26 05 2020

Մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ

Մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած անվտանգության խախտումների հիմքով մայիսի 25-ի դրությամբ պարետի կողմից կասեցման որոշում է կայացվել 823 տնտեսվարողի նկատմամբ։ Ընդ որում՝ կասեցումներից 104-ը կիրառվել է 1 օրում՝ մայիսի 25-ին։ Նշվածից 290 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Տեսչական մարմնի լայնածավալ աշխատանքի շրջանակում՝ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 3870 տնտեսվարողի գործունեություն։ Դրանցից 1120-ի մոտ խախտումներ չեն արձանագրվել։

Որպես համեմատություն՝ եթե մի քանի օր առաջ առավել մեծաթիվ խախտումներ էին արձանագրվում առևտրի և սպասարկման խոշոր օբյեկտներում, ապա վերջին օրերին անվտանգության կանոնների ամենաշատ խախտումները գրանցվում են գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կենտրոններում, գրասենյակներում և փոքր խանութներում։

Սևան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների և հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը միայն մայիսի 26-ին կասեցրել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։

Տնտեսվարողների կողմից կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելուն ուղղված՝ ՀՀ պարետի հաստատած անվտանգության կանոնների պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ