Այս իշխանության՝ ինձ համար ամենածիծաղելի բանը գիտե՞ք որն է․ արդարացումները. ամեն ինչ անում են շատ ավելի վատ, քան արվել է այն ժամանակ, երբ իրենք իշխանությանը քննադատող էին աշխատում, տասնապատիկ ավելի վատ, բայց արդարացումներ ունեն, որ էլ դու սուս։ Ամենաթարմը Ջհանգիրյան Գագիկի օրինակն է, չնայած որ երևի հազարերորդն է։ Մարդը ԲԴԽ նախագահին ասում է՝ դու արի լավով գնա, քո վրայի քրեական գործերը կջրեմ, գարանտ է կանգնում, էլ քֆուր է ուտում, գլուխ է գովում, թե սաղ ինքն ա որոշում էլ դու սուս, սպառնում է, ակնարկելով թե երեխեք ունես բան, ապագայի մասին մտածի։ Հետո, երբ հրապարակայնացվում է այդ ամենը՝ արդարանում է, բայց դա անում է էլ ծիծաղելի պատճառաբանությամբ, ասում է՝ բա չգիտեիք՝ կուտ եմ տվել։ ԲԴԽ նախագահ աշխատող մարդը, փաստորեն, կուտ է տալիս։ Հիմա սրա շուրջ որ գործ չի հարուցվում, երևի էդպիսի մի քանի կուտ էլ տվել է դատախազին կամ ավելի վերև։ Ավելի վերևը ո՞րն է, երևի Նիկոլ Փաշինյան կամ էն մարդիկ, որ պարտադրում են Նիկոլ Փաշինյանին։ Տեսնելով, թե ինչպես են արևմտյան դեսպանատները լուռ, ուրեմն հենց իրենք։ Կամ թուրքերը, ադրբեջանցիները, հաշվի առնելով որ այդ ամենի նպատակն էր, որ Քոչարյանը հանկարծ չգա․ էդպես եմ մտածում։ Ջհանգիրյանն ասում է՝ վզիս դրած ա, որ ես պետք ա սա անեմ, դատական համակարգը նենց խառնեմ, աջ ու ձախ նենց պիտի անեմ, որ հանկարծ Քոչարյանը չգա իշխանության։ Սա ասում է մի կառույցի ղեկավար, որը ի պաշտոնե պետք է երաշխավորի դատարանների անկախությունն ու անաչառությունը։ Իր էս խոսքերն էլ է արդարացնում․ նկատի եմ ունեցել, որ ես եմ իմ վզին դրել։ Մարդը իր պատկերացրածով արդարացավ ու վերջ։ Ամերիկյան կինոներում տեսել ենք, չէ՞, որ ամուսինը կնոջը դավաճանելիս բռնում է, նա ասում է՝ սիրելիս, սա այն չէ, ինչ դու ես մտածում։ Հիմա բռնացրել են Ջհանգիրյանին խայտառակ բան անելիս, ասում է՝ դա ես էի ինքս ինձնով զբաղվում, կուտ էի տալիս։
Երևի էդ վերևներում, Ջհանգիրյանի ասած՝ վզին դնողները ասել են՝ մի բան գնա ասա, կարևոր չի ինչ, բան չի փոխվի, մեկ ա՝ դու մերն ես, դեռ բաներ ունես անելու։ Սրանք արդարացնում են իրենց արած ամեն ինչ, իշխանության որևէ անդամի անզգույշ խոսքի, հանցանքի, անգամ մարդասպանության համար մեղադրանք ու պատիժ չկա, կան անմեղ դեմքերով ցինիկ արդարացումներ։
Հստակ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը հայհոյում բողոքի ցույցի մասնակիցներին։ Հայհոյանքը ծանր վիրավորանք է, որը պատժելի է Նիկոլ Փաշինյանի թիմի սարքած օրենքով, հարյուրավոր քրեական գործեր կան։ Բայց Ալեն Սիմոնյանի մոր պարագայում թքելն ու միջնամատ ցույց տալը լղոզում են գնում է, որովհետև ԱԺ նախագահ տղեն մեկնաբանում է մեկ նախադասությամբ՝ «մայրիկի նյարդերը չեն դիմացել»։ Բայց որ Նիկոլի պարագայում մարդկանց նյարդերը չեն դիմանում ու քֆուր են տալիս, քրգործի թեմա է։
Սրանք բողոքում էին, որ նախկին խորհրդարանում կային գործարարներ։ Նայում ես իրենց դեպուտատների ցանկը՝ լիքը միլիոնատերեր, նաև՝ օլիգարխներ։ Ասում ես՝ դուք քննդատում էիք նախկիններին, բա ինչո՞ւ եք օլիգարխների լցրել Աժ, ի՞նչ են պատասխանում․ բա չգիտեք է, դժվար է տարաջատել Խաչատուր Սուքիասյանը բիզնեսմեն է, թե քաղաքական գործիչ։ Բայց նախկինի վախտ ոնցոր հենց Նիկոլը կարողանում էր տարանջատել։
Ասում ես՝ դուք մեղադրում էիք նախկիններին,որ բարեկամներին պաշտոնյաներին էին բերում, բա դո՞ւք ինչ եք բերում, ի՞նչ են պատասխանում, ասում են՝ մենք մեղք ունե՞նք, որ խելացի են։ Համ էլ, ասում են, մենք նրանց ոչ թե որպես բարեկամ ենք բերել, այլ թիմի անդամ։ Լենա Նազարյան ու մարդը ԱԺ դեպուտատ են ոչ որպես ամուսիններ, այլ որ ճիշտ պահին կողմնորոշվել են ու ընտանյոք հանդերձ մտել են ՔՊ։
Նույն Լենա Նազարյանին մի անգամ ասում ենք տիկին Նազարյան, ո՞րն ա ձեր ու նախկին իշխանության տարբերությունը, եթե դուք նույն բանն եք անում, պատասխանում է՝ հա բայց մենք հիմնավորում ենք։
Նույն հիմնավորմամբ իբր արդարացնում են կոմունալի թանկացումը։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պետք է հոսանքն ու գազը 20 տոկոսով էժանանան, ջուրն էլ․ մեր հազարամյա աղբյուրի ջուրն է, ջրաչափ են դրել, վաճառում են մեզ վրա։ Եկավ իշխանության թե չէ՝ հոսանքն էլ, ջուրն էլ, գազն էլ թանկացան։ Պատգամավոր Բաբկեն Թունյանին հարցնում են բա նախկինից ինչո՞ւ էիք բողոքում, որ թանկանում էր, ասում է՝ նախկինում հիմնավորված չէր թանկանում, մենք թանկացնում ենք, նույն բանն ենք անում, բայց հիմնավորում ենք։ Հիմա սովորական քաղաքացու համար ի՞նչ տարբերություն՝ դու հիմնավորում նո՞ր ես մտնում իր գրպանը, թե՞ անհիմն․ թալանը թալան է։
Ալեն Սիմոնյանի եղբայրը մի թափից 5 մլն դոլարի ասֆալտի պայմանագրեր է կնքում, ասում են էդ ո՞նց եղավ, որ մրցույթը շահեց ԱԺ նախագահի եղբայրը, առաջ անցավ 8 հոգուց, տարածքային կառավարման նախարար Սանոսյանը արդարացնում է, թե բա՝ 500 հազար դրամ էժան գին էր առաջարկել։ 500 հազար դրամը մոտ 1000 դոլար է․ ուզում եք ասել 5 մլն դոլարի մեջ 1000 դոլարը խնդիր է՞ր։ Արդյո՞ք եթե Ալեն Սիմոնյանի եղբայրը 5 հազար դոլարի թանկ առաջարկեր, մեկ է՝ ինքը չէր շահելու։ Քա՞նի օրինակ եք ուզում բերեմ, վերահսկիչ ծառայությունը բացահայտել է, որ ամենաթանկ գնառաջարկների են համաձայնություն տվել սրանք։ Բայց այս դեպքում էլ ավելի մեծ ցինիզմ է աշխատում, քան այն ինչ նկարագրեցի։ Պատկերացրեք, 8 ընկերություն առաջարկ է տալիս պետությանը այդ ասֆալտը փռելու, բոլորի թվերը ստանում են, նայում են ու Ալենի ախպորը զանգում ասում են, ապեր, էսա ամենաքիչ թիվը, մի կես միլիոն քիչ գրի դու, ավտոմատ կհաղթես։ Պատկերացրեցի՞ք, իմ կարծիքով այդպես էլ արել են, համենայնդեպս, շատ նման է։
Այս իշխանությունը խոստացել է Վերին Լարսին այլընտրանք, չի կատարել․ Քերոբյան Վահանը փոխանակ պատասխանի, թե ինչու չեն կատարել խոստումը, ասում է՝ դե 30 տարի էդ խնդիրը կա։ Դուք հիշո՞ւմ եք 30 տարվա մեջ նման մի դեպք, որ մի ֆուռ ծաղիկներ՝ բավականին թանկ, լցնեն աղբամանը։ Երեկ տեսանք․ փչացել էին Լարսում կանգնելով։ Բա եթե պետք է խոստում տաս ու չկատարելս արդարացնես նախկին 30 տարիներով, էլ ո՞ւմ ես պետք, ինչի՞ ես եկել։ Նույն Քերոբյան Վահանը խոստանում է տնտեսական երկնիշ աճ, տապալում է խոստումը ու ի՞նչ է ասում, ասում է կատակ եմ արել․ հետո էլ ասում է՝ դե գիտե՞ք մեղավորը նահանջ տարին է, եթե փետրվարը մի երկու օր ավել լիներ, կապահովեինք։
Ասում ենք առաջ քննադատում էիք մեկ անձից գնումները, հիմա մեկ անձից գնումները շուրջ 80 տոկոս էր, բա էդ ոնցա՞, պատասխանում են՝ այո հիմա ավելի շատ է, բայց մենք կհսկենք, որ կոռուպցիա չլինի։ Ասում ենք Նիկոլ Փաշինյանն առաջ դեմ էր վարկային համաձայնագրերին, հիմա 4 մլրդ դոլարի պարտք է վերցրել, պատասխանում է՝ դե հիմա դեմ չենք, որովհետև մենք ենք իշխանության ու ինքներս մեր նկատմամբ վստահություն ունենք։
Ասում ես ինչի՞ եք նոր տարվա տոնածառ փարթիին 300 մլն դրամ հատկացրել, պատասխանում են՝ որ տեսնեն ինչքան լավ ենք նշում ու օգոստոսին տուրիստ գա։
Ասում ենք որ ջահել, հղի կնոջը ավտոյի տակ գցիք-սպանիք, ինչի՞ չկանգնեց վարչապետի ավտոշարասյունը․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանում է՝ որ մեքենան կանգներ, շարասյունն էլ կկանգներ, խցանում կստեղծվեր։ Հասկանո՞ւմ եք՝ մարդիկ ասում են՝ կնոջը տվել-սպանել ենք, արագ քշել գնացել ենք, որ մի հատ էլ պրոբկա չստեղծենք։
Ասում ենք դուք խաղաղություն եք խոստացել, ինչո՞ւ է Ադրբեջանը անջատում Արցախի գազը, մեզ պատասխանում են՝ որովհետև ընդդիմությունը ցույց է անում։ Ասում են մենք պատերազմում չենք պարտվել, որովհետև ծնկի չենք եկել, այ որ ծնկի գայինք, դա կհամարվեր պարտություն։ Անկեղծորեն, չեմ հասկանում, թե ծնկի գալը էլ որն է։ Նիկոլը պետք է չոքա՞ծ ստորագրեր կապիտուլյացիան, է հնարավոր է այդպես էլ եղել է, ոչ մեկ տեսանյութով չի տեսել այդ պահը։ Կամ որ ասում է, մենք հպարտանում ենք մեր պարտությամբ․․․ Մարդ չգիտի ինչ ասի սրանց։
Կարճ ասած՝ պետության, կառավարությունների ամենակարևոր սկզբունքներից մեկը պատասխանատվության սնատնձնումն է։ Սրանք, ժողովուրդ, ոչինչ չեն անում ու որ ոչինչ չեն անում կամ վատ են անում, առաջանում են մանր, միջին, մեծ ու ահռելի պրոբլեմներ․ ու սկսում են արդարանալ, մեղքը գցել ուրիշների վրա։ Իսկ իրականում, այս մանր արդարացումներից է երևում, թե դուք ինչպես չեք հարգում ՀՀ քաղաքացուն, ձեր ընտրողին, մեր ժողովրդին։ Եթե հարգեիք, գոնե այսքան ծաղրող արդարացումներ չէիք ման գա։ Կարծում եք ժողովուրդը չի՞ հասկանում, էդքան հեշտ խաբվե՞ց։ Չի կարելի ժողովրդին հիմարի տեղ դնել, մի օր հաստատ դեմդ է դնելու։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը