ, մենք էլ գործո՞ն ենք, լուրջ գործո՞ն․․․
Լավ, եկեք շարունակենք ընթերցումը, տեսնենք էլ ինչ մտավարժանքներ է անում, հեռավոր 2001 թվականին։
«Իհարկե ոչ ոք երբեք անվերապահ չի տրվում իր հարևանների ծրագրերի իրականացմանը, և փորձում է դրանք համատեղել սեփական շահերի հետ: Մեր դեպքում, սակայն, զավեշտն այն է, որ Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»:
Այստեղ, արդեն, երիտասարդ Փաշինյանը հակադրում է ռուս-չինական շահը, ըստ իրեն, թուրք-ամերիկյան շահին․ սակայն դեռ չի երևում մեր շահը որն է, մեկի շահը մերժենք, ու էլի՝ ըստ իրեն՝ սպասարկենք մյուս տանդեմի շահը․․․
Ու շարունակում է․ «Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում»:
Գիտե՞ք, այս բառերը կարդալուց ինչ տեսարան մտքիս եկավ․ կարծես այս երիտասարդ գործչին, շատ ավելի հասուն ու փորձառու մարդիկ, ներողություն՝ կուտ են տվել, բացատրել են, որ ճիշտ կանի, որ ամեն օր հոր գրպանից փող, մոր մատանին դարակից գողանա բերի իրենց տա, իր հետ կընկերանան, կպաշտպանեն էն «չար» ու իրեն նեղացնող հայաթի տղերքից ու առհասարակ ճիշտը դա է, տան փողը պետք է բերել ու կիսվել հենց իրենց հետ, թե չէ չուզողություն է, եթե չանի․․․ իսկ տանից վերցված թե՛ փողը, թե՛ մոր մատանին, տղաները ասել են, հետ ենք տալու, դնես տեղը՝ հարյուր տոկոս, չկասկածես։ Սա էլ չի կասկածում, համ էլ հո չուզող չէ՞։
Ըստ խմբագիր Փաշինյանի վստահ համոզման, ինչի ենք դե՞մ որ, որ մեր տարածքը տանք թուրքերին ու ադրբեջանցիներին իրար հետ կապվելու համա՞ր։ Էս ի՞նչ պետական չուզողություն է։ Միջա՞նցք են ուզում, խնդիր չկա, թող վճարեն, գնան-գան, հենա, սաղ աշխարհում ընդունված ա, էդ ի՞նչ ա, որ չվճարեն։
Այստեղ, բայց, եկեք հիշենք, որ իր ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը՝ ճանապարհների մասին, Նախիջևանի ու Ադրբեջանի միջև Հայաստանով հաղորդակցության մասին է, Նիկոլին հենց դա՛ է դեմ տրվել, հենց դա էլ մեր արդեն հասունացած նախկին երիտասարդը ստորագրել է։ Կարծում եք, ստիպվա՞ծ է ստորագրել։ Այդպես են մտածել, վստահ եմ, շատերը, նույնիսկ իր քպական ընկերները։ Հետաքրքիր է՝ հիմա՞ ինչ են մտածում, երբ կարդան, որ ինքը այդ մասին ասում է դեռ 2001 թվականից։ 2001 թվականին գրում է՝ կոմունիկացիաների բացումը լավ գաղափար է, բայց քոչարյանենք կոմունիկացիան բացելը շփոթում են հողը հանձնելու հետ: Թե որքանով Քոչարյանը Մեղրիում հող հանձնեց, տեսանք․ հողը ոնց կար էդպես էլ մնաց․ ավելին՝ հետագայում լիքը ճանապարհներ ու մայրուղի սարքեց՝ էլ ավելի ամրացնելով անվտանգային համակարգերը։
Բայց սա, գրել է մարդ, որը հա՛մ իբր ստիպված պատերազմ կրվեց, հա՛մ հողերը հանձնեց, ստիպված նույն Քոչարյանի սարքած մայրուղին հանձնեց ու հիմա իբր էլի ստիպված է միջանցք տալ։
Ի միջի այլոց, կոմունիկացիաներից այսօր ոչ ոք չի էլ խոսում, բոլորը խոսում են հենց միջանցից։ Դեռ 23 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը գրում էր, որ եկեք չուզողություն չանենք, միջանցք բացենք, թե չէ, ըստ նրա Հայաստանն ընդհանրապես կվերածվի փակուղու: Կարդանք։
«Իսկ քանի դեռ սա տեղի չի ունեցել, մեզ պատմական շանս է տրված դառնալ այս տարածաշրջանի սիրտը, արեւմուտքի ու արեւելքի հատման կետը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Այդ շանսը օգտագործելու համար պետք են հետեւյալ պայմանները։
Հաղթած երկրում ապրող թերթի խմբագիրը նյութ է գրում 2001 թվականին Հայաստանի տարածքի մի մասը թշնամուն ծառայեցնելու մասին ու դա մեր շահն էր բնութագրում։ Դրանից տարիներ անց էլ, արդեն պատգամավոր Փաշինյանը գիրք էր գրում հողերը հանձնելու անհրաժեշտութան մասին։
Մենք կարող ենք վերլուծել, թե ինչու այսինչ բանն այսպես եղավ, որտեղ ուժը չհերիքեց, որտեղ սխալվեց, բայց մենք ունենք փաստ՝ այսօր կատարվում է այն, ինչ դեռ 2001 թվականի մայիսի 23-ին գրվել է նույն անձի կողմից։ Խմբագիր Փաշինյանը սա էր գրում, իսկ վարչապետ Փաշինյանը անվտանգության երաշխիքի հարց անգամ չի քնարկում, այլ ասում է՝ մենք՝ երեք երկրներս, ունենք իրար կարիքը, էլ ինչ երաշխիք։ Վաղը որ էդ ճնապարհից էն կողմ կտրի, Նիկոլ վարչապետի համար ընդամենը մեկ առիթ կլինի, որ մեղադրի բոլորին, թե՛ էն հայաթի տղերքին, թե՛ մյուսներին անպարկեշտության մեջ։ Ընդամենը։
Դարձյալ ընթերցենք, ուշագրավ բան է գրում հեղինակը՝ «Պետք է գիտակցել, որ Հայաստանը կարող է ունենալ ռուսական շահերից տարբերվող շահեր»։ Վստահ եմ, որ այդպես էլ եղել է, բայց իր այս մեկ նախադասությունը ինչպպե՞ս է բացվում․ այն, որ Հայաստանը չի կատարում Ադրբեջանի ու Թուրքիայի երազանքը և չի տալիս ճանապարհ Թուրքիային, Ադրբեջանին, ուրեմն դա ռուսական շահ է։ Ուշադրություն դարձրեք, սա նա գրել է 2001 թվականին։ Այսինքն, դառնում է, որ երբ մենք հաղթել ենք, Արցախ ենք պահել, զարգացել ենք առանց որևէ բան զիջելու, դա ռուսական շահն էր, ու էն որ սաղ հանձնում ենք, պաշտպանությունից հրաժարվում ենք, գազից էլ հրաժարվենք, թուրքերից այդ ամենը ակնկալենք, այ դա մեր իրական շահն է։ Չէ՞ որ մեզ համոզում են, որ մենք որ հաղթած ապրում էինք, դա մեր շահերից չէր, ռուսի շահերից էր, դա վատ էր, այ որ հիմա ընկած խաղաղություն ենք մուրում Ալիևից, այ դա է մեր շահը։ Որ թուրքերին հող ու միջանց չէինք տալիս, դրա մասին անգամ չէին էլ բարձրաձայնում, այնքան հեռու էր իրենց համար այդ ժամանակ, չուզող էինք, ռսի ստրուկ էինք, այ որ հիմա սուս փուս հող ենք տալիս, ինքնիշխան ենք, ու որ միջանցքն էլ տանք, վստահ են, որ վարձատրելու են, ինչպես ընդունված է աշխարհում։ Սա լրագրող Փաշինյանի, խմբագիր Փաշինյանի, դեպուտատ Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի դիրքորոշումն է։
Այս հոդվածը ինձ կրկին բերում է այն համոզմանը, որ այս ամենը կոնկրետ թուրքական ծրագիր է։ 2001 թվականից տեսեք ինչքան բան է փոխվել ամբողջ աշխարհում, բայց էս ծրագիրը անշեղորեն գնում է, թուրքական գաղափարներն ու ծրագրերը չեն փոխվում, որքան էլ անունը այլ դնենք՝ խաղաղության խաչմերուկ, միջանցք, հարևանների հետ լավ լինել, իսկ հակառակը՝ չուզողություն, ռսի ստրուկ, տակներս դրած ական, իրականությունը մեկն է՝ սա թուրքական-արևմտյան ծրագիր է, դեռ վաղուցվանից պլանավորած, կոնկրետ անձով։
Ստացվում է՝ Նիկոլը էս թուրքական ծրագրով լրագրող է աշխատել, թերթեր է տպագրել-տարածել, անկարգություններ հրահրել, փախել, պախկվել, նստել, հետո դուրս եկել, ինչ-որ լուրջ օգնությամբ դարձել ՀՀ ԱԺ-ում պատգամավոր, հետո գծած եկել-դարձել վարչապետ։ Ու արդեն 6 տարի է՝ ունի այն բոլոր լծակները՝ իրականացնելու այն, ինչ գրել է։ Հիմա նրանք, որ պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը ծրագիր է իրականացնում, արդյո՞ք 2018 թվականից ի վեր տեղի ունեցող գործընթացները՝ բանակի վարկաբեկումը, հետո քանդումը, Քոչարյանի կալանքը, բանակցությունները տապալելը, պատերազմ բերելը, պատերազմը կրվելը, կապիտուլյացիոն փաստաթուղթը, 5 հազար զոհը, հետո հանձնումները, այսօրվա հանձնումները սրա մեջ չեն տեղավորվում։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն այս ամենը չի անում, որովհետև ստիպված է, այլ անում է, որովհետև դա էր ծրագիրը ի սկզբանե, որի մասին ինքն էր հենց խոսում։ Նիկոլ Փաշինյանն, ու իր հովանավորները, ամեն ինչ արել են, որ հասնի իշխանության․ փորձերից մեկն էլ մարտի 1-ն էր։ Նա, կարող ենք արձանագրել, հենց լավ էլ եկել է նրա համար, ինչ կոնկրետ արել է 2018 թվականից ի վեր։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը