Որ ՔՊ-ական իշխանության շնորհիվ մեր երկրում իրենց չափազանց լավ են զգում թուրքերն ու ադրբեջանցիները, փաստ է․ փողոցով կարելի է բազմիցս լսել ադրբեջանաթուրքական երկխոսություններ․ մեզ համոզում են, թե՝ Իրանի քաղաքացիներ են, հնարավոր է՝ ազգությամբ՝ ադրբեջանցի։ Տեսնում ենք, թե ինչպես են ադրբեջանցի ու թուրք բլոգերներ տեսանյութեր հրապարակում Հանրապետության հրապարակից, Ծիծեռնակաբերդից, իրանական Կապույտ մզկիթի մոտից՝ ծաղրելով մեզ։ Վերջերս էլ մի թուրք ընտանիք դեբոշ էր սարքել Վեդիում։ Թշնամի պետությունները Նիկոլ Փաշինյանի պարտության տարած պատերազմի արդյունքում օկուպացրեցին մեր հողերը, կոտորեցին մեր զավակներին, հիմա էլ, փաստացի, Հայաստանի թույլտվությամբ, սկսելու են օրենքով Հայաստանը զավթելու գործընթաց։ Եթե չգիտեք, ասեմ ինչպես։
Նոր օրենքի նախագիծ է ոստիկանությունը շրջանառում, որով հեշտացված կարգով քաղաքացիություն են տալու օտարերկրյա քաղաքացիների։ Առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի մեջ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում ու դու Հայաստանի քաղաքացի ես կամ պետական պարտատոմսերի ձեռք բերում, կամ 150 հազար դոլարանոց բնակարանի գնում։ Երևանի որևէ հատվածում մի հատ տուն գնեք ու դարձեք քաղաքացի, կամ Հայաստանում հիմնեք օտարերկրյա տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության մասնաճյուղ՝ 500 աշխատողով ու դարձեք ՀՀ քաղաքացի։ Կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին 150 000 ԱՄՆ դոլարի չափով անհատույց ներդրում ու Հայաստանի քաղաքացու անձնագիր կտան։ Կարող է չէ՞ Հայաստանի քաղաքացի ադրբեջանցիներից մեկը մի գիտական հիմնադրամ բացել՝ լրիվ հայկական հայրենասիրական վերնագրերով ու տակից գիտության հերն անիծել։ Ոչինչ, թող 150 հազար դոլար տա, ինչ ուզում է՝ անի։ Եվ այլ չափանիշներ կան ու հիմնական դերում փողն է, բացի գիտությունից, առողջապահությունից, որտեղ դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում ունենալը հերիք է կամ պետական շքանշան ու մեդալ ունենալը հերիք է։
Բազմաթիվ երկրներում կա նման պրակտիկա, որ տնտեսության մեջ ներդրում ես անում՝ X գումարի, ու դառնում ես քաղաքացի։ Վահագն Խաչատրյանից հետո ամենավատ նախագահների սանդղակում երկրորդ տեղը զբաղեցրած Արմեն Սարգսյանը, օրինակ, Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում ներդրում էր արել ու դարձել Կարիբյան ծովում գտնվող այդ փոքր երկրի քաղաքացի։ Այս նախագծում ամենակարևորը այն է, որ կարծես հաշվի առնված չեն պատերազմական վիճակում գտնվող մեր երկրին սպառնացող վտանգները։ Կարդում ես, այնպիսի տպավորություն է, թե Հայաստանը էս մի 100 տարի է՝ խախանդ ապրում է, ոչ մեկի հետ խնդիր չունի, ի՞նչ է եղել որ, թող միքիչ էլ թուրքեր ու ադրբեջանցիներ գան տներ առնեն, բիզնես դնեն։ Բա ասում են՝ աննախադեպ ներդրումային ակտիվություն կա․ բա եթե այդպիսի ակտիվություն կա, այդ դեպքում ինչո՞ւ եք ինչ-որ մանր ներդրումնների դիմաց քաղաքացիություն խոստանում, երկիրս սարքում ահաբեկիչների որջ, ո՞նց եք դրանց վերահսկելու, պատկերացնու՞մ եք։ Հետաքրքիր է՝ ո՞ր երկրի քաղաքացիները հաճույքով կգան Հայաստանում քաղաքացի կդառնան, ամերիկացինե՞րը, կանադացինե՞րը, ֆրանսիացինե՞րը։ Ես, ու իմ պես շատերը, առաջինը որ պատկերացնում են, առաջինը դա թուրքերն ու ադրբեջանցիները կլինեն, ժպիտները դեմքներին, կացինը ծոցում պահած, ձեռք առնելով։
Կադատրի կոմիտեն հայտարարել էր, որ 2022 թվականի փետրվարի տվյալներով, ադրբեջանցիները 6 անշարժ գույք ունեն Հայաստանում, 71 հոգի էլ թուրքիայի քաղաքացի ունի անշարժ գույք Հայաստանում՝ բնակարան, բնակելի տուն, ավտոտնակ, հասարակական նշանակության գույք և հողակտոր։ Քա՞նի անգամ է ահազանգ հնչել, որ արաբական երկրի քաղաքացի հանդիսացող անձինք, որոնք իրականում թուրք ու ադրբեջանցի են, տներ և հողատարածքներ են գնել Արարատի մարզում։ Ու չմտածեք, թե թուրքերը ինչի՞ պիտի փող ծախսեն, որ մեր խուլ գյուղերում տներ, հողեր գնեն։ Թուրքիան ու Ադրբեջանը միլիոններ կծախսեն այդ նպատակի համար, որովհետև դա Հայաստանի քանդում է ներսից։ Մի հատ նայեք հողերի ու բնակարանների վաճառքի հայտարարությունների կայքերն ու թերթերը, գնալով հաստանում են․ վաճառում են։ Ու այդ բոլորը կարող են գնել թուրքերն ու ադրբեջանցիները։ Մարդիկ, որոնք վաճառում են ու հատկապես՝ երկրից գնալու նպատակով, վստահեցնում եմ, իրենց մեծամասնության համար լրիվ մեկ է՝ իրենց տունը թուրք կառնի, ադրբեջանցի, հրեա․ կարևորը՝ գին չգցեն։ Իրենց մեծամասնությանը չի էլ հետաքրքրում, թե ինչ կլինի իրենցից հետո, մանավանդ որ պետության իշխանության պատճառով դավադիտ եղած են։
Դու՝ իշխանություն, պետք է էնպես անես, որ Հայաստանի քաղաքացիությունը գրավիչ դառնա հենց հայի համար, Հայաստանը ապրելու համար գրավիչ երկիր դառնա, անվտանգ լինի, օրենքի երկիր լինի, բարեկեցիկ․ որ մարդ ուզենա էստեղ ապրել, որովհետև ապրելը հեշտ է, սոցիալական, իրավական պետություն է։ Ոչ թե երկրի քաղաքացիները փախչեն երկրից ու դու էլ, ասես, լա՛վ, ո՞վ կա, էկեք, մի հատ տուն ա, բան ա, առեք, քաղաքացիություն կտամ ու թուրքերի բերես լցնես։ 2021 թվականին միայն մեկ կիսամյակում 22 հազար Հայաստանցի ստացել է ՌԴ քաղաքացիություն։ Կես տարում 22 հազար հոգի։ Հայաստանի շուրջ 300 հազար քաղաքացի Ռուսաստանում միգրացիոն հաշվառման մեջ է։ Դուք հասկանում ե՞ք սա ինչ թիվ է։ Քո նաև պատճառով քաղաքացին փախչում է, դու թշնամուն ասում ես՝ էստի համեցեք, եկեք, ներդրում արեք, բիզնես բացեք, թող հայերը ձեզ մոտ բանվոր աշխատեն, ի՞նչ է եղել որ։ Էս իշխանության տրամաբանությունը երևի այսպես է՝ որ գյուղերի մի մասը դարձել է սահմանամերձ, ադրբեջանցիները կրակում են ու չեն թողնում մշակենք, դե թող իրենք էլ գան առնեն, ապրեն, որ չկրակեն։ Վաղը կպարզվի, արդեն, որ, օրինակ՝ Ջերմուկում, Վարդենիսում, Սիսիան, Գորիսում լիքը հողեր ունեն ադրբեջանցիները։
Բայց հող գնելը, անշարժ գույք ունենալը դեռ խնդիրներից բոլորը չեն․ ՀՀ քաղաքացիությունը նշանակում է նաև քվե, նշանակում է իշխանության կրող․ վաղը այդ մարդիկ հնարավորություն ունենալու են նաև ընտրել, ընտրվել ու կարող է պարզվել, որ ընտրություններում թուրքերի ու ադրբեջանցիների մասնակցությունը վճռորոշ է։ Վերջերս, Հայաստանի ԱԱԾ-ն օրենքի նախագիծ էր բերել ու առաջարկում էր խստացնել սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը։ Էս մարդիկ ասում են՝ Սփյուռքհայերի քաղաքացիությունը հենց էնպես չի լինի, մի բան եկեք առեք ստեղ, դե ձեռքի հետ էլ թող թուրքերը գան, հեշտացնենք, ի՞նչ է եղել որ։
Այսինքն, հիմա մեզ համար սրբություն սրբոց է միայն փողը, այն, ինչ եղել է մի ամիս առաջ, երկու տարի առաջ, մեկ դար առաջ, էդ սաղ ջնջենք, փող լինի մեջը։
Կարճ ասած՝ փաստացի տեղի է ունենում հետևյալը՝ Արցախի քաղաքացիներին կտան Ադրբեջանի անձնագիր, ադրբեջանցիներին՝ ՀՀ քաղաքացու անձնագիր, Հայաստանցիներն էլ հազարներով ստանում են Ռուսաստանի անձնագիր, վաղն էլ Հայաստանի իշխանությունը կընտրվի արդեն թուրքաադրբեջանցիների կողմից և բոլորը կլինեն երջանիկ, կարևորը՝ նախկինները չլինեն։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը