25 05 2020

Հնարավոր է՝ դիմակներն էժանանան մինչև 80 դրամով․ ՏՄՊՊՀ նախագահ

Հնարավոր է՝ դիմակներն էժանանան մինչև 80 դրամով․ ՏՄՊՊՀ նախագահ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հնարավոր է՝ դիմակներն էժանանան, բայց թե որքան, չի կարող ասել։

«Ուղղակի սխալ է  մեր կողմից միջամտությունը գների կարգավորման հարցում: Այո, մենք տեսել ենք անհանգստացնող երեւույթներ, այդ պատճառով վաղը հենց վարույթ կհարուցենք խոշոր առեւտրային ցանցերի ներմուծողների նկատմամբ, բայց 10-ապատիկ, 100-ապատիկ գերշահույթ ստանալու երեւույթ բացառում եմ:

20 դրամանոց դիմակը 200 դրամով վաճառելու պնդումը մանիպուլյատիվ է եւ չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ այն դիմակը, որ միգուցե ներկրվում էր 20 դրամով, վաճառվում էր 30-40 դրամով: Հիմա ներկրվում է 110-120 դրամով, արտադրվում է 120-140 դրամով եւ տասնապատիկ շահույթ ստանալու համար պետք է վաճառվեր 1000-1200 դրամով: Այս դեպքում 45-50 դրամի մասին է խոսքը, որ մի մասը հարկ է, մի մասը շահույթ է, մի մասը ներմուծողին է գնում: Այստեղ կարող է գնի որոշակի իջեցում լինել: Եթե մենք այնպիսի կարգավորում տանք, որ անմիջապես արտադրողը առանց միջնորդ օղակի մեծածախ գնով դիմակը վաճառի պարետատանը, միգուցե մինչեւ 80 դրամ դիմակի գինն իջնի, բայց դա էլ էլի սովորական տնտեսական պայման չէ, պայմանավորված է արտակարդ դրությամբ»,-ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը:

Նա ընդգծեց, որ վարույթ հարուցելն ուշացած չի համարում, որովհետեւ դրա համար պետք է լինեն հստակ փաստեր. «Չի կարող գինը մեկ օրում բարձրանալ եւ դուք վարույթ հարուցեք: Դա հակաօրինական է: Դուք պետք է տեւական ժամանակ վարույթ իրականացնեք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ