Էկոնոմիկայի նախին նախարար Կարեն Ճշմարիտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շատերը հարցնում են` «...ինչու՞ այսպես ստացվեց... Պատասխանում եմ` «Այսպես ստացվեց, որովհետև բոլորդ խոսում էիք...»:
Արդեն բացահայտ է, որ կան մարդիկ, որոնք նայում են, բայց չեն տեսնում, լսում են, բայց չեն ընկալում, կարդում են, բայց չեն հասկանում, կամ չեն ցանկանում տեսնել, ընկալել և հասկանալ ակնհայտը` չեն ընդունում իրողությունները: Մեկ այլ շերտ էլ կա` ամեն ինչ շատ լավ տեսնում են, ընկալում են, հասկանում են, բայց չեն հավատում, կամ չեն ցանկանում հավատալ իրենց տեսածին:
Բնական և պարզ հարց է առաջանում` ինչու՞...
Բոլորը միաբերան կրկնում են` «հանրությունը պետք է տեղյակ ամեն ինչից լինի, և կարծիք հայտնի...»...
Առաջին հայացքից դժվար է այս մեջբերման հետ չհամաձայնվելը, մանավանդ եթե հարցը վերաբերվում է երկրի անվտանգությանը, ազգային արժեքներին, մարդկանց կենսագործունեության համար պատշաճ պայմանների ապահովմանը, կյանքին ու առողջությանը, ապագային վերաբերվող խնդիրներին: Սակայն, սա միայն առաջին հայացքից, որովհետև խնդիրն իրականում այլ տեղում է: Բանն այն է, որ երբեք չեն հստակեցնում, թե` ո՞ր հարցերում, ինչի՞ մասին, մինչև որտե՞ղ, ի՞նչ խորությամբ, և` ու՞մ, կամ ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք «հանրություն», կամ «հանրության կարծիք...»:
Ցանկացած քննարկման շրջանակներում արդյո՞ք գոյություն ունի այն սահմանագիծը, որից այն կողմ զուտ մասնագիտություն է, գիտություն է, խորը իմացություն, խիստ պրոֆեսիոնալ մոտեցում, հմտություն և փորձառություն: Չէ՞ որ որևէ քննարկմանը մասնակցելու, հիմնավորված կարծիք հայտնելու համար անհրաժեշտ ու պարտադիր են մասնագիտական գիտելիքները, տեղեկությունների հավաստիության բարձր աստիճանը, նաև` ընկալելու, հասկանալու, տրամաբանելու, վերլուծելու և արժանահավատ փաստարկներով բազմակողմանի հիմնավորված եզրահանգումներ անելու կարողություններն ու հմտությունը:
«Հանրությունը» և «Հանրության կարծիքը», որոնք մարդկանց ընդհանրական ընկալման մեջ վերածվել են սոցցանցերում առկա «շատերի կարծիքի» (քոմենթների), «շատերի հավանումների» (լայքերի), կամ առավելապես ասոցացվում են դրանց հետ, արդյո՞ք գիտակցում, զգում և պահպանում են այդ սահմանը:
Քիչ թե շատ լրջախոհ մարդկանց համար այդ սահմանագիծը կարծես առկա է միշտ: Ցանկացած քննարկման հետևելիս նկատվում է, որ նրանք ինչից տեղյակ չեն` լռում են: Խոսքը չի վերաբերվում նրանց:
Բնականաբար, հարցադրումը չի առնչվում զուտ քաղաքական բանավեճի ոլորտում ընդգրկված անձանց` նրանք խոսում են ամեն ինչից: Դա այլ թեմա է:
Խոսքը չի վերաբերվում նաև սոցիալական ցանցերում «բնակվող», կեղծ և/կամ իրական, հաստիքային, կամ արտահաստիքային, վճարովի, կամ անվճար, անխտիր բոլոր թեմաներով գրառումներ կատարողներին, ծանոթ և անծանոթ մարդկանց գրառումները հերթապահ մեկնաբանող ամեն ինչից «տեղյակներին», այդ թվում` այս կամ այն պետական ինստիտուտը, կամ հանրահայտ, վաստակաշատ ու հեղինակավոր մարդկանց անտեղի և անհիմն զրպարտելու, վիրավորելու, կամ հեղինակազրկելու փորձեր անելու միջոցով կայանալու բարոյազուրկ ուղին ընտրածներին:
Վերը նշված խմբերի կարծիքը, մասնագիտական տեսանկյունից որևէ արժեք չունի, հետևաբար դրանք կարելի է պարզապես անտեսել:
Տվյալ հարցադրման հասցեատերերն առաջին հայացքից առավելապես նորմալ, գրագետ ու կիրթ, հիմնականում զուսպ և պարկեշտ մարդիկ են` տարբեր ոլորտների մասնագետները:
Խնդիրն այն է, որ նրանցից ոմանք երբեմն «մուտք են գործում» իրենց համար օտար այնպիսի մասնագիտական տիրույթներ, որտեղ իսպառ բացակայում են տվյալ ոլորտի վերաբերյալ իրենց տարրական գիտելիքները, տեղեկացվածությունը, փորձառությունը և քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ վերը նշված այլ բաղադրիչները:
Օրինակ`
- երաժիշտներից ու ռեժիսորներից, գրողներից ու դերասաններից, լեզվագետներից ու բանասերներից ոմանք ամենայն լրջությամբ և խորությամբ երբեմն «քննարկում են» վարակաբանությանը, քաղաքագիտությանը և ռազմագիտությանը վերաբերվող հարցերը;
- ՏՏ ոլորտի մասնագետներից ու ճարտարագետներից, քիմիկոսներից ու մաթեմատիկոսներից, բժիշկներից ու նկարիչներից ոմանք նույն կերպ, կամ առավել խորությամբ «քննարկում են» երկրաբանությանը և պատմագիտությանը վերաբերվող հարցերը;
- վերը նշվածները և անխտիր բոլորը «քննարկում են» իրավագիտությանը, տնտեսագիտությանը և սոցիոլոգիային վերաբերվող հարցերը:
«Հիմնավորումը» մեկն է` «... հարցը վերաբերվում է մեր կյանքին և առողջությանը, մեր կենսագործունեության պայմանների ապահովմանը, մեր երկրին, մեր և մեր սերունդների ապագային, բա չքննարկե՞նք, բա տեղյակ չլինե՞նք, կարծիք չհայտնե՞նք ...»:
Մի շատ պարզունակ զուգահեռ անցկացնենք:
Պատկերացնենք, մի հանրահայտ ու վաստակաշատ սրտի վիրաբույժ մասնագիտական հանրությանն է ներկայացնում սրտի վիրահատություն իրականացնելու իր մոտեցումը` տեխնոլոգիան, վիրահատարանի հագեցվածության տարրերը, անհրաժեշտ դեղորայքի, իրականացվող վիրահատության մանրամասները, հետևանքները, հետվիրահատական ընթացը, դրա համար պարտադիր այլ գործողությունները, և այլն: Ավելին` ցանկանում է անհապաղ այդ տեխնոլոգիայով իրականացնել հերթական վիրահատությունը:
Այս դեպքում ո՞րն է արդյունավետ մոտեցումը: Անհրաժեշտ և պարտադի՞ր է, որ վիրաբույժը այդ ամենը ներկայացնի նաև «հանրության լայն շրջանակներին», և ստանա այդ ամբողջի վերաբերյալ, ասենք` հաղորդավարների, դերասանների և երգիչների, քաղաքագետների և սոցիոլոգների, կամ ոչ բժիշկ այլ մասնագիտության տեր մարդկանց, առավել ևս` կեղծ օգտատերերի և սփյուռքի ոչ մասնագետ տիկնանց կարծիքը` «ջղայնիկները», անեծքները, հայհոյանքները, «լայքերն» ու «սրտիկները», և միայն նրանց կարծիքը հաշվի առնելուց հետո սկսի վիրահատությունը:
Չէ՞ որ այս դեպքում նույնպես, եթե չասենք շատ ավելին և անմիջականորեն խնդիրը վերաբերվում է մարդու կյանքին ու առողջությանը, այսինքն` բոլոր մարդկանց` «ժողովրդին»...
Հապա` ինչու՞ չեն փորձում քննարկել նաև այսպիսի հարցեր: Այս դեպքում այլևս անհրաժե՞շտ չէ «հանրային կարծիք» ասածը, այսինքն` «քաղհասարակության» վերաբերմունքը, խոշոր, փոքր ու միջին քաղաքականացված միավորների, կամ հայտնի և անհայտ ծագման, անորոշ, կամ որոշակի նպատակներ հետապնդող ՀԿ-ների գերակտիվ ներկայացուցիչների հերթապահ հայտարարությունները, հարցազրույցները, ասուլիսները, գրառումներն ու մեկնաբանությունները, դեղնած մամուլում տպագրված հոդվածներն ու ելույթները:
Թե՞ այս դեպքում կարելի է բավարարվել միայն զուտ մասնագետների կողմից տրված եզրակացությամբ, հիմք ընդունել այն, փակել հարցը, և առաջ շարժվել:
Ցանկացած գիտակից քաղաքացու պատասխանը այս հարցադրմանը պետք է որ միանշանակ լինի` «...կարելի է բավարարվել զուտ նեղ մասնագիտական եզրակացությամբ, հիմք ընդունել այն, փակել հարցը և առաջ շարժվել...»: Հիմնավորումն էլ ենթադրաբար կլինի իրավացի և պարզ` «...ես չգիտեմ, ես դրանից ավելին չեմ հասկանում, տեղյակ չեմ, ավելին չեմ կարող ասել, դա իմ մասնագիտությունը չէ...»:
Այդ դեպքում, ինչու՞ է բացառապես բոլորին թվում, թե քաղաքագիտությանը, տնտեսագիտությանը, իրավագիտությանը, իսկ այս օրերին արդեն արտաքին քաղաքականությանը, ռազմագիտությանն ու վարակաբանությանը, կամ առաջին հայացքից «հասկանալի» և «հասանելի» թվացող այլ մասնագիտությունների, նույնիսկ գիտությունների նկատմամբ կարելի է, և թույլատրված է ցուցաբերել այդ աստիճանի քամահրական ու անպատասխանատու վերաբերմունք: Այն է` իրենց համարել մասնագետ, և պարտադիր արտահայտվել, առանց տարրական տեղեկության և առանց խորությամբ տիրապետելու նյութը: Ի՞նչ է` նշված գիտությունները, կամ նրանց հիմունքները ոչ մասնագետների համար առավել պարզ ու հասկանալի, ընկալելի ու մատչե՞լի են, նաև` հեշտությամբ յուրացվո՞ղ են, քան ասենք` բժշկինը, քիմիկոսինը, օդաչուինը, կամ մյուսներինը:
Անհրաժեշտ է հավելել մեկ այլ իրողություն ևս` եթե պարզապես հակիրճ ներկայացնեն զուտ իրենց ընդհանուր տպավորությունն ու պատկերացումները, և հիմնավորեն այն իրենց անձնական կյանքից մի փոքրիկ դրվագով, մասնավոր դեպքով, և սահմանափակվեն դրանով` ինչ-որ չափով հասկանալի կլինի: Խնդիրն այն է, որ փորձում են տարբեր ոլորտներին վերաբերվող երևույթների, թեմաների և անհատների մասին կարծիք հայտնել այնպիսի ընդհանրացմամբ, ընդգրկմամբ, խորությամբ և համոզվածությամբ, որպիսիք տվյալ հարթակներում նույնիսկ ոլորտի մասնագետներն իրենց թույլ չեն տալիս: Ավելին` երբեմն չեն խորշում նաև հանդես գալ առաջարկներով: Եվ սա այն դեպքում, երբ տվյալ ոլորտի վերաբերյալ ունեն լավագույն դեպքում մակերեսային, «դեղնած թերթի» բամբասանքի կարգի տեղեկություններ, դրա հետ միասին նաև` «զրո», կամ լավագույն դեպքում` սակավ փորձառություն, իսկ ավելի խորը, պրոֆեսիոնալ , կամ գիտական մոտեցում, տեղեկացվածություն և փորձառություն չունեն, չեն կարող ունենալ, և հավանաբար անհրաժեշտ էլ չէ, որ ունենան...
Նույն համատեքստում առկա է մեկ այլ իրողություն ևս: Վերը նշված մարդկանց առավել տեղեկացված հատվածի ներկայացուցիչները երբեմն հիմնվում են իրենց կարծիքով հեղինակավոր (հանրային տիրույթում հաճախ հանդես եկող), բայց իրականում տվյալ ոլորտի մասնագիտական հանրույթում իսպառ չընդունված և «զրո» հեղինակություն ունեցող այս կամ այն «փորձագետի», կամ նախկինում ակնհայտ տապալված որևէ պաշտոնավարածի արտահայտած կարծիքի վրա, առանց հաշվի առնելու տվյալ «մասնագետի» անձնական շարժառիթները, անցած ուղին, շահագրգիռ շրջապատի և զանազան կազմակերպությունների հետ կապերը, քաղաքական ու մասնագիտական անցյալն ու հայացքները, նպատակները, և դրանցով պայմանավորված հնարավոր կանխակալ, ուղղորդված, կամ անձնավորված վերաբերմունքը:
Վերը նշվածը հանգեցնում է նրան, որ ոչ մասնագետների կողմից որևէ իրողության վերաբերյալ զանգվածաբար տարածվում է ( ուղղորդված, կամ` ոչ ) «կարծիք», որն այլևս վերածվում է «շատերի կարծիքի», «հանրության կարծիքի», և այլն: Բնական է` մեծամասամբ այնպիսի կարծիքի, որն իսպառ աղերսներ չունի իրողությունների հետ: Հետևանքը լինում է այն, որ առաջանում է տեղեկատվական անորոշություն և ճնշում, (եթե չասենք` տեղեկատվական բռնություն) և նման ճնշման արդյունքում հասարակության մոտ իրողությունների վերաբերյալ ստեղծվում է իրականությունից կտրված, մասնագիտական առումով անհիմն, իրողությունների և փաստերի հետ աղերսներ չունեցող «հանրային կարծիք և վերաբերմունք»:
Այս ամենի արդյունքում «շատերի կարծիքը» հաջողությամբ լռեցնում և անլսելի է դարձնում մասնագիտական, պրոֆեսիոնալ, նաև` գիտնականների կարծիքը: Ավելին` անասելի աղմուկի մեջ վերջիններիս մոտ կորչում է դրանց հակադարձելու և իրողությունները ներկայացնելու արդյունավետությունը, ձգտումն ու ցանկությունը: Համընդհանուր աղմուկի ժամանակ մասնագետները լավագույն դեպքում լռում են, իսկ սովորաբար, պարզապես` հեռանում են...
Պատճառն ակնհայտ է.
քննարկումներին մասնակցողների գիտելիքների, տեղեկացվածության և մասնագիտական հմտության սակավության պայմաններում, անխտիր բոլորի կողմից զանգվածաբար ամեն ինչի մասին արտահայտվելու և «կարծիք հայտնելու» արդյունքում` երևույթների, իրադարձությունների, խնդիրների և դրանց լուծման եղանակների, այսինքն մեկ բառով` իրողությունների մասին պատկերացումները շեղվում են իրականությունից:
Ստացվում է առավել քան պարզունակ:
Երբ իրողությունների վերաբերյալ երկար ժամանակահատվածում տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունն ու վերաբերմունքը միակողմանի է, կամ ընդգծված գերիշխող, ապա մարդու կողմից ստացված այդ տեղեկությունը նրա գիտակցական շերտում հավանաբար ստեղծում է ահռելի ավելցուկ, որը չհասցնելով մարսվել, մշակվել և վերածվել գիտակցված ու վերլուծված իմացության, նույն կառուցվածքով ու բովանդակությամբ անցնում է ենթագիտակցական շերտ, և ամրապնդվում է այնտեղ մոլեկուլյար մակարդակում, որպես սեփական տրամաբանական իմացություն, սեփական կարծիք և սեփական մոտեցում: Մարդը շատ արագ մոռանում է, որ այն իր կարծիքը չէ, և որ այն թելադրված է: Այդ դեպքում մարդու մոտ իրողությունների նկատմամբ արդեն հարուցվում են ոչ թե գիտակցված վերաբերմունք և արձագանք, այլ զուտ ենթագիտակցական` մարդկային պարզ պայմանական ռեֆլեքսներ: Ռեֆլեքսային արձագանքի մասով եզրահանգումը միարժեք պնդելը սխալ կլիներ, եթե բազմաթիվ մասնագիտական, նույնիսկ գիտական հրապարակումներ չհանգեցնեին դրան:
Օրինակ` եթե ակնհայտ և անժխտելի փաստերով հիմնավորված իրողության մասին միառժամանակ զանգվածաբար տարածվում է ճիշտ հակառակ տեղեկատվություն (բացասականի մասին` դրական, կամ` հակառակը, էականը դա չէ) , և այն ընդհանրապես, կամ` հիմնավորված ու փաստարկված անմիջապես բավարար չափով չի հերքվում և հակադարձվում, ապա իրականում ակնհայտ դրական իրողությունը հանրության «կիսատեղյակ» և անտեղյակ շրջանակների մոտ տպավորվում է, որպես միանշանակ բացասական երևույթ: Գիտակցական շերտում այդպիսի տեղեկատվության ավելցուկ առաջանալու դեպքում, հավանաբար ամբողջությամբ (իր բովանդակությամբ և կառուցվածքով), այն շատ աննկատ և սահուն անցում է կատարում դեպի ստացողի ենթագիտակցական շերտ և ամրապնդվում է այնտեղ: Ստացվում է, որ իրողության նկատմամբ մարդու մոտ գոյանում է միանգամայն հակառակ ենթագիտակցական (ոչ գիտակցական, անգիտակցական) վերաբերմունք: Վերջինս էլ` արդեն բացասական, մերժողական, վանողական, կամ խուսափողական ավտոմատ պայմանական ռեֆլեքս է առաջացնում ոչ միայն տվյալ դիրքորոշումը հերքող հիմնավոր և ակնհայտ փաստերի, կամ դրանց հետ ասոցացվող երևույթների, այլև նույնիսկ այդ փաստերն ու իրողությունները ներկայացնող անհատների նկատմամբ:
Արդյունքը լինում է այն, որ նրանք, ում մոտ ենթագիտակցության մեջ ամրապնդված է ինչ-որ մի կարծիք, այլևս չեն ցանկանում տեսնել և լսել փաստերը, չեն ընկալում իրողությունները: Նրանք այդ տեղեկատվության առումով այլևս զրկվում են տրամաբանելու, վերլուծելու, առողջ և սթափ գնահատելու ունակությունից, և սկսում են պայմանական ռեֆլեքսային արձագանքով վանել, մերժել և խուսափել: Նույնը բնականաբար լինում է, երբ ակնհայտ բացասական իրողության մասին տարածվում է բացառապես դրական արձագանք: Այս դեպքում առաջանում է կուրացած հավատ, անպատասխան սեր, անհիմն վստահություն և անգիտակից նվիրում:
Ամենայն հավանականությամբ սա այն դեպքն է, երբ հիմնավոր և անժխտելի, ակնհայտ և անհերքելի փաստերի նկատմամբ մարդու արձագանքը նույնական է ասենք` պայմանական «կարմիր թավային» դեռ չմոտեցրած ձեռքը անմիջապես փախցնելու, խուսափելու, վախենալու բնական պայմանական ռեֆլեքսի հետ: Սա այն դեպքում, երբ այդ պայմանական «կարմիր թավան» իրականում սենյակային ջերմաստիճանի է, բայց դրա մասին տարածված տեղեկության ճնշող մեծամասնության մեջ նշվում է, որ ցանկացած «կարմիր թավա» շիկացած է, և այն անպայման կայրի ձեռքը:
Ենթագիտակցության մեջ ամրապնդված վերաբերմունքը և դրանից բխող պայմանական ռեֆլեքսները առավել խորանում են, երբ մարդու ձեռքը դիպչում է որևէ «կարմիր թավայի», որն իրականում շիկացած է, և մարդու մոտ առավել ամրապնդվում են վանողական, մերժողական, խուսափողական պայմանական ռեֆլեքսները, նույն արձագանքն առաջանում է ցանկացած այլ «կարմիր թավա» տեսնելիս:
Բնական է, որ ասենք` շիկացած երկաթին, կամ եռման ջրին դիպչելուց ձեռքը անմիջապես փախցնելու բնական պայմանական ռեֆլեքսը անշեղորեն գործում է նաև հասարակական հարաբերություններում գոյություն ունեցող իրողությունների գնահատման և ընկալման դեպքում:
Հետևաբար, ամենայն հավանականությամբ այս օրինակը նույնական է ցանկացած հասարակությունում գոյություն ունեցող որևէ երևույթի իրական բնույթի, և այդ երևույթի հետ ուղղակի, կամ անուղղակի առնչվող, կամ ասոցացվող ցանկացած իրողության վերաբերյալ տարածված միանգամայն հակառակ բնորոշումների տարածման, արհեստական գեներացման հետ:
Ոչ ոք, ոչ մի երկրում և երբեք չի պնդել, չի պնդում, և չի կարող պնդել, որ չկան խնդիրներ, կամ երբեք չեն եղել և չկան սխալներ, թերություններ, բացթողումներ և հանցագործություններ: Խնդիրն ամենևին էլ դրանում չէ: Խնդիրը դրանց ընդհանրապես գոյության, կամ դրանց իրական ծավալների և այդ ծավալներին անհամարժեք տեղեկության քանակի մեջ է: Օրինակը շատ պարզ է: Ցանկացած երկրում, ցանկացած ժամանակահատվածում կան ոչ պրոֆեսիոնալ, կամ հանցագործ տարրեր, որոնք իրոք խնդիրներ են ստեղծում հասարակության համար: Հետևաբար, մեկ, երկու, կամ տաս օրինակները հստակ կատարում են այն պայմանական շիկացած «կարմիր թավա»-ի դերը, որոնց դիպչել է մարդու ձեռքը: Օրինակ` եթե հասարակության մեջ կան մի քանի անպարկեշտ մարդիկ, դա կարելի է ներկայացնել այնպես, որպեսզի ստացվի, որ ամբողջ հասարակությունն անպարկեշտ է: Կարելի է առավել պարզեցնել: Եթե կա թեկուզ մեկ, կամ երկու անպարկեշտ համայնքապետ, մարզպետ, կամ այլ պաշտոնյա, ապա հենց մեկի օրինակով կարելի ներկայացնել, որ մնացած բոլորն անպարկեշտ են: Բնական է, որ դա չի կարող այդպես լինել, սակայն հասարակության ենթագիտակցության մեջ այն ամրապնդվում է հենց այդպես: Այս կերպ հասարակության մոտ առաջանում են իրողություններից կտրված, շեղված պատկերացումներ:
Զարմանալի չէ, երբ շատերի համար անսպասելիորեն հասարակական հարաբերություններում գոյություն ունեցող երևույթների և անհատների նկատմամբ նմանատիպ վարքագիծ են դրսևորում նաև առաջին հայացքից գրագետ, կիրթ, լուրջ, տեղեկացված, սթափ գիտակցությամբ և հայրենասեր մարդիկ: Վերջիններիս կարծիքն էլ փոխանցվում և ամրապնդվում է արդեն առավել անտեղյակ (օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով) մարդկանց, և ամրապնդվում է որպես անհերքելի և անքննելի ճշմարտություն:
Պատճառը մեկն է` հասարակության անդամները բոլորն էլ մարդիկ են, իսկ մարդկանց գերակշիռ մեծամասնությունը ենթակա է վերը նկարագրված ճնշման արդյունքում հայտնվելու նմանատիպ իրավիճակում, և իրողությունների հանդեպ դրսևորելու անտրամաբանական, անգիտակից և պայմանական ռեֆլեքսային արձագանք: Իսկ իրականությունից շեղված, այլընտրանքային, կամ վիրտուալ տիրույթում ձևավորված պատկերացումները, կարծիքը, դրանցից բխող զուտ ենթագիտակցական ռեֆլեքսային արձագանքները և դրանց արդյունքում ընդունված որոշումները շատ հաճախ հասարակության համար կարող են վտանգավոր լինել, իսկ երբեմն նաև` կործանարար:
Հասարակության մոտ` ռացիոնալ, տրամաբանված և գիտակցված վերաբերմունքի բացակայության դեպքում հետևանքներն իրենց երկար սպասել չեն տալիս` սխալ և անարդյունավետ որոշումներ, ժամանակի կորուստ, հասարակության մեջ ավելորդ հակասությունների և լարվածության ավելացում` պառակտում:
Այս դեպքում լարվածության ավելացումը նույնպես իր բացատրությունն ունի:
Միարժեք է, որ իրողությունը մեկն է` այն եղել է, կամ առկա է, այն իրական է, այն փաստ է, և որքան էլ տարբեր լինեն դրա վերաբերյալ տարածված տեղեկությունները, այն չի դադարում այդպիսին լինելուց: Սակայն, քանի որ հասարակության մեջ միշտ առկա է մարդկանց մի ստվար զանգված, որոնք տեղյակ են, գիտեն, տեսել են, և անհաղորդ չեն եղել իրողություններին, լարվածությունը առաջանում է հասարակության հենց այս հատվածի և վերը նշված տեղեկատվական ճնշման (բռնության) ենթարկված (մանիպուլացված) հատվածի միջև:
Որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ քաղաքական, ռազմական, տնտեսական, իրավական, սոցիալական, կամ առաջին հայացքից հասկանալի ու դյուրին ընկալելի թվացող ոլորտներից մեկում թույլ տրված սխալը պակաս վտանգավոր է հասարակության համար, քան առանձին բժշկի, օդաչուի, մաթեմատիկոսի, քիմիկոսի, ֆիզիկոսի, կամ տիեզերագնացի կողմից կատարված սխալը:
Համոզված կարելի է պնդել, որ արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և իրավական հարաբերությունները, կամ ընդհանրապես հասարակական հարաբերությունները կարգավորող ոլորտներից յուրաքանչյուրում թույլ տրված սխալները (միտումնավոր, կամ` ոչ) շատ ավելի ճակատագրական ու երբեմն անդառնալի հետևանքներ կարող են ունենալ հասարակության համար, քան մնացած բոլորը միասին վերցրած: Այս ամենին եթե նպաստում են նաև ժամանակակից մեդիամանիպուլյացիաների գործիքները, ապա դրանք հասցնում են իրական աղետների:
Սարսափելի է, ցավալի է, բայց այսօրվա Հայաստանի իրավիճակը դրա վառ ապացույցն է:
Այնպես որ, գոնե այսուհետ` իրադարձությունների, երևույթների, խնդիրների և դրանց լուծման եղանակների, նաև անհատների վերաբերյալ կարծիք հայտնելու և արտահայտվելու անհագ ցանկության դեպքում, հավանաբար առավել օգտակար, խելամիտ և արդյունավետ կլինի` այնուամենայնիվ ջանքեր գործադրել, և փորձել ի սկզբանե լռել...
Նախ` լռել, և երբեք չտրվել սեփական հուզական զգացմունքներին,
երկրորդ`լռել, և չիմացածի մասին հարցնել նրանց, ովքեր հնարավոր է տեղյակ են, մասնագետ են, գիտնական են, փորձառու են ( շատ ժամանակ չի խլի),
երրորդ` լռել, և փորձել տեղեկանալ, պարզել ու ճշտել, ստուգել տեղեկության հավաստիությունը,
չորրորդ` դրանից հետո նորից լռել և լսել, լսել և փորձել մտածել, մտածել և փորձել հասկանալ, հասկանալ և փորձել տրամաբանել, փորձել տարանջատել ընդհանրականն ու գլխավորը, առաջնայինն ու երկրորդականը, նաև` պարզել իրողության ու դրա մասին տարածված տեղեկատվության տարբերությունները:
Այս ամենից հետո նոր փորձել վերլուծել, համոզվել և եզրահանգումներ անել: Միայն դրանից հետո որոշել` արժե՞ արտահայտվել, արժե՞ կարծիք հայտնել, արժե՞ «լայքել», անիծել և հայհոյել, կամ դժգոհող, կամ հիացական մեկնաբանություն անել, թե ավելի լավ է` շարունակել լռել...
Իսկ ընդհանուր առմամբ ամենառացիոնալ և արդյունավետ, անընդհատ, ամենուր և դարեդար կրկնվող, չափազանց ծեծված, բայց առօրյա կյանքում այդպես էլ միս ու արյուն չստացած մոտեցումն այն է, որ`
յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի միայն և միայն իր գործով,
յուրաքանչյուր մարդ պետք է խոսի միայն նրանից, ինչից լավատեղյակ է,
յուրաքանչյուր մարդ պետք է ունենա պարկեշտության առնվազն նվազագույն մակարդակ:
ՀԳ
Փորձենք համբերատար, առանց նյարդայնանալու, առանց միմյանց անվանարկելու, հայհոյելու, անիծելու և վիրավորելու` փորփրել մեր ենթագիտակցությունը: Հնարավոր է, որ այնտեղ տեղ են գտել, և ամրապնդվել են երևույթների ու մարդկանց մասին այնպիսի իմացություններ, և դրանց արդյունքում առաջացած այնպիսի վերաբերմունք և մոտեցումներ, որոնք չեն բխում իրողություններից, հիմնավորված չեն անհերքելի և անժխտելի փաստերով, այլ թելադրված և ամրապնդված են մեր ենթագիտակցության մեջ ի հեճուկս մեր սեփական գիտակցության ու տրամաբանության»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը