31 03 2023

«Կարճ ասած»․ Հարձակում՝ առանց հարձակման



 

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել միջադեպ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի միջև։ Նիստերը բաց են լինում հիմնականում և հեռարձակվում են ուղիղ եթերով։ Թե ինչու էր այս անգամ փակ, չգիտեմ, բայց կարծես օրինաչափություն է դառնում, որ ամեն անգամ, երբ սահմանին մենք ունենում ենք սկանդալային փախողում, ՔՊ-ն կարողանում է անմիջապես մեկ այլ առիթ գտնել՝ թեման շեղելու համար։ Գուցե չե՞ն շեղվում օրինաչափությունից։ Բայց ոչ մի միջադեպ չի կարող շեղել ամենակարևոր հարցից՝ երեկ, իմ համոզմամբ, տեղի է ունեցել հերթական դավաճանությունը։ Կառավարության երեկվա՝ մարտի 30-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց բոլորին։ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։ Նիկոլը պարզաբանեց, թե՝ տեղի է ունեցել երթուղու փոփոխություն. Այդ հատվածում Հայաստանը կանգնեցնելու է սահմանապահների, հույս ունի, որ Ադրբեջանն էլ սահմանապահների կկանգնացնի։ Ու ասաց՝ ադրբեջանցիները առաջխաղացում չեն ունեցել, թող բլոկբաստեր չներկայացնեն․ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել: Նիկոլը մարդկանց փորձեց համոզել, հանգստացնել։ Դրանից հետո օրվա ընթացքում Տեղ գյուղի բնակիչներն ասացին, որ սուտ է ասել Նիկոլ Փաշինյանը, թշնամին ունեցել է առաջխաղացում, եկել է ու իրենց գյուղի տարածքում հենակետեր դրել։ Ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը ասել էր, որ հենց իր հողի մեջ դրել են, ցորենի արտում։ Փաստացի՝ մի քանի մետրի հեռավորությամբ են հայերն ու ադրբեջանցիները, մոտավորապես այնքան, որքան ես ու ինձ հիմա նկարող տեսախցիկը։ Հետո, երբ արդեն անգամ տեսանյութեր հայտնվեցին, թե ինչպես են ադրբեջանցիները հանգիստ առաջ գալիս, ԱԱԾ-ն ստիպված հանդես եկավ պարզաբանմամբ, որը խայտառակություն բառից բացի, այլ որակում չստացավ։

Ասում է՝ մարտի վերջին օրերին պետք է երկու երկրների սահմանապահներ տեղակայվեին սահմանի երկու կողմերում։ Բայց քարտեզների տարընթերցումներ են եղել ու Ադրբեջանը չսպասելով ճշգրտումներին, եկել-դիրքավորվել է, ինժեներական աշխատանք է անում՝ 5 տեղ սպասվածից ավելի շատ առաջ գալով մինչև 300 մետր։ Իբր դե լավ, հեչ, 300 մետրի մեջն ի՞նչ կա։ Ու ավելացնում են՝ Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ։ Վստահ եմ, այդ վերջի ձևակերպումը Փաշինյանը գրած կլինի։ Բայց այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում․

Նախ՝ եթե մարտի վերջին օրերին պետք է լիներ տեղաշարժը, մարտի 30-ը հենց վերջին օրերն է, էդ ո՞նց է, որ ադրբեջանցիները գալիս են, հայկական կողմից ոչ մեկը չկա, սահմանապահ չկա, զորք չկա, Սուրեն Պապիկյան չկա, գենշտաբի պետ չկա, մենակ գյուղացիներ են, որ հեռախոսով նկարում են էդ խայտառակությունը։ Երևանի տարբեր թաղամասերում ոստիկանները ռեյդ էին անում, հերթով կանգնեցնում էին ավտոներն ու բեռնախցիկը ստուգում, գնում են բարեր ու մատուցողների ձեռք գցում, բայց սահմանին թշնամին առաջ էր գալիս, ու ոչ ոստիկան կա, ո՛չ ԱԱԾ-ական կա, ո՛չ զինվոր կա։

Հաջորդը․ ԱԱԾ-ն նշում է, որ պայմանավորվածություն կար, որ երկու կողմից պետք է կանգնեին սահմանապահներ, բայց Նիկոլն էլ է ասում, որ իրենք ընդամենը առաջարկել են սահմանապահ կանգնեցնել, իրականում մեր կողմից լինելու են ԱԱԾ սահմանապահները, իսկ իրենց կողմից, ինչպես երևում է, զորքեր են։

ԱԱԾ-ն ասում է՝ քարտեզի տարընթերցումներ է եղել, ու թշնամին մի 300 մետր ավել է եկել։ էդ ո՞նց է լինում, որ քարտեզների տարընթերցումները մի՛շտ հօգուտ Ադրբեջանի են լինում․ մի քարտեզ ասեք, որ տարընթերցել եք հօգուտ Հայաստանի։ Իսկ որքանո՞վ եք վստահ, որ քարտեզները ճշգրտելուց հետո կհեռանան։

ԱԱԾ հաղորդագրության ամենամեծ ինտրիգը․ ի՞նչ է նշանակում  Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ: Սա շատ վտանգավոր հայտարարություն է։ Սա շարունակությունն հետևյալ հայտարարությունների՝ Սյունիքից զորքերը հետ քաշեցի, որ պատերազմ չլինի, Սև լճի համար պատերազմ չենք սկսելու։ Դրա արդյունքում թշնամին 140 քառակուսի կիլոմետր մտել է մեր երկիր, ու հիմա ասում են՝ այնպես կանենք, որ էսկալացիա չլինի, այսինքն՝ ոչինչ չենք անի։

Եվ վերջապես, ինչո՞ւ էր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ստում թե հայկական տարածք չեն մտել։ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարել էր՝ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, այսինքն, դա նավոդկա չէ՞ր թշնամուն, որ մինչև Տեղ գյուղ կարող եք գալ։ Նրանք էլ եկել են։ Էդ ո՞նց որոշեցիք, ի՞նչ քարտեզով։ Իսկ կարող ա՞ ծախել եք էդ հողերը։ Արարատ Միրզոյանը էս նավոդկաների մասով ի՞նչ կասի։

Տարօրինակ բան չեմ ասում, ես հասկանում եմ Ադրբեջանին․ հլը եկեք մի պահ հակառակը պատկերացնենք․ մենք առաջ ենք գնում, Ադրբեջանը հետ է քաշվում, զորքերը հանում է, բնակիչներին տարհանում է, չի պաշտպանվում, ի՞նչ կանենք, ստոպ կատա՞նք։ Հիմա էդ վիճակն է մեզ մոտ։ Ասում ա՝ Ադրբեջանը խախտել ա միջազգային օրենքներ, մարդու իրավունքների նորմեր, նոյեմբերի 9-ի, հունվարի 13-ի փաստաթղթեր, պայմանավորվածություններ և այլն, սաղ խախտել է։ Այո, ճիշտ եք ասում, իսկ դուք՝ ՀՀ իշխանություն, ՀՀ տարածքներն ու քաղաքացիներին չպաշտպանելով, ոչ մի բան չեք խախտե՞լ։ Կա՞ տենց մի հատ միջազգային օրենք, քո ստորագրոած թուղթ, որը քեզ թույլ ա տալիս չպաշտպանել քո քաղաքացիներին, քո տարածքները։ Բա դուք երդվել եք պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անձեռնմխելիությունը։ Առանց զենք առաջ են գալիս, որտեղ բենզինը պրծնում ա ավտոյի, այ էդտեղ իրենց դրոշը տնկում են, ասում են էլ դուրս չենք գա։ Նորից եմ հարցնում՝ իսկ կարող ա՞ հողերը ծախել եք, ամեն մի թիզը նաև փող ա։

Նիկոլն ասում ա՝ Լաչինի միջանցքը ռուսների վերահսկողության գոտում է, իրենք են մեղավոր, Սյունիքում, որ թշնամին առաջ է եկել, ռուսների պատասխանատվության տակ ա․ հիմա հարց՝ Տեղ գյուղը ո՞ւմ պատասխանատվության տակ է՝ ՀՀ սահմանը, ՀԱՊԿ-ի՞, ռուսների՞, թե՞ ձեր։ Ինչո՞ւ են իրենվ տեղում պաշտպանության նախարարը, գենշտաբի պետը։ Անընդհատ հաղորդագրություն է տարածում ԱԱԾ-ն, թե դավաճանություն է տեղի ունեցել, պատերազմի ժամանակ, մարտական գործողությունների ժամանակ այսինչը չի պահել դիրքը, այնինչը փախել է, դասալքություն է արել, տվյալներ է փոխանցել և այլն․ հիմա սա ի՞նչ է, եթե ոչ՝ դավաճանություն։ Այն, որ թշնամին մտնում է մարդկանց տները ու չկա թույլ չտվող պետական որևէ մարմին, ուրեմն սա կառավարություն չէ։

5 օր առաջ նույն Սյունիքում ընտրություններ էին, ՔՊ-ն ընտրվեց ու Նիկոլը հայտարարեց՝ այո, Սիսիանցին ապացուցեց, որ ապագա կա։ 3 օր հետո, ոնցոր մտածված, էդ ապագան բերեց կոխեց սյունեցու աչքը։ Տեղ գյուղում 2021 թվականի ընտրություններում 60 տոկոսից ավելին ընտրել է այն, ինչ տեղի ունեցավ հենց երեկ։ Սա ձեր ընտրության արդյունքն է․ չարախնդալ չստացվի, բայց դուք Նիկոլի ձեռքով արեցիք, այն ինչ եղավ։ ՔՊ-ն խոստանում էր խաղաղություն ամեն գնով, «Հայաստան» դաշինքը խոստանում էր արժանապատիվ խաղաղություն։ Դուք ընտրեցիք Նիկոլի խոստացած չհիմնավորված խաղաղությունը, խաղաղության փոխարեն ստացաք թշնամու զինվոր՝ որպես ձեզ հարևան։

Կարճ ասած՝ կարծում եմ՝ կարող ենք ենթադրել, որ պատերազմ չի լինելու․ ադրբեջանցիները առաջ են գալիս, առանց զենքի վերցնում, սրանք ասում են՝ մեկ է՝ ի հեճուկս ձեզ՝ մենք խաղաղություն ենք հաստատելու, ինչքան ուզում եք՝ վերցրեք։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է տալ ինչ ու ինչքան ուզում են, ու տարին մի քանի անգամ ապացուցում է։ Բայց ժողովրդիս մոտ դեռ անորոշություն է, էն հայտնի անեկդոտի պես։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ