23 02 2023

«Կարճ ասած»․ Հպարտություն․ հերթական արժեզրկված բառը



Նախորդ թողարկմանը խոսեցի այս իշխանության կողմից ու պատճառով արժեզրկված բառերից մեկի՝ «աննախադեպ»-ի մասին։ Այսօր մեկ այլ բառի մասին եմ խոսելու, որը, ցավոք, արժեզրկվեց ոչ միայն որպես բառ, այլև երևույթ։ Խոսքը հպարտության մասին է։ Հպարտությունը միայն բառ չէր, այլ՝ ինքնագնահատական, ինքնահարգանք, արժեքների գնահատում, արժանապատվության զգացում, երբեմն նաև գոռոզություն, վերևից նայել։ Մենք հպարտ էինք։ Ցավոք, արդեն անցյալով ենք արձանագրում։

Ժամանակին, ինձ համար, օրինակ, և բոլորիս համար հպարտանալու գլխավոր առիթներից մեկը մեր բանակն էր․ որովհետև մեր բանակը հաղթած բանակ էր, մեզ պաշտպանող բանակ էր, իսկ մեր օրացուցային տոների կեսը հենց կառուցված էր հաղթանակների վրա՝ հունվարի 28, մայիսի 8, մայիսի 28, սեպտեմբերի 21 ու ամեն անգամ հպարտությամբ նայում էինք մեր բանակի զորահանդեսները․ էդ հպարտությունից ի՞նչ մնաց։ Կարո՞ղ եք ասել, թե ես ոնց հպարտանամ մայիսյան եռատոնին, երբ դրանից, այդ հաղթանակներից բան չի մնացել։ Մեր տոներից մնաց միայն մայիսի 28-ի Սարդարապատը, դա հլը չեն ջնջել, բայց գնում են էդ ուղղությամբ, թուրքերի հետ բարեկամության թեժ փուլերում կհասկանանք իրականում ինչ են անում։ Անկախության տոնն էլ են ջնջել․ մի երկիր, որի սահմանները պահում են ուրիշ երկրացիները, սահմանապահները, խաղաղապահներն ու դիտորդները խառնվել են իրար ու մեր երկրի տարածքում բախվում են Իրանը, Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան, ի՞նչ անկախության տոնով պետք է հպարտանաս։ Առաջ Հայաստանի իշխանությունը Հայաստանի համար խնդիր էր լուծում, հիմա խծնդիրը լուծող են ներկայացնում այլազգիներին, այլ երկրներին, սրա ինչի՞ վրա հպարտանա քաղաքացին։

Մեր հպարտության առարկա էին զորահանդեսները, անկախության, հաղթանակի տոների շքերթները կամ որևէ միջոցառումերը, հպարտանում էիր ցուցադրվող զորք-զենք-զնամթերքով, իրար կողքի էին Հայաստանի ու Արցախի ղեկավարները, ներկա-նախկին պաշտոնյաները, տարաձայնությունները այդ պահին չէին էլ երևում, որովհետև բոլորը իրենցն էին համարում, այդ հպարտության առիթը։ Կարո՞ղ եք ասել միջոցառում, որտեղ մասնակցում են միասին Հայաստանի ու Արցախի քաղաքական վերնախավը, ներկա-նախկին նախագահները, կաթողիկոսը։ Նիկոլի հետ իր թիմից բացի մեկ-մեկ կանգնում է Արայիկ Հարությունյանը, որովհետև նույն ծրագրի մասն էլ ինքն է, պարտության խորհրդանիշ։

Ամեն արարողության ժամանակ մեզ համար հպարտություն էին մեր հայրենասիրական, ազգագրական երգերը, որոնցից ամեն մեկը մի իմաստ ուներ, մեր հերոսների մասին, մեր ազատագրված շրջանների, քաղաքների, գյուղերի մասին, իսկ դեռ թշնամու տիրապետության տակ գտնվող քաղաքների մասին որ երգում էինք, վստահ էինք՝ ժամանակին դա էլ ենք հետ բերելու, ունեինք հետ բերելու հույս ու նաև հաջողված փորձ։ Հիմա ո՞ր մեկդ է հպարտանում հայրենասիրական երգ լսելով։ Ես օրինակ չեմ լսում, ավելի շատ ցավ եմ զգում, որովհետև դրանք արդեն չեն ոգեշնչում, մի տեսակ սուտ են ու կեղծ։ Ու դրանք սկսեցին կեղծ դուրս գալ այն պահից, երբ մեզ ու ձեզ շատ հայտնի մի հոգու մասին սկսեցին գրել երգ, իսկ հետո այդ նույն հոգու մասին երգերը գրվեցին ու երգվեցին Ադրբեջանում։ Ճիշտ նույնպես ինչպես Դրոյի, Անդրանիկի, Նժդեհի մասին մեր երգերն են, նույնը սկսեցին գրել Նիկոլի մասին, բայց Ադրբեջանցիները, իրենց հաղթանակից հետո։

Երեկ Հաագայի դատարանը որոշում է ընդունել պարտավորեցնելով թշնամուն բացել Լաչինի միջանցքը, ու Հայասատանի իշխանությունները իրենց արբանյակները, կողմնակիցները, հպարտնում են որոշմամբ․ այո՛, տեսե՛ք, միջազգային հանությունն արձանագրեց, որոշե՛ց, Ադրբեջանը պարտավոր է։ Նախ, հարց եմ տալիս՝ իսկ եթե չբացե՞ց․ պարզվում է՝ մեխանիզմ էլ չկա, ընդամենը Ադրբեջանը հեղինակության անկում կունենա։ Ֆոսֆորային ռումբեր կիրառողը, տատիկ-պապիկ գլխատողը պետք է հեղինակության անկումից վախենա՞։ Դա էլ մի կողմ։ Զավեշտը գիտե՞ք որն է, որ տարիներ շարունակ, երկուսուկես տասնամյակ շարունակ Ադրբեջանը առավոտից իրիկուն հղում էր անում այդտեսակ բանաձևերի վրա, որոշումների վրա, ուրախանում էր, որ հակահայկական բանաձև էին ընդունում Ղարաբաղի մասին, ՄԱԿ հայտարարություններ, վերցնում էր ձեռքը գալիս էր մասնակցում բանակցությունների, ասում էինք էդ փաստաթղթերը փաթեթավորեք և մտցրեք համապատասխա տեղը, մեզ մոտ ժողովուրդը որոշել է, լուծել է և պահում է, լավ էլ պահում է, զարգանում է։ Մենք հաղթած էինք, մենք հղում էինք անում մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա․ իսկ հիմա Հայաստանի իշխանությունը փաստաթուղթ է մուրում ու ամեն մի անկապ հայտարարություն սարքում է դրոշակ, դրա ինչի՞ վրա հպարտանամ։ Հպարտանամ, որ ինչ-որ միջազգային իրավաբաններ արձանագրում են որ Ադրբեջանը պետք է Լաչինի ճանապարհ բացի՞։

Էսօր, երբ Ղարաբաղը վարի են տվել, բանակցություններն էլ անցնում են, Ալիևի հրճվանքի ու Նիկոլի նապաստակի դեմքների արտահայտությամբ, նայում ենք հին տեսանյութերը, գցում համացանց կրկին ու կրկին, բայց արդեն ցավով հպարտանում, թե Քոչարյանը ԵԽԽՎ, կամ ՄԱԿ-ի ամբիոնից ոնց էր խոսում, ադրբեջանցի պատվիրակին ոնց էր շշպռում։ Բայց դա տարիներ առաջ էր, բա ինչի՞ հպարտ չենք հիմա, բա եկել մեզ շնորհավորում էր, որ այլևս հպարտությունը վերականգնվել ա, տեսա՞ք ոնց արժեզրկեցին։ Երկրի ներսում փիղ են ճղում, գնայիք էնտեղ ճղեիք, Մյունխենում ճղեիք, Նյու-յորքում ճղեիք, պատերազմի ժամանակ բա ճղեիք, հպարտություններս պոլով եք տվել ու դեռ խոսում եք։

Այդ հպարտացած քաղաքացին հիմա նստած մտածում ա չէ՞, ինչի՞ պիտի ես որպես քաղաքացի գլուխս կախեմ, երբ խոսում է իմ երկրի ղեկավարը, որի խաթր իբր հպարտացել էի։ Ասում ա, ո՞նց հպարտանամ, երբ քո երկրի սահմաններից ոչ մի թիզը քո պետությունը պաշտպանելու հնարավորություն չունի, ո՞նց հպարտանաս, երբ ունես հաշմանդամ դարձած հազարավոր զինվորներ ու նրանց ցրող կառավարություն։ Մենք հպարտանում էինք մեր հաղթանակներով այնքան ժամանակ, երբ եկավ մի թիմ ու պրավալ տալուց հետո հայտարարեց՝ մենք հպարտ ենք մեր պարտությամբ, ու առաջին անգամ պատմության մեջ հնչեց նման ցնդաբանություն, որ կապիուտլյացիայի համար հպարտացողներ կան։ Երբ որ դու հպարտանում ես մի բանով, ուզում ես, որ դա շատ լինի, հա լինի, ու ստեղծում ես նման առիթներ․ Չէ՞ որ, եթե կան մարդիկ, որոնք հպարտանում են պարտությամբ, սկսում են այդկերպ առիթներ ստեղծել, պարտություն կռվի դաշտում, պարտություն դիվանագիտական դաշտում, պարտություն տնտեսության մեջ։ Հպարտանում են Սուրեն Պապիկյանով, Արարատ Միրզոյանով, Վահան Քերոբյանով, Վահագն Խաչատրյանով ու ամոթի առարկա մյուս պաշտոնյաներով ևս։

Չկա միջոցառում, բանակցություն, որին մասնակցի Նիկոլը ու չվախենանք, թե հիմա՞ ինչ է տվել, սարսափով ենք սպասում, մինչև հետ է գալիս։ Երկրի ներսում չկա մի ելույթ, մի ասուլիս, որ դա տալիս է, ու չենք կարողանում բռնել ստեր նրա ելույթներում։ Ցանկացած բան որ կատարվում է մեր երկրում, պետության ու ժողովրդի դեմ ցանկացած օրենք, որոշում, անմիջապես բացում ենք ու տեսնում, որ տրամաբանորեն լրիվ հակառակն է ասել Նիկոլ Փաշինյանը նախկինում։ Էլ ո՞նց հպարտանաս նման ղեկավարով։

Լրագրողներ ենք, տարբեր հարթակներում քննարկումներ ենք ունենում, շփումներ ենք ունենում դրսի գործընկերների հետ, ամաչում ենք մեր ղեկավարության համար ու բոլորին համոզում ենք, որ գիտե՞ք, Հայաստանը նիկոլենցով մի չափեք, որովհետև սրանք ջիվանու երգի միջի ձախորդ օրերն են, որ ձմռան նման պետք է գնան ու մենք ձեզ հլը ցույց կտանք։ Հայաստանի բնակչությունից երեք անգամ ավելի շատ հայ ապրում է սփյուռքում՝ մերձավոր Վրաստանից, Ռուսաստանից մինչև աշխարհի ծայրը, հլը հարցրեք դուք գոհ ե՞ք, ո՞նց եք ձեզ զգում։ Հատկապես Ռուսաստանում ապրող աշխատող հայերը ստիպված շփվում են ադրբեջանցիների հետ, ասում են՝ տեսնեք նրանց պահվածքը, առաջ ոնց էին, հիմա ոնց են, մերոնք թևաթափ եղած են, խուսափում են ադրբեջանցիների հետ շփումներից, մի տեղում հայտնվելուց, որովհետև հաղթած թշնամին լկտիացել է, ժամանակին մենք էինք խնդում իրանց վրա, հիմա իրենք մեր վրա, բոլորը նույնն են ասում։

Կարճ ասած՝ հպարտանալու առիթները, տոները ազգովի ենք կերտել, որևէ մեկը միանձնյա չի եղել, իսկ արդեն պարտությունը արել են միանձնյա՝ մեկ հոգի իր փոքրիկ թիմով։ Նրանք մեր հաղթանակներն էլ վարի տվեցին, մեր հպարտություններն էլ, հպարտացան իրենց պարտությամբ ու սկսեցին համոզել բոլորիս, որ ապագա կա։ Իրենք վախենում էին պայքարից ու նույնն էլ սերմանում են ժողովրդին։ Մենք մեր հպարտություննը կվերագտնենք այն դեպքում, հպարտանալու իրական առիթ կլինի այն պայքարը, որը կսկսի այս իշխանությանը հեռացնելու նպատակով ու կպսակվի հաջողությամբ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ