10 11 2023

«Կարճ ասած»․ Ավելի քան 25 մլն դոլար քամուն են տվել․ թվեր ու փաստեր



 

Կխոսեմ այսօր առանց նախաբանի, որովհետև թեման որ վերցրել եմ, շատ մեծ է և իմ հաշվարկածի անգամ 10 տոկոսը չեմ կարող ներկայացնել։ Խոսքը այս իշխանության անիմաստ ծախսերի մասին է՝ թվերով, օրինակներով։ Մամուլը օրերս ֆիքսել էր, որ Ազգային ժողովի նախագահի ավտոշարասյունը նոր ամենագնացներով է համալրվել։ 54 մլն դրամ պետբյուջեից տվել են ամենագնացներին։ 90 մլն դրամ արդեն ծախսվել էր Ալենի ավտոյի համար։ Լավ, մտածում եմ, էդ ինչ մի ֆիգուր ա, ո՞ւմ ա ինքը պետք, որ 60 մլն դրամանոց ավտոշարասյուն ուղեկցի։ Մետրոն հա խափանվում էր, կառավարությունը փող չէր տալիս նորոգելու, իսկ մետրոյի հույսին սաղ Երևանն ա․ ժողովրդի անվտանգ երթևեկությունը հեչ, Ալենն ա կարևորը։

Այս տարվա հունվարի սարսափելի դեպքը հիշում եք, 15 զինվոր վառվեց։ ՊՆ-ն փող չէր տալիս զորանոց սարքելուն, բայց հրդեհի հաջորդ օրը 198 մլն դրամով թազա թիվ «Հունդաի Էլանտրա» էր առել մի քանի հատ՝ ղեկավարության համար։ Զինվորի կյանքը հեչ, պապիկյանենցն ա կարևոր։ Նիկոլը որ նոր էր վարչապետ դարձել, ուղիղ եթերով նկարում ցույց էր տալիս կառավարական առանձնատունը, թե՝ տեսեք՝ Սերժը ինչ պայմաններում ա ապրում, աղի սենյակ, ջակուզի-բան․ կարդում եմ՝ կառավարական դաչաների գումարը հերիք չէ ամեն տարի Նիկոլն ավելացրել, այս տարի էլ՝ 73 միլիոնով․ բա որ Սերժի վախտ ասում էիր ճոխ ա, դո՞ւ ինչու ես ավելի ճոխացնում։ Դե ժողովուրդ, էսքանից հետո է՞լ կմտածես խեղճ հարիֆ են։

Ո՞վ է ընտրվել Երևանի քաղաքապետ․ պաշտոնապես՝ ոչ մեկ, Ավինյանը էդ աթոռը առավ իրենց հասկանալի ձևերով․ չընտրված քաղաքապետի երդման համար 87 մլն դրամ ինչի՞ տրվեց իմ գրպանից։ Լավ ինչի՞ վրա եք ծախսել, մի ժամանոց միջոցառում էր, անիմաստ ելույթներ․ փողը ո՞րտեղ ծախսվեց, որ չերևաց։ Փող ա, որ քամուն են տալիս՝ 57 մլն՝ ամենահեղինակազրկված հիմնարկներից մեկի՝ Քննչական կոմիտեի շենքի վերանորոգման համար, 60 մլն դրամ՝ ինքնասպանություններով հայտնի Հաղթանակ կամրջի գեղարվեստական լուսավորման համար, որ դեպրեսիայի մեջ գտնվող քաղաքացին լույսերի տակ ինքնասպան լինի, 57 մլն դրամ՝ ԱԳՆ շենքի անվտագության համար․ էն ԱԳՆ-ի, որ Հայաստանի անվտանգության համար ոչ մի բան չի անում։ Նիկոլը պատգամավոր լիներ, էս ծախսերի ցուցակը կառներ՝ վազեր Ազգային ժողով ու մի տարի կոկորդը պատռեր, թե՝ էս ի՞նչ եք անում էս ժողովրդի հետ, անաստվածներ։ Հիմա էդ անաստվածը ինքն է, ու իր աշխատակազմին հաճախ կառավարության գաղտնի որոշումներով հարյուր միլիոնավոր դրամներ է տալիս, էն անգամ՝ 645 մլն, չգիտենք՝ ինչի։ Կարող ա քեշ տվել են, տարել ա տուն։ Ընդհանրապես, այդ մարդը շատ թանկ ա նստում բյուջեի վրա։ Մի հատ 2019 թվականին էր 125 մլնով նորոգել կառավարության շենքը, մի հատ էլ էս տարի նորոգեց թանկարժեք։ Վարչապետի գավաթ սիրողական ինչ-որ մրցաշարեր են հորինել, պետությունը դրանց վրա ծախսել է շուրջ 340 մլն դրամ։ Որ մեկնումեկին ասես էդ միջոցառման իմաստը բացատրի, չի կարողանա։ Շատ կան մրցաշարեր նվիրված այսինչ լեգենդար մարզիկին, այսինչ վաղամեռիկ մարզիկին և այլն․ բայց, ախար, Նիկոլը ոչ մի սպորտաձևից ոնցոր գլուխ չի անում, ի՞նչ իր անվան գավաթ․ շատ-շատ պետք է լինի Նիկոլի անվան կլյաուզիայի մրցույթ։

Կամ՝ ՊՆ-ն 12 մլն դրամի ժամացույցներ ա գնել նվերի համար, թանկարժեք․ 2023 թվականին ինչ-որ չեմ հիշում բանակում մի հաջողություն, որի համար արժեր պարգևատրել։

Միայն էս հաղորդման համար փորձեցի արագ հիշել մի քանի ծախս, որ պետությանը ոչինչ չեն տվել ու հաշվեցի շուրջ 9,5 մլրդ դրամ։ Պատկերացնո՞ւմ եք։ ՊԵԿ-ը ամեն եռամսյակը մեկ հրապարակում է խոշոր հարկատուների ցանկ․ մեր երկրում քա՞նի հարկատու է ամեն ամիս հարկ մուծում, որ սրանք քամուն տան։ Կարող էին էդ փողով տեխնիկապես հզորանալ, ընդլայնվել, աշխատատեղ բացեր, բայց ճկռելով հարկ են վճարում, որ Նիկոլը քոռ ու փուչ անի։

26 մլն դրամ՝ էկոնոմիկայի նախարարության համաժողովի գովազդի համար, 45 մլն դրամ՝ պարեկների ավտոմեքենաներին ճաղավանդակների համար, 600 մլն դրամ՝ ֆեյքերի ՊՈԱԿ անունը ստացած հայտնի հիմնարկին, 90 մլն դրամ՝ ջազ համերգի, 35 մլն՝ գիրք նվիրելու, 45 մլն՝ Եկատերինբուրգում Էքսպոյին դախլ ունենալու համար, հարյուր միլիոնավոր դրամներ՝ տարբեր հիմնարկների ալկոհոլային խմիչքներին ու այսպես շարունակ, չգիտես որ մեկը թվարկես։ Մեռան ԱԺ դարպասները թարմացնելով, էլ երկարացրին, էլ փշալարեցին, հետո էլ 2,8 մլն տվել են ամրացնելուն։ Լավ, չնայած սրան բան չեմ ասում․ ձեզ պահողը էդ դարպասներն ու փշալարերն են, դա պարտադիր ա․ նորոգեք։

Ասում ենք թոշակ բարձրացրեք, պատասխանում են՝ փող չկա։ Բա էս ի՞նչ ա։ Հայաստանի մի 40 տոկոսը գյուղացիություն ա, իմ հաշվարկած էս 24-25 մլն դոլարով հնարավոր էր ամբողջ գյուղացիությանը անվճար ոռոգման ջուր տալ, էնքան սալյարկա ձրի բաժանել, որ սաղ վար ու ցանքը անեին, բոլորին պարարտանյութեր բաժանել՝ ձրի։ Նիկոլին հավատացողները մնացել են գյուղացիները, էն որ մի քանի ալիք ա բռնում, ստիպված Հ1 են նայում ու տեսնում իդեալական Հայաստան, գոնե նրանց մատից մի փուշ հանեք։ Ասում ա գյուղացին աղքատ կմնա, քանի դեռ խելացի անասնագոմ չունի․ բա 9,5 միլիարդով քա՞նի խելացի անասնագոմ կսարքեիր։

5 տարի ամեն օր խոսում են մետրոյի Աջափնյակ կայարանից․ հլը բան չեն արել, բայց 1,8 մլրդ դրամ տալիս են խորհրդատվությանը։ 28 մլն տվել են՝ Քաղաքացու օրվա մշակութային միջոցառումների համար․ սա ՀՀ օրացույցի ամենաանկապ տոներից մեկն ա, թավշյա խուլիգանության տոնը։ 309 մլն դրամ Նիկոլի դասընկեր ՆԳ նախարարը տվեց 20 հատ պիկապ առավ․ դե, վարորդներ ջան, տեսեք ուր են գնում ձեզ տուգանելու փողերը։ Կառավարությունը վեջին նիստում որոշեց արտաքին հետախուզության ծառայության աշխատողներին ամեն ամիս հավելավճարներ տալ։ Էդ ծառայությունը նոր ա, հլը երևի չգիտեն ինչ են անելու, կարող ա իսկի արդյունավետ էլ չի, բայց արդեն հավելավճար ա տալիս։ Մեր երկրում մինչև 5 հարկանի շենքերը վերելակ չունեն, տենց ա ձևը։ Ազգային ժողովը 3-4 հարկանի է․ չնյած որ մի քանի վերելակ ունի, նոր մասնաշենքինն էլ՝ բավական նոր ու թարմ, 6 մլն դրամ տվել են թազա վերելակների համար։ 2018 թվականին ասում էին Երևանի սաղ վերելակները կփոխենք, դեռ մի մասն են փոխել, չեն հասցնում էդքան, բայց էն որ իրենք պետք է հելնեն-իջնեն, պետք լինի՝ տարին երկու հատ էլ կթարմացնեն։ Բա ո՞նց, իրենք դեպուտատ են, դո՞ւք ով եք, ընդամենը՝ ժողովուրդ։

Քա՞նի հատ քրեական գործեր են այս ընթացքում հարուցվել, թե իբր՝ պետությանը վնաս է պատճառել, հարկ չի մուծել, թալանել ա, խլել ա, թաքցրել ա և այլն․ բայց հարկ վճարողների հարկերին ո՞նց եք վերաբերում։ Քանի հազար հարկատու պետական բյուջեն համարում են իրենց գրպանը ու մուծվում են, սենց ե՞ք վարվում։ Հիմա դո՞ւք եք ավելի շատ վնաս տալիս պետությանը, թե՞ նրանք, ում վրա մի քանի կոպեկ չմուծելու համար գործ եք հարուցում։

Ափսոս չեմ կարող անդրադառնալ բոլորին՝ Երևանի ձեռք բերած թանկարժեք տրոլեյբուսներին, ՔՊ դեպուտատներին մեր գրպանից տրվող բնակարանի վարձերին, էն ապօրինի որոշումներին, որով ՔՊ-ական պաշտոնյաները ազատում են աշխատանքից աշխատողներին, դատարանում պարտվում ու փոխհատուցում վճարում բյուջեից։ Առանձին թեմա են գործուղումները, որոնք պետության հաշվին շրջագայություն են։ Չեմ կարող անդրադառնալ պետգնումներին, որոնք համարյա միշտ մեկ անձից են, ուրեմն՝ թանկ ու կոռուպցիոն ռիսկով։ Տարվա համերգին չանդրադարձա, որի վրա 2,3 մլրդ դրամ տվեցին քամուն։

Նպաստի վրա խնայում է, թոշակի վրա խնայում է, բայց իրենց ծախսերի վրա չեն խնայում։ Մի լավ բառ կա, որը կարդում ենք Շիրվանզադեի մոտ, «Քաոս» վեպի հերոսներից մեկին նկարագրելիս, «ցոփ ու շվայտ»։ Էս ա։ Սա ընդամենը իմ թեթև հիշած ծածխսերն են, էս տարվա մի քանիսը։ Կարող եմ հազար օրինակ թվարկել։ Մենք ունենք աղքատ թոշակառու, աղքատ քաղաքացի, վատ պայմաններում ծառայող զինվոր, տնից ծնողի ուղարկածով ապրող զինվոր, հոլիկում մոխրացող զինվոր, 150 հազար անտուն գաղթական արցախցի, ու կողքի հետ՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի անիմաստ ծախս, որով հնարավոր էր ապահովել բարեկեցիկ հանրություն, ինչը Փաշինյանի՝ իշխանության գալու խոստումներից էր։ Ու որպեսզի էսքան կարողանան ցփնել իրենց վրա, լիքը հարկ ու տուրք են ավելացնում, շատացնում։

Պատերազմից առաջ 200 մլն դրամ էին տալիս սեպտեմբերի 21 նշելու համար, մեր անկախության տոն ա, լավ նշենք․ ին՞չ թողեցիք էդ անկախությունից։ Սրանց համար կարևորը ֆոնն է, ոչ թե իրականությունը․ ֆոն են տալիս, թե թափանցիկ են, իրականում գաղտնի մսխում են երկիրը, ֆոն են տալիս, թե հայրենասերե են, գիշերը թաքուն ստորագրում-հանձնում են երկիրը, ֆոն են տալիս, թե մեռնում եմ ձեզ համար, բայց ձեզ են տանում գերեզման, իսկ դուք խաբվում եք հենց միայն ֆոնին։ Ֆոն՝ անվտանգությն դիմաց, ֆոն՝ կյանքերի դիմաց, հողերը հանձնոլու դիմաց։ Մենակ՝ ֆոն։

Սրանք ժողովրդին սովորեցրել են, որ հենց ասես թալան՝ հասկանան նախկիններ․ բայց ժողովուրդ ջան, թալանը հենց էս ա։ էն որ ասում են պետք է կոպեկ-կոպեկ թալանը հետ բերենք, թալանը ՛էս ա, դե կոպեկ-կոպեկ հետ բերեք։ Հա՛մ թալանում են, հա՛մ էլ գոնե անվտանգություն չեն տալիս։ Ձեզ պետություն են հանձնել, որ սենց անե՞ք։

Կարճ ասած՝ սրանց աչքը չի կշտանում։ Ժողովրդական ասացվածք կա, եթե մարդու աչքը չի կշտանում, կշտացնում ա մի բուռ հողը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ