Նկատած կլինեք, որ վերջին ամիսներին շատացել են հայ և արևմտյան դիվանագետների փոխադարձ այցերը․ ընդարձակորեն լուսաբանվում է և գուցե դրանից ելնելով՝ ինչ-որ լավատեսական ակնկալիք ենք նկատում հանրության մոտ։ Դե կենացներ սիրող ժողովուրդ ենք․ բայց արդյո՞ք դեռ էդքան միամիտ ենք էն ամենից հետո, ինչ մեր գլխով անցել է։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վերջերս հայտարարում է, թե՝ «Պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին»։ Դրանք համարեց անթույլատրելի։ Կարծես վատ բան չի ասում, բայց․․․ Նախ ներքինի վերաբերյալ ուղերձը չհասկացա՝ ի՞նչ է նշանակում «Հայաստանի անկայունացման ներքին փորձ»։ Ինչի՞ մասին է խոսում եվրոպական պաշտոնյան։ Ներքին ասելով, ի՞նչ նկատի ունի, պարոնը, ինչ-որ բաներ կարող է տեղի ունենան և նա պետք է զգոն լինի, որ ի՞նչ անի, կամ այդ ինչի՞ հետ է, առհասարակ։ Ներքինը, դա Նիկոլի դեմ ակցիաներն են, բողոքի ցույցերն ու ժողովրդի պատասխան տալու պահանջատիրության արտահայտումները, դա՞ է նա համարում անկայունացման փորձ։ Ներքին ցնցումը ո՞րն ա, օրինակ՝ վարչապետի փոփոխությունը, Նիկոլի հրաժարականը՝ փոփոխությո՞ւնը․ դո՞ւք ինչ կապ ունեք, ձե՞ր ինչ գործն ա։ Եվրոպայում շաբաթը մեկ տարբեր երկրներում իշխանություն ա փոխվում, նորմալ չէ՞։ Բա իշխանությունը նրա համար ա, որ եթե բոլոր ինր խոստացածները ձախողել ա՝ փոխվի, թե՞ ձեզ ձեռք չի տալիս, որ փոխվի, ասենք՝ դեռ չեք ստացել ձեր ստանալիքը։ Հիմա որ իրեն հարցնեմ, ասեմ գնացել, քո երկրի իշխանություն ես ընտրել, երկրորդ օրվանից սկսած հասկացել ես, որ խաբում ա, ինչ ասել ա՝ սաղ սուտ ա ասել, ի՞նչ ես ստեղից կանգնեմ ասեմ, վայ մի րոպե է, էդ ձեր վարչապետը շատ էլ լավն ա, հլը դուք էլ մի 5 տարի յոլա տարեք, ցնցումները, ներքին անկայունացում կլինի, մենք պետք է զգոն լինենք։ Բա չե՞ք ասի, մի րոպե էլի, ի՞նչ ես մեր գործերին խառնվում, դու ո՞վ ես վաբշե։ Ոնցոր թե մենք էլ ինքնիշխան ենք, չէ՞, էդ ինչի՞ չես արձագանքում ՀՀ ղեկավարություն, որ երկրի ներս են քթները խոթում։ Թե՞ առաջին անգամը չէ, էլի են խոթել․ ասենք՝ 2018-ին, և՝ ոչ միայն քիթը։
Ինչ վերաբերում է արտաքին ցնցում թույլ չտալուն, լիովին համաձայն եմ ԵՄ բարձր պաշտոնյայի՝ Ադրբեջանին ուղերձին, թե՝ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար»։ Սաղ ճիշտ ա, բայց կասե՞ք՝ այդ ի՞նչ հետևանքներ կունենա։ Կասկածներս դեռ մի կողմ, որ կարող է առհասարակ ինչ-որ լուրջ բան տեղի ունենա․ բայց մի հատ ուշադրություն դարձրեք էլի, այս ծանոթ նախադասությանը։ Ուղղակի թարթեք միջազգային ու ուկրաինական լրահոսը 2020-21-ին, 2022-ին, ինչ էին ասում բորելները, միշելները, եվրոպական ու ամերիկյան արտադրության՝ մենք Ուկրաինային սատարում ենք, թույլ չենք տա, խիստ հետևանքներ կլինեն և այլն։ Արդյունքը՞։ Ուկրաինան էլ, ժողովուրդն էլ կես են դարձել։ Մենակ կես միլիոնից ավելի զոհ կա։ Ուկրաինան, Հայաստանի տարածքի չափ գերեզման ունի, որոնցում պառկած են 18-45 տարեկան՝ ոչ միայն Զելենսկու, այլ նաև բորելների խոսքերին հավատացած տղերք ու աղջիկներ։
Մատաղից առաջ սաղ գառների ականջը կտրում են ու աղ են տալիս։ Բորելի սիրելի գառներինը։ Խնդրում եմ նայեք ուկրաինական լրահոսը պատերազմից առաջ, Ռուսաստանին էլ սպառնում էին լուրջ հետևանքներով։ Պատերազմից օրեր առաջ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և այլ երկրներ դիվանագետներին ու նրանց ընտանիքի անդամներին ուղղակի տարհանեցին Ուկրաինայից։ Համոզեցին-տարան մսաղաց, բայց բացի ուկրաինացիներից ո՞ր մեկը կռվի մեջ մտավ Պուտինի հետ, ո՞ր մեկը զինվոր ուղարկեց։ Ուկրաինան, կրկնում եմ, կես ա ընկել, մյուս եվրոպայի մասից քա՞նի միլիմետր ա պակասել։
Արարատ Միրզոյանը օրերով մեկնում է Մեծ Բրիտանիա, հանդիպումներ ունենում, Խաղաղության խաչմերուկ հրավիրում․ մի երկրի, որն Ադրբեջան օկուպացրած Արցախում ներդրումներ է անում։ Սիրելի հայաստանցիներ, եթե ձեզ դուր են գալիս հեռվում կանգնած եվրոպացի պաշտոնյաների կենացները, հարց չկա։ Դա շատ լավ ա, բայց երևի գիտեք, որ եթե մեզ հետ լավ են, Ադրբեջանի հետ շատ ավելի լավ են, որովհետև մեզ ելույթ են նվիրում, նրանց՝ պայմանագրեր, մեր օգտին ամեն խրոխտ ելույթ ծախում են Ադրբեջանի վրա, նավթի ու գազի սկիդկա ստանում։ Ձեր կենացը խնում են, բայց գազ են առնում Ադրբեջանից, փող են տալիս, որ Իսրայելից զենք առնի, Իսրայելին էլ վստահ եմ, խրախուսում են, ոչ մեկ չի դատապարտում։ 4 հատ «Վիլիս» են տալիս, հետո Հայաստանում հարցում է արվում, պարզվում է՝ թիվ 1 դաշնակիցը Ֆրանսիան դարձավ։ Նույն Ֆրանսիան Կիլիկիայի վրա մանդատ ուներ․ ի՞նչ եղավ, երկու հատ նավ ուղարկեց, մի քանի հարյուր հոգու տարան Ֆրանսիա, Կիլիկիան տվեցին թուրքերին։ Իր մանդատին տիրություն չարեց։ Հիմա անմեղսունակի պես ուրախանանք էդ ռազմական մեքենայով, նույն մանդատից տանք, որ ի՞նչ անի, եթե արածները սա է։ 44-օրյա պատերազմի առաջին տասնօրյակից հետո արտգործախարար Զորաբ Մնացականյանը Ֆրանսիա գնաց, անող էին՝ էն վախտ մի բան անեին, կանգնեցնեին պատերազմը, Ղարաբաղը պահեին․ ռուսը լավ չի պահում, իրենք թող պահեին։ Ինչի՞ չարեցին։ Էս եվրոպացիք ոնցոր էն բարեկամներից լինեն, որ 40 տարի խռով են, մեռնելուց հետո գալիս են քելեխի սեղանի վերևի հատվածում նստում ու կենաց ասում, ֆրանսերենով։
Ես էլ ռեալ բաներից խոսամ․ կարո՞ղ եք մի երկրի անուն տալ, որ պատժամիջոց է կիրառել կամ կիրառում Ադրբեջանի նկատմամբ։ Ամերիկայի անունը չտաք։ Հայաստանում ինչ-որ ցնծության մեջ են՝ ԱՄՆ-ն դադարեցրել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։ Էս շատ գեղեցիկ վերնագրի տակ ի՞նչ կա, նայել ե՞ք․ Ամերիկայի ռազմական օգնությունը Ադրբեջանի Ադրբեջանի ռազմական բյուջեի ինչքա՞ն մասն է, կարող ա՞ օրինակ, ընդամենը 0,02 տոկոսը։ Մոտավոր տենց մի բան ա, մասնագետները հաստատ ավելի ստույգ կնշեն։ Դա որ դադարեց, և՞, դա ի՞նչ հարց է լուծում։ Ադրբեջանին ինտենսիվ զինում է Ամերիկայի արբանյակ Իսրայելը։ Ամերիկան Իսրայելին ինչի՞ չի ասում, զենք չտաս Ադբեջանին։ Բա թող դա դադարեցնի․ թե չէ՝ չնչին քայլը մեզ վրա հերոսություն որպես ծախում է, մենք էլ իրենց փայ միամիտը պետք ա լինենք, էլի։ Չնայած բա միամիտ ենք, բա ինչ ենք։ Այդ նույն Ամերիկան սաղ աշխարհին հորդորել-ստիպել ա, Ռուսաստանի դեմ պատժամիջոց են կիրառել, բա Ադրբեջանի դեմ էլ մի քիչ կիրառեք, օրինակ՝ պարտադրեք, թող սաղ բրենդները դուրս գան այդ երկրից, իրենց նաֆտն ու գազը չառնեն, սաղ մասնաբաժինները սառեցրեք, ֆինանսավորումներն ու ներդրւմները դադարեցրեք, էդ ձեր սաղ խոշոր ու ոչ միայն բիզնեսները փակեք բա․ ադրբեջանցիների՝ դրսում ունեցած հաշիվները սառացրեք, վճարային համակարգերը սաղ անջատեք, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հաշիվները սառեցրեք, օրերով պահեք ու ստուգեք կապը տեռորիստական իշխանությունների հետ։ Թե չէ՝ նավթագազային ձեր ընկերոջը մի երկու կոպեկի օժանդակությունից զրկել եք, մեզ վրա լավություն եք ծախում, ոնցոր էն նոր աշխարհի աբորիգեններին, ապակու ու հայելու կտոր են տվել, տեղը վերցրել ոսկու հանքեր։
ԱՄՆ պետքարտուղարությունն ասում է՝ Հայաստանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»: Հայաստանի տարածքից 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել է թշնամին, ո՞ւր են լուրջ հետևանքները։ Սրանք դրել առավոտից իրիկուն՝ ՀԱՊԿ, հա ՀԱՊԿ, բա խի՞ չեք ասում, բա լավ, բա ձե՞ր «վճռական աջակցությունը» ուր ա։
Կանադայի արտգործնախարարը եկել էր Հայաստան, խոսում էր Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին։ Եվրախորհրդարանի ղեկավարը հայտարարում է, թե Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից․ գիտե՞ք, սա ի՞նչ է նշանակում։ Ոչ մի բան։ «Չպետք է»-ն բարոյախոսական է։ Այ երբ լսեք, որ ԵՄ-ն գազ չի գնի, դա նոր միայն մի բան կնշանակի։ Բայց դա չի լինի, այդ գազը իրենց շատ ավելի շատ է հարկավոր, քան մեզ մարիոնետի պես խաղացնելը, որ ռուսները իրենց վատ զգան։
Թուրքերը Ստեփանակերտը օկուպացնում են, փողոցների անունները փոխում են, մեկն էլ դնում են Հայոց ցեղասպանության համահեղինակ Էնվեր փաշայի անունով, բայց ՄԱԿ-ն ասում է՝ Ադրբեջան, հայերին թույլ տուր վերադառնան, ապրեն Էնվեր Փաշայի փողոցում։ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը խստորեն հրահանգում է հարգել Արցախում հայերի իրավունքները՝ իմանալով որ Արցախում հայ համարյա չկա։ ՀԱԱԳԱ-ի դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ադրբեջանի նկատմամբ․ ուզում եմ բացեմ, կարդամ, թե ինչ է դա ենթադրում, հիշում եմ, որ ամիսներ առաջ էլ պահանջում էր բացել Լաչինի միջանցքը, շան տեղ չդրեցին, հասկանում եմ, որ ՀԱԱԳԱ-ի դատարանի որոշումը թղթի վրա մի հերթական բանն է ու փակում եմ։
100 հազարից ավելի մարդ բռնագաղթել է Արցախից, ի՞նչ աջակցություն է տվել Եվրոպան․ տասնապատիկ քիչ է Ուկրաինային ընդամենը մեկ անգամ տրված աջակցությունից։ Իսկ նրան ամեն շաբաթ օգնություն են ուղարկում։ Մեզ վերաբերում են որպես երրորդ, տո չորրորդ կարգի պետության, էն դրսի բարեկամների պես, որ հագած, հին շորերը նվիրում են ու իրենց համարում բարերար։
Կարճ ասած՝ հավաքական արևմուտքի վրա հույս դնողներին ուզում եմ երեկվա օրինակը հիշեցնել․ Հոլանդիայի պառլամենտական ընտրություններում հաղթեց մեկը, որը դեմ է Ուկրաինայի վերաբերյալ եվրոպայի էսօրվա պահվածքին, բոյկոտել է Զելենսկիի ելույթը: Եվրամիության վրա իսկի եվրոպացիք հույս չեն դնում։ Իսկ մեզ մոտ առավել ևս ժամանակն է աչքներս բացելու։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը