09 06 2022

«Կարճ ասած»․ Սա ողջ ՔՊ թիմի ու տիկին նախարարի ամոթն էր․ սա անբարոյականություն էր



 

Երեկ տեղի ունեցավ մի բան, որը ՔՊ-ի, իրենց ողջ թիմի, իրենց նախարարուհու ամոթն էր․ դա պետք է ևս մեկ առիթ լիներ հասկանալու համար, որ Անահիտ Ավանեսյանը հերթական պաշտոնյան է, որը բացարձակապես իր տեղում չէ, իրենց վարկաբերված հեղինակությունը էլ ավելի է փչացնում։ Պետք է ունենար ամոթ ու հրաժարական տար, դեռ այն ժամանակ, ՔՊ-ն պետք է ունենար ամոթ ու պահանջեր հրաժարական, կամ հեռացներ։ Սակայն, իհարկե, ևս մեկ անգամ հասկացանք, որ չափազանց դժվար է մարդկանցից պահանջել այն, ինչ չկա։

Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունենում ու ողջունում է ոստիկաններին՝ քաղաքացիներին անողոքաբար ծեծելու համար։ Փաստացի ասում է, որ գլուխ ջարդելը օրինական է, տեղին է, իրավաչափ է, անհրաժեշտ է, երեխան գրկին մորը ծեծելը՝ խրախուսելի է, մեր օպերատորի ձեռքից ծանր մոնոփոդը խլելը ու դրանով հարձակվելը ցուցարարների վրա, մեղմ վարքագիծ է, ամուր ներվեր ունեալու օրինակ ու քաղաքացուն ծանր վիճակում իր նախարարությանը պացիենտ դարձնելը լրիվ մարդկային է, բարոյական է։ Ընդդիմադիր կին պատգամավորները դաս տվեցին նախարարին, մտան նրա աշխատասենյակ ու իր ուղղությամբ նետեցին Անահիտ Ավանեսյանի թիմի պատճառով մեր զոհված տղերքի դիերի լուսանկարները, որոնք անարգանքի էին ենթարկվել իր կառույցի կողմից, իսկ ինքը արդարանում էր, թե մոռացել էինք։

Հիշեցնեմ էն սարսափելի տեսարանը, որ նախորդ տարվա մայիսին հայտնաբերվեց՝ պատերազմում զոհված մեր էրեխեքի, հերոսների դիերը ցելոֆանների մեջ լցված, շպրտել էին Աբովյանի դիահերձարանի նկուղ ու էնտեղ փտում էին պատերազմից 7 ամիս անց։ Առողջապահության նախարարը, Նիկոլ Փաշինյանը, դուրս եկավ, ողջունեցին այդ քայլը․ չասացին հալալ ա էդ գազանության հեղինակին, բայց էդ խայտառակությունը թույլ տված հիմնարկի տնօրենը, գործից չազատվեց, այլ հետո հետո ավելի բարձր պաշտոն ստացավ։ Էդ ժամանակ մենակ քաղաքական ընդդիմությունը, զոհերի հարազատները, ժողովուրդը անհանգստություն հայտնեցին, բորբոքվեցին, բողոքեցին, իսկ իշխանականները ծպտուն չհանեցին, իշխանամերձ շրջանակները ձայն չհանեցին։ Հիմա, երբ էդ խայտառակ իրավիճակի մասին լուսանկարները հիշեցման նպատակով շպրտում են Անահիտ Ավանեսյանի ուղղությամբ, ասում են՝ սա դու ես արել, հանկարծ մկան ծակից ինչ-որ կերպարներ են դուրս գալիս ու ասում՝ այդ ո՞նց եք համարձակվում, մեր տղերքի լուսանկարնե՞րն եք շպրտում։ ՔՊ-ականներն են ոգևորվել, թե՝ ո՞նց եք համարձակվում մեր սպանած տղերքի լուսանկարների հետ էդպես վարվել։

Այսինքն, դրանց համար նորմալ է դիերը բեմունաթ փտացնելը, լուսանկարները նախարարի երեսին շփել ցույց տալը՝ չէ՞։ Էդ ՔՊ-ականները, սորոսականներն ու մյուսները անգամ իրենց դեպուտատին չդատապարտեցին, երբ ասում էր՝ էդ դիերը իրականում ցեմենտի մեշոք են։ Ոչ մեկ չասեց՝ այ հիմար, ցեմենտի մեշոքը դու ես, նրանք քեզ համար գնացել կռվել են ու դարձել են դի։

Քրիստինե Վարդանյանին իհարկե, կարելի է մեղադրել, որ լինելով դաշնակցական, չկարողացավ ճիշտ նշան բռնել և նկարները կոնկրետ ուղղությամբ տեղ հասցնել, ես լինեի՝ երեսին կշփեի, բայց մեղադրել այդ նկարներով ակցիայի համար, ոչ ոք իրավունք չունի, առավել ևս՝ նրանք, որոնք որևէ կերպ չեն դատապարտել այդ անմարդկային տեսարանը մեկ տարի առաջ։ Երեսպաշտություն է, անբարոյականություն է, անբարոյականության գագաթն է։ Էսքան սրբապղծություն, էսքան անամոթ վարք ես չեմ տեսել, չեմ պատկերացրել անգամ ՔՊ-ի համար։ Բայց անում են՝ ՔՊ պատգամավորները, հանրային հասարակական գործիչեր, նույն շրջանակը, որը էսօր իշխանության է։ Դուք ո՞ւր էիք, ինչպե՞ս հայտնվեցիք։

Գետնին թափվածները տղերքի նկարները չէին, ժողովուրդ, տղերքի նկարները իրենց տներում են, իրենց վինետկեքի մեջ, իրենց ծնողների սրտում, ընտանեկան ալբոմներում, ամեն մեկի դեմքին նայելիս ընկերները, հարազատները հիշում են ու պատկերացնում նրանց երազանքները, որոնք մնացին անկատար, որովհետև Ավանեսյանի, Խանդանյանի, Ալեքսանյանի ու մյուսների թիմն է իշխանության․ նախարարի դեմքին շպրտվեցին իրենց հանցագործության, վայրենության վկայությունները։

Կրկնում եմ, այդ վայնասունի, ու այդ անբարոյականության պատճառը պատասխանատվության բացակայությունն էր։ Այն ժամանակ դա էլ մի քանի օր քննարկեցինք ու անցանք առաջ, որովհետև էդ տղերքին չհամարեցիք ձեր եղբայրները, բացահայտված չէր ովքեր են ու անգամ ծնողները ոտքի չկանգնեցին, որ գնայինք միասին, պատասխանատուների ականջից բռնեինք ու դուրս շպրտեինք։ Ու դրա համար հիմա հոխորտում են։

Ուրիշ դեպքում կասեինք՝ երկակի ստանդարտ է, որ մասունքները շպրտում են ցելոֆոնի մեջ, փտացնում, ձայն չեն հանում, բայց նկարները շպրտելը աղմուկ է հանում, բայց այս պարագայում երկակի ստանդարտ չէ։ Երկակի ստանդարտն էն է, որ մի հանցագործին բռնում են, մյուսին նախարար ու պատգամավոր կամ այլ բարձր պաշտոնի նշանակում, երկակի ստանդարտն էն է, որ պարեկին բարձր են վճարում, փրկարարին ցածր, ու փրկարարը ստիպված դառնում է պարեկ։ Երկակի ստանդարտն էն է, որ ՔՊ-ական դեպուտատը երակները փրթում է, որ բանակ չգնա, բայց գիտությամբ զբաղվելու համար բանակ չգնացողին ասում են՝ բանակից թռել ես, երկակի ստանդարտը էն է, որ թշնամանք տարածող ՔՊ-ականին գրին քարտ են տալիս, իսկ հականիկոլականին բանտի ուղեգիր։ Երկակի ստանդարտը էն ա, որ քաղաքացու գլուխը ջարդող բերետին պարգևավճար են տալիս, բերետի ուղղությամբ շիշ նետած քաղաքացուն տանում են բանտ․ սրանք են երկակի ստանդարտները։ Իրենց արածը անբարոյականություն է։

ՔՊ-ականներ, Անահիտ Ավանեսյան, քա՞նի անգամ եք գնացել Եռաբլուր ձեր զոհերի շիրիմներին, գնացել մեղքի զգացումով։ Ես տեսել եմ, թե ոնց էր ծնողը ուրախացել, որ գոնե իր զավակի դին գտել է։ Դին գտել է, ուրախացել է, պատկերացնո՞ւմ եք։ Որովհետև շատերը ոչ էլ գտան։ Դա ձեր իշխանության ոչ միայն ապիկարության, այլև անբարոյականության արդյունքն է։ Դրա համար էլ նախարարն ասում է մարդկանց ծեծելը ժողովրդավար է, դիերը փտացնելը նորմալ է, ժողովրդավար է, տղերքին մահվան տանելը ժողովրդավար է, իսկ իշխանության դեմ բողոքի ցույցերը՝ ոչ, դա խուլիգաններ են, պետք է մանդատներից զրկեն էլ եսիմ ինչ։ Ամեն բան էդ անտեր պաշտոններով ու մանդտաներով են չափում, որովհետև իրենց համար դա է ամենից թանկը։

Կարճ ասած՝ ընդդիմադիր պատգամավորների ակցիան նրա համար էր, որ Ավանեսյանը, երբ կակազի, որ ոստիկանները ճիշտ էին, իսկ ցուցարարը սխալ, հիշի, որ պատմություն կա, որի տակից դուրս գալ չի լինելու, որ վաղը որևէ քաղաքացի, այդ թվում՝ ՔՊ-ական, իշխանության կապրիզների համար զոհ չդառնա։ Պայքարը նրա համար է, որ որևէ ՔՊ-ական պատգամավորի կամ նախարարի դի նկուղում չփտի՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ, ու պատասխանատու պաշտոնյան էլ չասի՝ մոռացել էինք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ