03 06 2024

«Կարճ ասած»․ Ամոթ ա, երեխաները ի՞նչ կմտածեն



 

Ուզում եմ խոսել երկու ծնողի մասին, որոնք բնակվում են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Իրար հարևան են, երկուսն էլ ունեն տղա երեխա, 13 տարեկան, նույն դասարանում են սովորում։ Ծնողներից Սարգիսը այս տարի սկսել է մասնակցել բողոքի ցույցերին, Տավուշ էլ է գնացել։ Մյուսը՝ Վարդանը, չի մասնակցում ոչ մի ակցիայի․ այս իշխանությանը տանել չի կարողանում, հեռուստացույցով Փաշինյանին տեսնում է՝ ալիքը միանգամից փոխում է․ ուրախ կլինի, որ փոփոխությունը լինի երկրում, բայց ինքը ոչ մի բանի չի խառնվում։ Սարգիսը բացատրում է ակցիաներին իր մասնակցությունը այսպես՝ 5 տարի հետո տղաս բանակ է գնալու, վախենում եմ, որ Պապիկյանի պահած բանակում ծառայի։ Սրանից 3, 2 տարի առաջ ակցիաներին չէր մասնակցում․ որքան որդին մեծանում է, այնքան անհանգստությունը գլուխ է բարձրացնում։ Վարդանը, որ չի մասնակցում գործողությունների, ասում է՝ «դեռ 5 տարի կա մինչև տղայիս բանակ գնալը, էդ 5 տարում մի բան կլինի»։ Այդ «մի բան կլինի»-ն անտարբերների հիմնական ասելիքն է։ Մենք հասել ենք էս օրվան հենց դրա համար, որ գնացին, բերեցին «մի բան կլինի» արտահայտությամբ։ Ու եղավ։ Եվս 5 տարի այսպես շարունակվելու պարագայում ի՞նչ է լինելու այսօր 13 տարեկան տղաների վիճակը, որ պետք է գնան բանակ։ Սուրեն Պապիկյանը խաղաղություն է մաղթում երեխաներին ու անհոգ մանկություն․ էդ խաղաղությունը ես կարող եմ մաղթել, դու պետք է ապահովես, բայց՝ ոչ հանձնելու գնով։ Մարդկանց եմ ճանաչում, որ նիկոլական էին մինչև իրենց զավակի բանակ գնալը։ Երկու-երեք ամիս ծառայելուց հետո, երբ ամեն ամիս հսկայական գումար են ծախսում երեխային բաներ ուղարկելու վրա, երբ խոսք է գնում բոլոր սահմաններից հանձնելու մասին, հիմա, արդեն, փոխվել են ու սրտի տրոփով սպասում են երկրում փոփոխությունների։

Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր երկու օր առաջ․ ամբողջ համացանցում տարածվեց մշակույթի փոխնախարար Դանիել Դանիելյան կոչվածի՝ մարդուն ոչ վայել պահվածքը․ տավուշեցի երեխաներին արգելել էր ելույթ ունենալ Գյումրու միջոցառմանը։ Զուտ քաղաքական պատճառներով։ Շատ քննադատվեց և տեղին․ բայց սա ընդամենը մի փոքր վատությունն է էն ամենի համեմատ, որ երեխաներին արել է Փաշինյանը և իր իշխանությունը։

Իմ մտքից դուրս չի գալիս այն երեխայի նամակը Ձմեռ պապիկին, որ խնդրում էր հոր դին բերել․ Նիկոլ Փաշինյանի օրոք թշնամին մտել է, մեր հողերը օկուպացրել ու մեր տարածքում ընկած է մեր զինվորի դին արդեն երկու տարի։ Իմ մտքից չի հեռանում 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Ռաֆիկի որդին, որին չէին ասել հայրը զոհվել է, ասել էին՝ գնացել է հեռու տեղ աշխատելու ու ամեն օր լացում հորն էր ուզում։ Իսկ քա՞նի հազար երեխայի է Փաշինյանը զրկել հորից, մենք մի համերգի չեղարկումից ենք ապշում։

Կարենն ու տղան միասին էին մասնակցում 2018 թվականի հեղափոխությանը։ Տղան ավարտական դասարան էր։ Դեկտեմբերին գնաց բանակ։ Երեք ամիս էր մնացել, որ վերադառնար, Կարենը տղու համար ավտոմեքենա գնեց, որ գա քշի։ Երջանիկ էր, տղային էլ չէր ասել, բանտիկը վրան՝ ավտոն կանգնեցրել էր գարաժում։ Տղան չհասցրեց գալ, զոհվեց պատերազմում, դե էն որ Փաշինյանն ասում էր՝ Արցախը մեր սրբությունն է, պատերազմը մեր Սարդարապատն է։ Իրենց բերած Նիկոլը իրենց տղուն զոհ տվեց, որ իրեն չասեն դավաճան։ Հերը հիմա մասնակցում է բոլոր ակցիաներին՝ ասում՝ է իմ սխալն եմ ուղղում, որն ինձ համար ճակատագրական եղավ։ Ուզում եմ ուրիշներին բաժին չհասնի, ուզում եմ դավաճանները պատիժ ստանան։

Այս պայքարը, իշխանության համար չէ, սրբազանինը չէ, սա կենդանի մնացած երեխայի վաղվա համար է։ Միայն մեր ժողովուրդը, թերևս, ունի այդ խոսքը՝ մենք մերը լավից վատից ապրել ենք, մեր երեխաները գոնե, թող լավ ապրեն։ Ուրիշ տեղ չկա էսպիսի խոսք․ որովհետև բոլոր տեղերում էլ մարդիկ ամեն ինչ անում են այնպիսի պետություն կայացնելու, որ հա՛մ իրենք լավ ապրեն, հա՛մ երեխաները։

Այո, երեխաների հետ Գյումրիում վատ էին վարվել, բայց, մի տեսակ անտրամաբանական մոռանում ենք, որ շատ ավելի վատ են վարվել այդ նույն իշխանությունները այլ երեխաների հետ․ եղբայր կորցրած ու բլոկադա տեսած փոքրիկ Արսենի հետ ավելի վատ են վարվել, որը ամեն գիշեր սարսափից վեր է թռչում։ Մանկությունն էլ չիմացավ ինչ է։ Իհարկե՝ միայն պատերազմը չէ մեր երեխաների դժբախտության պատճառը․ դա ամենամեծն է ու գլխավորն է։

Քա՞նի երեխա է մեր երկրում ապրում աղքատության մեջ, կիսասոված գնում դպրոց, քա՞նի երեխա է կիսատ թողնում ուսումը կամ դպրոցից հետո չի շարունակում, որ աշխատի ու օգնի ընտանքին հոգսը թեթևացնել։ Աղքատ ընտանիքում մեծացած երեխաների փոքր տոկոսն է հաջողության հասնում։ Քա՞նի հազար երեխա է ծնողի հետ միասին արտագաղթել երկրից։ Քա՞նի երեխա է վատ շրջապատի մեջ ընկնում նրա համար, որ այսօրվա իշխանության պատճառով միջավայրը ուղղակի հանցագործություն է ծնում։ Երեխաները օնլայն կազինոներ են խաղում, թմրանյութերի գործով ձերբակալվողների մեջ դեռահասների ենք նկատում։ Վերջերս երկու օրում երեք դեպքի մասին իմացանք՝ Երևանի հիմնական դպրոցներից մեկում, 14 տարեկան երեխան օդամղիչ զենքով կրակել-վիրավորել էր նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների։ Ալավերդիում 17 տարեկան պատանիներից մեկը դանակահարել էր 16 տարեկան երկու պատանու։ Գլխուղեղի վնասվածքով երեխա էր տեղափոխվել հիվանդանոց՝ 17 տարեկան, պարզվեց՝ ծեծի են ենթարկել համադասարանցիները և այլն և այլն։ Մեր երկրում ստեղծվել է հանցագործություն ծնող միջավայր։ Սրանք ուղղակի անդառնալի վնասներ են հասցնում երեխաներին։

Երկրի վարչապետը կառավարության նիստում ասում է՝ երեխան ինչ ա մտածելու մեր պետության մասին, որ դպրոցում տեսնի կախիչը պոկվում է։ Մտածելու է, որ պետություն չունի։ Կարող է սխալ չի ասում, բայց չի շարունակում, թե ինչ կմտածի երեխան պետության մասին, որ դպրոցում կախիչ կա, բայց դպրոցի սաղ կողքերը հանձնել է թշնամուն, բայց ասում է ծառ կտնկենք, որ ադրբեջանցի չտեսնեք։ Երեխան ի՞նչ պետք է մտածի պետության մասին, որը 2 օրում 4 հատ գյուղ տվեց թշնամուն։ Ի՞նչ ճակատագիր պետք է ունենա երեխան, որը դպրոց է գնում թշնամու նշնառության տակ։ Ի՞նչ ճակատագիր պետք է ունենան երեխաները որոնց դպրոցում սովորեցնում են, որ մեր հողերը մերը չեն, Մասիսը մերը չէ, մեր գերբը սխալ է։ Ու էդ պետության մասին ի՞նչ պետք է մտածի։ Մի իշխանության մասին, որի լուծումը ցանկացած բարդ իրավիճակից հանձնումն է։

Նիկոլը երեխաներին ասում է՝ թող հանկարծ չանհանգստանան, թե որևէ մեկը կմնա առանց տառապանքի: Այո, տառապանքով լեցուն է կյանքը, բայց դու ինդ որքա՞ն տառապանք ես պատճառել, այն դեպքում, երբ քո գործի անունը եղել է հակառակը՝ մարդկանց ազատելը տառապանքներից։

Կարճ ասած՝ Հունիսի 1-ին Երևանի կենտրոնում երկու բեմ կար՝ մեկը երեխաների համար էր, մեկը հակաիշխանական, հանուն երկրի հանրահավաքների․ Երբ այդ երկու բեմերի արանքում հազարավոր երեխաների տեսա, ուրախության հետ միասին անհանգստություն ունեի՝ ի՞նչ է լինելու էս երեխաների ճակատագիրը։ Ծնողներն ի՞նչ են մտածում, ի՞նչ երկրում է իրենց երեխան մեծանալու, ասում են՝ մինչև մեծանան մի բան կլինի՞։ Իսկ ի՞նչ կլինի, եթե դու ոչինչ չանես կամ քեզնից կախվածը չանես։ Երեխեքի ապագան պետք է լինի կանխատեսելի երկրում։ Ապրել երկրում, որը չգիտես վաղը ինչ է լինելու, սարսափելի է։ Մեր երեխաները ցավոք, այսօր պաշտպանված չեն ու շարունակում են մնալ խոցելի։

Դրա համար, իմ կարծիքով, այսօր տեղի ունեցող պայքարը հատկապես երեխաների ապագայի տեսանկյունից, սրբազան պետք է լինի։

 

Սևակ Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ