08 06 2020

Հարկային եկամուտները նախատեսվածից 62 մլրդ դրամով ավելի են եղել. Ջանջուղազյան

Հարկային եկամուտները նախատեսվածից 62 մլրդ դրամով ավելի են եղել. Ջանջուղազյան

«Մենք ընտրել ենք տնտեսական աճի արտահանմանը միտված մոդել, և բացի այդ ենթադրվում է, որ մեր տնտեսությունը պետք է լինի ներառական»,- խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, նախատեսվում է, որ տարբեր հատկացումների միջոցով միջոցառումներ կիրականացվեն, որոնց մի մասը կվերաբերի պետական եկամուտների ոլորտին, և մասնավորապես՝ հարկային եկամուտների քաղաքականությանը։

Կառավարությունը, որպես նպատակ որդեգրել էր նաև ստվերային տնտեսության կրճատումը և մրցունակ բիզնես միջավայրի ձևավորումը, ինչն, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, պետք է նպաստեր ներդրումային գրավչությանը.

«Դրա համար ուղղակի հարկային բեռի նվազեցմանը միտված միջոցառումներ են իրականացվում՝ նպատակ ունենալով նպաստել տնտեսական աճի պոտենցիալի բարձրացմանը և արտահանվող հատվածի շահութաբերության աճին։Բացի այդ մենք նպատակ ունենք հարկելու տեսանելի հարստությունը։ Շատ կարևոր է, որ այս բարեփոխումները չիրականացվեն սոցիալական և անվտանգային խնդիրների վատթարացման հաշվին։ Իհարկե, դրանք կարճաժամկետ հատվածում կարող են ունենալ բացասական ազդեցություն, բայց երկարաժամկետ նպատակների առումով դրական են լինելու»։

Ջանջուղազյանի խոսքով, անուղղակի հարկերի բարձրացումը նույնպես կարող է նպաստել ուղղակի հարկերի բեռի նվազեցմանը՝ պետական բյուջեի եկամուտների տեսակետից։

Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ 2019 թվականի հաստատված բյուջեով պետական բյուջեի եկամուտների համար 1 տրիլիոն 496 մլրդ դրամ ցուցանիշ էր սահմանվել, սակայն տարվա ընթացքում այն ճշտվել է՝ կազմելով 1 տրիլիոն 609 մլրդ դրամ։ Իսկ ահա բյուջեի կատարման արդյունքում արձանագրվել է 1 տրիլիոն 565 մլրդ դրամ փաստացի մեծություն։

«Պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը՝ 93.5% գոյանում է հարկային եկամուտների հաշվին: Եվ հարկային եկամուտների համար պետբյուջեի մասին օրենքով սահմանված էր 1 տրիլիոն 402 մլրդ դրամի չափ ծրագրային մեծություն, որը տարվա ընթացքում վերանայվել է՝ կազվելով 1 տրիլիոն 488 մլրդ դրամ, իսկ փաստացի մեծությունը կազմել է 1 տրիլիոն 464 մլրդ դրամ։ Եվ կարող ենք փաստել, որ կատարողականը կազմել է 104.5%»,- ներկայացրեց Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, շուրջ 62 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ են հասանելի եղել 2019 թվականի ծախսերի ֆինանսավորման համար, քան ի սկզբանե բյուջեով նախատեսված է եղել։

Նախարարը  նաև հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019 թ. պետական բյուջեից իրենց հատկացված միջոցներից 9,2 մլրդ դրամի խնայողություն է կատարել:

«Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 25,4 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 21,7 մլրդ դրամ: Փաստացի 12,5 մլրդ դրամի օգտագործում է եղել»,- ասաց նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ