12 04 2020

Պետական աջակցությունը համարժեք չէ օբյեկտիվ իրավիճակին․ Թադևոս Ավետիսյան

Պետական աջակցությունը համարժեք չէ օբյեկտիվ իրավիճակին․ Թադևոս Ավետիսյան

Տնտեսական ոլորտին միտված պետական աջակցության ծրագրերը չեն կարող բավարար և արդյունավետ լինել, քանի որ դրանք համարժեք չեն օբյեկտիվ իրավիճակին և տնտեսավարողների համար առկա իրական մարտահրավերներին:

Մասնավորապես, կորոնովիրուսով պայմանավորված՝ էապես կրճատվել, իսկ տնտեսության հիմնական մի շարք ճյուղերում ընդհանրապես զրոյացել են եկամուտները:

Զուգահեռաբար, տնտեսական գործունեությունը չդադարեցնելու և լուծարման չգնալու պարագայում՝ տնտեսավարողները պետք է կատարեն էական ծախսեր, որոնք եկամտաստեղծ չեն՝ աշխատողներին հարկադիր պարապուրդի համար վճարում և դրանից բխող եկամտահարկ, սեփական գույքի պահպանման ծախսեր, վարձակալական վճարներ, վարկային ընթացիկ պարտավորությունների կատարման վճարներ, կոմունալ ծառայությունների վճարներ և այլն: Հետևաբար՝ կայուն եկամուտների ամբողջական կամ մասնակի կորստի և պահպանվող ծախսերի այս իրավիճակում տնտեսավարողներն ունեն լրացուցիչ միջոցներ ներգրավելու առարկայական անհրաժեշտություն:

Իրավիճակն առավել բարդանում է՝ նկատի ունենալով իրավիճակի անորոշությունը և դրանից բխող տնտեսական բարձր ռիսկերը: Նման պայմաններում տնտեսավարողներն ունեն ընտրություն կատարելու  երկու հիմնական այլընտրանքներ՝

1. տնտեսական գործունեության դադարեցում՝ եկամուտներ և հետևաբար նաև՝ շահույթ չապահովող վերը նշված ծախսերը չկատարելու և հետագա կայուն կորուստներից խուսափելու նպատակով,

2. շարունակել այդ ծախսերի կատարումը, որոնք ունեն նաև սոցիալական կարևոր նշանակություն, եթե պետությունը ուղղակի մասնակցությամբ դրանց մի մասը վերցնի իր վրա՝ պետական մասնակի սուբսիդավորմամբ, ժամանակավորապես զիջի հարկերը և պարտադիր այլ վճարները:

Այս օբյեկտիվ իրավիճակը անտեսելով՝ կառավարությունը տնտեսավարողներին առաջարկում է որոշակի արտոնյալ պայմաններով վարկ: Տնտեսական աջակցության ծրագրերը առավելապես բխում են պետության այսրոպեական շահից, այլ ոչ թե պետություն-մասնավոր գործընկերության և փոխշահավետության սկզբունքից:

Պարզ ասած՝ պետությունը առավելագույնս փորձում է իրեն զերծ պահել իրական մասնակցությունից և առկա կորուստները համաչափ կիսելու պոզիտիվ պարտավորությունից: Ավելի պարզ՝ պարտքով փող են առաջարկում գործատուին, որ կատարի իր համար եկամուտներ չապահովող ծախսեր, այդ թվում՝ վճարի հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ և հարկեր:

Իհարկե, նման արտոնյալ վարկավորման ծրագրերը տեղին կլինեն, երբ անցում կկատարենք բնականոն կյանքի՝ վերացված կլինեն այս համաճարակով պայմանավորված տնտեսական և հանրային կյանքի այլ սահմանափակումները: Միայն այդ դեպքում հնարավոր կդառնա՝ փոխատվական արտոնյալ միջոցները ծառայեցնել տնտեսական կայունացմանն ու զարգացմանը, տնտեսական արդեն կրած կրուստների վերականգնմանը:

Հիմա դեռ պարզ չի, երբ ենք հասնելու այդ փուլին, իսկ այս փուլում արդեն նշեցի՝ մարտահրավերներն ու ընթացիկ հիմնախնդիրները բոլորովին այլ են: Դրանք պահանջում են պետական աջակցության համարժեք նպատակներ, սկզբունքներ և ըստ այդմ՝ մշակված ու իրականացվող պետական ծրագրեր:

Հակառակ պարագայում՝ անխուսափելի կլինեն տնտեսության հիմնական ոլորտներում գործունեության համատարած դադարեցումները, լուծարումները, հետևաբար նաև՝ աշխատավարձերի ու հաստիքների կրճատումները, աշխատողների զանգվածային ազատումները:

Եվ պարզ չի, թե այդպիսի բացասական սցենարով կանխորոշված ելքի պարագայում՝ այսօր անհրաժեշտ, սական «խնայվող» պետական աջակցության գումարներից որքա՞ն անգամ ավել պետական միջոցներ հետո կծախսվեն սոցիալական աջակցության վրա՝ աղքատության նպաստներ, սոցիալական օգնություններ և այլն: Ի դեպ, տեղին է հիշեցնել, որ գործող կառավարությունը ճիշտ հակառակ նպատակադրումն է արտացոլել իր հնգամյա ծրագրում՝«նպաստից դեպքի արժանապատիվ աշխատանք»:

Հատկանշական է նաև, որ պահպանվում են տնտեսական աննախադեպ սահմանապակումները, բարձր անորոշությունն ու ռիսկերը, ինչպես նաև այս խնդիրների գլոբալ բնույթը: Կարևոր ազդեցության գործոն է նաև պանդեմիայի պահպանման հետագա տևողությունը: Դրանք վերաբերելի են աշխարհի ողջ տնտեսությանը:

Կորոնովիրուսի տնտեսական հետևանքները ուղղակիորեն և անուղղակիորեն վերաբերում են նաև մեր երկրի ողջ տնտեսությանը: Ի սկզբանե ակնհայտ էր՝ տնտեսական համակարգը նվազագույն կորուստներով այս իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է պետական համարժեք և չուշացած աջակցություն՝ առաջնային ուղղված կանխարգելմանը, այլ ոչ թե հետևանքների վերացմանը:

Ամփոփելով, բազմագործոն անորոշություններով պայմանավորված հավաքական ռիսկերի ընթացիկ այս իրավիճակում, նույնիսկ կարճաժամկետ հատվածում տնտեսական աճի կանխատեսումները, որոնք, անհարկի առաջ ընկնելով, կատարում են պետական տարբեր մարմիններ, առավելապես կարելի է համարել բարի ցանկություն:

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ