24 03 2023

«Կարճ ասած»․ Փաստեր՝ Փաշինյանի նախընտրական խոստումներից



Ամեն օր, իսկ ԱԺ նիստերի օրերին՝ ամեն վայրկյան, քաղաքացին, ժողովուրդը լսում է ՔՊ-ականներից այն մասին, թե՝ ժողովուրդը մեզ ա ձայն տվել, մանդատ ա տվել, ինչ անում ենք՝ իրենց ասածն ենք անում, իրենց համար ենք անում և այլն։ Ավելին, մեզ ձայն են տվել, որ 5 տարի ինչ ուզենք՝ անենք։ Այնքան են կրկնում, առիթ-անառիթ, կարծես իրենք էլ չեն հավատում իրենց հաջողությանը, զարմացած են։ ԱԺ փոխխոսնակն ասում է՝ անգամ՝ եթե մենք դավաճանություն ենք անում, ուրեմն անում ենք ժողովրդի հետ միասին։ Բա, ժողովրդին էլ հանցակից են գրում, իրենց կողքներին։ Բայց եկեք հասկանանք՝ արդյո՞ք իշխանությունը անում է այն, ինչի համար մանդատ է ստացել, և արդյո՞ք ժողովուրդը մանդատ է տվել անելու այն, ինչ այսօր անում են. շատ էլ որ տեղից չի վերկենում գնա այդ մանդատ կոչվածը վերադարձնի։

Եվ այսպես, հիշու՛մ ենք, Նիկոլը միանձնյա քարոզարշավ էր անում, ասում էր՝ ինձ էլի  տվեք մանդատ, աղքատությունը կիսով չափ կրճատելու եմ, ծայրահեղ աղքատությունը վերացնելու եմ։ Միամիտ ժողովուրդը ձայնը տվեց։ Մեկ տարի հետո թիվ է հրապարակել, որ աղքատությունը կրճատվելու փոխարեն աճել է, ծայրահեղ աղքատությունն էլ։ Ձայն է ուզել, որպեսզի քաղաքացին այլևս աղքատ չապրի, հիմա եկել ասում է գիտե՞ս, ես ասել եմ եթե տարեկան 7 տոկոսանոց աճ լինի, աղքատությունը կմեղմվի, հիմա 13 տոկոս աճ է, ափսոս որ դու աղքատացել ես, բայց զաթո նայի՝ դատախազները լավ աշխատավարձ են ստանում, պարեկներն էլ, հենա Մակունցը տուն առավ, մեր Արփին տուն առավ, ժողովրդի ՊՆ նախարար Սուրիկը 2-րդ տունն առավ։ Ստացվեց՝ ուրիշ բանի համար մանդատ են, տվել, ուրիշ բան է անում։ Այսինքն բնակչության շուրջ կեսին խաբել են, որովհետև ոչ պաշտոնապես կեսը աղքատ է։

Եկել-ասել է ընտրեք մեզ, արտահանողներ ջան, արտահանումը խթանող պայմաններ եմ ստեղծելու։ Ենթադրում եմ, որոշները գնացել ընտրել են ու տարվա ընթացքում մի քանի անգամ ամիսներով Լարսը փակվում է, բեռները փչանում են, կյանքներդ էլ մաշում եք մայրուղիների կիլոմետրանոց հերթերում։ Ամռանն էլ է հիմնական արտահանվող ճանապարհը՝ Լարսը փակ, աշնանն էլ, ձմռանն էլ՝ տևական ժամանակ, մեկ-մեկ անդրադառնում են էդ թեմային, ու վերջ, զբաղվում են իրենց կյանքի բարեկեցությունը դզելով, սաղ օրը անիմաստ սեմինարներին նախարար Քերոբյանը նստած լուրջ դեմքով դասեր է տալիս, իսկ Նիկոլը չի էլ նկատում այդ թեման, Քերոբյանն էլ ֆռֆռում ա։ Այս դեպքով էլ, ուրեմն՝ ձեզ խաբել են քարոզարշավի ժամանակ։

Հիշում ե՞ք, խոստացել էր, թե գործարար ու ներդրումային միջավայրը բարելավելու է։ Ու հիմա ներդրողներն իրենց հարց են տալիս՝ ո՞նց ներդրում անեմ պատերազմի շեմին գտնվող երկրում․ ո՞նց գործարարությամբ զբաղվեմ, եթե մեկ անձից գնումներն են գերիշխում, շահողներն էլ ՔՊ-ական պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններն են․ իսկ որ հանկարծ ինչ-որ հրաշքով շահում են ոչ իշխանականները, ոնց էլ չլինի, մի քրեական գործ կբացեն, հաշիվները կալանքի կառնեն, ու ժպիտը դեմքներին կասեն՝ դե արա, տենամ ո՞նց ես անում։

Հայաստանի բնակչության լուրջ տոկոսը գյուղացիությունն է․ գյուղերով ման է եկել, ասել է ժողովուրդ, խոստանում եմ ձեր արտադրանքը շատ կլինի, կապահովեմ կիրացնեք, գյուղացու եկամուտը կավելանա։ Գաղտնիք չէ, որ հսկայական ձայներ է տարել գյուղերից, միամիտ գյուղացիներից։ Էսօր իրենց էկոնոմիկայի նախարարը գյուղացիներին ասում է՝ հողերը թողեք եկեք քաղաք աշխատելու, հողից օգուտ չեք ունենա։ Հենց էդպես էլ ասում է։ Ասել են՝ մենք կսուբսիդավորենք գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները։ Վերջերս էդ ծրագիրը դադարեցվեց։ Այսինքն, գյուղացիներին խաբե՞լ են, թե՞ չէ․ մանդատ են ստացել, որ էժան կամ զրո տոկոսով վարկ տան, ընտրվել են՝ ծրագիրը դադարեցրել են։ Ասել ա՝ ձայն տվեք, ցածր եկամուտներ ունեցողներին, անապահովներին կացարաններով կապահովենք, գնացել ձայն են տվել, կացարաններից հարյուրավոր ընտանիքների վտարել են։ Ու էսպես որ ոլորտին անդրադառնամ, խաբելով քվեները տարել են՝ կրթությունը, տրանսպորտը, էներգետիկան, ժողովրդագրությունը, միգրացիան։ Ասել են՝ մեզ ձայն տվեք, ազգային ներուժը կհամախմբենք, ատելության խոսքը կբացառենք։ Հլը ասե՛ք, արել ե՞ն։ Ինձ թվում ա՝ Նիկոլն անձամբ է վերահսկում, որ ատելության խոսքը չպակասի, ներուժն էլ չհամախմբվի, որովհետև հենց համախմբվեց, իրենց են քշելու անմիջապես։ Ասել են քվե տվեք «ապագա կա ապագա» կարգախոսով էդ մարդուն, Սփյուռքահայերին կինտեգրեմ Հայաստանին։ Ձայն են տվել, Սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելում են, պատմության մեջ առաջին անգամ սև ցուցակ են կազմել Հաաստանում սփյուռքահայերի, այ իսկ արցախցիներին էլ ուզում են ինտեգրեն Ադրբեջանին։ Հիշումե՞ք, որ նախկին ժամանակներում որևէ մեկի մասին իմանայինք, որ մուտք է արգելված․․․ Հիշում ե՞ք տենց բան, այն էլ հայի, այն էլ ՀՀ քաղաքացու․․․ Անպատկերացնելի բան էր, հիմա նորմալ ա։ Փոխարենը մեր ազգակիցներին խթանի բերի ստեղ, միասին շենացնենք, ասում է՝ ոչ, նա իմ մասին վատ բաներ ա ասել, թող մուտքը փակեն։

Ժողովուրդը ամենից շատ անհանգստացած է անվտանգությամբ․ ասել են՝ զինված ուժերը վերականգնելու ենք, բարեփոխելու ենք, սահմանային անվտանգությունը զարգացնելու ենք․ ի՞նչ ունենք․ զինվորը զոհվում է սահմանին, զինվորը զոհվում է զորանոցում, զինվորը զոհվում է ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում։ 15 զինվոր մեկ գիշերում մոխրվում է հրդեհից, դուք դրա ֆոնին Իջևանում քեֆ եք անում պարեկների պատվին։ Եթե սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ իրավիճակը կարող է շտկվել նորմալ իշխանության պարագայում, ապա բանակում, անվտանգությունն ու Արցախի հարցը ամենաբարդն է, ու կարող է գալ մի պահ, որ այլևս չկարգավորվի։ Ինձ թվում ա՝ հիմա հենց այդ փուլում ենք։ Ամենաշատ խոստումները տվել են այս ուղղությամբ ու ամենաշատը խաբել են հենց այս ուղղությամբ։ Փաստ է, ժողովուրդ, լրիվ հակառակն է իրենց խոստացածից։

2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները 44-օրյա պատերազմում Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիայից ամիսներ հետո էին և էն ժամանակ օդում կրքերը հենց Արցախի թեմայով էր։ Փաշինյանի գլխավոր խոստումները եղել են հենց Արցախի թեմայով․ ասել է՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Շուշին ու Հադրութն էլ կդեօկուպացնենք։ Բա, ժողովուրդ ջան, ընդամենը 2 տարի առաջ, այսպիսի բաներ էր ասում, բա հլը հիմա նայեք։ Ձայնը տարել ես, որ իբր Ղարաբաղի խնդիրը կարգավորես ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինքնորոշում բառը մեջտեղից հանել ես, գնացել-բանակցում ես, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում և ունենա ինչոր իրավունքներ, ու հիմա ասում ես՝ ժողովուրդը մանդատ է տվե՞լ։ Քեզ հայ ժողովուրդը մանդատ է տվել, որ սաղ աշխարհի վրա մուննաթ գաս, թե ինչի մեր սահմանները չես կարում պահե՞ս։ Լու՞րջ, հիշում եք տենց բա՞ն։ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն ասում ա՝ ժողովուրդը որոշել ա, որ պետք է Նիկոլը բանակցի։ Բայց ժողովրդը դա չի որոշել, ժողովրդին ասել են, որ պետք է բանակցի Արցախի հարցի լուծումը ինքնորոշման իրավունքի շրջանակներում, դա չի անում, իսկ ինչ անում է, դրա համար հաստատ մանդատ չի ստացել, նախկինից էլ նախկին Վիգեն Խաչատրյան։ Հարցման արդյունքներ են հրապարակվել, որ ՀՀ բնակչության 80 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում, բայց Նիկոլը դա է բանակցում։ Ուրեմն սա վկայություն է, որ այդ ստացած մանդատը չի գործում այլևս, լեգիտիմ չէ։ Ասել ա ձայն տվեք, ամեն ինչ կանեմ Արցախի մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման ու հումանիտար խնդիրների լուծման համար։ Հենց երեկ ասում ա՝ Ադրբեջանը քանդումա հուշարձանները․ իսկ դու ի՞նչ ես արե՞լ որ չքանդի, ի՞նչ, էլի․․․ Ոչինչ։ Այսինքն, էլի չի կատարել խոստումը։ Ինչ վերաբերում ա հումանիտար վիճակին, ասում ենք բանակցեք, թող Լաչինի միջանցքը բացեն, ասումա  Հայաստանը այդ մասին չի բանակցելու, իսկ ԱԳ նախարար Արարատն էլ տուն ուներ առնելու, դրա համար չգնաց բանակցության, թե չէ կգնար։ Այսինքն՝ ձայներ գողանալու նպատակով խաբել են։

Տվել է կոնկրետ խոստում՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը․ ընտրվելուց տարի չանցած, արդեն հազար անգամ ասել է՝ Հայաստանը այլևս երաշխավոր չէ, գանցեք ռուսներին դիմեք։ Ավելին, անբարոյական թեզ են առաջ բերել՝ Արցախի ժողովրդի կյանքը ավելի կարևոր չէ, քան Հայաստանի ժողովրդինը։ Այդ սրիկայությունը դուք եք ասել, ձեր թիմակիցն է ասել, իսկ դուք չեք դատապարտել, ուրեմն նաև դուք եք այդպես մտածում։

Կարճ ասած՝ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, դրա համար ժողովրդից և ոչ մեկի համաձայնությունը չունի, մանդատը չունի։ Որոշումները, որոնք նրանք կայացնում են, չունեն ժողովրդի համաձայնությունը, այդ որոշումները առնվազն վիճարկելի են։ Մեկ բառով՝ Հայաստանում իշխանությունը լեգիտիմ չէ։ Նիկոլ Փաշինյանը, իմ համոզմամբ, գնացել է ընտրության երկու նախընտրական ծրագրով, իրարից ծայրահեղ տարբեր, մեկը ցույց է տվել ժողովրդին, մյուսը, երևի Ալիևին, Էրդողանին և Հայաստանում իրեն իշխանության բերած ուժերին։ Հայաստանում ժողովուրդը խաբվել է և ձայն տվել առաջին ծրագրին, որը շուտվանից ճղել-գցել են, իսկ իրականացնում են երկրորդ ծրագրում գրվածը։

Դեռ՝ այսքանը։

 

Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ