Այսօր տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Սթափ, կշռադատված խոսքի պակաս կար և հատկապես այս առումով բավականին սպասված էր ասուլիսը։ Նախագահ Քոչարյանը մի շարք ազդակներ փոխանցեց հանրությանը, ընդդիմադիր ու իշխանամետ թևերին, մեզ բարեկամ և թշնամի երկրներին։
Հանրությունը պետք է իմանա, որ Նիկոլ Փաշինյանի քարոզած խաղաղության դարաշրջանը դեռ չբացված՝ ավարտվեց, անգամ խաղաղության ամիս մենք չունեցանք, էլ ուր մնաց՝ դարաշրջան։ Պետք է հանրության կոնսոլիդացիա տեղի ունենա՝ կարևորագույն նպատակի համար։ Այս պահին այդ նպատակն է իշխանափոխությունը և այս վիճակից երկրի դուրս բերում։ Տեսակետները, որ այս պահին պետք է կոնսոլիդացիա իշխանության շուրջ, պետք է մերժվեն։ Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ չի կարող հանրությունը համախմբվել պարտության ու կապիտուլյացիայի շուրջ։ Պետք է համախմբվել պայքարելու և դա թույլ չտալու համար։ Մեր պրոբլեմը Նիկոլ Փաշինյանն է, ինչպե՞ս կարելի է պրոբլեմի շուրջ միավորվել։ Պետք է պրոբլեմը չեզոքացնել։ Այս առումով երկրորդ նախագահի առաջ բերած թեզը, կարծում եմ, առաջինը իշխանությունը պետք է քննարկի․
Մեկը մասնակի իշխանափոխության գաղափարն է, որի շուրջ պատրաստ է ընդդիմությունը քննարկման՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, թող ՔՊ-ն մնա ԱԺ մեծամասնություն, սակայն պետք է հեռանա Նիկոլը, պետք է ձևավորվի նոր որակի գործադիր իշխանություն։ Կարծում եմ՝ շատերն են այն մտքին, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում զուտ սեփական անվտանգության անհանգստությունից ելնելով։ Նա մնում է, որովհետև հիմա ունի շուրջօրյա հսկողություն, պաշտպանություն, հազարավոր ոստիկանների աջակցություն․ Եվ ուրեմն, Ռոբերտ Քոչարյանը խոստանում է անվտանգության երաշխիք նրա հեռացման դեպքում։ Եթե նրա հեռացման գինը դա է, ուրեմն պետք է տալ։ Ի վերջո, երկիրը հազարապատիկ ավելի կարևոր է մեկ մարդու պատժելու ցանկությունից։
Միայն Փաշինյանի գնալուց հետո է հնարավոր ձեռքբերումներ ունենալ, որովհետև այս մարդը արդեն մտովի հանձնված է։ Պայքարել չի նշանակում անպայհման պատերազմ, կարելի է այնպես անել, որ պատերազմ չլինի ու ոչ էլ պարտվես ու նվաստանաս։ Բոլոր նրանք, ովքեր վախեցնում են Քոչարյանի կերպարը պատերազմով, հիշեցնում է, որ իր կառավարման 10 տարին եղել է մեր երկրի ամենախաղաղ տարիները, հզոր բանակի տարիները, ամենաքիչ կորուստներով ժամանակաշրջանը ու զարգացման շրջան։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է, որ իր ժամանակ հնարավոր էր ձեռք բերել զենք թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, իսկ հիմա ասում են որպեսզի մեզ զենք տա Արևմուտքը, պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, պետք է ռուսական ռազմաբազան հանենք և այլն։ Անհնար է ունենալ գումար, բայց չկարողանալ զենք ձեռք բերել, և եթե այս իշխանությունը դա չի կարողանում, ուրեմն նրա մնալը լրիվ ավելորդ է։ Մեզ Ամերիկան կպաշտպանի, Ֆրանսիան կպաշտպանի ձևակերպումները ոչինչ չեն կարող տալ։ Այդ երկրները հայտարարություններից բացի ոչինչ չեն անելու։ Միաժամանակ, Ռուսաստանին նեղացնելը հղի է ծանր հետևանքներով։ Երկրորդ նախագահը նշում է, որ Ռուսաստանն անում է և անելու է հնարավորը, որ բախում չլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանը չի կարող գալ և կռվել մեր փոխարեն: Ռուսաստանին մեր երկրում, այս տարածաշրջանում այլ երկրով փոխարինել ուղղակի անհնար է։ Կարող է Ալիևը մի հատ հարձակում անել և Հայաստանում խորանան հակառուսական տրամադրությունները, բայց դրանք լավ տեղ Հայաստանին չեն տանում։ ՀԱՊԿ-ից, ըստ նախագահի, պետք չէ սպասել օգնություն, թեկուզ նրա համար, որ այդ կազմակերպության անդամ բոլոր երկրները ունեն Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություն։
Երկրորդ նախագահը տարակուսանք է հայտնում, որ հիմա մեր իշխանությունը Իրանի հետ նման թույլ կապ ունի, այն դեպքում, երբ Սյունիքի անվտանգությամբ մեզ հետ հավասար շահագրգռված է Իրանը։ Բայց Իրանի հետ կապերը զարգացնելու որևէ քայլ չեն անում։ Ավելին, Իրանը ունի որակյալ զենքեր, հարվածային անօդաչուներ, սակայն Հայաստանը փորձ անգամ չի անում ձեռք բերելու, քանի որ գնում է հանձնվելու ճանապարհով։ Պատերազմից անցել է երկու տարի, բայց ոչ մի բնագիծ չի կահավորվել։ Ու այս պահին եթե հույսներս այն է, որ պետք է մեզ Իրանը գա-փրկի, չեն արդարանա․ այդ երկիրն էլ չի օգնի, եթե դու պատրաստ չես քեզ պաշտպանել։ Հանձնվողի համար չի կարող դրական ելք լինել, պայքարողի առաջ է, որ բացվում են դռներ։ Սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, որ որևէ դաս չեն քաղել 44-օրյա պատերազմից, այն կարգի պաշտպանություն, որ իրականացրեցին 44-օրյայի ժաանակ և պարտվեցին, նույնը անում են նաև հիմա։
Եվ ընդհանրապես, երկրորդ նախագահը պնդում է, որ պետք է Հայաստանի դիվանագիտությունը կարողանա փայլուն աշխատել այն երկրների հետ, որոնք ունեն պրոբլեմներ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Փաստ է՝ Հայաստանը անվտանգության ճգնաժամի մեջ է, Հայաստանի իշխանությունը ի վիճակի չէ պաշտպանելու և ողորմություն է խնդրում, բայց չի էլ ուզում պատերազմել, ասում է՝ հանձնվենք, որ մեզ վրա չհարձակվեն ու չգիտի, թե մինչև ուր պետք է հանձնվի։ Թշնամին ներխուժել է ՀՀ տարածք ու դուրս չի գա, քանի հատ էլ հայտարարություն լինի, պետք է հզորանալ և զինել բանակը, ուժ ցույց տալ, դիվանագիտություն վարել։
Ռոբերտ Քոչարյանը նշում է՝ 1992 թվականին ավելի վատ վիճակում ենք եղել, և կարողացել ենք փոխել իրավիճակը՝ ճիշտ կազմակերպելով։
Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից ամենակարևոր բանը ինձ համար «հնարավոր է» խոսքն էր։ Իրավիճակը փրկել հնարավոր է, անհույս վիճակներ չեն լինում։ Նույնիսկ հիմա, երբ թշնամին կանգնած է մեր 6 մարզերի սահմաններին, սպառնում է պատերազմով, կապիտուլյացիա է պարտադրում, հնարավոր է վիճակը փրկել՝ փոխելով բանակցողին։ Ադրբեջանը առաջ է գալիս, որովհետև տեսնում է՝ դու թույլ ես։ Պետք է ուժ ցույց տալ։ Հայաստանը պետք է մոբիլիզացնի իր լավագույն ռեսուրսները։ Մենք այլևս ժամանակ չունենք։ Որքան շուտ հասկանանք ու ոտքի կանգնենք, այնքան շատ բան է հնարավոր փրկել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը