Համացանցում գիշերվանից տարածվում են տեսանյութեր ՀՀ Սփյուռքի հանձնակատարի խայտառակվելու իրադարձությունից։ Ի՞նչ է եղել, մարդը գնացել է հանդիպման հարազատ Գլենդելում, որտեղ քաղաքապետ է եղել, և հանդիպումը տապալվել է, «Նիկոլ դավաճան», «Զարեհ դավաճան» վանկարկումներ, պաստառներ, Արցախի դրոշ և այլն։ Զարեհ Սինանյանը սուտ խոստումներ տված պաշտոնյաներից մեկն է, նա մարդ է, որն ասում էր, թե ներդրումներ են գալու, հայրենադրարձություն է լինելու մեծ թափով, որովհետև հեղափոխություն, ֆլան-ֆստան։ Սա մի պաշտոնյա էր, որը նախկին բոլոր ձեռքբերումները սևացնում էր, սուտ էր խոսում՝ հանուն այսօրվա խմբակի։ Այսօր պատասխանն է ստանում։ Դա վերաբերմունք է անձամբ նրա նկատմամբ, այն թիմի նկատմամբ, որը ներկայացնում է, թիմի ղեկավարի նկատմամբ։ Սփյուռքն այսպես է վերաբերում Հայաստանի այսօրվա ղեկավարությանը, ու այս վերաբերմունքը փոխել չի լինի։
Մենք տեսնում ենք, որ այս իշխանության ցանկացած անդամ խայտառակվում է թե՛ դրսում շրջագայելիս, թե՛ ներսում զբոսնելիս։ Ամենուր կան հայեր, ամենուր կան դժգոհություններ։ Հանգիստ չունեն, իրենք պետության մեջ մի հատ էլ են պետություն ստեղծել, բաղկացած փոքր տարածքից՝ կառավարությունից՝ կառավարական դաչա, կազմված իշխանականներից, ուժայիններից ու արևմտյան դեսպաններից ու էդ կռուգից դուրս չեն գալիս։
Փորձում են ցրել ցույցերը, չի ստացվում, փորձում են դրսում համոզել, որ չանցկացնեն, չի ստացվում։ Չի ստացվի, որովհետև այս դժգոհությունը մարել չես կարող։ Ես, օրինակ, համարում եմ, որ Հայաստանի իշխանությունը հանցագործություններ է գործել․ եթե Ֆրանսիայի հրապարակը դատարկվի, դրսում ցույցեր չլինեն, ինձ արգելեն խոսել, գրել, իմ կարծիքը չի փոխվելու, չէ՞, ես կգտնեմ արտահայտման ձև։ Այնպես որ, նույն օրինակով, անհնար է 100 հազարավորներին լռեցնելը։
Բայց սրանք նաև բորբոքում են, փառաբանում իրենց դաժանությունները․ Առողջապահության նախարարը երբ ասում է կեցցեն ոստիկանները, որ ջարդել են ցուցարարներին, աղջիկ, կին, երեխա, տարեց, թև, ոտք, գլուխ կոտրել ու հասցրել հիվանդանոց, դրանով միայն ատելություն է բորբոքում։ Գոնե առողջապահության նախարարը չլիներ, ասենք դե լավ, հա, ի՞նչ անենք, քպական է՝ ոգևորվել է։ Անահիտ Ավանեսյանը ինչո՞ւ է ոգևորում արնախում բերետներին․ իմ կարծիքով, որովհետև վախենալու բան ունի։ Անահիտ Ավանեսյանը դեռ պատասխան չի տվել կորոնավիրուսի ժամանակ սխալ որոշումների, հանրությանը թեստեր պարտադրելու համար, մեր տղերքի դիերը նկուղում լցնելու համար։ Նա վախենալու շատ առիթ ունի։ Այս իշխանության և հատկապես կառավարության անդամները վախենալու բաներ ունեն։
Բոլոր նախարարները, մեկ զանգով 5 հոգու փակած դատավորները, վարչապետ, նախագահ, պատգամավոր, մարզպետ, քննիչ, դատախազ, ջարդարար կարմիր ու սև բերետ, բոլոր-բոլորը։ Ու պատասխան են տալու՝ անկախ նրանից, թե որ փուլում են միացել այս իշխանությանը։ Իրենք էլ հո գիտեն, դրա համար էլ վախենում են փոփոխությունից։ Իրենք իրենց մեղքի բաժինը լավ գիտեն։ Նրանց էսօրվա կյանքն ու գործունեությունը մղձավանջ է, նրանք ամեն պահի կարող են արժանանալ Զարեհ Սինանյանի կամ Անահիտ Ավանեսյանի էսօրվա ճակատագրին։ Նիկոլ Փաշինյանից դավադիտ է եղել ոչ միայն ժողովուրդը, այլև իշխանության անդամները։ Բայց հիմա հանուն հայրենիքի, հանուն պետության պահպանման, պետք է ուղղակի հրապարակային ասել, որ բոլոր նրանք, ովքեր ապօրինություններ չեն գործել, ովքեր չեն խաղացել մարդկանց ճակատագրի հետ, մի վախեցեք, դուրս եկեք ձեր պատյաններից, կանգնեք ժողովրդի կողքին, զղջացեք այս իշխանության մեջ գտնվելու ձեր կարգավիճակի համար ու ներում կստանաք։ Սա պետք է ասվի հրապարակային։
Ընդդիմության պատճառով կամ շնորհիվ Հայաստանում գործընթացները պտտվում են բացառապես Ֆրանսիայի հրապարակի շուրջ․ իշխանության ոչ մի ճյուղի աշխատանք պատշաճ չի լուսաբանվում, որովհետև իշխանության ոչ մի անդամ չի կարողանում նորմալ աշխատել։ Նրանք կարողանում են տեղաշարժվել, երբ երկրում ակցիաներ չկան, այն էլ՝ թիկնապահների ու ողջ ուժայինների շնորհիվ։
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած, արտահերթ ընտրությունների ելքը անգամ նրան լեգիտիմություն չբերեց։ Ում կարծիքով էլ լեգիտիմ էր, կորցրեց դա խորհրդարանում հայտնի ելույթից հետո, թե՝ կարող էի այնպես անել, որ մեր տղերքը չզոհվեին։ Իսկ թողնել, որ լեգիտիմ չունեցող խմբակը ղեկավարի մեր երկիրը, իրավունք չունենք։
Այս օրերին հաճախ եմ քաղաքացիներից լսում, հատկապես նրանցից, ովքեր չեն մասնակցում Ֆրանսիայի հրապարակում կատարվողին, թե՝ չենք մասնակցում, որովհետև ամեն ինչ որոշվել է, մենք չենք կարող ազդել գործընթացների վրա, դրսում է որոշվում, երբ Նիկոլին ասեն գնա՝ կգնա և այլն։
Ժողովուրդ, ոչ ոք չի որոշում, թե երբ գնա Նիկոլը, բացի ձեզանից։ Կարող է շատերը ուզենան, որ գնա, ինքը չուզենա, բայց որոշողը դուք եք։ Այս թիմը մեր գլխին բերվեց դրսից, շատ լավ բոլորս էլ հասկանում ենք, բայց դա բերվեց մեր օգնությամբ, հենց էնպես չէին կարող բերել, մենք օգնեցինք, որ գա։ Ուրեմն գնալն էլ որոշում ենք մենք։
Մենք ենք որոշում, դու ես որոշում, քո փոխարեն ոչ ոք չի կարող որոշել, ու մենք միշտ կմնանք կոտրած տաշտակի առաջ, էս ցեխի մեջ, եթե սպասենք ինչ-որ անտեսանելի փրկչի։ Փրկիչ չի լինելու, առավել ևս՝ դրսից, մենք ներսում պետք է մեր հարցերը լուծենք։
Կարճ ասած` Հիմա շատ ավելի է մարդկանց մեջ ամրապնդվել կարծիքը այս իշխող թիմի նկատմամբ։ Բոլորը տեսնում են, որ վտանգները սարսափելի են ու խորանում են։ Դիմադրության շարժումը իր առաքելության առաջին մասն արել է, արդեն բազմաթիվ գործընթացներ են կանխվել, այդ փաստը ընդունվում է նաև դրսում, մեր թշնամիների կողմից. նրանք նույնպես հասկացել են որ հենց էնպես, Նիկոլով, չի ստացվելու թղթեր ստորագրել ու հանձնել, ժողովուրդը եթե այսօր 30-40-50 հազար է դուրս գալիս, վաղը դուրս է գալու 100 հազարավորներով: Իսկ ոչ մեկ Նիկոլի հետ չի ուզում բան պայմանավորվի՝ չիմանալով վաղը ով կլինի իշխանության և ինչ կանի։ Իսկ ընդդիմությունը պետք է կարողանա զարգացնել հաջողությունը և ընտրելով պայքարի նոր ռազմավարություն, ընդլայնի շարժումը ու տեսանելի ապագայում հասնի հիմնական նպատակների իրականացմանը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը