17 11 2022

«Կարճ ասած»․ Կասկաներով և զրահաբաճկոնով անկողին մտնող իշխանություն



 

Մենք ամեն օր լսել ենք ու շարունակում ենք լսել, թե սա ժողովրդի կառավարությունն է, Նիկոլը ժողովրդական մարդ է և այլն․ սա հիմնականում հենց իրենցից էլ լսել ենք, էնքան ենք լսել, որ անտանելի հոգնել ենք․ բայց զուգահեռ իրականությունն է ուշագրավ, որ չակերտներում ժողովրդի իշխանությունը, իրեն պահում է նապաստակի պես ու վախենում է․․․ Վախենում է հենց ժողովրդից։ Հայաստանի ազգային ժողովի պատմության մեջ մի անգամ է եղել, որ վարչապետի թիկնապահները մտնեն ԱԺ նիստերի դահլիճ, որովհետև վարչապետը սարսափած է։ Երեկ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները մտել էին ԱԺ նիստերի դահլիճ, նստել ընդդիմադիր պատգամավորների շարքերում, կանգնել էին նրանց գլխավերևում ու հսկում էին Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ Ժողովրդի վարչապետ ինքն իր կողմից կոչվածը պետք է գետինը մտներ այդ տեսարանից, ժողովրդի լեզվով ասած։ Մի հատ պատգամավորները ստուգվում են մետաղաորս սարքերով, որ մոտները ավել բան չլինի, սեղաններից անգամ պլաստիկ շշերն են հավաքում․ բայց դրանով չեն բավարարվում։ Սա չտեսնված սարսափ է, սա չլսված սարսափ է։ Ու էսքանից հետո ճոռոմաբանում են, թե ժողովուրդը, բան․․․։ 

Նիկոլը հանդիպում է քաղաքական մի քանի հոգու հետ, որ իրենց զգուշությամբ կուսակցություն են կոչում ու անունն էլ դրել են արտախորհրդարանական ուժեր, էդ մասնակիցներից մեկն ասում է՝ ստուգում են ոտքից գլուխ, ինչ կա-չկա վերցնում են, անգամ գրիչը վերցնում են ձեռքներից, էկոգրիչ են տալիս, թղթից պատրաստված։ Սա նվաստացում է, թե՛ իրենց, թե՛ իրենց հանդիպողների համար․ այսինքն՝ քեզ հետ շփվում է, բայց քեզ չի վստահում, դիտարկում է անգամ որպես հանցագործի, որ գնացել է իրեն վնասելու։ Որովհետև ահավոր է վախենում։ Նիկոլը գնացել էր Գավառի թիվ 2 դպրոցի բացմանը, ավտոմատներով զինված թիկնազորը շրջափակել էր քաղաքի փողոցները, անգամ դպրոց էին մտել։

Անգամ ՔՊ-ականներն են անցնում էդ ստուգատեսի միջով, որովհետև իրենցից էլ է վախենում, սեփական թիմից վախենում է։ Բայց զավեշտը գիտե՞ք որն է, որ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին են վախենում բոլորից ու իրենց համար անվտանգության միջոցներ ձեռնարկում։ Տեսել ե՞ք ԱԺ նախագահի թիկնազորի թիվը, Պաշտպանության նախարարի թիկնազորի թիվը։ Կարդում ես՝ ԲԴԽ անախագահ Կարեն Անդրեասյանը երկու ավտոմեքենայով ու թիկնազորով է տեղաշարժվում, հետն էլ մարդու իրավունքների պաշտպանն է եղել։ Մամուլ ես կարդում, պարզվում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին, Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին տևական ժամանակ անվտանգության աշխատակիցներ են տրամադրած եղել: Տեղյակ չեմ, բայց եթե եղել են, հիմա չկան, բա իրե՞նք հիմա ո՞նց են ապրում, կարողանո՞ւմ են աչք կպցնել, փողոցով քայլել, կարծես բան չի փոխվել չէ՞, ավելի է վատացել, ժողովուրդն էլ ավելի է զայրացած։ Ի՞նչ ասեմ, իրենք գիտեն ինչի տակ են մտել։

Ունենք զրահաբաճկոնով, կասկաներով անկողին մտնող իշխանություն։ Վախը սրանց միջից դուրս չի գալիս։ Բոլոր սահմանափակումները, տուգանքները, ճնշումները, կալանավորումները գալիս են այդ վախերից։ Բոլորից վախենում են, շատ-շատերին գաղտնալսում են։ Սահմանին ՀՕՊ համակարգ չունենք, բայց ասում են՝ կառավարական առանձնատների մոտ կա։ Վախենում են ամեն ինչից ու ամենքից, անգամ սեփական շողքից։

Ազգային ժողով պետք է գնա Նիկոլը, դուք տեսնո՞ւմ եք ինչ հատուկ միջոցներ են գործադրում՝ դիպուկահարներ, լուսաձայնային նռնակներ, դարպասները զոդվում են, արդեն փշալարեր են անցկացվում, լրագրողներին էլ արգելում են էդ խայտառակությունները նկարել։ Ինչո՞ւ են զոդում փշալարերով պատում դարպասները․ իրենք հո չէի՞ն նախատեսել նման բան․ չէ, ուղղակի չկարողացան նորմալ աշխատել, կառավարումը գցեցին ոտներին ու հասան էս օրվան։ Սկզբում ուզում էին բոլորին լավամարդ լինել, բայց հակառակը եղավ։ Պետություն կառավարելը խաղ ու պար էր թվում։

Բայց այդ վախը անհրաժեշտ է, այդ վախը տրամաբանված է, դա պե՛տք է լինի։ Չես կարող հայրենիքիդ կեսը հանձնես թշնամուն, 5 հազար հոգու դնես հողի տակ, հարյուրավորների գերի հանձնես, հազարավոր մարդկանց փախստական դարձնես ու վախ չունենաս։ Էնքան մարդու են սրանք վնաս տվել, որ չգիտեն, թե որ պահին որ կողմից ինչ վնաս կգա, այդ թվում՝ իրենց ներսից։

Առաջ Նիկոլն էն Մասիվից մինչև կենտրոն երթ էր անում ոտքով, հիմա կառավարության թիվ մեկ մասնաշենքից երրորդ մասնաշենք գնալիս ինչքան երկրում ոստիկան կա, ոտքի է հանում։ Մենակ Նիկոլը չէ, կրկնում եմ։ Մարզպետը ընդամենը մի գյուղապետի որպեսզի կարողանա գնա ներկայացնի, մի վագոն ոստիկան է լցնում համայնք։ Անգամ կենդանաբանական այգու տնօրենին են ոստիկաններով գնում ներկայացնելու։ Առաջ ամեն օր մի քպ-ականի կարելի էր տեսնել փողոցում ման գալիս, ազատորեն, քայլում էին, բարևում ժողովրդին, չեղած տեղից հարգանք վայելում․ թե՝ եկաք մեզ փրկեցիք։ Իսկ հենց էդ «փրկվածներին» սկսեցին հազարներով մատաղ անել, արդեն անեծքի տակ ընկան ու մոռացան փողոցը, փողոց են դուրս գալիս թիկնազորով։  2018 թվականին վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է բոլորի թիկնապահներին հավաքել․ հիշու՞մ եք, մեքենաներ էին կանգնացնում, պոլերին տալիս, հիմա իրենք են ման գալիս թիկնազորով։ Բողոքի ցույց անող մի քաղաքացուն 17 ոստիկան է հսկում։ Ամեն օր ինչքա՞ն ոստիկան են լցնում ավտոբուսները ու բերում Հրապարակ, Օպերա և այլ վայրեր։ Մարդիկ պատրաստվում են բողոքի ցույց անելու որևէ թեմայով՝ ամիսներով աշխատավարձ չեն ստացել, ոռոգման ջուր չունեն, մեկ ամիս է՝ մի քանի գյուղ խմելու ջուր չունի, դպրոցի տնօրենին հանել են, ՔՊ-ական այսինչի հարսին են դրել և այլն, երեկոյան պայմանավորվում են, զանգում-խնդրում են նկարենք, առավոտ ասում են՝ կներեք, չենք կարող ակցիան անել, բաց կապով ենք խոսել, ոստիկանությունը թե ԱԱԾ-ն լսել ա, գնացել են մի մասին համոզել են, մի մասին բռնել են, մյուս մասին ահաբեկել են ու ցրել են։ Մի քանի գյուղացու արած բողոքի ցույցից անգամ վախենում են ու զուգահեռ տպավորություն են ստեղծում, թե ամեն ինչ լավ է, բողոք չկա։

Բայց չեն հասկանում մի բան․ էս սաղ կուտակվում է ու պայթելու է։ Դուք հիմա պատկերացրեք, որ սրանք որևէ խնդիր չեն լուծում, որևէ մատից փուշ չեն հանում, կուտակում են, աշխատավարձի խնդիր, ջրի խնդիր, Լարսի խնդիր, գյուղմթերքի խնդիր, գերիների, զոհերի, հացի, աշխատավարձի, պարգևավճարի, փախստականի, վարձով դժվարությամբ ապրողի, թիկնազորի, հղփացած իշխանավորի, իրեն վատ պահող բերետավորի, իշխանության բոլոր օղակներից դժգոհների և այլ և այլ հարյուրավոր խնդիրներ կուտակվում են, ու էդ բոլորը եթե հիմա ճնշում եք, ուրեմն պայթելու են միանգամից։ Դա լինելու է ու կարող է դուք չկարողանաք տակից դուրս գալ, ավելի վատ բաներ չասեմ։ 2018-ին պայթեց, բայց նախկին իշխանությունը այսօր քայլում է փողոցներով, շփվում քաղաքացիների հետ․ հիմա որ պայթի, ես չգիտեմ դուք ուր եք հայտնվելու։

Կարճ ասած՝ ձեր վախերն էլ, այդ վախերից պաշտպանվելու պետական միջոցներն էլ ձեզ չեն օգնի, ուրիշ լուծումներ գտեք։ Սադամ Հուսեինին, Չաուշեսկուն, Քադաֆիին քա՞նի թիկնազոր ու փշալար չկարողացավ օգնել։ Հուսեյնը համատեղել էր իր երկրի բոլոր բարձրագույն պաշտոնները, ամբողջը կենտրոնացրել էր իր ձեռքում․ ի՞նչ եղավ իր հետ։ Միշտ հիշեք։ Ձեր անվտանգության երեշխավորը ժողովուրդն է, ոչ թե փշալարը․ դրա համար պետք էր ժողովրդի հետ մարդավարի վարվել։ Երբ դու թալանում ես ժողովրդին, տանում ես մահվան, սպանում ես, հանձնում ես, դարձնում ես փախստական, ուրեմն իմացիր, որ վախերի մեջ ես ապրելու, մինչև լուծում չտաս։ Իսկ փշալարն ու ոստիկանական ուժերը, լուծում չեն, ընդամենը հետաձգում են, այն էլ՝ կարճ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ