21 06 2023

«Կարճ ասած»․ Ո՞րն է ադրբեջանական բանակի թիվ 1 զենքը



Երբ քաղաքացիներին հարցնում ենք, թե ձեզ համար ամենաանընդունելի բաները ո՞րոնք են, պատասխաններից առաջին տեղում գիտե՞ք որն է՝սուտը։ Իսկ քաղաքական, հասարակական, մշակույթի գործիչները սա ասում են առաջնայինը և հաստատապես։ Բայց ինձ թվում է՝ սուտ են ասում։ Որովհետև ինչպե՞ս կարելի է ատել սուտը, բայց հանդուրժել ստախոսներին։ Ամեն օր արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացիներին խաբել են, դա հանդուրժում ենք, բայց ասում ենք տանել չեմ կարողանում սուտը։

Օրինակ՝ ստերի սուտը 2018 թվականն էր, 2018 թվականից հետո տեղի ունեցած ամեն բացասական երևույթ ու կործանում, ներառյալ Արցախի հանձնումը, ածանցյալ են 2018 թվականին կատարվածին, այդ օրիերի ստերին։ Մեր տղերքի հազարներով զոհվելը էդ 2018-ի ստի պատճառով էր։ Էդ սուտը չգիտես ինչպես հանդուրժում ենք։ Ես չեմ հիշում մեկ քաղաքացու, որ փողոց է 2018-ին դուրս եկել էն հույսով, որ հեսա Ղարաբաղը կհանձնեն․ անհնար է, իսկի Նիկոլի այսօրվա թիմակիցները դրա համար չէին ելել, երևի մենակ Նիկոլն ինքն էր տեղյակ ինչ է վերջնարդյունքը լինելու․ մնացածը մեծամասամբ սոված մարդիկ էին, պաշտոն էին ուզում, փող էին ուզում, ուզում էին իրենք օգտվեն այն ամենից, ինչից նախկին իշխանավորներն էին օգտվում ու ինչի իբր դեմ էին իրենք, իրենք էին ուզում անել, իսկ ժողովուրդն էլ դե՝ բան չէր ջոկում։ Հեղափոխության սիմվոլներից մեկը՝ Լեյլա տատին, հաստատ հեղափոխություն չէր անում, որ իրեն թոշակ տվող նախարարը ստանա 1,5 մլն դրամ ամեն ամիս, իսկ ինքը Երրորդ մասի անցումի տակ կանաչի ծախի, որ սոված չմնա։ Հա, ու հետո էլ փողոցային առևտուրը արգելելու մասին օրենք ընդունեն։ Լեյլա տատին արժանապատիվ ծերության համար էր ոտքի կանգնել։ Նա խաբվել է, բայց դրանից հետո մի օր չի բողոքել։ Ես իրեն ընդունում հեղափոխությանը միացած տարեցների խորհրդանիշ։

Միքայել Պողոսյանը որ հեղափոխությունից հետո Նիկոլին հանդիպելիս ասում էր սա երազ է, թե իրականություն, ինձ չի թվում, թե ինքը հեղափոխություն էր անում, որ Գոյ թատրոնը փակվի, մշակույթի նախարարութունն էլ փակվի կամ միանա գյուղատնտեսության նախարարությանը։ Այսինքն իրեն խաբել են։ Ասում են՝ ինքը փոշմանել է, բայց ո՞ւր է, արդյո՞ք չի հանդուրժում սուտը բա ի՞նչ է անում։  

Ես մարդկանց եմ թվարկում, բայց ամեն մեկն իր կողմից հանդուրժում է, ոմանք՝ ստիպված՝ տոտալ անտարբերության պատճառով։ Քանի դեռ սրանք իշխում են, ուրեմն հանդուրժում ենք, անկախ մեր կամքից։ Ու նա շարունակում է ստել։

Որ գնում ես դատարան, օրինակ ես ՔՊ իշխանության պատճառով ստիպված եմ եղել քննչականներ էլ գնալ, դատարան էլ, դատավորը օրենք է վկայակոչում ու ասում է, որ պետք է ասես ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից։ Նիկոլը երեկ գնացել էր մի յուրահատուկ դատարանի առաջ, որը կոչվում է քննիչ հանձնաժողով ու ասաց սուտ, միայն սուտը և ոչինչ բացի ստից։ Դա մարսվում է։ Երեկվա երեք ժամանոց ներկայացման մեջ հնչեց շատ ավելի շատ սուտ, քան ասում է Փչան Թոդորոսը «Պահանջվում է ստախոս» ներկայացման մեջ։ Մինչ այս ասում էր պատերազմը կանգնեցնելուց բոլոր դեպքերում էլ պետք է Շուշին տայի, հիմա ասում է՝ հնարավոր էր կանխել 5 շրջան տալով մեկ ասում է՝ հանձնարարել եմ ոնց էլ լինի էդ օպերացիան անել, դրանից առաջ ասում էր ես ոչ մեկին ոչինչ չեմ հանձնարարել, մոդերատոր եմ եղել։ Մեկ ասում է Քոչարյանը Ստամբուլյան խարտիայով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երեկ ընդունում էր, որ էդ խարտիայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին բան չկա, բայց հիմա էլ ասում է չկար, որովհետև Մեղրին էր տալիս։ Լրիվ գժանոց, լուրջ եմ ասում։ Հետո խոստովանում է, որ 44-օրյա պատերազմը դադարեցնելու որպես պայման հենց ինքն է առաջարկ ստացել Մեղրիում այլ երկրի զորք կանգնեցնել։ Մեկ ասում է 20 հազար զինվորի կյանք եմ փրկել, մեկ ասում է 35 հազար, բայց չի ասում, թե որ փրկող էր, ինչու 5 հազարի կյանքը չփրկեց։ Առավոտյան ասում է մեր բանակը տարածաշրջանում հարցեր լուծող է, երեկոյան ասում է՝ մենք սխալ ենք արել, որ բանակի վրա հույս ենք դրել։ Ինքն ասում է՝ ես Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում, հետո ասում է՝ նախկիններն են ճանաչել։ Այո, կան նման մարդիկ, որ ձեռքներին բռնես գողոնը, չես կարողանա ապացուցել։ Սա իր կուսակցության նախագահին նշանակում էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդինախագահ ու ասում էր՝ նշանակել եմ, որ վստահ լինեմ, որ չի կուսակցականացվի։ Էնպես է ֆռացնում ու խառնում իրար, որ ոչ ոք չկարողանա գլուխ հանել։Մեղրու մասին ստում է, Մադրիդյանի մասին ստում է, Շուշիի մասին ստում է, Ստամբուլյանի մասին ստում է, պատերազմի դադարեցման առաջարկների մասին ստում է, ստում է, ստում է ու ստում։ 

Նա գիտի, թե ինչ մեծ վատություն է արել հայ ազգին ու ամեն անգամ փնտրում է փաստաթղթեր, նոր բաներ, որտեղից կարողանա մի հիմնավորանման բան գտնել, մեկ բառի վրա կառչել, որ մեղադրի ուրիշներին։ Մենք մարդու հետ գործ ունենք, որ կորոնավիրուսով վարակված մեկ էջմիածնեցի կնոջ համարեց Հայաստանում կորոնավիրուսի տարածման միակ մեղավորը, իսկ զենքի մեկ պահեստապետի՝ պատերազմում պարտվելու պատճառ։ Էս տեսակն է։ Ու որքան խորանում են հանրության մոտ հարցերը, էնքան մեծանում են ստերը։ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ իրեն առաջարկվել է մի քանի անգամ կանգնեցնել պատերազմը՝ շատ ավելի լավ պայմաններով, բայց չի արել, հոկտեմբերի 9-ից սկսած․ ու մեր զինվորները զոհվել են միայն այն պատճառով, որ Նիկոլը կարող էր, բայց չի դադարեցրել պատերազմը, չնայած որ շատ ավելի լավ պայմաններով էր, քան հետո պետք է ստորագրեր։

Ինքն իրեն հարցնում է՝ հնարավո՞ր էր նկանխել պատերազմը պատասխանում է, հնարավոր էր, մի քիչ մտածում է, ու պոչից ավելացնում՝ եթե նախկին 25 տարում լուծեին հարցը։ Նախկին 25 տարում պատերզմով չէին լուծելու, չէ՞։ Բանակցություններով։ Բա դու էլ  բանակցություններով լուծեիր։ Ոչ թե բանակցեիր, որ չկրակի, մինչև երկրի ներսում քո հարցերը լուծես, հետո մի բան կանեք, այլ կոնկրետ բանակցեիր, որ պատերազմի չհասներ բանը։ Էդ փաստաթղթի տակ քո ստորագրությունն է, պատերազմը վարել ես դու, պարտության էլ դու ես տարել, ինչքան էլ ուզենաս մոռացության տալ։

Հայ ժողովրդի դեմ պայքարում մեր թշնամիների զենքը, զենքերի զենքը Նիկոլն է։ Եթե հայկական բանակի զենքերի թագավորը համարվում էր Իսկանդերը, Ադրբեջանական բանակի ու դիվանագիտության զենքերի զենքը Նիկոլ Փաշինյանն է․ նա կարող է հմուտ պարտվել թե՛ պատերազմում, թե՛ դիվանագիտության մեջ։ Նա միակ մարդն է, որ կարող է Հայաստանի ամենաբարձր ամբիոններում, ամենաբարձր կարգավիճակում պաշտպանել ադրբեջանական թեզերն ու բանաձևերը, ոնց արեց երեկ։ Երեկ խորհրդարանում նա Հայաստանին համարեց ագրեսոր։

Կարճ ասած՝ մենք ունենք անհամար խնդիրներ՝ կոռուպցիա, հողերի հանձնում, սահմանների փոքրացում, անգրագետ կառավարում, բանակի խնդիրներ, սոված թոշակառու, բայց ունենք էդ ամենից մեկ քայլ էլ վերև գտնվող խնդիր՝ Հայաստանի վարչապետի պաշտոնին բացառձակ ոչ կոմպետենտ Նիկոլ Փաշինյան։ Ունենք դեռևս գերիներ, ունենք անհետ կորածներ, ունենք հոխորտացող թշնամի, փոքրացող Հայաստան ու մեր երկրի վարչապետն էլ Նիկոլն է։Պատկերացնու՞մ եք մարտահրավերների մասշտաբը։Կեցցես, հայ ժողովուրդ։ Ես քեզ էսքանն համեստ ու հանդուրժող չեմ պատկերացրել։ Ո՞նց ես յոլա գնացել էսքան հազարամյակ կյանքի հետ։ 

Պետք է մերժել սուտը և ստախոսներին, բայց նշեմ, որ սրա գնալով էդ խնդիրները չեն լուծվի, ընդամենը խնդիրների աղբյուրը կվերանա, բայց խնդիրները կմնան, քանի դեռ չի եկել նորմալ իշխանություն։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ