Նախորդ գիշերը անհանգիստ լուրեր էին տարածվում Իրանի հետ կապված։ Հարվածային անօդաչուներով գրոհ էր եղել մեր հարևան, բարեկամ պետության վրա։ Փորձ էր կատարվել խոցել մի քանի կարևորագույն ռազմական օբյեկտ։ Դրանից երկու օր առաջ հարձակում էր տեղի ունեցել Երուսաղեմում, ապա Իրանում՝ Ադրբեջանի դեսպանատան վրա։ Իսրայելն ու Ադրբեջանը սկսել էին խորհրդակցություններ նախագահների, դիվանագետների մակարդակով, հետո տեղի ունեցավ այդ անօդաչուների գրոհը։ Թե որքանով էին իրար հետ կապված, պարզ չէ։ Իրանը ամենայն հավանականությամբ, պատրաստ էր այդ հարձակմանը և կարողացավ առանց զոհերի դուրս գալ։ Նման գրոհներ էլի են եղել, հատկապես՝ վերջին 3 տարիներին։ Իրանը բավական երկար ժամանակ է, որ անընդհատ պատրաստվում է պատերազմի, որը ըստ վերլուծաբանների միևնույն է՝ լինելու է։ Պետք է ֆիքսենք, որ Հայաստանը՝ արցախյան պատերազմում պարտությամբ, թշնամական ուժերին ավելի է մոտեցրել ոչ միայն մեզ, այլև հենց նույն Իրանին։ Իրանին սահմանակից պետությունները, վստահաբար, քայլեր ձեռնարկում են այդ պատերազմում իրենց դերակատարության, անելիքների ուղղությամբ, իսկ ի՞նչ է անում Հայաստանը, որքնո՞վ է պատրաստ այս ամենին։
Պետք է փաստենք, որ չի անում ոչինչ։ Իրանի հետ ռազմական բախումը շատ ծանր է անդրադառնալու Հայաստանի վրա, քանի որ լինելու է Սյունիքին կից, հնարավոր է նաև մեր երկրի մի հատվածում, և չի բացառվում Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեն առիթից և Սյունիքը կտրելու փորձ անեն։ Հայաստանի հետ սահմանին Թուրքիան ռազմաբազա է կառուցում, կուտակել է զորքեր։ Ադրբեջանական ողջ զորքը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին է կուտակված։ Այդ երկիրը 44-օրյա պատերազմում հաղթանակով՝ էյֆորիայի մեջ է ընկել, բայց Իրանի հետ առճակատման գնալով՝ ջախջախիչ հարվածներ կկրի։ Իհարկե Իրանը այն երկիրը չէ, որ Նիկոլ Փաշինյանի որակի կառավարիչ ունենա, այն էլ այստեսակ խառը ժամանակներում։ Հիմա, լավ, Իրանի հետ ամեն բան պարզ է, Հայաստանը որքանո՞վ է պատրաստ այսպիսի սցենարներին։
Օրինակ՝ հանրային պահանջ է, որ հայկական բանակը կարողանա վերականգնել մեր կորցրածը, թե՛ Հայաստանից կորցրած տարածքները, թե՛ բուն Արցախը, վերլուծաբաններ կան , ասում են որ Իրան-Ադրբեջան ռազմական հակամարտության պարագայում դա իրատեսական սցենար է։ Այդ վերլուծաբանները իհարկե բացառում են որ Հայաստանը նման ղեկավարների պարագայում կարողանա ի շահ մեզ օգտագործի այդ տարածաշրջանային հակամարտությունը։ Ու դա ասում են, հարցեր տալով, որպեսզի կողմնակալությամբ չդատի հանրությունը։ Արդյո՞ք մեր դիվանագիտությունն այդ ուղղությամբ է գնում, արդյո՞ք մեր բանակը վերականգնվում է։ Դատելով կատարվողից՝ ոչ, Հայաստանի իշխանությունը, Ադրբեջանի իրական ցանկություններին հակառակ, խաղաղության է գնում։
Հունվարի 28-ին նշում էինք Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը։ Եղան ճառեր, եղան կենացներ, ելույթներ։ Բանակի օրը մենք չլսեցինք սպաների խոսք, չլսեցինք պաշտոնավարող գեներալի ազդեցիկ խոսք, հավաստիացում, հուսադրում, պլաններ, խոստումներ։ Առաջին պլան իշխանական վերնախավը, որի երեսից բանակն այսօր ծանր օրեր է քաշում և զոհերի հարազատները, որոնց անգամ թույլ չէին տալիս Եռաբլուր մտնել՝ իրենց զավակների շիրիմներին, քանի որ իրենց զավակներին գերեզման տանողները Եռաբլուր էին այցելում։ Այսպես կոչված գերագույն հրամանատարը ոչ թե խոսեց հաջողություններից, նվաճումներից, այլ ասաց այն, ինչը ինքը ամենալավն է անում, ներողություն խնդրեց կառավարության պատճառով զոհերի ծնողներից ու ասաց, որ ծնկի է գալիս։ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու տարվա ընթացքում քա՞նի շալվար է մաշել ծնկի գալով, բայց ոչ մի քայլ չի կատարել բանակը վերականգնելու համար, որ այդպիսի առիթներ էլ չլինեն։ Ամեն օր ինչ-որ լայնածավալ բարեփոխումների անուն են տալիս, բայց ոչ ոք չի տեսել։ Փոխարենը տեսնում ենք, թե ինչպես ենք այդ «բարեփոխումների» պատճառով մշտական զոհեր ունենում՝ սահմանին, զորանոցներում, թշնամու պատճառով, բարդակի պատճառով։ Բայց ո՞վ չի հասկանում, որ մեր բանակը կազմավորման սկզբում անգամ շատ ավելի լավ վիճակում էր, քան հիմա։ Բանակի օրը նշում ենք մի պայմաններում, երբ մեր երկրում 140 քառակուսի կիլոմետր մխրճված է թշնամին։ Ես խոսեցի Իրանի մասնակցությամբ հնարավոր պատերազմի ու Հայաստանի անելիքների մասին․ իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, գենշտաբը, Գերագույն գլխավորը ի՞նչ արեցին, երբ թշնամին ներխուժում էր։
Հայոց բանակը քանդված է հիմա, բայց էդ քանդումը բանակից չի եկել։ Բանակի հզորության համար պետք է ունենաս հզոր դիվանագիտություն, նորմալ սոցիալական պայմաններում ապրող ժողովուրդ, ունենաս արդարադատություն, պետք է բոլոր ոլորտներում ունենաս քիչ թե շատ բարվոք վիճակ։ Երբ բնակչության կեսն աղքատ է, չի կարող աղքատ, թույլ ու բարոյալքված հասարակությունում լինել ուժեղ բանակ։ Երբ քո արդարադատությունը հրահանգներով է, երբ անընդհատ մեղավորներ ու դավաճաններ են հորինում բանակում, գեներալներին նստացնում են, նվաստացնում են, չես կարող ունենալ ուժեղ բանակ։ Ընդամենը վերջին նշանակումը՝ թե ում բերեցին արտաքին գործերի նախարարի տեղակալ, նրանից առաջ էլ՝ 2018-ին, նրա նման մեկին էին բերել, երբ տեսնում ես կադրային աղետը, հասկանում ես, որ նրանք ավելի շատ վնասում են հենց բանակին, որովհետև նրանց օրոք դիվանագիտությունը շարունակելու է արագ մահը, հույսը մնալու է բանակը։ Դու երբ քանդում ես բոլոր ոլորտները, թուլանում է նաև բանակը, որովհետև նա ուղիղ ազդակներ է ստանում բոլորից ու երբ արդեն տապալում ես, բերում պատերազմ, միայնակ մնացած բանակը չի կարողանում տակից դուրս գալ։ Բանակը կատարելագործում են ոչ միայն նոր զենքերով, ներքին կարգապահությամբ, ճիշտ սպա-գեներալներով, ղեկավարներով, այլև մրցույթներով, զորավարժություններով, որից դուք չեք անում․ ընդամենը ասում եք մենք պատրաստվում ենք խաղաղության, մեզ բանակը պետք է խաղաղության համար, պատերազմի համար պետք չէ։ Բանը հասել է այնտեղ, որ երկրապահը հույսը դնում է Արևմուտքի վրա, ԵՄ դիտորդների վրա, որպետք է փրկեն։
Ասֆալտի վրա երկրապահ աշխատող Սասուն Միքայելյանը, էն որ ասում էր հեղափոխությունը Ղարաբաղից կարևոր էր, առավոտ փառք է տալիս հայոց բանակին, իսկ ցերեկը գնում է իրենց պատճառով զոհվածների շիրիմների մոտ ու ասում՝ մենք 30 տարի բանակ չենք ունեցել։ Իհարկե նա այդպես է ասում Նիկոլին դուր գալու համար, բայց սա իրենց դեմքն է՝ քանդել ամեն ոլորտ ու ասել՝ բայց մենք ե՞րբ ենք ունեցել։ Այո, մենք հիմա ոչ մի նորմալ ոլորտ չունենք, բայց փոխարենը ունենք ձեզ։ Ու մեր թշնամին էլ շատ լավ է այս ամենը տեսնում․ նա շատ լավ հասկացավ մենք երբ էինք ուժեղ ու երբ այնքան թուլացանք, որ կարող էր արդեն հարձակվել ու օգտվեց այդ հնարավորությունից։
Կարճ ասած՝ մեր այսօրվա իշխանության ձեռքը կրակն են ընկել մեր բանակը, մեր դիվանագետները, մեր ժողովորդը, մեր դաշնակից պետությունները անգամ կրակն են ընկել։ Շահել են միայն մեր թշնամիները։ Այսօր, երբ տարածաշրջանը նոր պատերազմի շեմին է, այսօր, երբ մեր թշնամական զորքերը կուտակված են մեր երկրի սահմաններին, ու անընդհատ կանխատեսվում է պայթյուն, պատերազմ, ճակատագրի հեգնանքով հենց այսօր Հայաստանը ղեկավարում է հայ ժողովրդի պատմության մեջ ամենաթույլ, ոչ-հայկական թիմը, բանակը՝ ամենավախկոտ ղեկավարությունը։ Այս թիմով սպասել հաջողության, նույն է թե մնաս Աստծո հույսին և սպասես հրաշքի։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը