2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնագետների կարծիքով՝ տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության լավագույն գործիքներից է և լայն տարածում ունի աշխարհում: Ըստ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի, նպատակը՝ երկների հարկվող բազաների պաշտպանությունն է, այսինքն շահույթը պետք է հարկվի այնտեղ, որտեղ իրապես իրականացվում է տնտեսական գործունեությունը:
Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված հարկ վճարողների միջև կատարվող գործարքների, այսինքն՝ վերահսկվող գործարքների պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը ստուգող մեխանիզմ է: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջև կատարվող գործարքների պայմաններին:
ՊԵԿ նախագահի հրամանով ընդունվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, որը բացառապես էլեկտրոնային է և արդեն հասանելի է հարկ վճարողներին: Ըստ Հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի, եթե փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացվող գործարքները, այսինքն վերահսկվող գործարքները հարկային տարվա ընթացքում գերազանցում է 200 միլիոն դրամը, ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գործարքների մասով ներկայացնել ծանուցման ձև: Իսկ Հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտության դեպքում հարկային մարմնի պահանջով 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել նաև տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումը:
Տրանսֆերային գնագոյացման տեսանկյունից հարկային հսկողություն իրականացնելիս ստուգվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար վճարվող ռոյալթիի հաշվարկման և վճարման համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության տիրույթին:
Կարևորելով նաև հարկ վճարողների անմիջական մասնակցությունն ու դիտարկումները՝ կոմիտեն պարբերաբար նախաձեռնել է աշխատանքային հանդիպումներ: Հարկ վճարողների հետ քննարկվել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, որոնց լուծումները հնարավորինս արտացոլվել են իրավական ակտերում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը