Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելով՝ ես ու գործընկերներս, անկեղծ ասած, տպավորություն ստացանք, թե Նիկոլ Փաշինյանը մտել է «Հայաստան» դաշինք։ Լսեիք եզրակացությունները, բառապաշարը, խոսույթը։ Մարդը լրիվ խոսում է այնպես, ինչպես ամիսներ շարունակ խոսում է ընդդիմությունը։ Մի տարբերությամբ՝ ինքը զարմացել է, որ Ալիևն իրեն «քցում է», բայց ընդդիմության համար զարմանալի չէր, առաջին օրից դա է ասում։
Կեսժամանոց ելույթի մի քանի դրվագի անդրադառնամ։ Նիկոլն ասում է՝ Ադրբեջանի նախագահը չի կատարում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։ Յա, լուրջ ես ասու՞մ։ Բա էդ մասին նո՞ր գլխի ընկաք։ Երկու տարի շարունակ դուք ինչո՞վ էիք զբաղված, որ չէիք տեսնում, որ ակնհայտ է, որ խախտելու է պայմանավորվածությունները։ Երկու տարի շարունակ ընդդիմությունը, փորձագետները, վերլուծաբանները, լրագրողները, էլ մարդ չմնաց, բոլորը քեզ ասում էին՝ Նիկոլ Փաշինյան, հերիք է գլուխդ կախ անես այն, ինչ գրել են այդ կապիտուլյացիոն թղթի մեջ ու դու ստորագրել ես, երբ որ առաջին կետից կատարում ու հասնում եք 6-րդ կետ, որտեղ գերիերի ու անհետ կորածների մասին է, դա մի շրջանցեք ու անցեք մյուս կետերին։ Դու, ի արդարացում քո մեծամտության, բայց նաև անփորձության, ասում էիր՝ մեր գերիները ևս մի երկու ամիս մեզ թող ներեն ու հիմա ասում ես՝ Ադրբեջանը չի տալիս, քցում է ինձ։ Է մեռանք ասելով՝ բա քցելու է, եթե էս չանես, էն անես, դո՛ւ լինես, որ սկի ռուսերեն չի կարողանում խոսի, չէիր լսում, էդ ասողների վրա բերետավորներին էիր ուղարկում։ Ադրբեջանը հրապարակում է կադրեր, թե ոնց են սպանում հայ գերիներին, դու դրանից հետո շրջափակման մեջ ընկած իրենց զորակազմին բան չես անում, թողնում ես, որ սովածանան, կարող ա հետ գնան, որովհետև խաղաղության կեղծ օրակարգ էիր մեյդան բերել։ Հազար անգամ ասացին, ինչո՞ւ ես ականապատ դաշտերի քարտեզները տալիս։ Հիմա ասում է՝ 7 շրջանի քարտեզ տվեցի, էլի գցեցին ինձ։
Քեզ ասում էին Նիկոլ Փաշինյան, ինչի՞ ես հանձնում Լաչինի միջանցքը, եթե մանավանդ Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները․ դու իրեն հնարավորություն ես տալիս, որ ամեն անգամ, երբ ուզի, կապը կտրի Արցախի հետ։ Հանձնեց, հիմա ասում է Ադրբեջանը պատրվակ է ստեղծում, որ միջանցքը փակի, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակի ու ցեղասպանի։ Այ ընկեր, մեռան ասելով, ի՞նչ էիր ափալ-թափալ սաղ հանձնում, բա չե՞ս մտածում ինչ կարող է լինի։
Դու իշխանություն ես պահել խաղաղության օրակարգով, շատ ու շատ մարդիկ ասել են չես կարող դու խաղաղություն հաստատել, չունես այդ կշիռն ու ռեսուրսը, չես կարող նոր պատերազմի, անգամ լարվածության տակից մեզ հանես առանց նոր աղետի, ակնհայտ էր դա, էսօր ասում ես Ադրբեջանի նախագահը չի հրաժարվում ուժի կիրառման սպառնալիքներից։ Բա մեր ասածն էլ դա էր, ընդդիմությունն էլ էր էդ ասում, չի հրաժարվել ու չի հրաժարվելու, քանի քո պես հեշտ հակառակորդ ունի։
Նոյեմբերի 9-ին՝ 2020թ․, Փաշինյանն ասում էր՝ ես խաղաղություն եմ բերել, իր ՔՊ անդամներն ու նիկոլականներն ասում էին վերջ, կռիվը պրծավ, իրենց Ղարաբաղն էր պետք, ստացան, կսսկվեն։ Ընդդիմությունը մեռավ ասելով՝ Ղարաբաղը տվեցիք, գալու է Վարդենիսի հերթը, Սյունիքի հերթը, որովհետև նրանք չեն հանդարտվելու։ Ընդդիմությանն ասում էին անկապ տեղը վախացնում եք ժողովրդին, ամեն ինչ նորմալ է։ Էսօր՝ երկու տարի անց, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումներ ունի, մեր տարածքների անուններն է տալիս, ինչ է, որ ահաբեկի՞, ո՛չ, իրականությունն է դա, ուղղակի այն ժամանակ քեզ ձեռք չեր տալիս տենց բաներ ասեիր, քո էդ չեղած խաղաղության թեզի մեջ չեր տեղավորվում։
Բազմաթիվ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ, ես ինքս այս եթերում բազմիցս հարց եմ բարձրացրել՝ կարո՞ղ եք ասել, ինչու է Ադրբեջանի զորքը գրավել տարածքներ Հայաստանից ու Արցախից նոյեմբերի 9-ից հետո, երբ այդ փաստաթղթում գրված է, որ կրակը դադարում է, զորքն էլ կանգնում է իր տեղում։ Նույն հարցը այսօր, բայց 2 տարի հետո, Նիկոլ Փաշինյանն ինքն է տալիս ու մեղադրում Ադրբեջանին պայմանավորվածության խախտման մեջ։ Ու ընդամենը 2 տարի հետո հասկացավ։ Ուղղակի բանն այն է, որ մենք հարցնում ենք իրեն, իսկ ինքը դեմքի անդրդվելի վստահությամբ դա կարդում է կառավարության անդամների առաջ։ Հետաքրքիր է՝ ու՞մ են ուղղված իր արձանագրումները, ինքն իրե՞ն։
Ընդդիմությունը ի՞նչ է ասում՝ Նիկոլ Փաշինյան, երբ դու հրաժարվում ես Արցախի ինքնորոշման, կարգավիճակի մասին բանակցություններից, ասում ես Ալիևը մեզ հետ չի բանակցում, ասում ես ճանաչում ենք իրենց տարածքային ամբողջականությունը՝ ենթադրելով Ղարաբաղը մեջը ու համաձայնվում ես Վաշինգտոնից քեզ դեմ տված բանակցային փաստաթղթին, ղարաբաղցիներին համարում ես Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն, դա բերելու է Արցախում ցեղասպանության։ Նիկոլն այսօր ասում է՝ Արցախի հայությունը ցեղասպանության վտանգի տակ է։ Է բա էդ են ասում քեզ երկու տարի։ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացնում, որ այլևս Հայաստանից ոչ մի զինվոր չգնա Արցախ, Արցածում ծառայողներին օտպուսկ են ուղարկում ու այլև չեն վերադարձնում Արցախ, հիմա ասում է՝ բա չիմացաք, էդ սաղ արեցինք, բայց ոնցոր Ալիևն ուզում է ցեղասպանել մեր հայրենակիցներին։ Բայց չեմ հասկանում, ի՞նչ է, ակնհայտ չէ՞ր։
2 տարի շարունակ հազար անգամ ընդդիմությունը հարցրել է, միայն 4-5 անգամ նախագահ Քոչարյանից եմ լսել, որ՝ ի՞նչ եք անելու, երբ լրանա Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետը, ասում էր, որ սխալ էր ընդամենը 5 տարի ժամկետ նշելը, Նիկոլ Փաշինյանը հիմա է ասում, որ Ադրբեջանը դեմ է, սխալ է ներկայացնում և այլն։
Հարյուր անգամ ասել են՝ որ Նիկոլ Փաշինյան, դու ինչո՞ւ ես ասում ես համաձայն եմ Ադրբեջանի բոլոր կետերին, երբ իրենք քո առաջարկած ոչ մի կետի չեն համաձայնում։ Նիկոլը ինչ-որ բաներ էր իբր հակադարձում, ընկնում էր պեչենու բաղերը, իսկ հիմա ասում է ինձ գցել են, ոչ մի առաջարկ չեն ընդունում, բայց էլի եմ ուղարկելու։ Դու համաձայնում ես իրենց կետերին, քննարկում ես փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը Ադրբեջան է, հիմա ասում ես չեն ուզում քննարկել ինքնորոշման հարցը։ Բա չեն ուզի, որովհետև ի սկզբանե խելքից դուրս նվերներ ես արել, էլ ինչի՞ շուրջ բազար անեն հետդ, սաղ ստացել են, որ երկիր գնացել եք, հանձնվել-եկել ես։ Ասում ես դու ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք կճանաչենք ձերը, հետո ասում ես Արցախի ինքնորոշու՞մ։
Ընդդիմությունը մեռավ ասելով, որ Ադրբեջանին չի հետաքրքրում քո հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը, իրեն հետաքրքրում է միայն Զանգեզուրի միջանցքը, որի մասին դու ինչ-ինչ խոստումներ ես տվել։ Հիմա դու ես ասում՝ Ադրբեջանը հրաժարվում է սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները, չի ուզում մեր անցակետերով անցնել և այլն։ Կա՞ մի բան, որ քեզ զգուշացրել են ու չի կատարվել կամ կատարվում, բա հիմա ի՞նչ ես կոկորդիլոսի արցունքներ հեղում։
Քեզ ասել են ինչի՞ ես զորքերը հետ քաշում, ինչի՞ չես կահավորում դիրքերը, ասել ես՝ ինչ անում եմ լավ եմ անում, հիմա ասում ես, որ Ադրբեջանը խփել է 36 բնակավայրի Հայաստանում, 7600 քաղաքացի տեղահանվել է, ունեմ 16 անհետ կորած, 200-ից ավելի զոհ։ Կարծես մարդն ասում է ինձ վրա հույս մի դրեք, ես մենակ վիճակագրություն եմ վարում։
Նիկոլն ասում է՝ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, բայց ես գնալու եմ խաղաղության, կստիպեմ։ Դու որ չես կարողանում ստիպել ընդամնեը մի դիրքից հետ քաշվի, ո՞նց ես խաղաղություն ստիպելու նրան, ով ուզում է քո ժողովրդին ցեղասպանել, ո՞նց, էլի, մի հատ էդ ասա իմանանք։ Հո ասելով չի։
Այժմ կատարվում է այն, Նիկոլ Փաշինյանն ինքը խոստովանում է այն, ինչ իրեն զգուշացրել է ընդդիմությունը։ Ուղղակի իրեն զգուշացրել են այս ամենը երկու տարի շարունակ․ ինքը չի լսել, իր նեղ կռուգով ուրիշ բաներ են որոշել, հակառակն է արել, հիմա դարձյալ տապալել է բանակցությունները, բերել փակուղու ու եկել ասում է՝ Ադրբեջանը սենց, Ադրբեջանը նենց, մենք էլ դե էլ չենք կարողանում։ Եթե դու պետք է միայն արձանագրես ընդդիմության նման ու չկարողանաս դեմն առնել ինչի՞ համար ես։ Ես չգիտեմ հիմա, անկեղծ ասած, թե ընդդիմությունը էլ ինչ թեզերով է փորձելու տարբերվել իշխանությունից, որովհետև սրանք հիմա լրիվ վերցրել են ընդդիմության ասածները, բայց մոռանում են, որ իրենք պարտավոր էին այս ամենը ժամանակին թույլ չտալ, այ դա է տարբերությունը։ Խնդալու է, բայց բանը հասել է էնտեղ, որ հեշտությամբ հողատուները խոսում են արժանապատիվ խաղաղությունից․ մի բան, որը ընդդիմության գլխավոր կարգախոսն էր այն ժամանակ, երբ սրանք ասում էին իբր ընդդիմության ասածը՝ պատերազմն է, մենք ասում ենք խաղաղություն ամեն գնով, ու այդպես էլ ձայներ հավաքեցին, պատերազմից սարսափած ժողովրդից։
Կարճ ասած՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հենց ինքը հստակ ասաց, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Այսօր նա, վերջնականապես թաղեց իր Խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգը․ իրեն մնում է կամ մեզ պատրաստել պատերազմի, կամ հեռանալ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը